HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Անբարեխիղճ արտադրողներ.ի՞նչ ենք ուտում՝ շոկոլա՞դ, թե քաղցր սալիկ

Այսօր շուկայում վաճառվում են տարբեր տեսակի քաղցրավենիքներ, որոնք պիտակավորված են «շոկոլադ» անունով, այնինչ որևէ առնչություն չունեն դրա հետ: 

Մենք ուսումնասիրել ենք շոկոլադի հայկական շուկան և պարզել, որ որոշ արտադրողներ պահանջվող կակաոյի յուղի փոխարեն օգտագործում են էժան արմավենու յուղ  ու երբեմն, պիտակի վրա «մոռանում են» նշել այդ մասին:
Ավելին, ներկրողները  հայերեն մակնշման  մեջ  արտադրողի «արմավենու յուղը»   «դարձնում են»  կակաոյի կամ բուսական յուղ ու այն գրում վերջում՝ փոփոխելով բաղադրատարրերի հերթականությունը, ինչը «
Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է:

Արմավենու յուղ պարունակող շոկոլադներ.ուտե՞լ, թե չուտել

Շոկոլադի՝ միջպետական ԳՕՍՏ 31721-2012  ստանդարտներով պատրաստելու   ընդհանուր տեխնիկական պահանջներն ընդունված են նաև Հայաստանում:
Ըստ դրա՝ շոկոլադը    կակաո-ապրանքների և շաքարի հիմքով ստացվող հրուշակեղեն է։
Այդ  չափորոշիչները նաև սահմանում են տարբեր տեսակի շոկոլադներում (կաթնային, մուգ, դառը, սպիտակ և այլն) կակաոյի, կակաոյի յուղի ու շաքարի անհրաժեշտ և թույլատրելի չափաքանակը։

Օրինակ՝ դառը շոկոլադը, որը խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետ ունեցողներին, պետք է պարունակի կակաոյի ընհանուր չոր մնացորդի ոչ պակաս, քան 55%,  և կակաո յուղ՝  ոչ պակաս, քան 33 %:
Չփոփոխելով կակաո ճյուղի պահանջնվող նվազագույն քանակը՝ շոկոլադում, ըստ ստանդարտների, թույլատրվում է օգտագործել կակաո յուղին համարժեք մինչև 5% բուսական յուղ։ Ընդ որում, ըստ վերոնշյալ չափորոշիչների (ինչպես նաև եվրոպական չափորոշիչներով), գրությունը որ, շոկոլադը պարունակում է «մինչև 5% բուսական յուղեր», պետք է հստակորեն տարբերակված և մակնշված լինի։

Շոկոլադի բաղադրատարրերը փաթեթի վրա նշվում են  քանակական նվազման սկզբունքով : Ըստ այդմ՝ բուսական յուղը պետք է գրված լինի բաղադրատարրերի նախավերջերում:
Արմավենու յուղը, բուսական է և էժան: Այն լայնորեն կիրառվում է շոկոլադային արտադրության մեջ:

Թեև արմավենու յուղը սննդի մեջ օգտագործելը չի արգելվում, այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նվազեցենել դրա կիրառումը, քանի որ այն մեծացնում է  սրտային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը:


Պատճառն է այն է, որ արմավենու յուղը միակն է բոլոր բուսական յուղերի մեջ, որի բաղադրությունը գրեթե նույնն է, ինչ կենդանական յուղինը։
Այն բաղկացած է հագեցած ճարպաթթուներով, որոնց շնորհիվ, առանց հատկությունները փոփոխելու, կարող է երկար պահվել, հետևաբար հաճախ է  օգտագործվում երկարաժամկետ պահպանման ապրանքների արտադրությունում։

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցներից մեկում ռուսական «Ռոսպետրեբնադզոր»-ի սանիտարական հսկողության բաժնի աշխատակիցներից Լյուդմիլա Ուսկովան նշել  է՝  ինչպես կարելի է տարբերել արմավենու յուղ պարունակող շոկոլադը բնականից․«Նախ և առաջ, արժեքից․դրանք էժան են։ Երկրորդ՝ արմավենու յուղով պատրաստված շոկոլադը դժվարահալ է»,-եզրափակել է նա։
Երբեմն, սակայն, արտադրողը դիմում է խորամանկության՝ այն «թաքցնելով» բուսական յուղեր բառակապակցության մեջ և այդ մասին պիտակի վրա չնշելով:

Տեղական շուկայում կատարած մեր  ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
արտադրողներից և ոչ մեկը «արմավենու յուղ» կամ  «բուսական յուղ» պարունակելու վերաբերյալ որևէ մակնշումը չուներ:

Սա Հայաստանում, ՌԴ-ում և մի շարք երկրներում ընդունված արտադրման  տեխնիկական նորմերի խախտում է, որը սակայն, օրենքում դեռևս  հստակորեն չի ամրագրված:


 Քաղցր սալիկը դեռևս շոկոլադ չէ

Հայկական  «Սոնագրո» ՓԲԸ-ն արտադրում է «Armchoc» անունով մի քանի տեսակի քաղցր սալիկ, որոնց  փաթեթի վրա մակնշված է՝ «շոկոլադ» (տարբեր  տեսակի):
Ըստ պիտակի ՝ այն  արտադրվում է  ԳՕՍՏ 6534-89 ստանդարտներով, որոնք այժմ կորցրել են իրենց ուժը, քանի որ, ինչպես հուշում են վերջին 2 թվերը, այն  ընդունված է եղել դեռևս 1989թ.՝ ԽՍՀՄ տաիներին , և վաղուց փոխարինվել է  այլ ստանդարտներով (դրանց մասին հոդվածի սկզբում արդեն նշել ենք):

Բայց եթե նույնիսկ ընկերությունը 2016թ. որոշել է արտադրել 1989թ. ստանդարտներով, ապա դարձյալ կա տեխնիկական նորմերի խախտում:

Օրինակ՝ 1.3.2. կետը սահմանում է , որ «շոկոլադ արտադրելիս չի թույլատրվում կակաո – յուղի փոխարինիչով շոկոլադային մասսայի օգտագործում»:
Այնինչ «Armchoc» կաթնային  սալիկի երկրորդ բաղադրատարրը հենց կակաո յուղի փոխարինիչն է:

Բացի այդ, հայերեն և ռուսերեն մակնշումներն իրարից տարբերվում են. ռուսերեն «молоко сухое цельное» (չոր կաթի փոշի անարատ) բաղադրատարրը հայերենում բացակայում է, և էներգետիկ արժեքը, ինչպես նաև սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը տարբեր են:
Սրանք  «Սննդամթերքի անվտանգության մասին»  օրենքի խախտումներ են:

Կակաոն և կակաոյի յուղը թանկ են, և նույնիսկ փոխարինիչներով  ու  բուսական յուղերով պատրաստված կաթնային շոկոլադներն այնքան էժան չեն, որքան այս ընկերության սալիկը.  90գրամն  ընդամենը 135 դրամ:

 

«Schogetten». գերմանական շոկոլադ  հայկական մեկնաբանությամբ

Այս շոկոլադը, ինչպես և նախորդները, ևս լայնորեն տարածված է հայկական շուկայում: Թեև նրա որոշ տեսակներ ևս պարունակում են արմավենու և այլ բուսական յուղեր, սակայն արտադրող գերմանական ընկերությունը բաղադրության մեջ  բարեխղճորեն նշում է այդ մասին (այն արտասահմանյան ապրանք է և  չի ենթարկվում ԳՕՍՏ 31721-2012 պահանջներին): Շոկոլադը ներկրող «Կոնվեկտ» ՓԲԸ-ն, խախտելով «Սննդամթերքի  անվտանգության մասին » օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետը,  հայերեն մակնշման մեջ  իր «ուղղումներն» է կատարում.փոփոխվում է ոչ միայն բաղադրատարերի հերթականությունը, այլ հենց բաղադրատարրերը:  

Ստացվում է, որ հայերեն մակնշումը հավաստի չէ, կեղծ է:

Օրինակ՝ «Schogetten» Caramel Brownie շոկոլադում արտադրողը բաղադրության մեջ 3-րդը նշում է արմավենու յուղը։ Հայ ներկրողը մակնշման մեջ այն տեղափոխում է  5-րդ տեղ և դարձնում «բուսական յուղ», իսկ արտադրողի կողմից 5-րդ բաղադրատարր ներկայացրած «անարատ կաթի փոշին»՝  դարձնում 2-րդ:

Նույնը տեսնում ենք «Schogetten» Black and White շոկոլադի օրինակում:

Բացի վերոնշված խախտումներից, հայերեն մակնշումը  տարբերվում է նաև էներգետիկ արժեքով, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քանակով:
«Schogetten»-ի՝ մեր ուսումնասիրած տեսակներում չի եղել հայերեն մակնշման  որևէ օրինակ, որտեղ վերը նշված կետերը համապատասխանեն արտադրողի ներկայացրածին:

      Նկարում ներկայացված են «Schogetten» ՝  Պրալինե, Կաթնային, Ստրացիատելլա, Կաթնային ընկույզով        շոկոլադների պիտակները։

Նմանատիպ պատկեր տեսնում ենք նաև հայկական «Մարսերալ» ՍՊԸ-ի կողմից ներկրվող «Alpen Gold» շոկոլադներում:
Օրինակ ՝ «Alpen Gold» աղի գետնանուշով և կրեկեռով տեսակի մեջ ռուսական արտադրողը նշել է  «բուսական յուղ» ( փաթեթի վրա առանձին չի նշել այդ մասին): Իսկ  ներմուծող կողմը  հայերեն մակնշման մեջ առհասարակ չի նշել, որ շոկոլադը պարունակում է բուսական յուղ:

 

Որակյալ շոկոլադինչպե՞ս գտնել այն

Բնական շոկոլադն ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն նաև հակաօքսիդանտ է, որը նպաստում է բջիջների կյանքի երկարացմանը, հետևաբար՝ ուշ ծերանալուն:
Իսկ ինչպե՞ս գտնել այն:
Ինչպես արդեն  նշել էինք, շոկոլադի փաթեթի վրա բաղադրատարերրը նշվում են քանակական նվազման սկզբունքով.սկզբում նշված տարրերն ամենաշատն են:
Լավ շոկոլադի առաջին 3 բաղադրրիչների իդեալական տարբերակն է ՝ «կակաո, կակաո-փոշի, կակաո յուղ»:

Եթե կա արմավենու յուղ կամ որևէ այլ բուսական յուղ, պետք է ստուգել՝ որ հատվածում է այն գրված:
Փոխարինիչների առկայությունը վկայում է , որ շոկոլադը պատրաստված է ոչ բարձրորակ հումքից:
Կարևոր է հաշվի առնել նաև՝

  • Շոկոլադի գինը (կակաոն թանկ է, լավ շոկոլադը  չի կարող էժան լինել):
  • Գույնը  (շագանակագույն և մուգ շագանակագույն, ոչ սև):
  • Փայլուն մակերեսը  (յուղերի շնորհիվ)։
  • Հալվելը  (իսկական շոկոլադը հալվում է 32 աստիճանում, այսինքն՝ բերանում այն պետք է հալվի, իսկ սենյակային պայմաններում՝ ոչ ):
  • Ջարդելիս զրնգուն ձայնը (դա վկայում է կակաոյի և կակաո յուղի առկայության մասին):

 

Հ.Գ. Հոդվածում  հիշատակված շոկոլադներն  ընտրված  են պատահականության սկզբունքով՝ որպես շուկայում լայն տարածում ունեցող և սպառվող ապրանքներ:

Եթե դուք բողոքներ ունեք սննդամթերքի որակի և անվտանգության վերաբերյալ կամ նկատել եք սննդամթերքի արտադրման, պահման պայմանների և այլ նորմերի խախտում, խնդրում ենք գրել մեզ։

Մեկնաբանություններ (1)

Աղաս
հիանալի է որ գրել եք խախտումների մասին, գուցե նաեւ նշեք թե որ ապրանքատեսակներն էին պարունակում շոկոլադ, կակաո եւ որը պետք է գնել, դա գովազդ չէր լինի, այլ օգնել գնորդին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter