HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային շուկայում պղնձի գների անկման պատճառով Ալավերդին հայտնվել է ճգնաժամի մեջ

«Վալլեքս գրուպ»-ը դադարեցրել է բարեգործական ծրագրերի ֆինանսավորումը

Միջազգային շուկայում պղնձի գների անկումը «Վալլեքս» խմբի ընկերություններին դրել է ծանր կացության մեջ: Խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը դեռ հունվարին «Հետքին» ասել էր, որ թեև իրենց արտադրությունը շարունակվում է, բայց «Վալլեքս»-ի համար ներկայումս գոյատևման ժամանակներ են: «Վալլեքս»-ըկանգնած է նաև Թեղուտի լեռնահանքային համալիրի շահագործման նպատակով վերցրած մոտ 450 մլն դոլար վարկի մարման դժվարության առաջ: Այդ պատճառով էլ Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Թեղուտ ՓԲԸ-ի աշխատողների կրճատումներին զուգահեռ Վալերի Մեջլումյանը վերջին օրերին Ալավերդիում անցել է խնայողության խիստ ռեժիմի: «Նրա ցուցումով մարտի 1-ից դադարեցվել է «Մանես» բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ կապված ընկերության ֆինանսական դժվարությունների հետ»,-հայտնեց «Մանես» հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանը:

Վերջինիս ասելով՝ «Մանես»հիմնադրամը 2005-2015թթ. Ալավերդիում իրականացրել է 2 մլրդ 97 հազար դրամի բարեգործական ծրագրեր: Հիմնադրամի նախագահը Վալերի Մեջլումյանն է: Հիմնադրամի լուծարումով սոցիալապես անապահով ալավերդցի 100 բնակիչներ կզրկվեն բարեգործական ճաշարանում սնվելու հնարավորությունից: Ճաշարանի տարեկան ֆինանսավորումը կազմում էր 15,4 մլն դրամ: «Մենք բարեգործական ճաշարանում հիմնականում հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի այդ մարդիկ իրենց ճաշը տանեն տուն՝ ընտանիքի մյուս անդամներին նույնպես կերակրելու համար»,-բացատրեց Ա. Թամազյանը: Ֆինանսական դժվարությունների պատճառով կդադարեցվի նաև Ալավերդու քաղաքապետարանի ենթակայության 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների 125 երեխաների 5,6 մլն դրամ վարձավճարների ֆինանսավորումը, նույն հաստատությունների երեխաների սննդի համար հատկացվող 4,6 մլն դրամի վճարումը, Մադան թաղամասից Ալավերդու թիվ 5 դպրոց տեղափոխվող աշակերտների 985 հազար դրամ տրանսպորտային ծախսերը, քաղաքի հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների երեխաներին տարեկան տրվող 6,6 մլն դրամ կաթնամթերքի և թխվածքաբլիթների վճարները:

Չի կատարվի Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերության հաղորդումների պատրաստման և հեռարձակման համար նախատեսված 17,5 մլն դրամ գումարի վճարումը: Պահպանության ծախսերի պատշաճ ֆինանսավորում չի ստանա նաեւ Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտը:

Վերոնշյալ հատկացումների դադարեցումն ալավերդցիներն արդարացված չեն համարում, մանավանդ որ Թեղուտի լեռնահանքային համալիրի շահագործումից հետո Վ. Մեջլումյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանում մոտ 35 տոկոսով ավելացրել է արտադրության ծավալները: «Ճիշտ է, արտադրության ծավալներն ավելացել են, սակայն ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ «Վալլեքս»-ը չի կարողանում կատարել իր վարկային պարտավորությունները»,- մեկնաբանեց Ա. Թամազյանը: Նրա ասելով՝ «Մանես» հիմնադրամը ունի մսամթերքի և կաթնամթերքի պարտքեր: Ա. Թամազյանն ակնկալում է, որ առաջիկայում պետք է մարվեն նաև այդ պարտքերը: «Եկող երկուշաբթի օրվանից բարեգործական հիմնադրամն այլևս չի աշխատելու»,-հայտնեց հիմնադրամի տնօրենը: Մարտի 1-ից կդադարեցվի նաև Ալավերդու ճոպանողու աշխատանքը, որի ֆինանսավորումը եւս ստանձնել էր «Վալլեքս»-ը: Ավետ Թամազյանի ասելով՝ ընդհանուր առմամբ կդադարեցվեն հիմնադրամի 68,9 մլն դրամի բարեգործական ծրագրեր:

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն անակնկալի է եկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կատարած խնայողական միջոցառումներից: Հիշեցնենք, որ 2015թ. կառավարությունը զրոյացրել է նաև Ալավերդի համայնքի 2016թ. բյուջեի համար նախատեսված  90 մլն բնապահպանական սուբվենցիան: «Ալավերդու համար 2016թ. ճգնաժամային տարի է: Որոշ բեռ իր վրա էր վերցրել «Մանես» հիմնադրամը, որն այսօր լուծարվում է:  Իհարկե, հասկանում եք, խոսքը բարեգործական ճաշարանի, մանկապարտեզների և դպրոցների 1-4  դասարանների երեխաների սննդի մասին է: Մենք բանակցությունների փուլում ենք գտնվում և հույս ունենք, որ որոշ համաձայնության կգանք»,- հայտնեց Կ. Փարեմուզյանը: Վերջինիս ասելով՝ քաղաքապետարանին ժամանակ է պետք սեփական հիմնադրամ ստեղծելու համար. «Մենք պետք է նաև ավելացնենք համայնքի բյուջեի սեփական եկամուտները»,- ասաց քաղաքապետը:

Ալավերդիում ստեղծված անհուսալի վիճակի մասին մեր հարցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Քանի դեռ միջազգային շուկայում պղնձի գներն ընկած են, Ալավերդու վիճակը կմնա անհուսալի»: 

Մեկնաբանություններ (30)

Վարդան
Գագիկ ջան, բայց ինչու պետք է Մեջլումյանը օդն աղտոտի, հարստանա, իսկ քաղաքապետը դպրոցներին սնունդ տա: Դժվար է՞ գիտակցելը, թե Մեջլումյանն ինչու է էդ ծառայությունները մատուցել:
Ալավերդցի
Փաստորեն Մադանի երեխաները զրկվել են իրենց կրթության սահմանադրական իրավունքից: Գոնե այս խնդրին պետք է արագ լուծում գտնել: Այդ գյուղում ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ, բացի այդ երեխաներին դպրոց տեղափոխելը պետության խնդիրն է
Հայկո
Հայաստանի բնությունը ոչնչացնողներիտուտուզասեր ֆեյքեր, մի հատ մեծատառ Ս վերցրեք ու գնացեք ընտանյոք հանդերձ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանիօ ծուխը շնչելով մեռեք:
Գարեգին
Ողջույն քոմենթներում կեղծ անուններով իրեն հերոս զգացող հասարակություն: Ոնց եք: Պատկերացնում եմ ինչքան լավ եք զգում ձեզ, երբ որևէ մեկի հասցեին քննադատական ինչ որ բան եք գրում, ձևացնելով՝ թե անհանգստանում եք ալավերդցիների համար, ու գիտեք, որ ձեզ չեն տեսնում: Այ էս վերջինը ամենաշատն է չէ ձեզ դուր գալիս: Ամաչեք, ամաչեք ձեր արարքներից: Եթե ունեք ասելիք այս կամ այն մարդուն, համոզված եմ, որ ոչ մեկ անհասանելի չէ: Կարող եք հանդիպել, ներկայացնել ձեր անհանգստությունները և առաջարկները, թե ավագանուն, թե քաղաքապետին, Մեջլումյանին էլ ձեր մտքերը ներկայացնելու ձև հաստատ կլինի: Իսկ էստեղ գրելը՝ ընդամենը սրա նրա բոստանը քար գցել է ու սա իրականում քաղաքի հոգսերի մասին մտածելը չէ, ինչը այսքան ժամանակ փորձում եք ձևացնել:
Ալվարդ
Ասում եք ,,բարերարը,, հրաժարվեց,իմ կարծիքով հոգ չէ,ուղակի քանի որ նոր աշխատատեղեր ստեղծելը շատ ժամանակ է պահանջում,մի քիչ քաղաքապետարանը հոգսը կվերցնի իր վրա, մի 15միլիոն դրամի չափով/որը քաղաքապետարանի համար այդքան էլ մեծ թիվ չէ/,մյուս մասն էլ լրացնելու համար կարելի է դիմել ,,Տաշիր,, բարեգործական հիմնադրամին,ինչպես քաղաքապետն էր ասում իր նախընտրական ծրագրում:
Անահիտ Գ.
Մեկնաբանություններից ելնելով` սկսում եմ մտածել, որ մարդիկ նման նորություններից ուրախանում են, քանի որ, ըստ իրնեց, ունեն նոր առիթ քննարկելու ու քննադատելու այս կամ այն մարդուն` չմտածելով առաջացած իսկական խնդրի մասին: Ձեր կողմից նշված Մեջլումյանը, համոզված եմ, պղնձի գների չիջնելու պայմաններում կշարունակեր կատարել արդյունաբերական քաղաքի նկատմամբ իր պարտքը, իսկ այս պայմաններում, երբ չի կարողանում կատարել, դա չի դառնում քաղաքապետարանի կամ այլ կազմակերպության կամ անձի պարտականություն: Սակայն համոզված եմ, որ ավագանին, քաղաքապետը ու մտահոգ այլ քաղաքացիներ մտացում են տարբերակներ առաջացած խնդիրների լուծման համար: Հ.Գ Հիշեք Ձեր քննադատությունները խնդրին լուծում չեն տալիս:
Գայանե
Քաղաքապետին խորհուրդ՝ աշխատատեղեր բացեք ու ժողովուրդը կմոռանա և Մեջլումյանին և նրա արած գործերը:
Գոհար
Հոդվածների տակ կատարվող մեկնաբանություններին երբեք այնքան էլ լուրջ չեմ վերաբերվել, քանի որ դրանք միշտ էլ վերաբերվել են ոչ թե կոնկրետ հոդվածին, այլ սպասարկել են այս կամ այն անհատին:Բայց այս հոդվածի մեկնաբանությունների հետ կապված չեմ կարող անտարբերություն դրսևորել, որովհետև իսկապես այստեղ շատ այլ լուրջ խնդիր է բարձրացված, քան թե Մեջլումյան-քաղաքապետ կամ քաղաքապետարան խնդիրն է: Հարցի լրջությունը կայանում է նրանում, որ մեր համաքաղաքացիներն իրոք հասկանան թե խնդիրն ինչում է և ինչու է Վալերի Մեջլումյանը կատարել այս բոլոր աշխատանքները մեր քաղաքի համար: Անշուշտ նա խելացի բիզնեսմեն է և այս հաշվարկներում էլ չէր կարող սխալվել՝ ում ինչքան և ինչպես անել: Այստեղ միայն ալավերդցիների աշխատատեղերի խնդիրն է ցավալի, որովհետև արդյունաբերական այս քաղաքում մարդիկ միշտ գործարանում աշխատելով են իրենց հացը վաստակել ու գործարանի փակվելը շատ ծանր հետևանքներ կունենար այս քաղաքի ազգաբնակչության վրա: Այս հանգամանքն էլ Վալերի Մեջլումյանի գլխավոր հաղթաթուղթն է դարձել, որը ցանկացած առիթով դրել է սեղանին: Ինձ զարմացրել է մեկ բան միայն, թե ինչպես են մեր քաղաքի իշխանությունները երկար տարիներ լռել: Հասկանալի է, որ լռել են հենց այդ աշխատատեղերի, ալավերդցիների թվացյալ լավ կյանքի համար: Իմ կարծիքով պետք չէր կույր ու համր ձևաանալ, այլ պետք էր զգոն լինել և անել ամեն բան, որպեսզի Ալավերդին գործարանից բացի այլ աշխատատեղեր էլ ունենար: Այս հարցում քաղաքային իշխանություններն անշուշտ թերացել են: Միայն այս կերպ հնարավոր կլիներ սանձը ձեռքում պահել:
Վարդան
մաս 1 Հարգելի Գարեգին, ինչ մեղավոր չփնտրելու մասին է խոսքը, եթե էս խնդրի գլխավոր մեղավորին բոլորս գիտենք: Մի տեսակ էնպես է ստացվում, որ Մեջլումյանի պարտավորությունները պետք է քաղաքապետարանը կատարի: Փորձենք խնդիրը հասկանալ: Վալերի Մեջլումյանը այսքան տարիների ընթացքում սոցիալապես անապահով ծերերին, մանկապարտեզների ու դպրոցների երեխաներին սնունդ տվել է մենակ մի պատճառով՝ Ալավերդուն էկոլոգիական աղետի մեջ գցելու դիմաց: Կարելի է չէ՞ գոնե ճիշտ վերլուծել ու հասկանալ, որ եթե Մեջլումյանը պահպաներ էկոլոգիական բոլոր նորմերը, ինչն իր գրպանի համար բավականին թանկ էր նստելու, ապա էդ ժամանակ կծած կորեկ էլ չէր տա ոչ ծերերին ոչ էլ երեխաներին: Կա հստակ բանաձև: Մարդը վնաս է հասցնում բնությանն ու մարդկանց և դրա դիամց վճարում է ծերերին, երեխաներին սնունդ տալով ու էլի մի շարք նման ծառայոություններ մատուցելով: Հիմա էդ մարդը որոշել է էդ ծառայությունները չմատուցել, բայց էլի շարունակելու է անել իր գործը: Քաղաքապետարանի անելիքն էստեղ էլ ո՞րն է: Կամ ինչ բյուջեի մասին է խոսքը, մենակ չհամոզեք դրանում էլ, որ էս քաղաքում ինչ կատարվում, բյուջեի ծախսերով է կատարվում: Հազար հատ այլ աղբյուրներ կան, որոնցով էս քաղաքում շատ հարց է դրական լուծում ստացել: Ու էդ Ձեր ասած 125 երեխաների նախադպրոցական կրթության հարցն էլ կլուծվի, ծերերի ու երեխաների սնունդի հարցն էլ:
Գարեգին
Հարգելի ալավերդցիներ,առաջարկում եմ դադարեցնել մեղավորներ փնտրելը /դժվար պահերին դա ամենահեշտ գործն է/ և մեկնաբանություններ գրելու հնարավորությունը օգտագործել ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու կառուցողական առաջարկներ անելու համար:Իմ կարծիքով հարցի քննարկման իրավական հարթակը պետք է լինի ավագանու արտահերթ նիստը հասարակության շահագրգիր ներկայացուցիչների մասնակցությամբ:2016 թվականըը դեռ նոր է սկսվել և կարելի է բյուջեի ծախսերը վերանայել, հոգուտ սոցիալական ծրագրերի հրաժարվելով որոշ թեկուզ անհրաժեշտ,բայց ոչ առաջնահերթ ծրագրերից,մասնավորապես նույն ծառայողական մեքենայի ձեռք բերումը եթե հետաձգվի 2017 թ-ն,ոչ մի սարսափելի բան չի պատահի,ևս մեկ տարի կարելի է բավարարվել եղածով:Բայց մենք դրանով և հնարավոր այլ միջոցներով 125 երեխայի չենք զրկի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից,մեր տարեցներին չենք թողնի անօգնական վիճակում:Չմոռանանք,որ համայնքի բյուջեն բոլորինս է,ոչ թե քաղաքապետինը,և մեր կողմից ընտրված ավագանու անդամները այս հարցում մեծ պատասխանատվություն ունեն որպես բյուջեն հաստատող և վերասկող մարմին:Միայն սեփական հնարավորությունները լիարժեք օգտագործելու դեպքում կարելի է ակնկալել նաև աջակցություն բարերարներից:Քանի որ հարցը հանրային մեծ հնչեղություն է ստացել,առաջարկում եմ Լարիսա Փարեմուզյանին որպես փորձառու լրագրող լրագրողական վերահսկողություն իրականացնի գորցընթացի նկատմամբ և հանրությանը տրամադրի անաչառ և արժանահավատ տեղեկություն 2016 թ-ի բյուջեով նախատեսված ծախսերի,դրանց հիմնավորվածության և բյուջեում հնարավոր փոփոխություններ անելու վերաբերյալ:
Գագիկ
հենց մեր քաղաքի վատը նայա որ անողին չենք գնահատում:Դե որ ասում եք լավ կլեր ոչինչ չաներ հիմա եկավ ետ ձեր ասած չանելու ժամանակը,հիմա անողներին տեսնենք:Թող քաղաքապետարանը ոչ թե շռայլություններ իրեն թույլ տա այլ մտածի խեղճ ժողովրդի մասին,ետքան գումարը որ դրելա պադավատ առել թող մանկապարտեզի 125 երեխու վարձը տար,կաթ ու մածոն տա դպրոցներին վերջապես մենք Մեջլումյանին չենք ընտրել որ քաղաքի մասին հոգ տանի ում ընտրել ենք նրանք են պարտավոր իրենց խոստումները կատարեն:Մեջլումյանը սեփականատերա ,իրա հավեսով կուզի կանի չի ուզի չի անի:Բերեք Ալավերդու մի քանի սեփականատերեր թվարկենք ,որ քաղաքի համար մատները մատներով են տվել ,մենակ իրանց գրպաններն են տռզացնում:
Դավիթ
Մեկնաբանությունը...Մեկնաբանությունները կարդում ես ու մտածում, որ գրում են նաև կարդու՞մ են նոր սեղմում . Արամ-ին, որ գրում եք, թե գնել են 20 մլն դրամ արժողությամբ ծառայողական ավտոմեքենա, ես անձամբ էտ մարդուն ինչքան տեսել եմ` իր անձնական մեքենայով եմ տեսել, իսկ անձնական մեքենայի արժեքը 20 չէ 30 մլն էլ լինի, դա մեր քաղաքի բյուջեի հետ կապ չունի, հետևաբար ինձ , Ձեզ ու մնացածին չպետք է անհանգստացնի: Իսկ ինչ վերաբերում է Մեջլումյանին, այո արել է, բայց ասել շնորհակալություն, գոնե ես չեմ պատրաստվում` ամբողջ քաղաքի օդը աղտոտված է, դրա հետևանքով բնակչության մեջ էլ հիվանդությունները շատ, էտքանից հետո էլ մանկապարտեզներին սնունդ չտա՞ր
************
վերջապես էս ալավերդցիները պետք ա հասկանա՞ն մի օր, որ մեջլումյանն էս քաղաքում ինչ արել ա, հենց ընենց չի արել...մի հատ նայեք, թե ռակի ցուցանիշով մեր քաղաքը ու տարածաշրջանը որ տեղում ա հանրապետությունում...տարածաշրջանի ու բնակչության հերն անիծել ա, դպրոցներին ու մանկապարտեզներին էլ սնունդ ա տվել, բա էդ էլ չանե՞ր...էն էլ ինչ սնունդ, զտած կաթնամթերք, որը պետք ա էկոլոգիապես մաքուր ըլներ...իսկ եթե էդքան մեծ բարերար ա մեջլումյանը թող իրա բանվորին փող տա, ոչ թե հենց բանվորը բողոքի ցածր աշխատավարձից, պանիկա քցի ու ասի, որ զավոդը փակելու ա...ալավերդցիներին արած բարիքները թողեք ու իրա աշխատողներին տված բարիքներից խոսացեք թե ինչ սնունդ ա տալիս զավոդի բանվորին էն բանվորին որ աշխատում ա կրակի բերանին... հասկացեք վերջապես թե էդ սոցյալական ծրագրերի ու վալեքսի կազմակերպած ճոխ համերգների ու սալյուտների դիմաց ինչ թանկ գին ենք վճարել բոլոր ալավերդցիներով...վճարել ենք մեր առողջությամբ, մեր բնության կորուստով...ալավերդի պատճառներ եք ման գալիս, բա թեղուտի մասին խի չեք խոսում, թեղուտի գյուղապետն էլ ա՞ իրա թշնամին...էտքան մարդու հողերը խափելով վերցրին, հետո էլ գործի դրին, իրանց անելուն արին ու հիմա հերթով սաղին դուս են շպրտում...բա էդ մեծ բարերարը խի չի մտածում էտ ընտանիքների մասին...ոչ մեկ չի ասում թե վալերը ոչ մի բան չի արել.....արել ա, բայց ոչ նրա համար որ ալավերդցիներին շատ ա սիրում ու մտածում ա քաղաքի մասին....այ բարին էն կըլներ, որ դրա ոտը էս քաղաք չմտներ ու ողովուրդը սենց մուրացիկ չդառնար իրա արած օգնությունների հաշվին, որ գյուղացին իրա հողը չթողար թե ինչ ա վալերի հիմնարկում ստաբիլ աշխատավարձ ա ստանալու...
Գայանե Կ.
ճիշտ ա ասում էս տուժած ու տանջված ալավերցին, մեջլումյանի չափ ոչ մեկ Ալավերդուն սենց վնաս չի տվել: Բա էսքան ախտոտված օդի համար միլիոն չէ,միլիարդ էլ աներ, էլի քիչ էր....ու սա իրա ոտքը ինչքան շուտ քաշեր, էնքան էս քաղաքը կշահեր, ալավերդցիներն էլ ինվալիտի նման չէի նստի մտածեն, որ իրանք ոչ մի բանի ընդունակ չեն, փրկիչ Մեջլումյանը որ չլիներ, սովից կմեռնեին...խելք հավաքեք վերջապես....իսկ պատճառը, այ տուժած ալավերդցի, պղնձի գները չեն, հենց նույն ընկերության կուտակած պարտքերն են, որի պատճառով տերտերի աշխատավարձն էլ են կտրել: իսկ էդ քո ասած իսկական պատճառի համար մեջլումյանը շատ փոքր ա, որ բան որոշի
Ապագայից զրկված
Հարգելի -ի պաշտպաններ,դուք մի բան լավ իմացեք,որ Ալավերդին ու մնացած Թումանյանի համայնքները զրկված են մարդու համար այլևս ապրելու համար,որի համար հատուկ շնորհակալություն կարող եք հայտնել վերոնշյալ ընկերությունից,որը տարիներ շարունակ ջանասիրաբար թունավորում ու քանդում է մեր հիանալի բնությունը: Այն կարող էր դարերով օգուտ տալ մեզ դառնալով հիանալի զբոսաշրջության կենտրոն :
Արամ
Լարիսա,Ալավերդում վիճակը եդքան էլ անհուսալի չի ինչքան քեզա թվում:Քաղաքապետարանի ձեռն էլ չոր քարի տակ չի,եթե կարում են 20միլիոն դրամ տան պադավատի ավտո առնեն,մի 20միլիեն էլ տան քաղաքապետի համար սաունաով կաբինետ սարքեն,լաց ու կոծ անելու տեղը էն մնացած ծախսերն էլ կարան անեն:Եդ որտեղա գրած որ քաղաքապետարանը իրա փողերով պտի ճոխլիկուկություններ անի,Մեջլումյանն էլ քյասիբերին հաց ու ջուր տա:
Ալավերդցի
Գայանե Կ.-ին,եթե Մեջլումյանը արած բան չունի ու եդքան փոքրա քո ասելով,ես ինչ խառնվել եք խառնվել,դրեք եդ չարածները արեք կամ եթե նա փոքրա դու ել եդքան մեծ ես զաստավիտով անել տուր:
Վարդան
Այս սա է հետաքրքիր, որ մարդիկ իրենց բանուգործը թողած, մեկ սրան են մեծարում ու պաշտպանում, մեկ մյուսին, բայց խնդիրն իրականում չի լուծվում: Այն որ Վալերի Մեջլումյանն էս ձորում ու քաղաքում անջնջելի հետք է թողել, դա փաստ է /ով ոնց ուզում է, թող նենց էլ հասկանա/: Ինչ վերաբերվում է քաղաքապետարանին հարգելի քոմենթագիր Արամ, ձեռը չոր քարի տակին լինի թե չէ քաղաքապետը պետք ա ծառայողական մեքենա ունենա, ոչ թե սեփական մեքենան մաշի: Իսկ եթե թվեր ու փաստեր եք հրապարակում, գոնե կարգին ճշտեք նոր գրեք: Երևակայությանն էլ զոռ անել պետք չի, քաղաքապետի կաբինետը սաունայով ա թե չէ, մի օր կարող եք այցելել ու տեսնել: Իսկ ամենավերջում ուզում եմ ասել, որ ոչ քաղաքապետի դարդն են ձեզ տվել, ոչ էլ Մեջլումյանի, ձեր մասին մտածեք: Իսկ էս սոցիալական ծանր վիճակը մեղմելու համար մի դուռ հաստատ կբացվի: Ալավերդին ավելի ծանր օրեր է ունեցել, որոնք անցել են: Սա էլ կանցնի:
Ընթերցող
Փաստորեն տարիներ շարունակ Վալեքսը միլիոններով բարեգործություն ա արել Ալավերդում, ու էդ մասին չի էլ խոսվել
Վարուժ
ժողովուրդ ջան, հլա շունչ քաշեք ու ոչ Վալերին քննադատեք ոչ էլ քաղաքապետին բան սովորացրեք: Մարդն ուզել ա, օգնություն ա տվել, հիմի էլ չի ուզում չի տալիս: Քաղաքն էլ ժամանակին օգտվել ա, հիմի էլ չկա, չի օգտվի, բայց դե նենց էլ չի, որ Ալավերդու օրը մթնեց, էսա սովից կմեռնենք: Քաղաքապետարանն էլ իրա անելունը կանի: Ով ինչով կարում ա թող օգնի թե չէ սրա-նրա գրածների տակ գրել, ջնջելով բան չի փոխվի:
թագավոր
քու գրած մեկնաբանություններն էլ են վերլուծելու գոհար, ընենց էս խոսում ոնցոր անհայտ մոլորակա քու քաղաքապետարանը: ոչ անգումնա ըլնելու ոչ էլ տանգումը: մի օտար երևույթի մասին են խոսում կարծես թե, որ շատ ազդվում էս:
Ալավերդցի
Հարգելի Գոհար,նույնքան,եթե ոչ ավելի, անհասկանալի են քաղաքապետարանին այս խնդիրների լուծումներից ազատելու ձեր ջանքերը:Ժողովուրդն է ընտրում քաղաքապետին ու ավագանուն,և այդ ժողովրդի վճարած հարկերից է ձևավորվում համայնքի բյուջեն:Հետևաբար,առաջարկություններ հնչեցնելով,բյուջեի ծախսերի վերասկողություն իրականացնելով քաղաքացիները իրացնում են տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքը:Ճգնաժամային պայմաններում բոլորը և առաջին հերթին բյուջետային գումարներ տնօրինող պաշտոնյաները պետք է ձգեն գոտիները, թույլ չտան ստեղծված իրավիճակին անհամապատասխան շռայլություններ,և եղած հնարավորությունները առավելագույնս օգտագործեն իրենց ընտրած մարդկանց վիճակը թեթևացնելու համար:Բայց այն որ դուք զարմանում եք, որ մարդիկ քաղաքապետի նախընտրական ծրագրի խոստումներից են խոսում` արդեն վերջնա,ինչը վկայում է որ ծրագիրը ձեզ համար ֆիկցիա է,ժողովուրդն էլ`ընտրազանգված,ում կարելի է հիշել ընտրությունից ընտրություն` 4-5 տարին մեկ:
աբգ
Ախր շատերիդ գրածից զռռումա որ ասել են նոր եք գրե լավ էլի,մի արեք տենց
Գոհար
Կարդում եմ մեկնաբանություններն ու փորձում վերլուծել: Որոշ մարդկանց գրածներից կարելի է դատել, որ խնդրի ղեկը սահուն կերպով ուղղվում է դեպի քաղաքապետարանն ու քաղաքապետն այն աստիճան, որ արդեն որոշ մարդիկ խորհուրդներով են հանդես գալիս, բյուջեում են փոփոխություններ կատարում, քաղաքապետին հորդորում ծախսեր կրճատել, ծառայողական մեքենա չգնել, վերահսկողություն են սահմանում, Տաշիր հիմնադրամի տեղն են ցույց տալիս, քաղաքապետի նախընտրական ծրագրերն են առաջ քաշում: Ի դեպ, նախընտրական խոստումը կատարված է, Ալավերդում Տաշիրի միջոցներով մանկապարտեզ է կառուցվում: Բայց ինչ կապ ունի այս ամենը Մանես հիմնադրամի կողմից սոցիալական օգնության ծրագրերը դադարեցնելու հետ: Ես ավելի շատ կուզեի, որ մեր համաքաղաքացիները քննարկեին ավելի կարևոր մի բան: Հետքի հոդվածում պարզ գրված է, թե որ ոլորտին ինչքան ֆինանսներ է տրամադրել հիմնադրամը: Ու մի օր առանց զգուշացնելու որոշել են դադարեցնել այդ ամենը: Մի՞թե պատասխանատվության առաջ չպետք է կանգնի այն մարդը, ում որոշումով քաղաքում նման իրավիճակ է ստեղծվել: Կաթվածահար վիճակում է նաև Ալավերդու հեռուստաընկերությունը: Այս դեպքու՞մ ով ինչ տնտեսի՝ հասցված բարոյական ու նյութական վնասները վերականգնելու համար:
Թումանյան
Ես դեմ չեմ հանքերի շահագործմանը,ես դեմ եմ անգրագետ ու կեղտոտ հանքարդյունաբերությանը:Բաց պոչամբարներին ու սատկած անասուններին: Նրանք ովքեր կպաշտպանեն դրանց, հոգով ստրուկներ են
լոռեցի
Մի բան կարողա լավ լինի, էն պլանի տակի գյուղերը (Ծաղկաշատը, Հաղպատը, Ակները) ու անտառները կարող ա փրկվեն քանդվելուց: Վոր Մժլումյանը ինքը փայ հավաքի, ուրեմը աստված կա լոռվա գլխին:
Անուշիկ
Էն որ մի քանի ամիս առաջ ասում էին ,,քաղաքին նոր շունչ ենք տալու,, էս էր?Իրականում արհեստական շնչառության տակ են դնում քաղաքը:
Ճիշտն ասող ալավերդցի
Ապշում եմ որոշ անձնական դիվիդենտներ փնտրող մարդկանց մերկանտիլ ու պրիմիտիվ դատողություններից. Այո Մեջլումյանը գործ արել է , հիամ մարդը չի կարողանում կես միլիարդ դրամի վարկեր ունի, իսկ պղնձի գինը տասնմեկ հազարից իջելա 4400-ի, բայ մեկա իրավունք չուներ բարեգործական ճաշարանը փակեր, իրա աշխատավարձից պիտի վճարեր, ինչպես նախկինում էր անում, իսկ տուժած Ալավերդցին թող պղտոր ջրում ձուկ չբռնի ու ինչ ինչ մութ մուր բաներ փնտրի
Տուժած Ալավերդցի
Վերջի 20 տարում Մեջլումյանի չափ Ալավերդու համար գործ անող չի էլել,էդ մասին ասվելելա շատ,բայց ճիշտ չի գնահատվել:Լավ չի որ սենց եղավ,բայց գործ անող մարդուն եթե առհամարում են,վերջը սենցա ըլնում:Ալավերդի սաղ ել գիտեին որ Մեջլումյանի պատասխանը եսա լինելու,հեչ էլ անակնկալ չէր,պատճառն էլ մենակ պղնձի գները չեն,սաղ իսկական պատճառն էլ գիտեն:
Գոհար
Այդ մասին նույնիսկ շատ է խոսվել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter