HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորրորդ օմբուդսմենի առաջին աշխատանքային օրը

Այսօր ՀՀ մարդու իրավունքների չորրորդ պաշտպան ընտրված Արման Թաթոյանի առաջին աշխատանքային օրն է: ՄԻՊ գրասենյակում նրան աշխատակազմին ներկայացրին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նրանք կարևորեցին ՄԻ պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում, շնորհավորեցին Արման Թաթոյանին, ցանկացան արդյունավետ աշխատանք:

Լրագրողներին Արման Թաթոյանը համարեց առաջնահերթ և շատ կարևոր գործընկեր, բայց խնդրեց անցնել առաջին աշխատանքային օրվա գրաֆիկին` վկայակոչելով ՄԻ պաշտպանի մասին օրենքը, ըստ որի՝ ընտրվելուց հետո հաջորդ օրը նոր պաշտպանն անցնում է աշխատանքի:

Այնուամենայնիվ, Արման Թաթոյանը պատասխանեց լրագրողների հարցերին: «Հետքի» հարցին, թե արդյոք ՄԻ պաշտպանին Սահմանադրությամբ ու օրենքով տրված լիազորությունները բավարար են քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը լիարժեք իրականացնելու համար, Արման Թաթոյանը նշեց. «Այս պահին, կարծում եմ, այն լիազորությունները, որոնք կան, բավարար են, բայց նոր սահմանադրական կարգավիճակ կա, և ՄԻ պաշտպանի մասին նոր օրենք է մշակվելու»,- ասաց չորրորդ օմբուդսմենը:  

Նշենք, որ առաջին երեք պաշտպաններից և ոչ մեկը Սահմանադրական դատարանում չի վիճարկել երկրի նախագահների հրամանագրերի սահմանադրականության հարցը, թեպետ օմբուդսմեններն ունեն նման լիազորություն՝ նախատեսված հենց Սահմանադրությամբ: Մեր մյուս հարցին՝ արդյոք խնդիրը քաղաքական է և արդյոք իր պաշտոնավարման ժամանակ նա կարող է բարձրացնել նման խնդիր, Արման Թաթոյանը պատասխանեց, որ օմբուդսմենի աշխատանքը չի կարող պայմանավորված լինել քաղաքական գործոններով: «Ես քանիցս նշել եմ, որ ցանկացած լիազորություն, գնահատելով խնդրի իրավական հիմնավորվածությունը, բնականաբար իրացվելու է»,- ասաց նորընտիր պաշտպանը: 

Արման Թաթոյանը չառանձնացրեց խնդիրների կոնկրետ շրջանակ, որն առաջնահերթ կարևորություն ունեն. «Բոլոր հարցերն էլ կարևոր են»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Հայաստանում ՄԻ պաշտպանները կիսապաշտպաններ են, և չեն կարողանում լիարժեք իրականացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, Արման Թաթոյանն ասաց, որ համաձայն չէ նման գնահատականին. «Դա չի բխում պաշտպանի դիրքերից և հեղինակությանն էլ չի օգնում: ՄԻ բոլոր պաշտպանները կատարել են իրենց լիազորությունները: Կան, իհարկե, բարդություններ, բայց դրանք հաղթահարելի են»,- ընդգծեց նորընտիր օմբուդսմենը:

Հիշեցնենք, որ երեկ պատգամավորները գաղտնի փակ քվեարկությամբ Արման Թաթոյանին ընտրել են Մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությանը մասնակցած 107 պատգամավորից միակ թեկնածու Արման Թաթոյանի օգտին են քվեարկել 96-ը, դեմ` 7-ը, 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Մինչ ՄԻ պաշտպանի պաշտոնում ընտրվելը Արման Թաթոյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանում էր նաև ՄԻ եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի տեղակալը: Ավելի վաղ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում վայր է դնելու Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի տեղակալի լիազորությունները` երկու գործառույթները անհամատեղելի համարելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter