HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 ամսվա կալանք՝ 35 800 դրամի վնասի համար

Մարտունի քաղաքի 20-ամյա բնակիչ Տարոն Առաքելյանը անցյալ տարվա նոյեմբերից պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նա մեղադրվել է համաքաղաքացու՝ Արտաշես Խաչատրյանի տան հարակից հացատան ապակին կոտրելու համար ու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Յուրիկ Իսկոյան) դատապարտվել 6 ամսվա կալանքի: Սակայն դատախազն ու տուժողի ներկայացուցիչը գտնում են, որ մեղմ պատիժ է նշանակել դատարանը ու դիմել են Վերաքննիչ դատարան:

Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց 6 ամսվա կալանքի դատավճիռը՝ մերժելով տուժած Արտաշես Խաչատրյանի ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանի և գործով դատախազի բողոքները խիստ պատիժ նշանակելու մասին: Վերաքննիչ դատարանում տուժողի ներկայացուցիչը նշեց, որ Տարոն Առաքելյանը չի զղջացել կատարածի համար, չի փորձել փոխհատուցել տուժողին, իսկ հիմա լեգենդներ է հորինում, թե անմեղ է:

Տուժող Արտաշես Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանը

Վերաքննիչ դատարանը մերժեց նաև Տարոն Առաքելյանի պաշտպան Կարեն Քալանթարյանի բողոքը, որով նա խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին՝ ճանաչելով անմեղ:

Քրեական գործը հարուցվել է 2015 թվականի հունիսի 6-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում: 
Ըստ գործի, Մարտունի քաղաքի բնակիչ Արտաշես Խաչատրյանը, 2008-2009 թվականներին, Տարոն Առաքելյանի ծնողներին` ամուսիններ` Սոնա և Արտակ Առաքելյաններին պարտքով գումար է տվել, սակայն վերջիններս տևական ժամանակով գումարը չեն վերադարձրել: Արտաշես Խաչատրյանը 2015 թվականի մայիսի 22-ին դիմում է ներկայացրել ոստիկանության: Ըստ գործի, դրանից մի քանի օր անց Տարոն Առաքելյանը մայիսի 26-ին ժամը 23:30-ի սահմաններում գնացել է Արտաշես Խաչատրյանի առանձնատան բակ, որտեղ սեղանի ծածկոցը դրել է կից հացատան փայտե դռան տակ ու կրակ վառել: Սակայն երբ նկատել է, որ դուռը այրվում է, հանգցրել է կրակը: Ապա քարով հարվածել և կոտրել է հացատան պատուհանի ապակին` պատճառելով 35 800 դրամի գույքային վնաս: 

Տարոն Առաքելյանը նախաքննության ժամանակ տվել է ինքնախոստովանական ցուցմունք, իսկ առաջին ատյանի դատարանում, նաև Վերաքննիչում հայտարարեց, որ մեղավոր չէ, նշեց, որ ինքնախոստովանական ցուցմուքը տվել է ոստիկանության աշխատակիցների ճնշման տակ:

«Հետքին» ահազանգած Տարոն Առաքելյանի մայրը՝ Սոնա Առաքելյանը պատմեց որդու հանդեպ տեղի ունեցած բռնությունների մասին, որի առթիվ քրեական գործ է հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում. «Իրականում ոստիկանության աշխատակիցները տղայիս ծեծի էին ենթարկել: Իսկ հետո Արայիկ անունով ոստիկանն ասել էր, եթե ասես, որ քեզ ծեծել են, ավելի վատ կլինի: Վախից երեխան ոչինչ չի ասել: Բոլորը մեզ ասում էին, թե դատական բժշկի մի տարեք, ամեն ինչ լավ կլինի: Բայց երբ դատախազը 2 տարի պատիժ պահանջեց, ես սկսեցի իմ սեփական հետաքննությունը»:

Տարոն Առաքելյանի ծնողները

Տիկին Սոնան պատմեց, որ ձայնագրել է հետաքննիչ Հուսիկ Բաղդասարյանին, որը խոստովանել է, որ բռնություն ու ծեծ է եղել Տարոնի նկատմամբ: Սոնա Առաքելյանի խոսքով, հետաքննիչը, սակայն, հորդորել է իրեն, համոզել, որ չբողոքեն:

«Բայց ես չլսեցի հետաքննիչ Հուսիկ Բաղդասարյանին: Ձայնագրությունները ներկայացրեցի ոստիկանության ներքին անվտանգության բաժին և գործն ուղարկվեց ՀՔԾ: Հիմա հարուցված է քրեական գործ, նախաքննություն է ընթանում… հետաքննիչ Հուսիկ Բաղդասարյանն ասում էր՝ զակազ տված գործ ա, անում ենք: Տղայիս ծեծել է Սահակյան Սամվելը, որին ասում են Լենդրուշի Սամո և Արայիկ անունով ոստիկան, որի ազգանունը չգիտեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սոնա Առաքելյանը:

Տարոնի հայրը՝ Արտակ Առաքելյանն էլ պատմեց, որ որդուն պատահածի մասին իմանալով՝ արտագնա աշխատանքից վերադարձել է. «Ես 2-րդ օրը եկել եմ, տեսել եմ կապտուկներ դոշին, մեջքին, թևին, իմացել եմ, որ 2 օր էրեխեն հաց չի կերել: Ծեծել են, վիզ ա վերցրել, թելադրել են, որ պիտի գրես ու բաց են թողել»,- պատմեց Տարոն Առաքելյանի հայրը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանը, սակայն, դատավճռում նշել է. «Տարոն Առաքելյանի ճառում և վերջին խոսքում արտահայտված հայտարարությունն այն մասին, որ նախաքննության փուլում, մինչ ցուցմունք տալը, ոստիկանության աշխատակիցներն իրեն ուղորդել են խոստովանական ցուցմունք տալու, դատարանը գտնում է, որ ամբաստանյալի կողմից ներկայացված պատճառաբանությունը չի բխում գործի տվյալներից»: 

Փաստաբան Կարեն Քալանթարյանը

Պաշտպան Կարեն Քալանթարյանը նշեց, որ այս գործում բազմաթիվ խախտումներ կան, իսկ դատավճիռը համեմատեց նախորդ դարի 80-ականների դատավճիռների հետ: Նա ասաց, որ այդ խախտումների մասին նշել է իր բողոքում: Ըստ նրա, առավել, քան կասկածելի է այն, որ Տարոն Առաքելյանի ցուցմունքները տողերով, արտահայտություններով կրկնում են մեկը մյուսին: Սակայն այս հանգամանքը տուժող կողմի մոտ որևէ կասկած չի հարուցում: «Ընդհակառակը, եթե տարբեր բովանդակությամբ լինեին ցուցմունքները, այդ ժամանակ կարելի էր կասկածել»,-ասաց տուժող Արտաշես Խաչատրյանի ներկայացուցիչ Սամվել Դիլբանդյանը: 

Տարոն Առաքելյանը մանկուց հաշմանդամ է, տառապում է փսորիազով, զինվորական ծառայության չի գնացել. տարեկետման մեջ է հիվանդության պատճառով: Այդ մասին համապատասխան բժշկական փաստաթղթեր կան քրեական գործի նյութերում:  

Մեկնաբանություններ (11)

Հռիփսիմե Պատրիոտովնա
Ժողովուրդ այս ամեն ինչի մեղավորը փչացած Եվրոպան է: Բայց մի՛ անհանգստացեք, որովհետև մեր սիրելի Սերժ Ազատի Սարգսյանը մեզ կպաշտպանի կեղտոտ բարքերից և կտա ուրախ ապագա:
William
Հարգելի հայրենակիցներ ...ես դեռ մանկուց ճանաչում եմ Տարոնին ու շատ լավ գիտեմ, թե Տարոնը արդյո¨ք ունակ է նման արարք կատարելուն և միանշանակ կփաստեմ, որ ո'չ: Շատ լավ ճանաչում եմ նաև ''Տուժող'' կողմին ու կասեմ, որ այս ողջ պատմությունը նա հորինել է զուտ անձնական ''հաշիվները մաքրելու'' համար ... Հուսով եմ որ արդարությունը ամեն դեպքում կհաղթանակի...անմեղը ազատ կարձակվի,իսկ իրական մեղավորը ինքը կընկնի սեփական փորած փոսը...
Es
Ամոթ քեզ արտաշ քեզ բա դու մարդ ես Աստվաց թող անի քո դատը 20 տարեկան տղու ես բրնել տալիս արժանի էլ չես որ անունթ մեծատառով գրեմ Տարոնա դաժե ճանճ չի սատկացրե իր կյանքու մեծատառով տղայա բան չկա Տար ջան չմտածես սաղ լավա ու լավա լինելու ես մարդն եմ ով քե մասին գիտի ավելին քան մտածում ես Աստված քո հետ դու լավ մարտ ես չկոտրվես հաշվի վատ երազա -----
Սոնա
Հարգելի հայրենակիցներ.ես Տարոնի մայրն եմ:Դուք պատկերացնում եք մեր արդարադատության դիրքորոշումը :Երբ Կամուրջ վարկային կազմակերպության աշխատողը' վաշխառու Արտաշ Խաչատրյանը պետության մեջ պետություն է սարքել և անպատիժ է մնում: Իրականում նա զրպարտել է ինձ և ցանկացել է ինձանից կորզել 30.000ԱՄՆ դոլլար, բայց երբ մերժվեց ,պլանավորեց և որդուս գցեց թակարդը : Իրականում Տարոնը ընդհանրապես կապ չունի այս հանցանքի հետ: Բանն այն է ,որ Մարտունու միլիցիայի աշխատողները դաժանաբար ծեծի են ենթարկել և ստիպել ,որ նա ընդունի մեղքը: Ժողովուրդ ջան խնդրում եմ Ձեզ օգնե՜ք Տարոնին ,այսօր իմ որդուն են արել, Աստված ոչ անի վաղը Ձեր որդուն : Եկեք պայքարենք հանուն արդարության: Մենք մայրերս որդի ենք ծնում ,որպեսզի Հայրենիքի անդորրը պաշտպանեն ,այլ ոչ թէ բերդերում պատիժ կրեն ուրիշի կատարած հանցանքի համար : Հավանաբար ես իմ ընտանիքով հանդերձ հրապարակային կհրաժարվեմ ՀՀ քաղաքացիությունից ,քանի որ մենք մեր երկրում պաշտպանված չենք :
Gabrielyan M.
Հերթական այլանդակությունը, դատարաններ ու դատավորներ ունենք աշխարհը չունի։ Խեղճ Նարեկ, պիտի հիմա իսկական հանցագործների հետ նստի՞։ Ժողովուդր ի՞նչ անենք, էս տղային պիտի փրկել։
Նարեկ
Vochxarhner Ժողովուրդ ջան Տարոնի ընկերն եմ...Ինքը նույնիսկ էդ ապակին չի ջարդե....մազը գերան են սարքում...պատկերացրեք եթե նույնիսկ ապակին կոտրած լիներ,հիմա իիինչեր էին չափազանցնելու....լրիվ անմեղ տղայա....կաշառակերները հազիվ են եդքանը բարդել տղու վրա.....Իրան չկամեցողներ՛...հանգիստ եղեք՛....Փառք Աստծո,իրա հետ ամեն ինչ նորմալա,շնորհիվ մեզ.....Բան չկա,Դուք ու կաշառակերներդ Վերեվում պատասխան կտաք...
Հայկ Քովմասյան
Աստված իմ,ի՞նչ է կատարբում Հայաստանում: Պարզ երևումա ,որ բոլորը ծախած շներ են ,ի՞նչ արդարություն ,ի՞նչ օրենք, հիմա փողի դարա , փող ունեցար օրենքը քո կողմիցա: Պատկերացրեք հիմա Երիտասարդի հոգեվիճակը ,չէ որ նրա կյանքը օր-օրի խորտակվում է: Արդար չի ,որ մարդը իր չկատարած հանցանքի համար պատիժ է կրում: Եկեք պահանջենք շուտափույթ ազագություն, նա է մեր երկրի ապագան , իսկ նման խելացի մարդկանց փչացնում է հենց մեր փող ուտող պետությունը : Ամոթ է : Հիմա չկա էլ ոչ մի արդար դատավոր:
Աննա
Հազար ամոթ , ոնց կարելիյա անմեղ,հիվանդ երիտասարդին այդ օրին գցել ,․ Սա երկիր չի ,սա պետություն չի , չկա վոչմի արդարոիթյուն , թող փորփրեն տեսնեն ովա եղել էտ Արտաշ կոչեցյալը ․ գետինը մտնի էտ մարդը իր ապօրինի զավակի հետ ․․ ուշքի եկեք ժողովուրդ ջան , լայն բացեք Ձեր աչքերը ու թացը չորից տարբերեք ,,,
Հովսեփ
Այ եթե էտ տղեն ընտրակեղծարար լիներ, համաներմամբ ազատ կարձակվեր... Ւսկ 35 000 դրամի վնաս պատճառելտ դա մեծ հանցանք է, հետևաբար պետք է խիստ պատիժ նշանակել, որպեսզի համագյուղացի տղաների համար էլ դաս լինի ու հարևանների պատուհանները չկսեն աջ ու ձախ ջարդել ամեն մի վիճաբանությունից հետո: Սա կոչվում է հայկական արդարադատության ողբալի իրականություն:
Կարինե Մարգարյան
Ամոթ, հազար ամոթ մեր դատարաններին, մեր արդարադատությանը, անխիղճներ
yervant
Դուք խիղճ ունիք? մի քանի տասնեակ տոլարի համար ինչ սրտով վեց ամիս կը բանտարկէք երիտասարդը ապա կ`ուզէք որ այս փճացած մարդկանց համար կեանքը նուիրէ հայրենիքին;գոնէ մի կաթիլ ուղեղ ունենայիք;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter