HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որտեղից են բերման ենթարկել ակտիվիստին

Փաստաբան Հայարփի Սարգսյանը վերջին շրջանում իրավական օգնություն է ցուցաբերում անցյալ տարվա ընթացքում մի քանի խաղաղ հավաքների մասնակցած և ոստիկանական բաժիններ բերման ենթարկված քաղաքացիների: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ներկայացնում է 2015 թ-ի սեպտեմբերի 1-ի, սեպտեմբերի 11-12-ի, դեկտեմբերի 6-ի խաղաղ ցույցերի ու երթերի ժամանակ բերման ենթարկվածների շահերը դատարաններում:

Հանրապետության հրապարակից դեկտեմբերի 6-ին բերման ենթարկված քաղաքացիների գործով փաստաբանը նախ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, այնտեղից դիմումը հասցեագրվել է ՀՔԾ: Բայց ի զարմանս փաստաբանի, քրեական գործ չի հարուցվել քաղաքացուն ֆիզիկական ուժ գործադրելով ոստիկանական բաժին տանելու դեպքի առթիվ: Փոխարենը դիմումը ուղարկվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: «Կոնկրետ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունից Մաքսիմ Սարգարյանին բերման ենթարկելու ժամանակ բռունցքով հարվածել են նրա գլխին ու հագուստն է պատռվել: Սակայն ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը տեսաերիզը նայելիս ասաց՝ միգուցե շոյում է գլուխը»:

Սեպտեմբերի 11-12-ի հավաքի ու երթի գործով փաստաբանը 8 քաղաքացու շահերն է ներկայացնում դատարանում: Երեկ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունից Էռնեստ Ավանեսովի գործով երկրոդ նախնական նիստն էր Վարչական դատարանում՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ: Ոստիկանության ներկայացուցիչները ներկայացրել են տեսաերիզներ: «Դրանք վկայում են, որ Ավանեսովը մասնակցել է հավաքին և որ օրինական պահանջ է ներկայացվել նրան, որին չի ենթարկվել»,- նշեց ոստիկանության մայոր Մարթա Մելիքսեթյանը:

«Ոստիկանությունը դեռ պիտի ապացուցի արդյոք օրինական է եղել պահանջը և եթե օրինական է եղել, ապա արդյոք լսել է իմ ներկայացուցիչը: Անգամ ոստիկանության ներկայացրած տեսաերիզներում երևում է, որ հավաքը խաղաղ է եղել, հետևաբար ֆիզիկական ուժ գործադրելով այն պիտի չցրվեր: ՄԻ Եվրոպական դատարանի պրակտիկան նույնպես դրա մասին է վկայում»,-ասաց Ավանեսովի ներկայացուցիչը:

Էռնեստ Ավանեսովն էլ պնդեց, որ իրեն բերման են ենթարկել մայթից, ոչ թե փողոցի երթևեկելի գոտուց, սակայն հակընդդեմ հայցի պատասխանում ոստիկանության ներկայացուցիչներ, ոստիկանության մայորներ Մարթա Մելիքսեթյանն ու Մաիրաննա Ավագյանը նշել են, որ Ավանեսովը դուրս է եկել Բաղրամյան պողոտայի երթևեկելի գոտի ու փակել ճանապարհի երթևեկելի մասը:

«Հայտնի պարային գործողության միջոցով երբ ցուցարարներին բաժանեցին երկու մասի, ես հայտնվեցի մայթին: Ոստիկանության ներկայացրած վիդեոյում այդ պահը չկա: Վիդեոներից մեկում անգամ մի պահ կա, երբ վերադասներից մեկն ասում է, եթե կարաք մեջից մարդ փախցրեք»,- նշեց Ավանեսովը:     

Հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերով մտել է դատարան ընդդեմ քաղաքացիների, որոշ քաղաքացիներ հակընդդեմ հայցերով դիմել են վարչական դատարան ընդդեմ ոստիկանության:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter