HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտադրված է Հայաստանում. Սյունիքը զարգանում է մեկ ուղղությամբ՝ վտանգելով ամբողջ տնտեսությունը

ՄԱՍ 1

Հայաստանում, ըստ արդյունաբերության ծավալների, Երևանից հետո Սյունիքի մարզն է: Մասնաբաժինը ՀՀ արդյունաբերության ընդհանուր ծավալում նախորդ տարի կազմել է 16,5%-ը։ Այստեղ զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը։ Դա պայմանավորված է մարզի հարուստ բնական ռեսուրսներով՝ պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, արծաթի և այլ մետաղների հանքավայրերով։ Հատկանշական է, որ 2015 թվականին հանրապետությունում հանքագործական արդյունաբերության ծավալի  66,5%-ն արտադրվել է Սյունիքում:

2015-ին այս մարզի արդյունաբերության ամբողջ ծավալը, համադրելի գներով, կազմել է 223,651 մլրդ դրամ։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2014-ի համեմատ այն 13,9%-ով աճել է։ Այդ աճն ապահովվել է գլխավորապես հանքարդյունաբերության ոլորտում գրանցված աճի շնորհիվ։ Հանքարդյունաբերության ծավալը զբաղեցրել է Սյունիքի արդյունաբերության ավելի քան 86%-ը (193,3 մլրդ դրամ)։ Տարեկան աճը կազմել է 14,8%։

Հիշեցնենք, որ հանքարդյունաբերությունը նախորդ տարի Հայաստանում աճել է  50,4%-ով և ապահովել ամբողջ արդյունաբերության 5%-անոց աճը։

Իսկ մշակող արդյունաբերությունը Սյունիքում բավականին թույլ դիրքերում է, թեև դրա զարգացման համար կան համապատասխան ռեսուրսներ։ 2015-ին մշակող արդյունաբերության ծավալն այս մարզում կազմել է 9,4 մլրդ դրամ` ամբողջ արդյունաբերությանը ընդամենը 4,2%-ը։ Դա Սյունիքի ներուժի փոքր մասն է՝ հաշվի առնելով, որ  այս մարզում մրգի և բանջարեղենի բավականաչափ ռեսուրսներ կան։   Եվ դա լավ նախադրյալ է, օրինակ, պահածոյագործության, չրեղենի արտադրության զարգացման համար։ Սակայն ՀՀ կառավարությանը, փաստացի, դեռևս չի հաջողվել ճիշտ կառավարել այդ ռեսուրսները։ Հիմնականում առաջ է քաշվել այն պատճառաբանությունը, թե դրա համար համապատասխան ներդրումներ են հարկավոր, ինչը ներկայում չկա։ Նախորդ տարի այս մարզում արտադրվել է 6,6 մլրդ դրամի սննդամթերք։ Մշակող արդյունաբերությունը Սյունիքում մեկ տարում 15,2%-ով անկում է ապրել։

Ամբողջ արդյունաբերության մոտ 9%-ը նախորդ տարի զբաղեցրել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը։ Ծավալը կազմել է մոտ 20 մլրդ դրամ։ Ոլորտում մեկ տարում աճ է գրանցվել՝ 25%:  Չնայած ոչ մեծ ծավալներին՝ ստացվում է, որ այս մարզում տնտեսության երկրորդ խոշոր ճյուղը էներգետիկան է։ Իսկ ավելի կոնկրետ՝ հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը։ Այստեղ արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ին։ Հիշենենք, որ 2014-ի տարեսկզբին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի միջև պայմանագիր ստորագրվեց Որոտանի ՀԷԿ-երի առքուվաճառքի վերաբերյալ։  Էներգետիկայի ոլորտը ևս Սյունքիում զարգացման պոտենցիալ ունի։

Նախորդ տարի այս մարզում ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման ու վերամշակման ոլորտն ապահովել է ընդհանուր արդյունաբերության 0,4%-ը և կազմել 990 մլն դրամ։ Գրանցվել է 3,9% աճ։

Իսկ արդյունաբերության մյուս ճյուղերի դիրքերը, կարելի է ասել, զրոյական են, այդ թվում՝ թեթև արդյունաբերությանը, որը ժամանակին քիչ թե շատ  աշխույժ է եղել Սյունիքում։

Հանքարդյունաբերության շուրջ կենտրոնացվածությունն իրական վտանգներ է պարունակում Սյունիքի տնտեսության համար

Սյունիքի  մարզում, փաստորեն, արդյունաբերությունը և ամբողջ տնտեսությունը ներկա դրությամբ գրեթե ամբողջությամբ կախված է հանքարդյունաբերությունից։ Բնական է, որ այս մարզում հենց այս ճյուղը պետք է զարգացած լիներ։ Այդպես են թելադրում մարզի աշխարհագրական դիրքն ու բնական ռեսուրսները։ Սակայն, այդ կախվածությունն այնքան մեծ չափերի է հասել Սյունիքի համար, որ վտանգներ է պարունակում։ Համաշխարհային շուկայում գունավոր մետաղների, օրինակ՝ պղնձի, գնանկման ֆոնին այս ոլորտից ստացվող եկամուտները տարեցտարի նվազում են։ Այդ կորուստը Հայաստանը մասամբ լրացնում է հանքահումքային արտադրանքի ֆիզիկական ծավալների մեծացմամբ, բայց միևնույն է՝ տնտեսությունը տուժում է։ Եթե գները շարունակեն նվազել, ապա հարվածը տնտեսությանն ավելի կմեծանա։ Դա առավել քան իրական վտանգ է՝ հաշվի առնելով, որ փորձագետները գունավոր մետաղների համաշխարհային շուկայում առաջիկա  1-3 տարիների համար գնաճ չեն կանխատեսում։ Սյունիքի մարզն այդ վտանգի անմիջական կրողներից մեկն է Հայաստանում։ Առահասարակ, այս խնդիրը ոչ միայն Սյունիքի, այլև՝ Հայաստանի ամբողջ տնտեսությանն  է վերաբերում։ Խոսքը ոչ միայն պղնձի, այլև՝ ոսկու  և մոլիբդենի մասին է։

Արդյունաբերության ծավալների ցուցանիշներով, այո, Սյունիքի մարզի համար 2015-ը հաջող տարի է եղել։ Գրանցվել է երկնիշ աճ։ Բայց այդ աճը որակական չէ։ Այսինքն՝ կենտրոնացված է միայն մի ճյուղի ուղղությամբ։ Իսկ արդյունաբերության մյուս ճյուղերն այնքան թույլ են զարգացած, որ որոշիչ նշանակություն չունեն։ Երբ գունավոր մետաղների գները նվազում են և մարզի տնտեսությունը վնասներ է կրում, մյուս ճյուղերը չեն կարողանում փրկել իրավիճակը։

Իսկ եթե անգամ գունավոր մետաղների գներն առաջիկայում բարձրանան, ինչը քիչ հնարավոր է, միևնույն է՝ Սյունիքի տնտեսության համար վտանգը չի վերանալու։ Քանի որ բնական ռեսուրսները սահմանափակ են և  չվերականգնվող, վաղ թե ուշ հանքարդյունաբերությունն այս մարզում նահանջելու է։ 

Սյունքի մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված է «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի 2014-2017 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը»։ Դրա «Արդյունաբերություն և էներգետիկա» բաժնում նշվում է. «ՀՀ Սյունիքի մարզի ողջ արդյունաբերությունը մեծապես կախված է ընդերքօգտագործման ոլորտից և մասնավորապես «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ից, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ից, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ից և «Լեռ-Էքս» ՍՊԸ-ից։ Եթե այս ձեռնարկությունները հաշվի չառնվեն, ապա Սյունիքը կհամարվի ամենավատթար սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող մարզերից մեկը Հայաստանում»։  Հարկ չենք համարում այս ծրագրին մանրամասն անդրադառնալ, քանի որ կարծում  ենք՝ կարևորը արդյունքներն են, ոչ թե՝ ծրագրերը։

Բացի այս ամենը, չնայած, որ մենք իրավիճակը դիտարկում ենք տնտեսական տեսանկյունից, այստեղ կան նաև բնապահպանական վտանգներ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է։ Սյունիքում իրականացվող հանքարդյունաբերությունը մի շարք բնապահպանական վնասներ է առաջ բերում։  

Վերջին 10 տարում Սյունիքի արդյունաբերության ծավալները գրեթե կրկնապատկվել են

Տվյալները ՀՀ ԱՎԾ՝ «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության երկնիշ դասակարգման, ըստ մարզերի և ք. Երևանի» հրապարակումների։

Ակնհայտ երևում է, որ աճի գլխավոր նպաստողը հանքարդյունաբերությունն է։ Սակայն պետք չի անտեսել նաև արդյունաբերության մյուս ճյուղերի դերը, որոնց ընդհանուր ծավալը ևս աճել է։ Այս ընթացքում Սյունիքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունները պարբերաբար արդիականացվել են։ Նշենք, որ «Զանգեզուրի ՊՄԿ»-ն, 2015  թվականի տվյալներով, Հայաստանի երկրորդ ամենախոշոր հարկատուն է։

 Սյունիքում 4,6 հազար գործազուրկ կա. պաշտոնական

Ձեռնարկությունների վերազինմանը զուգահեռ Սյունքի մարզում նոր աշխատատեղեր են բացվել։ Դա նպաստել է գործազուրկների թվի կրճատմանը։ 2015-ի դեկտեմբերի վերջի դրությամբ, ըստ պաշտոնական վիճակագրության, Սյունիքում գործազուրկների թիվը կազմել է 4,6 հազար ( մարզի մշտական բնակչության ընդհանուր թվաքանակը  2016 թ. հունվարի 1-ի դրությամբ՝  139,6 հազ. մարդ)։ Ընդ որում՝ նրանցից 1,066 հազարը երիտասարդներ են։ 10 տարվա ընթացքում մարզում գործազուրկների պաշտոնական ցուցանիշը կրկնակի նվազել է։  2005-ին այն կազմում էր 10,9  հազար։

Տրամաբանական է, որ Սյունիքում արդյունաբերության ոլորտում զբաղվածների մեծ մասն աշխատում է հանքարդյունաբերության ճյուղում։  Բայց այդ ձեռնարկություններում նոր աշխատատեղեր բացելու հնարավորությունները սահմանափակ են։  Այսինքն՝ մարզում զբաղվածության խնդիրը մնում է չլուծված։ Եվ եթե Սյունիքի տնտեսությունը չդիվերսիֆիկացվի, և այն վտանգները, որոնց մասին նշեցինք վերևում, իրականանան, ապա՝ գործազրկության պատկերն էլ ավելի տխուր կդառնա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter