ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Օրենքից դուրս ապրող կենդանիները. Արամ Ասատրյանի նվիրած արջից մինչև Դաշայի նորածին քոթոթները


Հրազդանի կիրճում գործող «Արջանոց» ռեստորանային համալիրի բնակիչ Դաշան ծննդաբերել է. երեք քոթոթ է լույս աշխարհ բերել: Նրա զուգընկեր Միշան վանդակում առայժմ միայնակ է, սպասում է՝ քոթոթները փոքր-ինչ մեծանան, և զուգընկերուհին նորից իրեն կմիանա: Թե ուր են տարվելու կամ ում են նվիրվելու քոթոթները, «Արջանոցի» աշխատակցուհին չգիտի: Ասում է՝ երևի կենդանաբանական այգուն կհանձնեն կամ կնվիրեն ցանկացողներին: «Արջանոցի» Դաշան և Միշան անձնագիր ունեն: Սեփականատերը տիկին Նազիկը վստահաբար ասում է՝ իրենց արջերի նման «կերած-խմած» արջ չենք գտնի:

Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, հատկապես՝ գորշ արջեր պահելը հայաստանյան ռեստորանային համալիրներում կամ սննդի այլ օբյեկտներում «ընդունված ավանդույթ» է դարձել: Սակայն նրանց նկատմամբ վերահսկողություն ՀՀ պետական որևէ մարմին առայժմ իրավասու չէ իրականացնել:

Այս կենդանիներն ուշադրության կենտրոնում են հայտնվում այն ժամանակ, երբ արտակարգ դեպք է գրանցվում: Ասենք՝ առյուծը մարդ է ուտում, արջը՝ վանդակից փախչում և հարձակվում է մարդկանց վրա: Մինչդեռ եթե նրանց տերերը ամեն օր դաժան վերաբերմունք են ցուցաբերում, ոչ բավարար տարածքում պահում և թերսնում, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Օբյեկտներում պահվող կենդանիների ճակատագիրն ամբողջովին տիրոջ բարեխղճությանն է թողնված: 

 Անասնաբուժության մասին ՀՀ օրենք 

Հոդված 32. Կենդանիների բարեկեցությունը

Կենդանիները բուծվում և պահվում են իրենց աճին, ֆիզիոլոգիական կարիքներին և տեսակին բնորոշ առանձնահատկություններին համապատասխան»

Օրինակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանն իր տան դռան մոտ վագր էր պահում, որի ատամները հանել էր: Համալիրի «Սպիտակ» առողջարանային համալիրում հայտնաբերված արջը թերսնված էր: Հետագայում Երևանի կենդանաբանական այգում նրան քնեցրեցին: Ծաղկաձորի «Թփուտներ» ռեստորանային համալիրից փախած արջին պահելու համար որևէ թույլտվություն չեն ունեցել: Դրա մասին հանրությունն ու պատկան մարմիններն իմացան, երբ արջն իր վանդակից փախավ և հայտնվեց հանրային տարածքում, ինչը կարող էր աղետալի ավարտ ունենար, եթե արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հատուկ «օպերացիա» չկազմակերպեին արջին վնասազերծելու համար: 

«Բանը բանից անցնելուց» և կենդանուն հայտնաբերելուց հետո պատկան մարմինները փորձում են պատասխանատվության միջոցներ կիրառել: Սովորաբար, կիրառվում է Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետը՝ ապօրինի որսը:

Հատված ՀՀ կենդանիների կարմիր գրքից

Գորշ արջ

Կարգավիճակը: Ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում՝ «Least consern» կարգավիճակով, գնահատվում է որպես «խոցելի»:

Ապրելավայրը: Բնակվում է չորային նոսրանտառներում, սաղարթավոր անտառներում, լեռնային մարգագետնատափաստաններում, ենթալպյան և ալպիական մարգագետիններում: Արեալը զգալի չափով ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատատպուղներ և ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է:

Վտանգման հիմնական գործոնները: Որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստության պատճառները:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անանսնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը «Հետքին» տված հարցազրույցում նշել էր, որ իրենք վերահսկողություն իրականացնում են այն դեպքում, երբ կենդանին պահող տնտեսվարող սուբյեկտն իրենց դիմում է: Սակայն «Անասնաբուժության մասին օրենք»-ը այդ ուղղությամբ որոշակի փոփոխությունների ենթարկվեց, և դրան զուգահեռ կառավարության որոշումներ և կարգեր պետք է մշակվեն հասարակական օբյեկտներում կենդանիներ պահելու կարգի և նորմերի վերաբերյալ:

«Այդ հարցը որպես այդպիսին կանոնակարգված չի եղել, միակ բանը, որ կար՝ մարդը, եթե կենդանի է պահում, բնականաբար պետք է ունենա համապատասխան տարածք, համապատասխան անասնաբույժ-մասնագետ: Կենդանին, բացի կերակրվելուց, բուժում և կանխարգելում է ուզում, իսկ դա անելու համար մասնագետ է պետք, որը լիազոր մարմին պարտավոր է հաշվետու լինել իր կողմից սպասարկվող կենդանու մասին: Բայց տնտեսվարող, քաղաքացի, անհատ և անասնաբույժ կապը դեռ չկա»,- ասել էր Հ. Մկրտչյանը և հավաստիացրել, որ նոր օրենքով այդ հարցին էլ լուծում է տրվելու:

Օրենքի փոփոխություններն արվել են, սակայն «Կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները և սահմանափակումները» խորագրով 35-րդ հոդվածը ուժի մեջ են մտնելու 2017թ.-ին:

«Շանթ» ռեստորանային համալիրը վայրի և կարմիր գրքում գրանցված կենդանիների մեծ խմբաքանակ ուներ մինչև անցյալ տարի: Անդրկովկասյան գորշ արջից սկսած մինև բեզոարյան այծ, մանդրիլներ և առյուծներ: Սակայն անցյալ տարի համալիրը որոշել է վերջնականապես ազատվել նրանցից՝ կերակրելու միջոցներ չունենալու պատճառով: Թե ինչպես են ձերբազատվել այդ կենդանիներից, աշխատակիցը չցանկացավ պատասխանել: «Ես տեղյակ չեմ»,- պատասխանեց նա:

Ջրվեժի «Վասպուրական» ռեստորանում նույնպես գորշ արջ է պահվում: Վայրի և էկզոտիկ կենդանիներ պահվում են նաև «Աշտարակի ձոր»-ում: Վայրի կենդանատեսակների, դրանցից ստացված արտադրանքի, առանձին մասերի եւ ածանցյալների պահանջի վերլուծություն կատարել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) բնապահպանական ծրագրերի համակարգող Արևիկ Մկրտչյանը: Ըստ նրա հետազոտության՝ Երևան քաղաքում կենդանիներ պահող 9 օբյեկտ են հայտնաբերել, ևս 14-ը՝ մարզերում:

Սրանք պաշտոնական տվյալներ չեն: Իսկ պաշտոնական տվյալներ գոյություն չունեն, որովհետև չկա ընդհանուր գրանցամատյան, որով կարելի կլինի հաշվարկել համ վերահսկել այդ կենդանիների նիստն ու կացը, նրանց գոյությունն ընդհանրապես: Այնինչ, նման պայմաններում որևէ հիվանդության կամ համաճարակի դեպքում հնարավոր վարակը կանխելու միջոցներ ձեռնարկելը նույնպես անհնար է: 

ՀՀ բնապահպանության նախարարությանը դեռևս 2014-ին հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե երբևէ ստուգումներ իրականացրել են հասարակական կամ սննդի այն օբյեկտներում, որտեղ վայրի կամ էկզոտիկ կենդանիներ են պահվում: Նախարարությունը պատասխանել էր. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունում ստուգման ենթակա հաշվառված օբյեկտները 4250-ն են: Ձեր մատնանշած կազմակերպությունները բնապահպանական ռիսկերի առումով ցածր ռիսկայնության են, և այդ կարգի կազմակերպություններում ստուգումներն իրականացվում են 5 տարին մեկ անգամ»: Իսկ այն օբյեկտներում, որտեղ ստուգումներ անցկացվել են, Կարմիր գրքում գրանցված, պահելու և օգտագործելու դեպքեր ԲՆ-ն չի հայտնաբերել:

2015թ. տարվա ավարտին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, «Հետքի» հարցին ի պատասխան, թե, ի վերջո, երբ է կարգավորվելու այս ոլորտը, նշեց, որ հարցը քննարկվում է և առաջիկայում լուծումներ են տրվելու, մշակվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ և վերահսկման մեխանիզմներ:  

Երևանում կենդանիներ պահող հայտնի «օբյեկտներից» է Ծիծեռնակաբերդի տարածքում գործող նախկին արջանոցը: Այժմ այն կոչվում է «Էլ-Գարդեն»: 29 տարեկան Մաշան է այնտեղ ապրում: Նրան խնամող Հակոբը անցյալ տարի մեզ պատմել էր, որ Մաշան Ծիծեռնակաբերդի բլրի այս համալիրում է փոքր տարիքից: Երգիչ Արամ Ասատրյանն է նվիրել Մաշա քոթոթին: Կենդանին այդտեղ էլ մեծացել է: «Քյաբաբով ու բլինչիկով է մեծացել: Գալիս էին հաճախորդները, ասում էին՝ մի հատ Մաշային իմ կողմից քյաբաբ տարեք»,- պատմում էր Հակոբը։ Կերակրում են ամեն ինչով՝ ճաշերից սկսած մինչև տորթեր և հացեղեն: Վայրի կենդանուն բնորոշ հում մսեղեն Մաշան չի ուտում:

Մեր կիրակնօրյա շրջայցից պարզեցինք, որ հասարակական կամ սննդի օբյեկտներում պահվող կենդանիների կյանքում դեռևս ոչինչ չի փոխվել: Օրենքներն ու բարեփոխումները միայն թղթի վրա են: Միակ փոփոխությունը՝ Մաշայի տարածքի կրկնակի ցանկապատումն էր: 

Ոլորտի բարձիթողի վիճակի պատճառով է, որ պարբերաբար ահազանգեր են հնչում այս կամ այն մասնավոր կենդանաբանական այգու, օրինակ՝ Հրազդանի, Արմավիրի կամ Գյումրու կենդանիների ծայրահեղ ծանր վիճակի մասին: Եվ Գյումրու կենդանաբանական այգու տխուր ավարտը դրա վառ ապացույցն էր: Դեռ հայտնի չէ, թե ինչպես են պահում իրենց կենդանիներին պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Գագիկ Ծառուկյանը և մյուսները: 


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Մ. Գրիգորյան14:33 - 4 մարտի, 2016
Գուցե այդ կենդանասեր հարուստները, շաատ հարուստները մի քիչ էլ անտուն ու սոված (ոչ այդքան հատուկ սննդակարգով) երեխաների ու ծերերի մասին մտածեին? Գյումրիում հենց հիմա երիտասարդները անհավատալի ջանքերով դրամահավաք են կատարում 13 անօթևան ընտանիքների համար բնակարաններ գնելու համար: Միայն Գագիկ Ծառուկյանն է առայժմ արձագանքել: Այ, օրինակ Ռուբեն Գևորգյանը, որ պարծենում է իր հատուկ պայմաններում ապրող վագրերով, Ինչու գթասրտությունից դրդված մի բնակարան չնվիրի 5 որբացած երեխաներին, որոնց հայրը օրերս հուսահատությունից ինքնասպան է եղել: Եվ ուրիշ շատ շատերը, ինչ է ձեր համար մի բնակարանը, չէ որ դուք մայրաքաղաքում տասնյակները ունեք:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։