HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևի համայնքի ավագանին վճռական է տրամադրված. «Սլեպնի պան չի ինելու»

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին  ավագանու կանոնակարգի ընդունմանը, Տաթև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու և համաձայնացնելու կարգին, ներկայացուցչությունների նստավայրի հասցեների ճշտմանը, «Տաթևի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության հաստատմանը:

Շնորհավորելով նորընտիր ավագանիներին, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն են ստանձնում ավագանիները, քանի որ ոչ միայն ծավալուն աշխատանք է սպասվում նրանց, այլև նախկին տարբեր համայնքներից առաջադրված ներկայացուցչական ավագանու ինստիտուտը դեռևս Հայաստանում առաջին անգամ է կիրառվում և արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել կազմակերպչական և կառավարման հմտությունների զարգացմանը: Այնուհետև ավագանիների քննարկմանը ներկայացվեց նրանց պարտականություններն ու իրավունքները կարգավորող կանոնակարգը, որի առթիվ ավագանիներից երկուսը դժգոհություն արտահայտեցին, թե փաստաթղթին նախապես ծանոթանալու հնարավորություն պետք է ունենային, որպեսզի կարողանային իրենց դիտարկումները ներկայացնել: Լսելով  համայնքի ղեկավարի մեկնաբանությանն այն մասին, որ անդրանիկ նիստը հրավիրվել է հրատապ, ավագանու անդամ Գեսիկ Մաթևոսյանը նշեց, որ  «ստեղ սլեպնի պան չի ինելու» / слепой Ս.Շ/: Նա առաջարկեց կանոնակարգում ամրագրել փակ գաղտնի քվեարկության անցկացման հնարավորությունները, երբ քվեարկությունը վերաբերում է դրույքաչափերի հաստատմանը, ինչը, սակայն, չպաշտպանեցին գործընկերները:

Ավագանու անդամ Սարգիս Հայրապետյանն անդրադարձավ կանոնակարգի այն դրույթին, որը վերաբերում էր ավագանիների անվստահությանը. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որ նիստերին երբեք չեն մասնակցում, քանիսի լիազորությունն են ցած դրել» :

Տաթև համայնքի կազմում գտնվող տարբեր բնակավայրեր ներկայացնող ավագանիներն իրենց մտահոգությունը հայտնեցին ավագանու նիստերի, տարբեր հանդիպումների, քննարկումների իրենց մասնակցության երթևեկության փոխհատուցման խնդրի մասին:

Քննարկում ծավալվեց նաև Տաթև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու հարցի շուրջ: Ավագանիների մի մասի կարծիքով այս լիազորությունը պետք է վերապահված լինի ավագանուն և ըստ նրանց, առաջարկություն պետք է ներկայացնել օրենսդրական փոփոխության համար, որպեսզի համայնքի լիազոր անձանց նշանակման գործում ավագանու ձայնը որոշիչ լինի:

Ավագանու նիստը որոշմամբ հաստատվեցին Տաթև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերի հասցեները` Հալիձոր, Տաթև, Սվարանց, Հարժիս, Խոտ, Տանձատափ  գյուղերում: Ի դեպ, այս առումով ըստ էության, բացառություն է արվել Տանձատափը, որը ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի, ունի 99 բնակիչ, մինչդեռ ՏԻՄ մասին օրենքում ԱԺ-ի 24.11.2015թ·-ին կատարած փոփոխությունների համաձայն՝ «բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ»:

Անդրադառնալով Տաթև համայնքի կազմում գտնվող բնակավայրերում ներկայացուցիչների թեկնածուների թեմային, համայնքի հեղավար Մուրադ Սիմոնյանը նշեց, որ պատրաստվում է բնակիչների հետ քննարկումներ կազմակերպել, սակայն ինքը նախապատվություն է տալիս նախկին համայնքների ղեկավարներին և որոշ առաջարկներ արդեն արել է: Այս փաստը հաստատեցին նաև վերջիններս, ովքեր, բացի նախկին Շինուհայր համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանից, մասնակցում էին ավագանու նիստին:

Ի դեպ, նրանցից` Մարատ Գերասիմյանին, ով նախկինում Հալիձորի գյուղապետն էր, առաջարկվել է Տաթև համայնքի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մեկ այլ նախկին գյուղապետի, ով չցանկացավ նշել իր անունը` համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Վերջինս, սակայն հրաժարվել  է, պատճառաբանելով, թե «Շինուհայր կենտրոնով համայնքում այդ պաշտոնը նախընտրելի է, որ տեղացի ստանձնի» :

Ինքը` Տաթևի համայնքի ղեկավարը նշեց, թե կադրերի նշանակման առումով դեռևս վերջնական որոշումներ չկան և հիմնական գործընթացը`  աշխատակազմի ձևավորումը, ներկայացուցչությունների ստեղծումը կմեկնարկի ապրիլի 1-ից: Հենց այդ ժամանակահատվածում էլ կհստակեցվի  փետրվարի 14-ին կայացած ՏԻՄ ընտրություններով ձևավորված Տաթև համայնքի բյուջեն:  

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆիանանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանի խոսքով այն կձևավորվի  համայնքի կազմում գտնվող նախկին համայնքերի 2016թ բյուջեի ապրիլի 1-ի դրությամբ մնացորդային գումարներից. «Բնականաբար, դժվար կլինի այս տարի: Դեռևս վերջնականապես հստակ չէ, թե որքան կկազմի այդ գումարը, քանի որ դա կախված է նաև նրանից, թե մեկ ամսվա ընթացքում նախկին համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման առումով ինչ ցուցանիշներ կգրանցվեն, ինչպես նաև ինչպիսի հաստիքներ կկրճատվեն կամ գուցե ավելանան», -ասաց նա

Ակնկալվում է, որ Տաթևի համայնքի ֆինանսական ռեսուրսների ավելացման գործում կարևոր  դերակատարություն կունենան դոնորների ներդրումները, մասնավորապես, ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից արդեն իսկ առաջարկություն է եղել ներդրումային ծրագրի մասնակցելու համար հայտ ներկայացնել: Այս հարցի հետ կապված, ավագանու նիստի որոշմամբ ստեղծվեց նախաձեռնող խումբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter