HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

14 կմ ճանապարհը կրթությունից զրկվելու պատճառ

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղ տանող ճանապարհը նոր-նոր է բացվել: Ձյան անանցանելի շերտի գոյանալուց առաջ Ռուսաստանից դեպի գյուղ են վերադառնում արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ: Ձմռան ամիսներին ընտանիքներն այստեղ համալրվում են՝ մինչև հալոցքի առաջին կաթոցները:

Վարդան Արոյանն ամեն անգամ արտագնա աշխատանքից վերադառնալով՝ փակում է բանկում գոյացած հերթական վարկը, որից հետո փորձում է տան համար մի նոր բան գնել: Գյուղում մեզ պատմեցին, որ Վարդանի ընտանիքն ամենաօրինակելին է Գեղարքունիքում: Նրա նախորդ կինը մահացել է տարիներ առաջ՝ թողնելով իրեն ու երեխաներին միայնակ: Վարդանը երկրորդ անգամ է ամուսնացել, այժմյան կնոջ՝ Մերի Մակարյանի հետ 5 երեխաների ծնողներ են: Ինչպես Վարդանն է ասում, իրենց երեխաները 3 տեսակի են՝ իր նախորդ կնոջից, Մերիի նախորդ ամուսնուց և համատեղ:

Բազմանդամ ընտանիքն ապրում է նախկինում որպես գոմ հանդիսացած շենքում, որն իրենց սեփականությունը չէ: Այդ տարածքը դեռևս 1992թ.-ին որպես օգնություն են տվել Վարդանին: Նա կարողացել է տանիքը փոխել, տան ներսը հարդարել, գյուղատնտեսություն հիմնել, որով էլ օրվա հաց է ապահովում ընտանիքին: Այս պահին 4 բանկից վարկ ունի վերցրած, տոկոսներն է վճարում:

Վարդան Արոյանը նախկինում արևելյան մարզաձևով է զբաղվել, գյուղի դպրոցում որպես մարզիչ է աշխատել, սակայն չի կարողացել ընտանիքը պահել, մեկնել է արտագնա աշխատանքի. «Արտագնա աշխատանքն էլ երբեք չես իմանա՝ ինչ կլինի: Կա, որ կանչող չի լինում, կա, որ գնում-հասնում ես, գործ չի լինում: Հիմա էս տարի ես չգիտեմ էլ դեպի ուր եմ գնալու: Ռուբլին էլ որ արժեզրկվեց, արդեն գնալու իմաստ էլ չկա, չգիտեմ՝ դեռ ինչ եմ անելու»,- ասում է Վարդանը:

Չնայած կենցաղային դժվարություններին ու հնարավորությունների բացակայությանը՝ Վարդանն ու Մերին շատ չեն տրտնջում, նրանք ասում են, որ իրենց միայն անհանգստացնում է մեծ աղջկա՝ Աղավնու ապագան ու կրթության հարցը:

Աղավնի Արոյանը 21 տարեկան է, մանկուց հենաշարժողական խնդիր ունի: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո Աղավնին այլևս որևէ տեղ չունի գնալու, քանի որ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել: Աղավնուն երբեմն-երբեմն տանում են Երևան՝ վերականգնողական կուրսերի:

Երբ բոլորը տանը հավաքված են լինում, Աղավնուն խնդրում են մի բան երգել: Նա էլ մեծ սիրով կատարում է ժողովրդական երգերից մեկը: Նրա ամենասիրելի զբաղմունքն է երգելը, բայց ուզում է հաշվապահություն սովորել, որ կարողանա վաստակել ու անկախանալ ծնողներից:

«Գավառում կան հաշվապահական կուրսեր, բայց քանի որ լավ չեմ քայլում, շատ դժվար է հասնել այնտեղ ու հետ գալ: Հետո, երկար ժամանակ է՝ ոչ մի բանով չեմ զբաղվել, մի տեսակ արդեն ամաչում եմ մարդամեջ դուրս գալ: Ծնողներիս չեմ կարող ստիպել. ինչքան կարողանում, հասցնում են, բայց դե շատ կուզենայի մի բան սովորել, որ հետո աշխատեմ»,- ասում է Աղավնին:

Գեղարքունիք գյուղից Գավառ տանող 14 կմ ճանապարհն է այս ընտանիքի հիմնական դժվարությունը, որ Աղավնուն չեն կարողանում կրթության տալ: Այս ուղղությամբ տրանսպորտ չի աշխատում, աշխատելու դեպքում էլ Աղավնուն ֆիզիկապես և ֆինանսապես հեշտ չի լինի դրանից օգտվել: Աղավնին հավատում է, որ շուտով իրենց գյուղից Գավառ հասցնող ճանապարհն իր համար էլ կբացվի:

Աղավնու քույրն ու եղբայրները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է իրենց գյուղում որևէ համերգ կամ թատրոն կազմակերպվել: Մայրը՝ Մերի Մակարյանը, հիշեցնում է, որ մի անգամ ռուսական շրջիկ կրկես է եկել գյուղ, բայց բոլոր երեխաները հնարավորություն չեն ունեցել այն դիտելու. «Տոմսը 500 դրամ արժեր, չէի կարող հինգին էլ ուղարկել, դրա համար միայն ամենափոքրերին ուղարկեցի: Չգիտեմ, մենք շատ կտրված ենք ամեն ինչից: Ձմեռը ձյունն է ճամփաները փակում, ամառը՝ ճանապարհ կա, բայց հնարավորություն չկա: Մեր երեխաները ոչինչ չեն տեսնում, ոչնչով չեն զբաղվում»,- ասում է Մերին:

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter