HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղևորներ՝ գնացքից հետո. ինչպես կանդրադառնան Վրաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունները ջավախքահայության վրա

2015թ. դեկտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Դրանցով Ջավախքի երկու հայաբնակ շրջանները՝ Ախալքալաքն ու Նինոծմինդան միավորվում են մեկ ընտրատարածքում: Այսինքն՝ ունենալու են մեկ պատգամավոր: Խորհրդարանն առաջնորդվել է Վենեցիայի հանձնաժողովի առաջարկությամբ և ընտրատարածքները բաժանել ըստ ընտրողների թվի՝ 47 000 ընտրող մեկ ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի համար: Այդպիսով, Ջավախքի 17 գյուղ ընտրությունների ժամանակ միանալու է Բորժոմի շրջանին և ընտրելու է իր պատգամավորին Բորժոմի շրջանից առաջադրված թեկնածուներից:

Թեմայի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը

Պրն Մինասյան, Ջավախքից մտահոգություններ են հնչում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առնչությամբ, մասնավորապես, որ դրանք ոտնահարում են Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների շահերն ու իրավունքները: Ձեր կարծիքով, իրապես նման բան կա՞, և ի՞նչ հետևանքներ կունենան Ընտրական օրենսգրքի փոփոխությունները Ջավախքի վրա:  

Թեմայի մասին 


Միայն օրենքի փոփոխություններն ընդունվելուց հետո Ջավախքում սկսվեցին քննարկումները՝ հայտարարելով, որ այն ոտնահարում է Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները: Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանն էլ դժգոհություն է հայտնել, թե խորհրդարանը չի պահպանել հավասարությունը: «Քանի որ Վրաստանը բազմազգ երկիր է, և կան ազգային փոքրամասնություններ կոմպակտ բնակեցված, ինչպես Ջավախքում, այնպես էլ Մառնեուլիում, Գարդաբանիում, այս պարագայից ելնելով` խորհրդարանը պետք է պահպանի հավասարությունը, Վենեցիայի հանձնաժողովը ինքն է առաջարկել, որ այնտեղ, որտեղ կոմպակտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները, այդ ընտրատարածքները թողնեն նախկին սահմաններում: Սակայն դուք պատկերացրեք, որ այդ առաջարկությունները նրանք մի կողմ են դրել և ընդունել են ընդամենը քվոտան», – jnews.ge –ին ասել է Սամվել Պետրոսյանը:

Նինոծմինդայի շրջանից ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանն էլ հակառակն է ասում, ավելին՝ վերջինիս վստահեցրել են, որ Ջավախքից ընտրված պատգամավորների թվին այս օրինագիծը չի ազդի, քանզի կառավարությունը խոստացել է, որ մեկը կընտրվի մեծամասնականով, մյուսը՝ համամասնական ցուցակներում կանցնի:

«Ես չեմ կարող հավանություն չտալ, գիտեք, թե ինչու, քանի որ դա եվրոպական չափանիշներով է, այլընտրանք չկա, եթե այսօր խորհրդարանը երեք ընթերցմամբ ընդունել է, Սահմանադրական դատարանը հաստատել է, դրանից ավելին ոչինչ չկա», – ասել է պատգամավորը:

Այդուհանդերձ, Ախալքալաքի շրջանից մտահոգությունները չեն դադարում: Ավելին, շրջանի բնակիչները ՏԻՄ-ի հովանավորությամբ նամակ են ուղարկել Վրաստանի նախագահին և խորհրդարանին՝ օրենքը չեղյալ հայտարարելու պահանջով:

Այս քննարկումները և պահանջները, սակայն, սկսվել են այս տարվանից: Մինչդեռ օրենքը մի քանի ընթերցմամբ անցել է Վրաստանի խորհրդարանով և ընդունվել դեկտեմբերի վերջին, որտեղ հայազգի վերոնշյալ երկու պատգամավորներն են ներկայացված: Հետաքրքիր է, այդ ժամանակ նրանք ինչով էին զբաղված, որ ոչ բարձրաձայնվում էր հարցը, ոչ էլ բնակչությանն էին իրազեկում ստեղծված իրավիճակի մասին:

Վրաստանի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայությունը, ցավալիորեն, սահմանափակվում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություններով: Ջավախք դասագրքեր հասցնելու, մաքսակետում հայատառ գիրք-տետր-գրականություն տեղափոխելու և նմանատիպ ցավալի հարցերը նրանց «տեսադաշտից» դուրս են, և այդ ամենի մասին բարձրաձայնելը նրանց անձնական շահերից չեն բխում: 

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության առումով կան որոշ հանձնարարականներ, որոնք իմպերատիվ բնույթ չեն կրում: Մյուս կողմից, նշվում է, որ ընտրական կամ ադմինիստրատիվ տարածքների սահմանները պետք է այնպես չանեն, որ խախտեն ազգային փոքրամասնությունների շահերը: Այստեղ նաև մեկնաբանության խնդիր է: Բնականաբար, Վրաստանի իշխանությունները պետք է ասեն, որ դա պատահական և ընդհանուր Վրաստանի սահմաններում տեղի ունեցող գործընթաց է՝ քչացվում է ընտրական տեղամասերի քանակը, քանի որ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում ընտրողների քանակը 47 հազարից ավելի է, կրճատվում է: Իսկ ազգային փոքրամասնությունների կողմից նշվում է, որ դա նաև ադմինիստրատիվ առումով արդարացված չէ. մի կողմից կարելի էր ոչ թե միացնել Նինոծմինդան և Ախալքալաքը, այլ ինչ-որ տարածքներ, ասենք՝ Ասպինձայի շրջանից, միացնել Նինոծմինդային կամ Ախալքալաքին, որպեսզի երկու ընտրատեղամասի ձայներն ապահովվեին: Դա տրամաբանական կլիներ այն տեսանկյունից նաև, որ հայերի թիվը Վրաստանում մեծ է, օրենքով առնվազն 5 կամ 6 հայ պատգամավոր պետք է ներկայացված լիներ Վրաստանի խորհրդարանում, որովհետև Վրաստանում հայերը 5 % են կազմում:

Այս փոփոխությունները գործելու են միայն նոր խորհրդարանի ընտրությունների ժամանակ, իսկ մյուսի ժամանակ մեծամասնական տեղամասեր ընդհանրապես գոյություն չեն ունենալու: Եթե հիմա ինչ-որ տարբերակներ գտնվեն, կլինեն ժամանակավոր, որովհետև հետագայում ընդհանրապես պատգամավորները պետք է ընտրվեն կուսակցական ձայներով միայն (համամասնական): Այստեղ հասունանում է այն հարցը, թե արդյոք հնարավոր է տարածաշրջանային կամ ազգային պատկանելությամբ քաղաքական ուժի ստեղծում:

Դուք միտում տեսնո՞ւմ եք այս փոփոխություններում:

Ես բազմիցս ասել եմ, այդ թվում նաև՝ իմ վրացի գործընկերներին, որ խտրականության դեպքեր կան, և դա ոչ միայն ընտրական տեղամասերի վերաբերյալ այս փոփոխությունների հետ է կապված, այլ ընդհանրապես այն փորձը, որ կա խտրականություն լեզվական առումով, պետական պաշտոնյաների և այլն: Ֆորմալ դրվում է այն տեսակետը, որ ջավախքահայության մեծ մասը վրացերեն չգիտի, դրա համար նշանակվում են մարդիկ, որոնք ոչ մասնագիտական ինչ-որ ունակություններ ունեն, և լեզվի պատճառով ինչ-որ պաշտոններ են զբաղեցնում: Դա ջավախքահայության կողմից ընկալվում է որպես իրավունքների խախտում:

Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունների վտանգը ջավախքահայերի համար ո՞րն է:

Խնդիրն այն է, որ ջավախքահայությունը ենթադրում է, որ հայազգի պատգամավորն ավելի օգտակար կլինի, քան այլազգի պատգամավորը, հասկանալի է, որ Բորժոմի շրջանի ներկայացուցիչը պիտի լինի էթնիկ վրացի: Ելնելով փորձից և նախընտրական պատկերից՝ չեմ կարծում, որ Բորժոմի պատգամավորն այս անգամ էթնիկ հայ լինի: Նրանք մտածում են, որ այդ առումով ևս մեկ հայ պատգամավորի ներկայությունը կպակասի, որ ազգային փոքրամասնության շահերն ավելի ակտիվ պաշտպանվեն:

Պրն Մինասյան, եթե փորձենք ներկան և անցյալը համադրել և վերլուծել, Վրաստանի խորհրդարանում հայտնված հայ պատգամավորները ի՞նչ էական փոփոխություններ են բերել ջավախքահայերի կյանքում, և արդյոք նրանք կարողանո՞ւմ են բարձրացնել տեղի բնակչության հուզող խնդիրները խորհրդարանում:

Բոլոր պատգամավորները (բացառությամբ միայն այս պահին, երբ Սամվել Պետրոսյանն ընդդիմադիր ուժն է ներկայացնում), ընտրված լինելով իշխող կուսակցության կողմից, միշտ անկախ ուղղվածություն չեն ունեցել: Դա արդեն վերաբերում է խնդրին, որ ես արդեն ասացի՝ հասունանում է այն տարբերակը, որ տարածաշրջանային կամ ազգային պատկանելությամբ պատգամավորի ընտրություն այլևս հնարավոր կլինի՞ Վրաստանում, թե՞ ոչ:

Մոտեցումն այն է, որ ջավախքահայ պատգամավորներն ավելի լավ մոտեցում կդրսևորեն և ավելի լավ կձևակերպեն տեղական, շրջանային կամ այլ խնդիրները և կներկայացնեն խորհրդարանում, բնականաբար, որի բոլոր հնարավորություններն ունեն ջավախքահայ պատգամավորները:

Այս փուլում իմաստ ունի՞ բողոքարկել օրենքի փոփոխությունները Սահմանադրական դատարանում:

Իրավական պրակտիկայի տեսանկյունից գուցե իմաստ ունի, բայց ես չեմ կարծում, որ այս պահին հնարավոր է փոփոխություն լինի, եթե արդեն օրինագիծն ընդունվել է: Վերջիվերջո, չմոռանանք, որ նախընտրական տարի է, և քաղաքական ուժերի կողմից այն կարող է շահարկվել իրենց քարոզարշավի համար՝ դիվիդենտներ շահելու նպատակով: Ջավախքահայ քաղաքական գործիչները ևս դա կարող են օգտագործել՝ ելնելով կարճաժամկետ քաղաքական շահերից

Լուսանկարը՝ Սերգեյ Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter