HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները ջրանցքը որպես աղբավայր են օգտագործում

Թերեզ Բաղդասարյանի սեփական տունը Երեւանի Ռոստովյան փողոցով անցնող ջրանցքից մի քանի մետր է բաժանում: Ասում է՝ ջրանցքի մաքրության, առնետներին վերացնելու համար այլևս որևէ հաստատություն չի դիմում՝ «բանի տեղ չեն դնում»: 

«Տարին մեկ են մաքրում: Վերջին անգամ անցած տարվա մարտին են մաքրել: Սելավը գալիս է իրա տիղմով, վերևից աղբեր բերում: Ժողովուրդն էլ իր հերթին է լցնում: Հիմա  ձմեռ է, կարող է մարդիկ աղբը կանալը գցեն, բայց որ գալիս մաքրում են, բացարձակ ոչ մի աղբ էդտեղ չեն լցնում: Էդ թափված աղբը մնում է, հոտը տարածքով ընկնում, արդեն կռիսանոց է դառնում: Կռիսների համար ի՞նչ են մտածում: Մեռանք ասելով, որ կռիսները տունն են լցվում: Առաջ բերում, դեղ էին լցնում, իսկ հիմա արդեն քանի տարի է տիրություն էլ չեն անում: Կռիսը անգամ տունն է մտել: Նորածին երեխա էլ ունենք, վախենում ենք: Կես ժամ էս տարածքում կանգնեք, կտեսնեք՝ ոնց են վխտում: Մեզ հեչ հաճելի չի էս հոտը: Անտանելի վիճակ է, անտանելի»,- նշում է Թերեզ Բաղդասարյանը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանով հոսում են Ջրվեժ և Ողջաբերդ գետերը, մի քանի ջրատարներ ու ջրանցքներ:

Ռոստովյան փողոցի այս ջրանցքի վրա ավտոմասերի, մթերային, շինարարական և այլ խանութ-սրահներ են կառուցված: Դրա այն հատվածները, որոնց վրա կառուցված շինությունը բացակայում է, քաղաքացիները որպես աղբարկղ են օգտագործում: Այնինչ մայթի տարբեր հատվածներում աղբարկղեր են տեղադրված։

Անահիտ Սարգսյանը բնակվում է ջրանցքից 3-4 մ հեռավորության վրա: Նույն խնդիրները նա է ունեցել, բայց նշում է, որ վերջին շրջանում թաղապետարանը առանց քաղաքացիների ահազանգի է ջրանցքը մաքրում:

«Մեծամասամբ այս աղբը մարդիկ են թափում: Պատկերացրեք՝ տանից դուրս եմ գալիս, տեսնում՝ աղբը թափելու փոխարեն մեր դռնից մի քանի մետր հեռու են դրել, որ դուրս գամ, իրենց աղբը թափեմ: Ստիպված տանում, աղբարկղն եմ գցում: Շատ բարկացած եմ: Ժամանակ առ ժամանակ ջրանցքը մարքում են, բայց էլի  նույն վիճակն է լինում: Առնետների խնդիրը ծանր է: Պատկերացրեք, որ գալիս ջրանցքը մաքրում են, առնետները, այնտեղ ուտելու ոչինչ չունենալով, գալիս մեր տունն են լցվում: Հյուր են գալիս (ծիծաղում է- հեղ.)»:

Երևանի քաղաքապտարանից հայտնեցին, որ Ռոստովյան փողոցով անցնող ջրանցքի  (Ողջաբերդ գետի) հունը վերջին անգամ մաքրվել է անցած տարվա մարտի 5-ից 17-ը ընկած ժամանակահատվածում՝  «Դավարս» ՍՊԸ-ի կողմից: Մաքրման նոր աշխատանքները նախատեսված են այս տարվա մարտ ամսին:

Ջրանցքին հարակից մասնավոր տնտեսությունների տարածքներում դեռատիզացիոն (կրծողների վնասազերծում) աշխատանքներն իրականացնում է «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ն:

«Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի տնօրեն Մելս Պողոսյանի փոխանցմամբ՝ համայնքում դեռատիզացիոն աշխատանքները իրականացվում են Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի հետ կնքված պայմանագրի համաձայն: Վերջին անգամ կրծողների վնասազերծում կատարվել է 2015-ի նոյեմբեր ամսին: Ըստ փետրվար ամսին կնքված պայմանագրի՝ նոր աշխատանքների մեկնարկը նախատեսված է հաջորդ ամիս:

«Ընդհանրապես, աշխատանքները նախատեսված են  հինգ ամսվա համար, բայց տարվա ընթացքում դրանք հատվածների են բաժանվում: Մի մասը կատարվում է, հաջորդ ամսին՝ մյուս մասը»,- նշում է տնօրենը:

Ինչպես նշում է Մ. Պողոսյանը, դեռատիզացիան տարվա ընթացքում առնվազն երկու անգամ է կատարվում: Իսկ բնակիչներից բողոքներ ստանալու դեպքում անմիջապես արձագանքում են:

«Այս պահին դեռ բողոք չենք ստացել: Եթե բողոքեն, կընդառաջենք: Անկախ բողոքներից, պայմանագրի ժամանակացույցի համաձայն, մենք մեր աշխատանքը կատարում ենք: Չենք սպասում՝ բողոք կլինի՞, թե՞ չի լինի»,- նշում է Պողոսյանը:

Դիանա Ղազարյան, Հերմինե Վիրաբյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter