HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքահայ մտավորականները պահանջում են դեսպան Յուրի Վարդանյանի հրաժարականը

Յուրաքանչյուր պաշտոնափոխության հետ հասարակության մոտ առաջանում է առաջընթացի հույսեր, ապագայի հանդեպ դրական լիցքեր:  Երբ 2014թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով  ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը նշանակվեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ջավախքահայ շրջանակներն օբյեկտիվ պատճառներով այնքան էլ չենթարկվեցին վերնշյալ օրինաչափությանն ու չապրեցին ոգևորություն. աշխարհահռչակ ծանրամարտիկի մասնագիտության ու Վրաստանի նման բարդագույն երկրի (հատկապես խնդրահարույց Ջավախքի առկայության պարագայում) անհամատեղելիությունն ի սկզբանե պարզորոշ էր և ինչ-որ տեղ կանխորոշում էր նորանշանակ դեսպանի հետագա ճակատագիրը: Մենք՝ ջավախքահայ մտավորականներս, հրապարակայնորեն լռեցինք՝ դրանով ժամանակ տալով դեսպանին: Ցավոք, ինչպես մեր բոլոր սպասումներում, այնպես էլ այս պարագայում հրաշք տեղի չունեցավ, և  ջավախքահայությանը համակած ներքին այդ զգացողությունը կարճ ժամանակ անց վերածվեց դառն իրականության:

Շուտով կլրանա երկու տարին, ինչ Հայաստանի Հանրապետության կողմից և վերջինիս անունից Վրաստանում իր գործառույթներն է իրականացնում Յուրի Վարդանյանը: Փաստենք, որ այս ընթացքում Ջավախքին տարիներով հուզող խնդիրների լուծման գործում գլոբալ առումով գրանցվել է միմիայն հետընթաց: Ավելին՝ անցած մեկուկես տարում առաջացել են նոր հիմնախնդիրներ, որոնք է՛լ ավելի են խաթարում ջավախքահայության ստեղծարար կյանքը:

2014թ. վրացական ղեկավարության օրենսդրական  նախաձեռնությամբ ջավախքահայության՝ վրացական քաղաքացիություն չունեցող հատվածի գլխին դամոկլյան սրի նման կախվեց սեփական տանը մնալ – չմնալու հարցը: Բազմիցս մերժելով կացության արտոնագիր տրամադրելու մասին դիմումները՝ Վրաստանի իշխանությունները Ջավախքի չարքաշ բանվորից կամ հասարակ գյուղացուց խլեցին հարյուր հազարավոր դոլարներ, շատ-շատերն անհիմն կերպով դարձան «անցանկալի» և իսպառ մերժվեցին կացության իրավունքից: Ներկայումս ևս շարունակվում է կացության իրավունքի արտոնագիր չունեցող ջավախքահայերից խոշոր չափի տուգանքների բռնագանձումը երկրի սահմանները հատելիս:

Դեսպան Յուրի Վարդանյանի օրոք պատմության մեջ առաջին անգամ Ջավախքի դպրոցները Երևանից չստացան մայրենի լեզվի, գրականության և այլ դասագրքեր ու մեթոդական ձեռնարկներ. դրանք քաղաքավարի արգելվեցին և… վերջ: Փաստենք, որ այդ տխրահռչակ ավանդույթը շարունակվում է մինչ օրս, և երկու տարվա ընթացքում հազիվ 5.000 գիրք (հիշեցնենք, որ 2014-2015թթ. ուսումնական տարում Վրաստանի ԿԳՆ պաշտոնական տվյալներով Սամցխե-Ջավախքի և Ծալկայի շրջանի հայկական դպրոցների աշակերտության թիվը կազմում է 13.302) ՀՀ բարձրաստիճան պատվիրակության ինքնաթիռով ուղարկելը  մենք համարում ենք ծաղր և ՀՀ-ից Վրաստան դասագրքերի առաքման ծրագրի կարապի երգը:

Մեր հայտարարություն-կոչը չենք ուզում ծանրաբեռնել Ջավախքին հուզող այլևայլ հիմնահարցերի շարադրմամբ. դրանք բազմիցս բարձրաձայնվել են մեր և շահագրգիռ այլ շրջանակների կողմից: Բայցևայնպես, մի քանի շեշտադրում, որոնք լավագույնս կբնորոշեն ներկա վիճակը և պարոն դեսպանի անգործությունը: Ջավախքի հոգևոր-մշակութային շրջափակումը (բլոկադա) այսօր հասել է կատարյալ վիճակի: Անգամ թղթի մի կտորը (չենք խոսում այլևս գիրք-գրականության կամ մշակութային այլ իրերի մասին) մանրամասն զննվում է սահմանին և տեղում արգելվում: Օրեցօր ավելանում է հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչների թիվը, որոնք սեփական քննադատական հայացքների կամ իրենց Հայրենի Ջավախք գիրք-գրականություն տեղափոխելու համար վրացական հատուկ մարմինների կողմից հայտարարվում են անցանկալի և երկրի համար խիստ վտանգավոր: Վրաստանի իշխանությունների՝ միջազգային բոլոր նորմերին հակասող գործողությունների արդյունքում Ջավախքում օրեցօր զտվում են պետական մարմիններում ընդգրկված հայազգի աշխատակիցները. տեղաբնիկ լեզվին՝ հայերենին, անհաղորդ և Վրաստանի այլ վայրերից հատուկ առաքելությամբ Ջավախք գործուղվող վրացի պաշտոնյաները է՛լ ավելի են դժվարացնում հասարակության կյանքը: Թուրքիայի հետ կապող Կարծախի սահմանային նոր անցակետի բացումը, նաև Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցումը,  որոնք մեր միջավայր բերեցին թուրքական տարրը, կարճ ժամանակ անց նոր արհավիրքի պատճառ է դառնալու ոչ միայն Ջավախքի, այլև ՀՀ-ի ու ողջ տարածաշրջանի համար: Մեկ խոսքով՝ Ջավախքում այսօր բարոյահոգեբանական իմաստով հեղձուցիչ մթնոլորտ է:

Հայտարարության շրջանակներում դիմում ենք Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանին. պարո՛ն դեսպան, Դուք այդպես էլ չընկալեցիք ու չըմբռնեցիք ջավախքահայոց խնդիրների ողջ փիլիսոփայությունը, չխորացաք ու ձեռնամուխ չեղաք և ոչ մի հարցի բարձրաձայնման ու լուծման ուղիների որոնման գործին, ջավախքահայությունն այդպես էլ չզգաց Ձեզանից ջերմություն, հոգատարություն ու նվիրվածություն: Մեծ ցավով ենք արձանագրում, սակայն մենք՝ ջավախքահայերս, անգամ Ձեր գոյությունն իսկ չենք զգացել այս մեկուկես-երկու տարիների ընթացքում:

Պարո՛ն Վարդանյան, Դուք այս ընթացքում միայն մեկ ազդեցություն եք ունեցել ջավախքահայության վրա, ի հետևանք որի՝ մեր սիրելի լենինականցի լեգենդար ծանրամարտիկը փոխակերպվեց անբովանդակ ու չկայացած դեսպանի: Պարո՛ն Վարդանյան, Դուք, բնականաբար, կհակադարձեք, կդիմեք չարչրկված հնարքների և կասեք,  որ շատ գործեր են արվել, որոնք չեն բարձրաձայնվել, ցավում ենք, որ հնացած այդ մեթոդները վաղուց են կորցրել իրենց հատկությունները, և մենք այսօր խոսում ենք կոնկրետ փաստերով:

Պարո՛ն դեսպան, Ձեզ համար անհասկանալի մի խաղի մեջ մտնելով՝ պարտվեցիք, և մենք այսօր պահանջում ենք Ձեր հրաժարականը: Պահանջում ենք՝ ոչ թե չկայացած դեսպանին վերստին սիրելի ծանրամարտիկով փոխարինելու երազանքով: Ամենևի՛ն: Պահանջում ենք, քանի որ միմիայն դպրոցականին հասկանալի չէ, որ Ձեր հրաժարականի մասին մեր պահանջով մենք ՀՀ իշխանություններից պահանջում ենք արմատապես վերանայել մեր մասով վարած ՀՀ արտաքին քաղաքականությունը: Մենք հաստատակամորեն հետամուտ ենք լինելու մեր պահանջներին, և հաջորդիվ սպասվում են նոր պաշտոնյաների մերկացումներ: 

Ջավախքահայ մի խումբ մտավորականներ

18.02.2016 թ.

Ախալցխա-Ախալքալաք

Հ.Գ. Մտավորականների անունները չենք հրապարակում նրանց խնդրանքով՝ հնարավոր հետապնդումներից խուսափելու համար: 

Մեկնաբանություններ (10)

Պանդուխտ
Զարմանալի է, որ որոշ մտահոգ անձինք փոխանակ արձագանքեն մտավորականների այս պահանջին ու խնդիրը հանրայնացնեն՝ քննարկումը տեղափոխում են այն դաշտ, թե ինչու՞ անունները չեն գրել այս մարդիկ: Ախպեր՝ լավ են արել, այդ մարդիկ այնտեղ են ապրում ու իրենք ավելի լավ գիտեն՝ գրեն, թե ոչ, և Երևանից թող ոչ մեկ իրեն բարոյական իրավունք չվերապահի քննադատելու այս մարդկանց: Քննադատողները միթե՞ չգիտեն, որ եթե, օրինակ, Ջավախքի որևէ դպրոցի ուսուցչի անուն այնտեղ հրապարակվեր, ինչ կսպասվեր նրան: Հաստատ բոլորն էլ կվստահեցնեն, որ Ախալքալաքի շրջժողկրթբաժնի պետ Նարցիսը կկանչեր և հրաժարականի դիմումը ձեռքը կուղարկեր , որտեղ հատուկ ծառայությունները կսկսեին իրենց սև գործը... Սա մի հասարակ օրինակ է, և այսքանի հետո՝ կարծում եմ բարոյական չէ մեղադրելը այս մարդկանց: Առավել ևս, որ մեղադրողները խնդրին ծանոթ մարդիկ են և լավ գիտեն ջավախքյան միջավայրը: Կարևորը խնդրի բարձրաձայնումն է ու դրա համապատասխանությունն իրականությանը: Այս հայտարարության մեջ չկան անիրական ու սուտ բաներ (դեռ մի բան էլ քիչ է ասված), հետևաբար՝ խոսել այն մասին, թե ինչու են հեղինակները խուսափել իրենց անունների հրապարակումից՝ խիստ տասներորդական, ճղճիմ ու կղկղանքի արժեք չունեցող հարց է:
Լոռեցի
Հետաքրքիր է՝ ինչ տեղի կունենար Հայաստանում, եթե, օրինակ, Արցախ գիրք տանելիս ղարաբաղցիքի ձեռքից խլեին գրքերը: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը կամ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գիրք տանեին իրենց հայրենի Ղարաբաղ ու լաչինի պոստում մի 10 ժամ հարցաքննվեին ու գրքերը շալակները հետ ուղարկվեին... Չենք էլ պատկերացնում երևի: Կամ՝ պատկերացնելն իսկ սարսափելի է... Կարծում եմ՝ ջավախքցիները մենակ Երևանի կամ Ռուսաստանի ճոխ սեղանների շուրջը չէ, որ պետք է թասիբից խոսեն: Իսկական թասիբի ցուցադրման վայրը հենց հայ-վրացական սահմանն է, որտեղ ստորացվում են իրենց հայրենակիցները...
Դավիթ
այս հարցի պատասխանը ժամանակը կտա
ԴԱՎԻԹ ՌՍՏԱԿՅԱՆ
Ռուզանա իսկ դու համոզված ես,որ այդ նամակը մտավորականներն են գրել
Տավուշցի
Եթե այսպես շարունակվի՝ կարելի է լուրջ համազգային շարժում սկսել և կոչ անել մեր հայրենակիցներին՝ ամռանը մեկ մարդու նման բոյկոտել Վրաստանի լողափերը: Ի վերջո՝ բարոյական չէ ոչ մի հայի համար, որ իր ծախսած փողերով սնվող Վրաստանի հատուկ ծառայության աշխատակիցները սահմանին մեր հայրենակիցների ձեռքից խլում են գրքերը ու հալածում գիրք տանողներին: Մեր ինքնասիրությունը չպետք է ցածր լինի ռուսներից: Տեսեք, մի խոցված ինքնաթիռ հասցրեց նրան, որ Թուրքիայի լողափերը զանգվածորեն դատարկվեցին, և բազմաթիվ հյուրանոցներ ենթարկվեցին սնանկացման: Ժամանա՛կն է, որ սկսվի լուրջ քարոզչական շարժում և ամռանը ոչ մի ՀՀ քաղաքացի ոտք չդնի Վրաստանի լողափեր: Հանգստանա՛նք այլ լողափերում, թեկուզ մի քիչ մեզ համար դժվար լինի, թեկուզ մի քիչ մեր համար թանկ, ոչինչ, ջավախքահայությանը մենակ չթողնելու և բարոյական մեծ պատվար դառնալու համար մի քիչ էլ զոհաբերենք... Չմոռանանք, որ 1980-ական թթ. վերջերին և 1990-ական թթ. ողջ Ջավախքը՝ Ախալցխայից մինչ Ախալքալաք ու Ծալկա, մեկ մարդու նման ոտքի էր կանգնել և լծվել էր Սպիտակի երկրաշարժից տուժածներին ու Արցախին օժանդակելու գործին: Վրաստանի այս խտրական քաղաքականությունը ջավախքահայության նկատմամբ կարելի է կասեցնել այդկերպ, այն է՝ դատարկել լողափերը և սնանկացնել հալածական քաղաքականություն իրականացնելու կոչված բյուջեն:
Սաթխացի
: Լիովին համաձայն եմ: Սակայն պետք է հաշվի առնել, որ այդ գաղափարները ձևավորողներն ապրում են ՀՀ-ում (Երևան): Ջավախքում այսօր հասարակական ու քաղաքական գործընթացներում (եթե այս ստորաքարշ վիճակը կարելի է անվանել գործընթաց) հիմնական ու առանցքային դերակատարներն են դեռ 1990-ականներից իրենք իրենցով զմայլվող պնակալեզներն ու սեփական կաշվի, փառքի ու բիզնեսի համար ամեն ինչի ընդունակ : Այս ողորմելիներից շատերն իսկի սեփական ազգանունը հայերեն չեն կարող գրել կամ մի քանի հոդաբաշխ նախադասություն բանավոր կցել իրար, ուր մնաց՝ գաղափարներ մշակեն: Այս պայմաններում Ջավախքն առանց Երևանի չի կարող ռազմավարություն ունենալ ու դիմակայել մարտահրավերներին: Իսկ որ այդ կենտրոնը պետք է լինի Երևանը՝ այլ կարծիք չի կարող լինել. բոլոր միջազգային չափորոշիչներով ու գրված-չգրված կանոններով այլ երկրի ոչ տիտղոսային էթնիկ խումբը լիարժեքորեն իրավունք ունի անարգել շփվելու սահմանակից այն երկրի հետ, որին ազգաբանորեն հարում է: Այլ հարց է, որ Երևանը տարիներով չի խրախուսել ջավախքահայության գործոնի ամրացումը, իսկ վերջին տարիներին էլ, ելնելով ՀՀ ԱԳՆ-ի բացարձակ անգործությունից, ջավախքահայերը ՀՀ գոյությունն զգում են միայն Բավրայի սահմանին մուտքի համար 1,000 դրամ վճարելիս:
Ես վրացի քյալլի գնացի
Ժողովուրդ ջան, սառնարյուն գործեք և մտածեք: Նախ պետք է որոշակի խմբի համար հասկանալի լինի, թե որն է նպատակը և ինչ մեթոդներով հնարավոր է հասնել նպատակին, այդ տեղեկատվությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին՝ ցանկալի է հստակ թիրախավորել տեղեկատվության հասցեատերերին կամ խմբերին: Անհրաժեշտ է ունենալ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր և դրանց հասնելու զանազան ուղղիներ: Թե չէ նստել ենք լացում, որ գիրք չեն թողում, էտ դեսպան կոչեցյալը էշի ականջում քնած է և զբաղված սեփական բիզնեսով, վրացին մեր եկեղեցիները խլել է և այլն: Մեկը ասում է, թե բա Ջավախքը միացնել Հայաստանին, մյուսը՝ թող մնա Վրստանի կազմում որպես լծակ, էն երրորդը՝ թե բա երկիր կանգնի իջնող կա: Այսպես չի լինի: Ի վերջո, եթե Ջավախքը Հայաստանի միջոցով չի կարողանում իր իրավունքները պաշտպանել ու առաջ շարժվել, ապա պետք է արագ կողմնորոշվի և ՀՀ-ն չդիտարկի որպես կենտրոն: Նոր գաղափարներ ձևավորել ու հասնել նպատակին: Բայց կողքից խորհուրդ տալը շատ հեշտ է :)))
Սամվել
Դավիթ Ռստակյան, ով, ով, գոնե դու մի խորացիր այդ անիմաստ հարցի մեջ: Ովքեր որ գրել են՝ իրենց ցավն էլ տանեմ, եթե անգամ մտավորականներ չեն՝ ուրեմն կարգին մարդ են՝ սրտացավ ու հայրենանվեր: Իսկ եթե իրոք մտավորականները չեն անդրադարձել այս խնդիրներին՝ շատ վատ են արել ու արդարացում չունի իրենց լռությունը: Հայ իրականության մեջ մտավորականության դերը եղել է առաջնորդող, և Ջավախքի այս զզվելի ու օրհասական վիճակի մեջ քիչ չէ նաև մտավորականության մեղքը...
Վրեժ
Հարգելի Ռուզան, զարմանում եմ Ձեր միամտության վրա: Միթե՞ Եվրոպան չգիտի այս ամենի մասին: Մի հոմոսեքսուալիստի կամ եհովականի մազին կպնելուց ամբողջ եվրոպական կառույցները ալեկոծվում են, երկրին դասում վատ երկրների շարքին, վատ զեկույցներ, կոչեր, քննադատություններ, անգամ՝ պատժամիջոցներ: Հիմա՝ օրը ցերեկով, աշխարհի աչքի առաջ մարդկանց ձեռքից խլում են գրքերն ու ենթարկում սպիտակ ցեղասպանության, ինչու՞ չկան եվրոպական արձագանքներ: Հավելեմ, որ Ջավախքի ՀԿ սեկտորը տասնյակ փաստաթղթեր է ներկայացրել եվրոպական կառույցներին, տասնյակ ելույթներ ու հարյուրավոր հանդիպումներ են տեղի ունեցել եվրոպական շրջանակներում: Խնդիրն իրականում Եվրոպայի երեսպաշտության ու երկրերեսանիության մեջ է և նա Վրաստանին չի պատժելու այնքան ժամանակ, քանի դեռ այս երկիրը գտնվում է հակառուսական ճամբարում: Իրականում՝ դեմոկրադական արժեք ասվածը դա միֆ է, և դրա սահմաններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են քաղաքական շահերն ու ամբիցիաները:
Ռուզան
Հարգելիներս, հուսով եմ սույն նամակին չի հետեվի նաև «նամակ ռուսաց թագավորն», հետեվաբար հարց է առաջանում ,ինչո՞ւ ջավախահայ մտավորականությունը չի դիմում ԵՄ-ին, դիմումպով ,քանի որ այսօր Վրաստանը առաջնորդվում է Արեվմուտքի կողմից ու ԵԽ-ի հետ էլ պարտավորություններ ունի ստանձնած, բացահայտել է պետք, թե ինչո՞ ւ է նա դիսկրիմինացիայի ենթարկում ազգային փոքրամասնւոթյուններին, անտեսում եվրոպական արջեքների հանդեպ իր պարտավորությունները ,որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, կարծում եմ հայերը միակ դեպքը չեն..............

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter