HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վալերի Պերմյակովին շաուրմա եւ Կոկա-կոլա է բերել ինչ-որ մի տաքսիստ

Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործի դատաքննությունը շարունակվեց սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինի հարցաքննությամբ: Վկան պատմեց, որ գիշերը, լավ չի հիշում` ժամը 2-ի թե 3-ի կողմ, զանգահարել է գնդապետ Ռուդինսկին ռուսական 102-րդ ռազմաբազայից եւ հայտնել, որ դասալիք ունեն ու պահանջվում է որոնողական խումբ՝ ծառայողական շան հետ: Մերզլիկինը հրահանգել է կապիտան Խաչատրյանին սահմանպահ ուղեկալից իր խմբով մեկնել ռազմաբազա: Վկան եւ որոնողական խումբը հանդիպել են Գյումրու Մայր Հայաստան հուշարձանի մոտ, այնուհետեւ ուղեւորվել ռազմաբազա, որտեղից սկսել են որոնողական աշխատանքները:

Երբ շունը կորցրել է Պերմյակովի հետքը, խումբը դադարեցրել է որոնումները: Վկան ասաց, որ դատելով բնակելի տների հատվածում հայտնաբերած հետքերի դասավորությունից՝ Պերմյակովը չի կողմնորոշվել, թե որ տուն մտնի կամ որ ուղությամբ գնա ու տեղում պտույտներ է արել: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաեւ հայ ոստիկաններ, որոնք ոչ միայն զինված են եղել, այլեւ զրահաբաճկոն են կրել: Հայ ոստիկանները շան օգնությամբ տարվող աշխատանքներին չեն մասնակցել, իրենք էլ չեն միջամտել կասկածելի բնակարաններում հայ ոստիկանների կողմից իրականացվող խուզարկությանը:

Վալերի Պերմյակվի արտաքին տվյալների նկարագիրը սահմանապահ ջոկատում ֆաքսով ստացվել է հունվարի 12-ի կեսօրին: Հրաման է տրվել ուժեղացնել հսկողությունը սահմանային բոլոր ուղեկալներում: Կեսգիշերին կապիտան Խաչատրյանը վկային զեկուցել է, որ սահմանամերձ հատվածում լապտերի լույս է տեսնում: «Ես առաջադրանք տվեցի, որ դիտարկի եւ զեկուցի, որից հետո կապիտան Խաչատրյանը զեկուցեց, որ տեսնում է մի անծանոթի, ով մոտենում է փշալարին: Ես հրահանգեցի քողարկվել ու հնարավորինս մոտ թողնել անծանոթին: Րոպեներ անց կապիտան Խաչատրյանը զեկուցեց, որ ձերբակալել են անծանոթին, ու ես օպերատիվ խմբի հետ մեկնեցի դեպքի վայր»,-պատմեց Սերգեյ Մերզլիկինը:

Վկան Պերմյակովին տեսել է կապկպված ձեռքերով ու ոտքերով՝ դեմքով գետնին պառկած: Վկան ձերբակալվածին բարձրացրել է գետնից եւ հարցրել՝ դու Պերմյակո՞վն ես: Ստանալով դրական պատասխան՝ Մերզլիկինը շարունակել է հարցեր տալ: Պերմյակովն ասել է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: Վկան հետաքրքրվել է, թե որտեղ է զենքը, ամբաստանյալն էլ ասել է, որ թաքցրել է, բայց կարող է տեղը ցույց տալ: Որտե՞ղ էիր թաքնվել եւ ի՞նչ ես կերել հարցերին Պերմյակովը պատասխանել է, որ թաքնված է եղել իրեն հայտնաբերած տեղանքից ոչ շատ հեռու, իսկ այդ ընթացքում կերել է 2 շաուրմա եւ խմել 3 շիշ կոլա, որն իր համար մի տաքսիստ է բերել:

Այդ ընթացքում ներկայացուցիչներ են եկել 102-րդ ռազմաբազայից եւ տեղական ոստիկանությունից: Պերմյակովը նաեւ բուժզզնում է անցել: Դասալիքի եւ սահմանային գոտում հայտնաբերված անձի նույնականացման գործընթացն ավարտելուց հետո Վալերի Պերմյակովը տեղափոխվել է ռազմաբազա:

Սերգեյ Մերզլիկինը, պատասխանելով տուժողների իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանների հարցերին, նշեց, որ հայ իրավապահները ներկա են եղել սահմանապահ ջոկատում Պերմյակովին գնդապետ Ռուդինսկուն հանձնելու արարողակարգին, անգամ ուղեկցել են նրանց ռազմաբազա:

Փաստաբան Լուսինե Սահակյանին հետաքրքրում էր, թե արդյո՞ք չեն պահաջել հայ իրավապահները իրենց հանձնել Պերմյակովին: «Կներեք, բայց ես ուրիշների խոսակցություններին ականջ չեմ դնում»,-պատասխանեց Մերզլիկինը:

Վկան մի քանի անգամ շեշտեց, որ ինքը բռնել է ոչ թե սահմանախախտի, որին, ըստ օրենքի, պիտի հանձներ ԱԱԾ-ին, այլ դասալիքի, եւ այս պարագայում ճիշտը նրան ռազմաբազայի ղեկավարությանը հանձնելն էր: «Մենք լսել էինք, որ քաղաքում սպանություն էր տեղի ունեցել, սակայն մենք չէինք ստացել հեռագիր, չունեինք պաշտոնական փաստաթուղթ, որ դասալքության համար հետախուզվող անձն է կատարել այդ սպանությունը: Պերմյակովը ձերբակալվել է որպես հետախուզվող անձ, դրա համար էլ մենք նրան հանձնեցինք ռազմաբազային»,-նշեց վկան:

Սերգեյ Մերզլիկինը նաեւ հաստատեց փաստը, որ հայ իրավապահները ներկա են եղել իրենց կողմից իրականացրած գրեթե բոլոր գործողություններին: Պերմյակովի փախուստի մասին տեղի ոստիկանությանը տեղյակ է պահել ռազմաբազայի ղեկավարությունը, իսկ սահմանապահ ջոկատի առաքելությունն այս գործում եղել է որոնողական աշխատանքների իրականացումն ու սահմանային գոտում ուժեղացված հսկողության իրականացումը, որի արդյունքում էլ ձերբակալվել է ամբաստանյալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter