HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԷՑ-ի նախկին աշխատակիցը ձերբակալվել է իր հէկից առաքված էլեկտրաէներգիայի ծավալը ուռճացնելու և 95 մլն դրամ հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը և բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում  քննվող քրեական գործով ձեռնարկված  քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։

«Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ն շահագործում է Տավուշի մարզում էլեկտրաէներգիա արտադրող «Սիրարփի» ՓՀԷԿ-ը, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ունի մինչև 2026թ-ը էլեկտրաէներգիա արտադրելու համար տրամադրված լիցենզիա:

Հէկի դրվածքային հզորությունը 697 կՎտ է: Այն գործում է Հախում գետի վրա: 2008 թ.-ից բնապահպանության նախարարությունից ստացել է ջրօգտագործման թույլտվություն:

«Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ն գրանցվել է 2007թ.-ին: «Հետքի» ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ձեռք բերած տվյալների համաձայն, հիմնադրման օրվանից ընկերության բաժնեմասը կիսում են ՌԴ գրանցում ունեցող երկու քաղաքացիներ՝ Աննա Գաբրիելյանը և Աշոտ Հակոբյանը: 

Քննչական կոմիտեն, սակայն, պարզել է, որ «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ն փաստացի պատկանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին (վերջինս աշխատանքից ազատվել է 2015 թվականին),  ով ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան դեպարտապենտի աշխատանքները։

Նախնական քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել է ներկայացվել 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է  95.694.000 ՀՀ դրամ, ինչը  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով փետրվարի 29-ին ձերբակալվել են Ա.Գաբրիելյանը և նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը (ում ղեկավարած բաժինն իրականացրել է արտադրող կայաններից գնվող էլեկտրաէներգիայի հաշվառումը):

Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը՝ Էկոլուրի

Մեկնաբանություններ (1)

համո
Սրանք երեւի ամենապստիկ ձկնիկներն են, շնաձկներն անպատիժ կմնան ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter