HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայբիզնեսբանկի» 9 մլն եվրոյի լվացման գործն առանձնացվեց. Արա Կիրակոսյանի մասով նիստերը կշարունակվեն

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի մասով քրեական գործի դատական վարույթն այսօր առանձնացվեց: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանը կրկին դատարան չէր բերվել: Եվ նախորդ դատական նիստերը չէին կայանում, որովհետև Նուբարաշեն ՔԿՀ-ից մշտապես գրություն էր ուղարկվում, թե ամբաստանյալ Մելիք Եսայանի առողջական վիճակը լավ չէ:

Մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը միջնորդեց ևս մեկ անգամ դատաբժշկական փորձաքննություն նշանակել Մելիք Եսայանի նկատմամբ, քանզի արդեն իրականացված փորձաքննությամբ հանձնաժողովը չնայած նրա առողջության վերաբերյալ մի շարք ախտորոշումներ է թվարկել, սական չի քննարկել, թե արդյոք Եսայանը ի վիճակի է նման դատարան ներկայանալ և մասնակցել դատական նիստերին, թե ոչ:

Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մի քանի ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո բավարարեց մեղադրողի միջնորդությունը: Այսուհետ Արա Կիրակոսյանի մասով նիստերը կանցկացվեն առանձին: Նախ կուսումնասիրվեն փաստաթղթերը, այնուհետև կլսեն վկաներին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 11-ին: Զուգահեռաբար կընթանա Մելիք Եսայանի դատաբժշկական փորձաքննությունը:

Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, բանկի 07.10.2011թ. հաստատված Կանոնադրության 9.3 կետով սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Զեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։ 

Արա Կիրակոսյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի խոսքով, գործի նյութերով հիմնավորվել է, որ 2 մլն եվրոն վերադարձվել է Իրան: 8,980.000 եվրոյի լվացման մասն է քննարկվելու դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter