HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ի 6 մլն դոլարի գործով գաղտնալսվել են ընկերության աշխատակիցների հեռախոսահամարները

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու և դրա շահույթը թաքցնելու գործով՝ ընկերության անվտանգության նախկին տնօրեն Աշոտ Պողոսյանի մասով այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեցին հետազոտվել ապացույցները:

Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրությունն առ այն, որ ԱԱԾ-ն նոր կապուղու ստեղծման գրություն կամ պահանջ «ԱրմենՏել» ընկերությանը չի ներկայացրել: Այդ նամակի հիման վրա, ինչպես պնդում է «ԱրմենՏել»-ի արդեն նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի փաստաբան Տիգրան Աթանեսյանը,  Կլիմկոն կապուղին բացելու կարգադրություն է տվել: Սակայն ԱԱԾ-ի նշված նամակը հետագայում անհետացել է:

Հիշեցնենք՝ Աշոտ Պողոսյանին մեղադրում են այն բանի համար, որ վերջինս հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք է տրամադրել և այն հսկողության տակ պահել՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները: Ըստ մեղադրանքի՝ «Արմենտել» ՓԲԸ-ի շահերին հակառակ ստեղծվել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲԸ բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև «Արմենտել»-ի ենթակաոուցվածքը, սակայն շրջանցել է դրա հաշվարկային համակարգը։ Դրանով իսկ վնաս է հասցվել թե ընկերությանը, թե պետությանը: Վնասը գնահատվում է շուրջ 6 մլն դոլար:

Մեղադրողը նաև ներկայացրեց «ԱրմենՏել»-ի արդեն նախկին աշխատակիցներ Աշոտ Պողոսյանի, Վլադիմիր Սաչկովի, Ալեքսանդր Զուբովի, Տիգրան Վարդանյանի և մի քանի այլ անձանց՝ իրար ուղարկած SMS հաղորդագրությունները: Այդ հաղորդագրությունները վերաբերում էին հիմնականում 2013թ. սեպտեմբերից մինչև նոյեմբեր Սաչկովի՝ գործը կատարելու, ավարտելու և միացման մեկնարկը տալուն:  

Ապացույցների մեջ են նաև ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ ռուսաստանյան կապի օպերատորներից՝ «Ռոստելեկոմի», «MTS»-ի ցանցերից դեպի «ԱրմենՏել» 2010-2013թթ. կատարված հեռախոսային զանգերի մասին առգրավված տեղեկությունները: Դրանք, սակայն, դեռևս չհետազոտվեցին:

Դատախազ Փանոսյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանզի մեկ այլ նշանակված դատական նիստ ուներ: Դատարանը բավարարեց այն՝ հետաձգելով նիստը մեկ ամսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter