HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ադրբեջանը՝ ճակատագրական երկընտրանքի առջև

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը քննարկում է ահաբեկչության դեմ պայքարի համար Սաուդյան Արաբիայի կողմից նախաձեռնված մուսուլմանական երկրների կոալիցիային միանալու հարցը, սակայն այդ կապակցությամբ դեռևս վերջնական որոշում չի կայացվել։ Այս հայտարարությունը Մամեդյարովն արել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո։ Վերջինս փետրվարի 18-ին Բաքու էր ժամանել նախագահ Ռեջեփ Էրդողանի փոխարեն, ում՝ նույն օրը պլանավորված այցն Ադրբեջան հետաձգվել էր Անկարայում կատարված ահաբեկչության պատճառով։

Սա առաջին անգամը չէ, որ Բաքուն խոսում է այդ կոալիցիային միանալու հնարավորության մասին։ Առաջին անգամ այդ միտքը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հնչեցրել է նախորդ ամիս, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ կայացած հեռախոսազրույցից հետո, երբ Էլ Ռիադն արդեն սկսել էր իր նախաձեռնած կոալիցիային միացնելու շուրջ բանակցությունները մուսուլմանական մի շարք երկրների հետ ։

Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնելու, որ Բաքու կատարելիք այցի հիմնական նպատակը կարող էր լինել Ադրբեջանից թուրք-սաուդյան կոալիցիային միանալու համաձայնությունը կորզելը։ Համենայնդեպս այն փաստը, որ չնայած Անկարայի արյունալի ահաբեկչությանը, հարկ է համարվել Չավուշօղլուին ուղարկել Ադրբեջան, հուշում է նրա առաքելության հատուկ բնույթի և ինչ-որ խնդիրների լուծման հետ կապված Անկարայի շտապողականության մասին։ Ըստ ամենայնի այն դիրքորոշումը, որը որդեգրել է Բաքուն Էր Ռիադից կոնկրետ առաջարկն ստանալուց հետո, Անկարային չի բավարարել և խնդիր է դրվել Բաքվի հետ աշխատել անմիջականորեն։ Սակայն երևում է, որ Ադրբեջանը փորձում է դրանից խուսանավել։ Պատահական չէ Մամեդյարովի ճշգրտումը, որ Բաքուն դեռ որոշում չունի։

Այս խուսափողականությունը կարելի է հասկանալ։ Բաքուն հայտնվել է Սաուդյան Արաբիայի, բայց հատկապես Թուրքիայի ուժեղ ճնշման տակ։ Նրանից սպասում են իրենց առաջարկի շուրջ դիրքորոշման վերջնական հստակեցում, իսկ դա Ադրբեջանին կանգնեցնում է Մոսկվայի և Անկարայի միջև վերջնական ընտրություն կատարելու դիլեմայի առաջ։ Անկարան պահանջում է Բաքվից ռուս-թուրքական ահագնացող առճակատման մեջ ամբողջական աջակցություն ցուցաբերել իրեն, ինչը Ադրբեջանի համար հղի է Ռուսաստանի հետ լրջագույն պրոբլեմներով։

Խնդիրն այն է, որ իրականում թուրք-սաուդյան այդ կոալիցիան ոչ թե ահաբեկչության դեմ է ուղղված, այլ Սիրիայի ներկայիս վարչակարգի և նրա պաշտպանության ու անվտանգության ապահովման գործառույթն իր վրա վերցրած Ռուսաստանի։ Ինչպես մուսուլմանական երկրների կոալիցիայի ձևավորման նախաձեռնությունը, այնպես էլ Բաքվին երկրորդ անգամ նման առաջարկ անելը տեղի է ունենում դեպի Թուրքիայի սահմաններ Սիրիայի կառավարական ուժերի սրընթաց առաջխաղացման և Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության զինյալների հախուռն, խուճապային նահանջի փուլերում։ Նման կոալիցիա ձևավորելու օբյեկտիվ անհրաժեշտությունն ուղղակի չկար ի սկզբանե, քանի որ մինչ այդ արդեն ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվել և գործում էր հակաահաբեկչական կոալիցիան, որի մեջ են մտնում նույն Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Քաթարը, ԱՄԷ-ն և մուսուլմանական այլ երկրներ։ Էր Ռիադի և Անկարայի իրական նպատակը Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման, Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակաահաբեկչական միասնական ճակատի ձևավորման փորձերը տապալելն է։ Սիրիայի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու և այնտեղից «պատառ» պոկելու իր ամբիցիաների խայտառակ տապալման հեռանկարը չեզոքացնելու, իր հարևանությամբ քրդական պետական կազմավորման նախադրյալների ստեղծման ԱՄՆ-ի և Ռուսաստանի առանձին ձգտումները չեզոքացնելու նպատակով Անկարան առիթ է փնտրում Սիրիա ցամաքային ուժեր մտցնելու և ռազմական օպերացիաներ իրականացնելու համար, ինչին ակտիվորեն աջակցում են Արաբական թերակզու երկրների մեծ մասը և հատկապես Սաուդյան Արաբիան։ Վերջինս թուրքական Ինջիրլիքի ռազմաօդային բազա է տեղափոխել ռազմական կոնտիգենտ և ռազմական ինքնաթիռներ՝ թուրքական զինուժին օգնելու նպատակով և հայտարարել է, թե պատրաստ է հազարավոր զինվորներ ուղարկել Սիրիա։  Անկարայի և Էր Ռիադի ախորժակն առայժմ զսպում է Վաշինգտոնը, որն ավելի վաղ ինքն էր դրդում այս երկրներին ցամաքային ուժեր մտցնել Սիրիա՝ Ռաքքայի համար մղվող մարտերում սիրիական չափավոր ընդդիմության ուժերին օգնելու պատրվակով։ 

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, սակայն, նախորդ շաբաթ Մյունխենում կայացած անվտանգության հարցերով կոնֆերանսին ընդառաջ գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում զգուշացրեց, որ այլ երկրների կողմից Սիրիա չարտոնված ցամաքային ուժեր մտցնելը կարող է հանգեցնել համաշխարհային կամ առնվազն տարածաշրջանային պատերազմի։ Դրանով Մոսկվան հասկացրեց, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից այդ քայլին դիմելն ընկալելու է որպես անմիջապես իր հետ ռազմական բախման գնալու քայլ։  

Այս խորապատկերին ակնհայտ է, որ թուրք-սաուդյան կոալիցիային Բաքվի միանալը Մոսկվան ընդունելու է որպես իր թիկունքին հասցված երկրորդ հարված, որը կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար՝ թե ռուս-ադրբեջանական տնտեսական ու քաղաքական հարաբերությունների առումով և թե ԼՂ հիմնահարցի։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան երկու անգամ արդեն հայտարարել է, որ Մոսկվան ջերմ հարաբերություններ է կառուցում Բաքվի հետ և չի պատրաստվում անել վերջինիս շահերին վնասող որևէ գործողություն։ Զախարովայի շուրթերով Մոսկվան պարզապես զգուշացնում է Բաքվին՝ չխառնվել իրեն չվերաբերող հարցերում և ավելորդ վտանգի չենթարկվել։ Պատահական չէ, որ հենց այս օրերին է բացահայտվում ՌԴ-ի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու 200մլն դոլարի վարկային համաձայնագրի բովանդակությունը․ դա ակնարկ էր այն հետևանքների մասին, որոնց Բաքուն կարող բախվել պրոթուրքական դիրքորոշում որդեգրելու դեպքում։     

Հիմա ողջ հարցն այն է՝ որքան կկարողանա Անկարայի ճնշումներին դիմադրել Բաքուն և մինչև ի՞նչ աստիճանի Թուրքիան կփորձի Ադրբեջանի պարանոցին սեղմել օղակը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը օրերս հանդես էր եկել Սիրիայի հարցում, ըստ էության, Թուրքիայի դիրքորոշմանը տրամագծորեն հակադիր հայտարարությամբ՝ նշելով, թե Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացումը անթույլատրելի է։ Այդ հայտարարության համար Ազիմովին սուր քննադատության ենթարկեցին Բաքվում։ Մինչդեռ դրանով նա ընդամենը զուգահեռներ էր անցկացնում Սիրիայի և Ադրբեջանի միջև՝ փորձելով անուղղակի բացատել, որ եթե վերջինս հանդես է գալիս պետությունների տարածքային ամբողջականության և սուվերենության անվերապահ պահպանման դիրքերից, չի կարող պաշտպանել առանց Սիրիայի օրինական իշխանությունների համաձայնության, այդ երկիր ցամաքային ուժեր մտցնելու գաղափարը, դեռ ավելին՝ մաս կազմել բացառապես այդ նպատակն ունեցող կոալիցիային։ Որովհետև դրանով Ադրբեջանը կհակասի ինքն իրեն և կգործի սեփական շահերի դեմ։

Մի կողմից Ազիմովի այս պնդումները կարելի է համարել Բաքվի կողմից Անկարային ուղղված կոչ՝ չստիպել իրեն գործելու ինքն իր դեմ։ Բայց մյուս կողմից նրա հիմնավորումները կարծես թե Ադրբեջանի իսթեբլիշմենթի կողմից համարժեք ըմբռնման չի արժանանում։ Դա ցույց է տալիս Թուրքիայի լարած թակարդն ընկնելու առումով Ադրբեջանի խոցելիությունը։ Չի բացառվում, որ պրոթուրքական օրիենտացիային հակվածությունը բացատրվում է այն հաշվարկով, որ հակաահաբեկչական կոալիցիային միանալու դեպքում միջազգային հանրությունը և հատկապես ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, կսկսեն ԼՂ հարցում պաշտպանել Ադրբեջանի պահանջները։ Ու զարմանալի չի լինի, եթե ի վերջո Բաքուն որոշի կանգնել թուրքական «սայթաքուն սալահատակին»․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter