HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Արտյոմ Գասպարյանին Լոս Անջելեսի դատարանում 20 նոր մեղադրանք կառաջադրվի

Լոս Անջելեսի փաստաբանական գրասենյակը հայտնում է, որ հոսպիտալացված Արտյոմ Գասպարյանին այսօր դատարանում սպասվում է 20 նոր մեղադրանք: Արտյոմ Գասպարյանը Լոս Անջելեսի ոստիկանությունում անցնում էր մի շարք քրեական գործերով, այդ թվում` սպանություն, սպանության փորձ և մեքենաների գողություն:

Լոս Անջելեսի ոստիկանությունը Արտյոմ Գասպարյանին հայտնաբերեց մի քանի օրվա պարբերական հետախուզումից հետո: Հունվարի 4-ին, նկատելով Գասպարյանին, ոստիկանները փորձել էին կանգնեցնել նրան: Դատախազությունն ավելի ուշ հայտնեց, որ հետապնդումն  ավարտվել է վթարով, իսկ ամերիկյան մամուլը լուսանկարներ էր տարածում համայնքի կաթվածահար երթևեկությունից: Երբ Գասպարյանը ենթադրաբար դուրս էր թռել մեքենայից և փորձել փախչել, ոստիկանությունը կրակել էր նրան, ինչի պատճառով էլ նա հոսպիտալացվեց:

«Նա շատ վտանգավոր մարդ է, նաև անկանխատեսելի»,- ասել էր Գասպարյանին հետապնդած ոստիկան Չառլի Բեքը` ավելացնելով, որ նա փախուստի է դիմել այն մեքենայով, որ պարբերաբար ներգրավված է եղել նված քրեական գործերում:

Մինչև Գասպարյանին հայտնաբերելը Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որով խնդրում էր հանրության աջակցությունը` նրան գտնելու հարցում: 32-ամյա հայազգի երիտասարդին նկարագրելուց հետո, դատախազությունը, որպես հուշում, ավելացնում էր` Գասպարյանը համարվում է «վտանգավոր և զինված»: 

Հանցագործությունների շարքը, ըստ այդ հայտարարության, սկսվել էր դեկտեբերի 6-ից Լոս Անջելեսի հյուսիսային հատվածում, իսկ որպես վերջին թարմ դեպք նշվում էր Քարսոն քաղաքում հունվարի 1-ին տեղի ունեցած ավտոմեքենաների գողությունը: Հանցագործությունների կատարման վայր էին նշվում Լոս Անջելեսի Բուրբանք, Հյուսիսային Հոլիվուդ և Քարսոն քաղաքները:

Դատախազությունը հայտնում էր նաև, որ Գասպարյանը ենթադրյալ հանցանքների մի մասը գործել է Դանիել Ռամիրեզի հետ, ով դեպքի վայրում ոստիկանության հետ առճակատումից հետո կրակել էր երկու անձի, հարձակում գործել մեկ ուրիշի վրա, ապա կրակել ինքն ինեն: Ռամիրեզը կալանքի մեջ է:

Այսօրվա հաղորդագրությամբ դատախազությունը տեղեկացնում է, որ Արտյոմ Գասպարյանի առաջին քրեական գործը հարուցվել է ավելի վաղ` դեռևս 2015թ. օգոստոսի 5-ին: Այդ ժամանակ, ըստ հաղորդագրության, նա ձերբակալվել է Լոս Անջելեսի Վան Նույս քաղաքում` դարձյալ մահափորձ կատարելու կասկածանքով:

Այսօր դատախազները կներկայացնեն Գասպարյանի դեմ փոփոխված բողոքը` առաջադրելով նրան երկու տասնյակ նոր մեղադրանք, որոնցից են դիտավորյալ սպանությունը ավտոմեքենայի միջից,  երկրորդ կարգի կողոպուտը, փախուստը ոստիկանությունից, հրազեն ունենալը:

Լուսանկարը` dailymail.co.uk

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter