HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակվապոնիկ ջերմոցային համակարգը Հայաստանում. բույսերն ապահովում են մաքուր ջուր ձկների, իսկ ձկները` սննդանյութ բույսերի համար

Մանե Գևորգյան

Հայաստանում արդեն հնարավոր է փորձարկել ակվապոնիկ ջերմոցային համակարգը։ Համակարգի փորձարկումն իրականացնում է «Գրին Էյջ» հասարակական կազմակերպությունը։ «Հետքի» հարցերին պատասխանում «Գրին Էյջի» տնօրեն Գրիգոր Ջանոյանը։

- Հայաստանում քիչ են բնապահպանական կառավարման մասնագետները։  Ինչո՞ւ եք ընտրել այս մասնագիտությունն ու որտե՞ղ եք կրթություն ստացել։

- Պապիկս Հայաստանում  հայտնի թռչնաբան էր, «Հայաստանի թռչուններ» գրքի հեղինակը։ Տասը տարեկանից իր հետ շատ եմ մասնակցել դաշտային աշխատանքների ու այդ հենց տարիքից էլ հետաքրքրություն է առաջացել բնության նկատմամբ։ Երևանում ավարտելով կենսաբանության ֆակուլտետը՝ կրթությունս շարունակել եմ Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի համալսարանում։ Հայաստան վերադառնալուց հետո աշխատել եմ երկու տարբեր ընկերություններում, բայց պետք է խոստովանեմ, որ գրեթե մեկ տարի չէի կարողանում աշխատանք գտնել. նույնիսկ բնապահպանության ոլորտում գործատուների մեծ մասը չգիտեին՝ ինչ է բնապահպանական կառավարումը։ Հետո դարձա դրամաշնորհային ծրագրեր գրող ու նկատելով, որ այդքան էլ վատ չի ստացվում, որոշեցի հիմնել հասարակական կազմակերպություն ու գրել արդեն իմ գաղափարների իրականացման համար։ Թիմը, ինչպես բնորոշ է Հայաստանին, ձևավորվեց ընկերների շնորհիվ ու միջոցով։ Մենք սկսեցինք աշխատել տարբեր գաղափարների շուրջ, բայց ոչ թե մեր մտքերն էինք հարմարեցնում դրամաշնորհային ծրագրերի բովանդակությանն ու պահանջներին, այլ փորձում էինք գտնել մեր մտքերին համապատասխան ծրագրեր։ Նորվեգիայի դեսպանատան առաջարկած դրամաշնորհային ծրագրի շրջանակում սկսեցինք ակվապոնիկ ջերմոցային համակարգը հայաստանյան պայմաններում փորձարկելու առաջին փուլը։

- Իսկ ի՞նչ է ակվապոնիկան։

- Ակվոպոնիկան նորարար գյուղատնտեսության ձևերից մեկն է և ենթադրում է ձկնաբուծության և առանց քիմիական հավելումների հիդրոպոնիկ բուսարտադրության համատեղում։ Ի՞նչ ենք անում մենք. նույն ջրի մեջ պահում ենք և՛ ձկներ, և՛ բույսեր: Անպայման չէ՝ նույն տարայում լինեն, բայց ջուրը նույնն է: Դա փակ համակարգ է. մենք կերակրում ենք ձկներին, ձկները կեղտոտում են ջուրը, որն անցնում է գյուղատնտեսական բույսերի տակ, բույսերը, սննդանյութերը վերցնելով, նորից մաքրում, ֆիլտրում են ջուրը, որը նորից հետ է գնում ձկների մոտ: Արդյունքում՝ ձկները միշտ ունեն մաքուր, իսկ բույսերը՝ սննդանյութով հարուստ ջուր։

- Եթե կենսաբանությունից մի քիչ ավելի շատ գլուխ հանեի, գուցե այս հարցը չծագեր։ Այս համակարգի դեպքում, երբ ձկներից ջուրն անցնում է բույսերին, այն չի՞ հանգեցնում գյուղատնտեսական բույսերի համային փոփոխության։

- Զարմանալի է, բայց այս հարցը տալիս են նաև կենդանաբանության կամ բուսաբանության մասնագետները։ Այն շատ պարզ պատասխան ունի։ Բույսը սննդանյութերի ընտրությունը կատարում է բջջային մակարդակով. բույսը չի վերցնում այն ամենը, ինչ տալիս են, այլ այն, ինչ հարկավոր է։ Բացառվում է, որ բույսից ձկան համ գա միայն այն պատճառով, որ այն ձկան պարատանյութով է սնվում։ Ձկան համ գալիս է, օրինակ այն լոլիկներից, որոնց մեջ դրված է ցրտադիմացկուն ձկան գեն, իսկ մենք նման բան չենք անում։

- Որտե՞ղ եք սկսել համակարգի փորձարկումը և ի՞նչ եք արձանագրել։

- Մեր միկրոջերմոցը Արմավիրի մարզի Ապագա գյուղում է։ Այն չենք տաքացնում փայտ վառելով կամ հովացնում հոսանքով, օդակարգավորման համակարգով։ Այս ամենը փորձում ենք ապահովել բնական գործընթացների շնորհիվ՝ և՛ բնապահպանական, և՛ ֆինանսական տեսանկյունից դրական արդյունք ստանալու համար։ Իհարկե, առաջին տարին մեզ համար շատ փորձնական էր և համոզված ենք, որ 2016-ին արդեն ավելի շատ հաջողություններ կարձանագրենք։ Նախնական փուլում որոշ բացթողումներ ունեցանք սեզոնային ու եղանակային պայմանների առանձնահատկությունները ճիշտ գնահատելու հարցում. ամռանը որոշ բույսեր չորացան, որովհետև շոգ էր, իսկ ձմռանը կանխատեսածից ցուրտ էր՝ փորձեցինք լուծել արևային տաքացուցիչների խնդիրը, բայց աշնանը լավ բերք ստացանք։ Այդ փորձը մեզ բավարար էր՝ հասկանալու համար՝ երբ ինչ պետք է ցանենք։ Դա պետք է հաշվի առնել նաև ավելի շատ եկամուտ ստանալու համար։ Պետք է ցանես այն, ինչ այդ սեզոնին մյուսները չեն ցանում, բայց պահանջարկը կա, ինչն էլ արդեն ավելի բարձր գին է թելադրում. այսպիսին են բիզնեսի կանոնները։

Այս համակարգի առավելությունն այն է, որ հնարավորություն կտա գյուղացուն ստանալ գյուղատնտեսական օրգանական բույսեր, որոնք ավելի թանկ են վաճառվում՝ հատկապես Եվրոպայում։ Մենք հիմա համագործակցում ենք որոշ ռեստորանների, սրճարանների հետ ու փորձում գյուղացու համար ստեղծել շուկա։ Երբ գյուղացին գնահատի այս համակարգի առավելություններն ու արդեն ունենա որոշակի արտադրանք, կունենա պատրաստի շուկա՝ այն իրացնելու համար։ Առավելությունը նաև պահանջների մատչելիությունն է։ Մենք հիմա պահում ենք ծածան տեսակի ձուկ, որը ջերմաստիճանի տեսանկյունից  շատ դիմացկուն է։ Կերակրելու համար հարկավոր է գարի և թեփ, ինչն էլ շատ գումար չի պահանջում։ Այս տեխնոլոգիայի շնորհիվ խնայում ենք նաև ջուր։ 140 քմ-ի համար խնայելով 350 տոննա ջուր՝ օգտագործել ենք ընդամենը 34 տոննա։ Պատճառն այն, որ այդ  34 տոննա ջուրը կարող ենք պահել երեքից հինգ տարի, քանի որ այն լինելով կենսաբանական գործընթացների մեջ՝ չի հնանում։ Մեկ տարվա դեպքում կունենանք ջրի օգտագործման 90%, իսկ հինգ տարվա դեպքում՝ 98.5% էֆեկտիվություն։

Այս համակարգում հնարավոր չէ օգտագործել որևէ տեսակի սինթետիկ հավելում, որովհետև նույն համակարգում ապրում են և՛ ձկներ, և՛ բույսեր. սինթետիկ հավելումների դեպքում ձկները պարզապես կսատկեն: Այսինքն՝ համակարգն իր գործունեությամբ արդեն ապահովում է, որ սննդամթերքը լինի բնական, մաքուր: Պետք է նշել նաև, որ բույսեր կան, որոնց հասունացումը հասարակ հողում տևում է 40-45 օր, իսկ մենք այդ ամենը ստանում ենք 25-30 օրում, քանի որ այս տեխնոլոգիայի շնորհիվ ջրի մեջ արմատներն ավելի էֆեկտիվ են վերցնում սնդանյութերն ու արագ են աճում: Այսինքն՝ երկու կամ երեք սեզոնի փոխարեն ստանում ենք հինգ սեզոնին համարժեք բերք։

- Ո՞ր փուլում եք հիմա գտնվում ու դեռ ի՞նչ փուլեր են սպասվում։   

- Հիմա առաջին ամենակարևոր փուլը կարծես թե ավարտեցինք։ Տեխնոլոգիան հաջողությամբ հարմարեցրինք Հայաստանի ցուրտ ձմեռներին ու տաք ամառներին։

Երկրորդ փուլում կսովորեցնենք գյուղացիներին՝ ինչպես ճիշտ օգտվեն համակարգից կամ, լավագույն դեպքում, կմեծացնենք ջերմոցը։ Երրորդ փուլում արդեն կտարածվենք ու կշատանանք, ինչը, իհարկե, կախված է մեծ գումարներից։ Այդ տեսանկյունից փորձում ենք մեր երկրին օգուտ տալ։ Դիմում ենք ոչ թե հայաստանյան, այլ արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերին։ Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական վիճակը՝ չենք ակնկալում նաև պետական աջակցություն այդ առումով։ Դրա փոխարեն՝ փորձում ենք դրսից փող բերել ներս, որովհետև ներսի գումարը տեղում պտտվելով՝ պետությանը օգուտ չի բերում, իսկ դրսից գումար ստանալն ու Հայաստանում ծրագիր իրականացնելը օգուտ է և՛ մեզ, և՛ պետությանը։

Լուսանկարները ՝ Արսեն Քիշմիրյանի

գլխավոր լուսանկարը՝ Գրիգոր Ջանոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (4)

Տիգրան Պարսեղյան
Շնորհակալություն, Հարութ Ներկարարյան ջան։
Հարութ Ներկարարյան
Հիանալի նախաձեռնություն է: Ապրեն մեր երիտասարդները: Վաղուց ժամանակն էր այսպիսի բաներ անելու: Շատ ապրեք, տղերք ջան:
Տիգրան Պարսեղյան
Հարգելի Անահիտ, Green Age ՀԿ-ի համահիմնադիրներից եմ, արձագանքելով Ձեր կողմից նշված բացատրության պահանջին, տվյալ նախագիծը ֆինանսավորվել է Նորվեգիայի դեսպանատան կողմից առաջարկված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ինչի մասին հոդվածում նշված է, իսկ այդ տեսակետը այնքանով է հիմնավորված, որ մի բան է ստանալ դրամաշնորհ պետության կողմից և այն դնել շրջանառության մեջ, օգուտ տալով միայն 2 ասպեկտով՝ խնայողություն և նոր համակարգի ներմուծում, այլ բան է ապահովել այդ 2 ասպեկտները գումարած նախնական, մեկնարկային գումարը տալիս է արտասահմանյան կառույց, այսինքն այստեղէլ ենք խնայում, դեռ չեմ ասում տրամադրվող գումարների տարբերությունը և պահանջ-պարտականությունների շեմի տարբերությունը: Կարծում եմ տեսակետը լիովին հիմնավորված է և պարզ ընկալվող:
Անահիտ Շիրինյան
Իմ կարծիքով սխալ ու անհիմն տեսակետ է ՝ ներսի գումարը տեղում պտտվելով՝ պետությանը օգուտ չի բերում: Բացատրության կարիք կա այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter