HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն թաքցնում է արտադրական պատահարի հետևանքով մահացած իր աշխատակցի մահվան պատճառները

Երեկ ՝ փետրվարի 21-ին,  ժամը 13:10-ի  սահմաններում «Թեղուտ» ՓԲԸ-ի  լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի  ջարդված հանքաքարի պահեստում պլանային չափման աշխատանքեր կատարելու  ժամանակ  շուրջ 10 մ խորությամբ հանքահորն է ընկել և մահացել  ընկերության լեռնահանքային վարչության ինժեներական ծառայության  մարկշեյդերական բաժնի առաջատար մարկշեյդեր` 57-ամյա Հայկ Սարգսյանը:   Վերջինիս վրա՝ հանքահորն ընկնելուց հետո, հոսել է մանրացված հանքաքարի մեծ զանգված:  Արտակարգ իրավիճակների նախարարության Ալավերդու փրկարար ջոկատը դեպքի առթիվ ահազանգ  է ստացել փետրվարի 21-ին, ժամը 14:17-ին: Ալավերդու փրկարարները 5 ժամ որոնողական աշխատանքերից հետո գտել են Հայկ Սարգսյանի դիակը: Հանգուցյալին այսօր հանձնել էին հարազատներին:

Մեզ հետ զրույցում, հանգուցյալի  ավագ փեսան՝ Արթուր Հակոբյանը հայտնեց, որ  Հայկ Սարգսյանի ընտանիքի  անդամները, այդ թվում նաև դուստրերը, տրամադրված չեն, որ «Թեղուտ»  ՓԲԸ-ի որևէ պատասխանատու տուժի իրենց հոր մահվան պատճառով:  Հայկ Սարգսյանը  երկու դուստր և մեկ որդի ունի:  Նրա երկու դստրերը և երկու փեսաները աշխատում են «Թեղուտ» ՓԲԸ-ում:

«Հետքը» այսօր Թեղուտ ՓԲԸ-ի  մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանից  գրավոր տեղեկություն խնդրեց դեպքի օրը  Հայկ Սարգսյանի աշխատատեղում՝ ջարդված հանքաքարի պահեստում տիրող աշխատանքային անվտանգության վիճակի և վերջինիս հետ կապված  ընկերության տնօրինության կողմից արձանագրած խախտումների մասին:  Մամուլի խոսնակին խնդրել էինք նաև լրագրողական տեղազննություն կատարելու նպատակով աջակցել դեպքի վայրի տարածք մուտք գործելու, ինչպես նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի ջարդված հանքաքարի պահեստի աշխատանքի  անվտանգության պատասխանատու պաշտոնյայի հետ հարցազրույց անցկացնելու համար։

Վահրամ Ավագյանը պատասխան գրության մեջ, ընադամենը արձանագրել է ջարդված հանքաքարի պահեստում տեղի ունեցած արտադրական դժբախտ դեպքի հետևանքով Հայկ Սարգսյանի մահվան փաստը:  Ջարդված հանքաքարի պահեստում լրագրողական տեղազննություն կատարելու և  տեղամասում աշխատանքի անվտանգության  պատասխանատուին հարցեր ուղղելու մեր խնդրանքին, Վահրամ Ավագյանը պատասխանել է . «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Մնացած հարցերին կարող ենք պատասխանել քննության ավարտից հետո»:

Պատասխան գրությամբ Վահրամ Ավագյանը նաև հայտնել է, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը չի թույլատրում մեզ լրագրողական տեղազննության նպատակով մուտք գործել ընկերության տարածք: 

Այսուհանդերձ, մեզ հայտնի դարձավ, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության ինչպես  արտադրական  ամբողջ տարածքը, այնպես էլ ջարդված հանքաքարի պահեստի ողջ տարածքը տեսանկարահանող սարքերի կողմից  տեսանկարահանվում են:  Տեսանկարահանվել է նաև  փետրվարի 21-ին  ընկերության լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի պահեստում տեղի ունեցած դժբախտ պատահարը և Հայկ  Սարգսյանի մահվան մանրամասները: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Ալավերդու քննչական բաժանմունքում  այսօր մեզ հայտնեցին, որ  փետրվարի 21-ին «Թեղուտ» ՓԲ  ընկության ջարդված հանքաքարի պահեստում տեղի ունեցած Հայկ Սարգսյանի  մահվան  դեպքի  առթիվ  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի  157-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի  պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց  պահպանման  համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:  

Մենք  հեռախոսով Վահրամ  Ավագյանին  խնդրեցինք մեզ հայտնել  լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի  ջարդված հանքաքարի պահեստում աշխատանքի անվտանգության պատասխանատուի ազգանունը:  Վահրամ Ավագյանը հրաժարվեց մեզ հայտնել նաև նրա ազգանունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter