HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանք քաջաց զէնն իւրեանց-1

Սարո Սարոյան

Շատ քիչ ազգեր կան որոնց կյանքն ընթացել է համաշխարհային պատմության առանցքը կազմող քաղաքակրթությունների հետ համընթաց` նրանց հետ մշտական փոխհարաբերությունների ու փոխազդեցությունների հոլովույթում: Հայ ժողովուրդն այդ ազգերից մեկն է: Տարբեր դարերում գործած բաբելոնյան, ասորեստանյան, մարական, պարսկական, հունական, հռոմեական, պարթեւական, բյուզանդական, արաբական, սելջուկյան, մոնղոլական, թուրքական, ռուսական, անգլիական, ֆրանսիական, գերմանական, ամերիկյան տերությունների հետ զուգահեռ նա քայլել է, ապրել, արարել, մաքառել, վերցրել ու տվել:

Իր բազմադարյա գոյության ու իրենից հզոր, ներկայանալի քաղաքակրթությունների հետ համընթաց քայլելու համար հայը պետք է ունենար ինչ-որ ներքին արժանիքներ, որպեսզի կարողանար պահպանել սեփական ինքնությունը, մշակույթը, ու ամբողջությամբ չձուլվեր օտարներին: Անշուշտ, տարբեր դարերում աշխարհին տիրած առաջադեմ շատ այլ ազգեր եղել են գաղափարապես առավել մոտիվացված, ունեցել են հանրային կյանքի կազմակերպման առավել արդար կառուցվածք կամ մարդկությանն առաջարկել են տեխնիկական ու տեխնոլոգիական նոր լուծումներ եւ այլն: Սակայն, նրանց հետ բնական մրցակցության մեջ գտնվող մի ազգ, ինչպիսին հայությունն է, չէր կարող առնվազն երեք հազար տարի լինել համաշխարհային իրադարձությունների կենդանի վկան, չէր կարող ոտք պարզել այդ ազգերի հետ, եթե չառանձնանար իր նույնքան կենսունակ հատկանիշներով:

Այս հոդվածաշարի միջոցով նպատակ ունեմ ներկայացնել որոշակի պատմական դրվագներ` վերաբերող հայի արժանիքներից մեկին` պատերազմելու ձիրքին: Այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են քաջությունը, համարձակությունը, անվեհերությունը մշտապես արտահայտվել են հայի հոգեկերտվածքում ու երբեւէ դարձել են մեր ազգի անվտանգությունն ու հարատեւությունը ապահովելու հիմնական գրավականները: Նախկին մի քանի հրապարակումներում անդրադարձել եմ արդեն հայ ազգի բացասական նկարագրին, փորձել եմ վերհանել մեզանում եղած հիմնական արատները: Մեզ պատուհասած անցյալի շատ ու շատ փորձանքներ, ողբերգություններ չէին լինի, եթե հայը չլիներ մորթապաշտ ու նույնքան էլ կռապաշտ, մեծամիտ ու նույնքան էլ ծառայամիտ, պատեհապաշտ, տգետ: Այս արատներն էլ ի վերջո իջեցրեցին նրան ցեղասպանված ազգի կարգավիճակին: Պատմության հեգնանքն է, որ աշխարհի խիզախ, համարձակ ազգերից մեկը, որին զենքի ուժով ընկճելու այլ ազգերի ցանկությունը մեծամասամբ բախվել է անհաղթահարելի պատի, ի վերջո ենթարկվեց ցեղասպանության:

Արատների հետ մեկտեղ, անշուշտ, հայ հանրության առողջացման ու նրա կեցության կարգաբերման համար հարկ է նաեւ, որ մենք իմանանք մեր առավելություններն ու արժանիքները: Եթե բացասական գծերի գիտակցումն ամենաուղիղ ճանապարհն է դրանց դեմ պայքարելու, դրանցից ձերբազատվելու համար, ապա սեփական արժանիքների գիտակցումը ուղի է ազգի ոգեղենությունը ամրացնելու, առաքինությունների տեսքով եղած սեփական առավելությունները պահպանելու, հզորացնելու համար: Իսկ հայի արժանիքների թվում նրա պատերազմելու արվեստը, զինվորական գործի հանդեպ սերը, ռազմական տաղանդը եւ արիությունը առաջնային տեղում են միշտ եղել: Ուստի ներկայացնելով հայ ռազմարվեստի պատմությունից առանձին դրվագներ` դրա միջոցով մենք նաեւ առաջնային քաղաքական խնդիր լուծած կլինենք: Ո՞րն է այն:

Յուրաքանչյուր ազգ առանց զենքի արժեքը հասկանալու ու դրա պահելու, կրելու, կիրառելու իրավունքը գիտակցելու չի կարող ստեղծել պետություն ու իր տեղն ապահովել ազգերի ընտանիքում: Հաճախ ազգի ու ժողովրդի տարբերակումը տրվում է` աչքի առաջ ունենալով նրա քաղաքական կազմակերպման` պետություն ստեղծելու փաստը: Սակայն յուրաքանչյուր պետություն առաջին հերթին զենքի ներգործության արդյունք է: Ընդհանրապես մարդկության պատմությունն է զենքի զարգացման հետեւանք: Նախնադարից մինչեւ մեր օրերը մարդու կողմից զենքը կատարելագործելու մղումն է պատճառ դարձել գիտության զարգացման համար: Ուստի զենքից հեռու հանրություններն են, որ չէր կարողանում հասնել ազգի աստիճանին եւ պայքարել իրենց ինքնուրույն քաղաքական կազմակերպման համար: Եթե մի ժողովուրդ հասկանում է զենքի արժեքը եւ ամեն ինչ անում է զինվելու համար, նա արդեն ազգ է` անկախ նրանից ձեռք է բերել իր պետականությունը, թե ոչ: Ներկայումս քրդերը, չնայած ճանաչված անկախ պետություն դեռեւս չունեն, սակայն լիարժեք ազգ են, քանի որ Իրաքում ունեն իրենց բանակը` Փեշմարգան, իսկ Թուրքիայում էլ նրանց եղբայրները զենքը ձեռքին ազատագրական պայքար են մղում: Նմանապես հայերը Սասանյան Իրանի, Արաբական խալիֆայության, Սելջուկյան ու Մոնղոլական պետությունների կազմում երկար ժամանակ զրկված էին սեփական անկախ պետությունն ունենալու հնարավորությունից, սակայն լիարժեք ազգ էին, քանզի նախարարների գլխավորած հայոց այրուձին տասնյակ հազարների էր հասնում եւ ինքնուրույն գործոն էր աշխարհում: Ընդհանուր առմամբ ժողովուրդների սուբյեկտայնությունն առաջին հերթին գալիս է նրանց ռազմական ուժից ու կարողությունից: Հենց այդ ժողովուրդներին էլ մենք ազգ ենք համարում:

Անցյալում զինվորական գործը մեր դարավոր մշակույթի կարեւոր մասն է կազմել: Հայկական լեռնաշխարհը հայերին տվել է բոլոր հնարավորությունները ռազմարվեստի զարգացման համար: Այն եղել է ձիու ընտելացման եւ բուծման տարածաշրջաններից մեկն աշխարհում: Պատերազմելիս ձիու լայն կիրառությունը այն նշանակությունն է ունեցել, որ հայոց հեծելազորը հնադարում եւ միջնադարում դարձել է տարբեր ճակատամարտերի ելքը որոշող կարեւոր գործոն: Միաժամանակ մեր լեռնաշխարհում եղած մետաղի հանքերի, հատկապես երկաթի արդյունահանման ու ռազմական գործում դրա ներդրման միջոցով բազմապատկվել է բանակի պաշտպանական ու հարվածային ուժը: Արդյունքում հայոց ծանրազեն հեծելազորը` այրուձին, դարձել է թշնամի բանակների ահ ու սարսափը: Հնադարի այդ «տանկային գնդերի» դեմ պայքարում մի քանի դար անզոր էին շատ ու շատ բանակներ: Ձիու, երկաթի (սպառազինության) ու քաջ ռազմիկի «միավորումը», գումարվելով բնական ռելիեֆի ընձեռած հնարավորությունների հետ Հայաստանը դարձրել է անառիկ ամրոց օտար նվաճողների համար: Ընդ որում ռազմիկները բոլորովին էլ բնակչության լայն խավերը չէին կազմում: XX դարում ԽՍՀՄ քաղաքական շահն է պահանջել, որ խորհրդային գրական ստեղծագործություններում ներմուծվի այն կեղծ պատկերը, թե անցյալում ողջ բնակչությունը գյուղատնտեսական ու արհեստագործական գործիքները ձեռքներին կռվել է օտար նվաճողների դեմ: Անցյալ դարում հանրային զանգվածներին պատերազմներում ու հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմում ներգրավելու համար է, որ ժողովրդի մեջ գրական ստեղծագործությունների միջոցով ներդրվել է այդ պատկերացումը:

Հայաստանում ռազմական գործը հանրության կարեւոր մի շերտի` նախարարական տների, պարտականությունների մեջ է մտել: Զինվորական ու քաղաքական գործունեություններն այդ ազնվական տոհմերի բնականորեն ստանձնած գործառույթներն են եղել:  Նախարարություններն, այսպիսով, եղել են երկրի աշխարհիկ տերերը ու հոգեւորականության հետ միասին կազմել բնակչության ազատ դասը: Այդ է պատճառը, որ ավանդաբար Հայաստանի քաղաքական համակարգը կազմել են նախարարական կարգերը:

Յուրաքանչյուր նախարարություն հայրենական իրավունքով տիրել է որոշակի կալվածքի` գավառի: Հայկական լեռնաշխարհի ռելիեֆին ու կլիմային համապատասխան հայոց նախարարությունները դեռեւս խոր հնադարում բնականորեն կազմավորվել են լեռնաշխարհում առկա կիրճերի երկայնքով: Առավելապես հենց այդ կիրճերն էլ կազմել են Հայաստանի վարչաքաղաքական միավորները, իսկ դրանցում հոսող գետերի, գետակաների լայն ցանցի շահագործումն էլ դարձել է նախարարությունների տնտեսվարության հիմքը: Յուրաքանչյուր նախարարություն, սեփական գավառի ու նաեւ երկրի ընդհանուր պաշտպանության գործը ստանձնելիս, առաջին հերթին իր տնտեսական կարողություններից ելնելով է, որ կարողացել որոշակի զինական ուժ կազմավորել: Բերրի հողեր, ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի, կապարի հանքեր, ձկնային պաշարներ եւ այլ հարստություններ ունեցող գավառները դրանց տերերին տնտեսական առավելություններ են ապահովել, որոնք էլ ուղղվել են ռազմական կարիքների բավարարմանը: Դրա արդյունքում է, որ կազմավորվել են ավագ եւ կրտսեր նախարարական տները` միմյանցից տարբերվելով առաջին հերթին ըստ ունեցած զինական ուժի:

Նախարարական զորագնդի գլուխը գավառատեր նախարարն էր, իսկ ռազմիկները կազմում էին նրա տոհմի անդամները, որոնք կոչվում էին սեպուհներ: Ցավոք անցյալից մեզ է հասել ընդամենը մեկ Զորանամակ: Սակայն վերջինս նախարարությունների զինական ուժի մասին հսկայական տեղեկատվություն է պարունակում: Ըստ այդմ վաղ միջնադարում ավագ նախարարություններից յուրաքանչյուրի զինուժը հիմնականում կազմում էր 500-1000 հեծյալ ռազմիկ, չնայած որ կիսանկախ բդեշխներն ունեին անգամ 3000-ից մինչեւ 4500 ռազմիկ: Կրտսեր նախարարություններն իրենց զորաջոկատներում ունեին առնվազը 50, իսկ առավելագույնը 300 ռազմիկ:

Բանակի սպայական կազմի մասին հետաքրքիր տեղեկություններ է պահպանել Անանիա Շիրակացին: Թվաբանական իր մի խնդրում նա գրում է` «սպաների ռոճիկը բաշխվում է այսպես. քառորդ մասը տրվում է պատվավորներին, ութերորդ մասը` ավագներին, իսկ 150 կենդինար` մյուս հեծյալներին: Արդ` իմացիր, թե ընդամենը քանի՞ կենդինար է»: Անշուշտ, պատվավորները հենց նախարարությունների տանուտերերը, նրանց եղբայրներն ու որդիներն էին` ովքեր հնուց սահմանված ժառանգման կարգով ներկայացնում էին նախարարական տան ավագ տոհմաճյուղը եւ ղեկավարում էին տվյալ նախարարության զինուժը: Իսկ հեծյալներն ավագ տոհմաճյուղից տարբեր տասնամյակներում ու հարյուրամյակներում կիսված կրտսեր ճյուղերի պայազատներն էին: Այդ սեպուհները, ներկայանալով որպես նույն նախարարության մեջ եղած առաձին տոհմաճյուղերի ներկայացուցիչներ, ունեին իրենց տոհմաճյուղի ավագները, որոնք էլ կազմում էին սպայական աստիճանակարգության պատվավորներից հետո եկող աստիճանը:

(շարունակություն)

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter