HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստեր պետք չեն, տուգանել է պետք

Նախ, կարճ տեղեկանք Հայկական Ծրագրեր Ընկերության մասին.

Ստեղծվել է 1987թ., ունի 150 աշխատակից: Զբաղվում է բանկային, հաշվապահական, առևտրական համակարգեր մշակելով, ներդնելով և սպասարկելով: Ունի մոտ 4200 Պատվիրատու: Հայաստանի մոտ 8000 կազմակերպությունների հաշվառումը վարվում է մեր համակարգերով:

2015թ. Խոշոր հարկատուների ցուցակում, հարկային մարմինների կողմից հավաքագրված վճարներով, 111-րդն է: Մեկ աշխատակցին ընկնող վճարված հարկերով` 31-րդը: 

Հիմա բուն խնդրի մասին.

01.04.2015թ. մենք վերանայեցինք մեր որոշ համակարգերի սպասարկման գները: Որոշ համակարգերի գներ բարձրացվեցին, իսկ որոշներինը իջեցվեցին: Բարձրացրեցինք ՀԾ-Հաշվապահ համակարգի սպասարկման գինը: Այդ մասին նամակով հայտնեցինք մեր մոտ 4000 պատվիրատուների, այդ թվում Հայաստանի Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովին (ՀՏՄՊՊՀ), որը ևս օգտագործում է այդ համակարգը: Որևէ մեկից առարկություն չստացանք, այդ թվում ՀՏՊՊՀ-ից:

Սակայն, 30.04.2015թ. ՀՏՄՊՊՀ-ց ստացանք նամակ, որ «մեր գրության հիման վրա, մեր ծրագրերի սպասարկման ոլորտում, ուսումնասիրություն է անցկացվում:» Եւ մեզնից պահանջեցին բազմաթիվ տեղեկություններ և գնի թանկացման հիմնավորումներ:

Համաձայն ՀՀ Տնտեսական պաշտպանության մասին Օրենքի, գների թանկացումը պետք է հիմնավորի որևէ շուկայում գերիշխող դիրք ունեցողը: Սակայն, առանց շուկան սահմանելու, այդ շուկայում մեր գերիշխող դիրքը քննարկելու, Հանձնաժողովը մեզնից պահանջում է գերիշխողի կողմից գների թանկացման հիմնավորում:

18.06.2015թ. ՀՏՄՊՊՀ-ն հարուցեց վարույթ, հետևյալ ձևակերպմամբ ` «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ կողմից Օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ հարուցել վարչական վարույթ:»

Մենք հարցրեցինք, Օրենքի, որ հոդվածի, որ մասով է հարուցված վարույթը: Մեզ պատասխանեցին` «Այ հենց դա, պետք է պարզենք վարույթի ընթացքում:»

Եւ շարունակեցին մեզնից տեղեկություններ պահանջել:

Ուսումնասիրությունը սկսելուց չորս ամիս և վարույթը սկսելուց երկու ամիս անց,  մենք հարցրեցինք

1. Մեր նկատմամբ հարուցված վարույթը օրենքի ո՞ր հոդվածի, ո՞ր մասով է:

2. Վարույթը հիմա ո՞ր փուլում է գտնվում:

Մեզ պատասխանեցին` «վարույթը հարուցվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ և գտնվում է ընթացիկ փուլում»:

Չորս ամիսը բավական չէր հանձնաժողովին պարզելու, թե Օրենքի ինչ խախտում է նկատել և ինքը ինչ է քննարկում:

Վարույթի հետագա ընթացքը ավելի վրդովեցնող է:

Ըստ օրենքի, վարույթի առավելագույն ժամկետը 90 օր է, և հենց 90-րդ օրը Հանձնաժողովը ընդունում է որոշում, որտեղ մասնավորապես գրված է`

«Վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովի ուսումնասիրությունը ծավալվել է երկու ուղղություններով` մի կողմից համապատասխան ապրանքային շուկայի հատկորոշման, այդ շուկայում Ընկերության գերիշխող դիրքի առկայությունը պարզելու և մյուս կողմից` ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումը բացահայտելու

Այսինքն, նախատեսված 90 օրվա ընթացքում, Հանձնաժողովը դեռևս չի սահմանել շուկան, չի հաստատել Ընկերության գերիշխող դիրքն այդ շուկայում, բայց կենտրոնացել է «ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումը բացահայտելու» վրա: Իհարկե անիմաստ է քննարկել չհաստատված գերիշխող դիրքի չարաշահումը, բայց նույնիսկ այս հանգամանքներում, հանձնաժողովը չունի չարաշահման ապացույց և վարույթի վերջին` 90-րդ օրը ընդունում է փայլուն որոշում.

1․Վարույթը կասեցվում է:

2․Մեզնից պահանջում են նոր տեղեկություններ, որոնք ուղղված են, ոչ թե շուկայի ուսումնասիրությանը, այլ մեր ենթադրյալ գերիշխող դիրքի չարաշահումը ապացուցելուն:

Ըստ օրենքի` վարույթը կասեցվելու դեպքում, ժամանակի հաշվարկը և բոլոր գործողությունները դադարեցվում են: Այդ ժամանակ միայն մի բան կարող է տեղի ունենալ, դա վարույթը վերսկսելու որոշումն է:  

Վարույթը կասեցնելուց անմիջապես հետո, ՀՏՄՊՊՀ-ն մեզ հանձնարարություններ է տալիս, ինչի իրավունքը չունի, իսկ կասեցնելուց 5 ամիս հետո հանձնաժողովը սկսում է անհանգստացնել նաև մեր գործընկերներին: Նա հարցում է ուղարկում մեր հարյուրից ավել գործընկեր կազմակերպությունների, պահանջելով տեղեկություններ մեր մասին և սպառնալով միչև հինգ միլիոն դրամ տուգանքով: Այսպիսով գործից շեղելով նաև նրանց:

Այս գործելաոճով, օրենքով նախատեսված 90 օրը, կարելի է դարձնել 900 օր կամ 9000 օր:

Եվ վերջապես, վարույթը կասեցնելուց 5 ամիս անց, հանձնաժողովը, առանց կասեցված վարույթը վերսկսելու և ավարտելու, մեր դեմ սկսում է նոր վարույթ` «ՆԱԽՈՐԴ վարույթի կասեցման ժամանակ պահանջած տեղեկությունը չտալու համար և տուգանում է մեզ 2,000,000 դրամի չափով»:

ՀՏՄՊՊՀ-ն կոպիտ կերպով խախտում է Օրենքը: Հիմա մենք, նորից, դատարաններում զգալի ժամանակ ենք ծախսելու այս անօրենության դեմ պայքարելու վրա:

Քանի որ, մեզ փորձում են վերագրել գերիշխող դիրք և գների հիմնավորում են պահանջում, պետք է կարճ նկարագրել Տեղեկատվական Տեխնոլոգիաների շուկայի և գնային քաղաքականության առանձնահատկությունները:

Եթե, օրինակ` շաքարի կամ հացի կամ ձեթի շուկայում մոնոպոլիստը բարձր գին սահմանի, քաղաքացին չի կարող օրվա շաքարը, հացը կամ ձեթը գնել, ասենք, Թբիլիսիից:

Իսկ ՏՏ ոլորտում կարելի է աշխարհի ցանկացած երկրի ցանկացած մշակողից համակարգ ձեռք բերել և սպասարկվել:

Աշխարհում կա ձեռնարկությունների ավտոմատացման մեկ գլոբալ շուկա:

Սա բացարձակ մրցակցային շուկա է: Այստեղ որևէ մեկի գերիշխող դիրքի մասին խոսելն իսկ անիմաստ է:

Այդ շուկան միայն խիստ պայմանական կարելի է բաժանել, ասենք, բանկային- հաշվապահական-առևտրային համակարգերի շուկաների, որովհետև դրանք խիստ սերտաճած են: Առավել ևս, հնարավոր չի սահմանել տարածաշրջանային կամ ազգային շուկաներ: Բայց եթե, նույնիսկ, խիստ արհեստական, սահմանենք Հայաստանի հաշվապահական համակարգերի շուկա, այդտեղ կա 91 000 էլեկտրոնային հաշվետվություն հանձնող, այսինքն, այդքան է շուկայի մեծությունը: Մենք ունենք մոտ 4200 վաճառք, այսինքն` զբաղեցնում ենք շուկային ոչ ավել քան 5 տոկոսը: Ոչ մի կերպ գերիշխող դիրք չի ստացվում:

Եվ ահա, Հանձնաժողովից ստացված հերթական նամակում տեսնում ենք այսպիսի ձևակերպում.

«Ընկերությունն իր ծրագրերի մատակարարման և սպասարկման ոլորտում, ըստ նախնական հետազոտության կարող է զբաղեցնել գերիշխող դիրք:»

Սա բացառիկ անհեթեթություն է: Մենք մեր համակարգերի մատակարարման և ծրագրային սպասարկման ոլորտում, ոչ թե գերիշխող, մենք բացարձակ մենաշնորհ դիրք ունենք: Յուրաքանչյուր ծրագրավորման ընկերություն միայն ինքը կարող է կատարել իր համակարգերի մշակումը, վաճառքը, զարգացումը և կոդի սպասարկումը:

Այս մոտեցումով բոլոր ծրագրավորման ընկերություններին կարելի է մոնոպոլիստ ճանաչել:

Ավելին`այս մոտեցումով ցանկացած ընկերության կարելի է մոնոպոլիստ ճանաչել:

Օրինակ` Մերսեդեսը ունի Մերսեդես մակնիշի մենաշնորհ, ԲՄՎ-ն ԲՄՎ մակնիշի, Տոյոտան Տոյոտայի և այլն: Այսպիսով, Հայաստանի ավտոշուկայում կլինեն մի 40-50 մոնոպոլիստներ:

ՀՏՄՊՊՀ-ն ուղղակի չգիտի ինչպես է պետք շուկա սահմանել:

Գների հիմնավորման պահանջի մասին.

ՏՏ ոլորտում, սկզբունքորեն անհնար է հաշվել որևէ կոնկրետ համակարգերի վրա կատարած ծախսերը: Պատճառները շատ են`

  • Աշխատակիցները զուգահեռ աշխատում են տարբեր համակարգերի վրա և հնարավոր չէ հետևել, ով, որ համակարգի վրա ինչքան է աշխատել:
  • Նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն աշխատում է մի համակարգի վրա, գործնականում հնարավոր չէ բաժանել թե նրա աշխատանքի որ մասն է ծախսվում ծրագրավորման, որը ներդրման, որը սպասարկման վրա և այլն:
  • Կան ենթածրագրեր, որոնք օգտագործվում են մի քանի համակարգերում և հնարավոր չէ գնահատել, որում ինչ ներդրում ունեն:
  • Ընկերությունում կան ներքին ծառայությունների բաժիններ, օրինակ` համակարգային ադմինների, տեստավորողների, CRM-ի և այլն: Եվ նրանց աշխատանքը ևս գործնականում անհնար է բաժանել առանձին համակարգերի վրա:
  • Նախորդ աշխատանքների փորձն օգտագործվում է նոր մշակումների վրա և այդ փորձի արժեքը հնարավոր չէ գնահատել:
  • Ծրագրային համակարգերը փոխկապակցված են ոչ միայն մշակման այլ նաև մարկետինգի, վաճառքի, սպասարկման և վճարի հավաքման ժամանակ:
  • Եվ այլն..

Եթե, հանկարծ, մի ըներություն փորձի ճիշտ հաշվարկել ծախսերը, նա ստիպված կլինի մեծացնել աշխատակազմը, աշխատանքի արագությունը կընկնի, իսկ արժեքը մի քանի անգամ կաճի: Նույնիսկ այս դեպքում հաշվարկը կլինի խիստ մոտավոր և անօգուտ:

ՏՏ ոլորտում ընկերություններ գները սահմանում են հիմնվերով բացառապես իրենց փորձի վրա: Առաջարկի և պահանջարկի մասին իրենց պատկերացման վրա: Շուկայի փոփոխման, աճելու կամ նվազելու իրենց կանխատեսումների վրա:

Այս մրցակցային շուկան մեծ ճշտությամբ կարգավորում է գները: Եթե մի ընկերություն փորձի անընդունելի բարձր գներ սահմանել, ապա արագ դուրս կթռնի շուկայից: Եթե ցածր գներ սահմանի, վնասներ կկրի:

ՀՏՄՊՊՀ-ն, գների հիմնավորում պահանջելով, ցույց է տալիս, որ բոլորովին չի պատկերացնում ՏՏ ոլորտի գնային քաղաքականության առանձնահատկությունները:

Համաշխարհային ՏՏ շուկայում դաժանագույն մրցակցություն է ընթանում: Այստեղ բոլոր երկրները աշխատում են օգնել իրենց ընկերություններին: Մրցակցության պաշտպանության օրենքները բավական սուբյեկտիվ կիրառվում են ընդեմ օտարերկրյա ընկերությունների: Օրինակ` Կորեան տուգանում է Apple-ին, ԱՄՆ-ն տուգանում է Samsung-ին, Եվրոպան տուգանում է Google-ին և այլն:

Շատ արտասահմանյան համակարգեր Հայաստան են բերվում պաշտպանությունը կոտրված և վաճառվում ու սպասարկվում են ստվերում: Սա մեծ հարված է տեղական արտադրողին: Հայաստանում, այս ոլորտում, լուրջ խնդիր կա: Իսկ ՀՏՄՊՊՀ-ն իրական խնդիրը թողած, հետապնդում է օրինական դաշտում աշխատող տեղական առաջատար ընկերությանը:

Հայկական Ծրագրեր Ընկերությունը 10-րդ ամիսն է, ահռելի էներգիա, ժամանակ, ներվեր և ֆինանսներ է ծախսում ՀՏՄՊՊՀ բացահայտ անօրինության դեմ պայքարելով:  

Մեզ զարմացնում է ՀՏՄՊՊՀ խաթարված պատկերացումները շուկայի, մանավանդ բարձր տեխնոլոգիաների շուկայի մասին, գործարարության մասին, մրցակցության և մրցակցության պաշտպանության մասին:

Մեզ վրդովեցնում է այն բացահայտ թշնամանքը, որը ՀՏՄՊՊՀ-ն ցուցադրում է հայկական ընկերության նկատմամբ:

Ես նայել եմ նրանց կայքում դրված համարյա բոլոր վարույթները: Նրանց վարույթներում չկա որևէ ձեռնարկության մրցակցային իրավունքները պաշտպանելու գոնե մի դեպք:

ՀՏՄՊՊՀ-ն կարծում է, թե իր գործը, ամեն գնով, ձեռնարկություններին տուգանելն է: ՀՏՄՊՊՀ-ն կարծում է, թե իր համար անպատվություն կլինի, եթե հանկարծ որևէ ընկերության չկարողանա տուգանել:

Համոզված ենք, պետք է լուրջ վերանայել Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականությունը և ՀՏՄՊՊՀ դերը այդտեղ:

Չի կարելի հանդուրժել, որ մրցակցության պաշտպանությունն ապահովելու համար ստեղծված պետական կառույցը խանգարի ձեռնարկությունների աշխատանքին, այդպիսով խոչընդոտելով մրցակցությանը: 

Աշոտ Խաչատրյան՝ «Հայկական Ծրագրեր» ընկերության նախագահ

Մեկնաբանություններ (12)

Անուշ Գասպարյան
Եթե գաղտնիք չէ, ապա խնդրում եմ նշեք թե ՀԾ-ի տնօրեն Աշոտ Խաչատրյանը որքան է վճարել ձեր խմբագրությանը այսպիսի թյուրիմացություն տպագրելու և տարածելու համար:
Անուշ Գասպարյան
Խնդրում եմ չըմբոստանալ խոսքի ազատությանը: Ձեզ հարիր չէ:
Արա
Անուշ Գասպարյան... դատելով Ձեր տված հարցից, ենթադրում եմ, որ Դուք դժվարանում եք IT ընկերությունների մասին հիմնավոր կարծիք հայտնել: Անշուշտ, պարտավոր չեք: Բայց հաստատ կարող եք պատասխանել ավելի պարզ հարցի. որքա՞ն է վճարել Ձեզ ՀՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը այս հոդվածի տակ նման մեկնաբանություն գրելու համար:
Պարույր
Աշոտ Խաչատրյանների նման մարդիկ ձգտում են երկիրը երկիր դարձնել իսկ Շաբոյանների նմանները չգիտես ինչի են ուզում վերածեն ես մի կերպ գոյատեվող երկիրը:
Արմինե
ՀՏՄՊՊՀ Էտ որ գետնի տակն ես անցնում երբ էլ. էներգիան, գազը, ջուրը նույնկերպ գները հանում են? թե էս ոլորտից փող չեկ կարողանում քերել դրա համար ընկած եք հետևներից։ Ու ընդհանրապես էտ կառույցը մեր՝ հարկատուներիս վզինա նստած, պետքա ռադ անել իր ողջ անձնակազմով! վերևից ներքև...
Քնարիկ
ՀԾ ով մենք աշխատում ենք և շատ լավ ենք աշխատում,շատ օգտավետ, թող իրենք նպաստեն աշխատողներին ,այլ ոչ թե փակեն ու տուգանեն նորմալ հիմնարկներին
Դռիկ Խչո
Որ ՏՄՊՊՀ -ը ՀԾ -ի պես արդյունավետ աշխատեր, այս հոդվածը չէինք կարդա:
Անժելիկա
Ես անձամբ ներկայումս աշխատում եմ ՀՀ-ում մրցակցային խնդիրների վերաբերյալ թեզի վրա և հասկացել եմ, որ ՏՄՊՀ-ն ոչինչով չի տարբերվում ոստիկանությունից, ոլորտն էլ շատ հեղհեղուկ է կարգավորված և լայն մեկնաբանությունների առիթ է տալիս, որոնք կատարվում են ի օգուտ ՏՄՊՀ-ի:
Գեւորգ
Ստացվում է, եթե գին ես բարձրացնում ՏՄՊ - ը մեղադրում է, թե մոնոպոլիստ էս, իջեցնողին էլ մեղադրում է, թե ըհը, ,,դեմպինգ,, էս սարքում որ մոնոպոլիստ դառնաս! Ըստեղ են ասել - հովին նստես, թե արեւին?
Սամվել Ալեքսանյան
Հոդվածում ներկայացված մոնոպոլիայի նկարագրությունը անհասանելի է Շաբոյանի ուղեղի համար: Նա տիպիկ ՀՀ բյուրոկրատիայի պրոդուկտ է՝ վախի ու պետ. պատվերի մեջ ապրող մարդ: Բայց դե մինչև երբ? Արդեն օրը ցերեկով փողոցում չի կարող քայլել...
Բենիամին
Հարգարժան Անուշ Գասպարյան. Ես ծրագրավորող եմ, և բավականին լավ ճանաչում եմ այդ ոլորտն ու իր նրբությունները, հայաստանյան շուկան` առավել ևս: Հավատացնում եմ Ձեզ` հոդվածը իրոք ճիշտ է ներկայացնում իրավիճակը, և ոլորտի խնդիրները: Երբեք մի շտապեք կարծիք հայտնել Ձեր ճգիտեցած հարցերի մասին, դա ծիծաղելի է:
նախագահ
Այս սուբյեկտը (շաբոյանը) պուլտով կառավարվող մարդ է, իրենից ոչ մի բան կախված չէ, նույնիսկ իր շնչառությունը: Բայց անհույս չէ. դիմեք դատարան՝ ապօրինի վարչարության պատճառված վնասի հատուցման պահանջով, նաև երկրորդ պահանջով հենց իրենից պահանջեք հատուցման ենթակա գումարը: Դրանք մեր բոլորի վճարած հարկերն են, որ ինքը որպես աշխատավարձ, ստանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter