HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդգես Գասպարին ազատ արձակվեց եւ կնոջ ուղեկցությամբ գնաց տուն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալով` քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին կնոջ ուղեկցությամբ գնաց տուն: 

Ժամեր առաջ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել պաշպանական կողմի բողոքը` բեկանելով Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ի որոշումը: Հիշեցնենք, որ Գասպարիին կալանավորել էին դատարանի եւ ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործով: 

Այնուհետև Շենգավիթի դատարանում շարունակվեց ու հետաձգվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և ոստիկաններին վիրավորելու մեղադրանքով դատական նիստը, որը ուղիղ հեռարձակում էր «Ազատություն» ռադիոկայանը: Գասպարին դիմելով դատավորին` ասաց. «Քանի որ Դուք օրինականության շրջանակներում չեք կարողանում հակակշռել իմ բողոքի արդար և օրինական դրսևորումները, դրա համար Դուք որոշեցիք ինձ կալանավորել, տեղափոխել այն միջավայրը, որտեղ օրենքները գոյություն չունեն, կալանավայր, «Նուբարաշեն», որտեղ շրջանառվում և օգտագործվում են ահռելի քանակությամբ թմրանյութ, պարտադիր է ղումարը, պարտադիր է օբշյակին մասնակցելը, պարտադիր է քրեական իրավահարաբերությունների մեջ մտնելը… այստեղ դատարան գոյություն չունի, Դուք հանդես եք գալիս որպես մեղադրող»:

- Խնդրում եմ կոռեկտության շրջանակներում, մեղադրանքի ծավալի շուրջ,- ընդմիջեց դատավորը:  

-Հակառակ դեպքում ինձ կուղարկեք կալանավայր, որտեղ ինձ կենթարկեն կտտանքների, ինչին արդեն ծանոթացել եմ,-նկատեց Գասպարին:

 Այդ պահին Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանը փորձեց ճշտել դատարանից, թե ինչ հիմքով պիտի կիրառվի նախազգուշացում, սակայն դատարանը թույլ չէր տալիս շարունակել:

-Դատարանն այս պայմաններում չի կարող շարունակել, դատարանը հարկադրված է հետաձգել դատական նիստը: Այն հետաձգվում է փետրվարի 29-ին, ժամը 15-ին,- ասաց դատավորը:

Դատարանի շենքից դուրս գալով` Գասպարին պատասխանեց լրագրողների հարցերին` ասելով. «Ոստիկանությանը հայտարարել եմ մարդասպաններ: Մարտի 1-ին 3 հոգի սպանվել են ոստիկանության զենքով`չերյոմուխայով: Ոստիկանությունն առայսօր չի հանձնել, թաքցնում է իր թևի տակ, այդ պիտակը վերաբերում է ոստիկանությանը ներքևից մինչև վերև: Մարդիկ սպանել են, պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ քանի որ ես ասել եմ մարդասպաններ, դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ»:

Գասպարին ուղիղ եթերում լրագրողներին պատմեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում փետրվարի 23-ի գիշերը 24-ի առավոտյան իր նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին. «Այդ ամենն արված էր մանրակրկիտ պլանավորված: ՔԿՀ-ի մարդիկ անում էին իրենց դերակատարությունը, կրիմինալի մարդիկ` իրենցը… կոնկրետ պալաժենյայից ստացան հրահանգ կոներով, հեռախոսներով, դա միանգամայն պլանավորված էր: Դեռ ապրում եմ այդ բռնությունները»:

Գասպարին ասաց, որ բռնությունները բացառիկ երևույթ չեն. ««Նուբարաշենի» կեսը, եթե ոչ 70-80 տոկոսը ահավոր, սարսափելի վախվորված վիճակում է ապրում` փուշի վրա: Եթե իմ ձայնը լսող կա, իրենց ձայնը լսող չկա: Կորած մարդիկ են այդ մարդիկ»,- ասաց Գասպարին:

Վարդգես Գասպարին ասաց, որ դա ոչ թե կալանավայր է, այլ սպանդանոց: Ըստ նրա՝ բանտի ադմինիստրացիան հավասարաչափ` կիսով շատ, կիսով պակաս, մասնակից է այդ խոշտանգումներին: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են մարդասպանությունների, համատարած թալանի և կեղծիքների համատարած կոծկումների մասին հայրենասերներ են քանի որ պայքարում են Հայաստանի բարօրության համար: Բնական է այդ հայրենասերների նկատմամբ շինծու քր. գործ հարուցող տականքները դավաճաններ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter