Կիրակի, 23 սեպտեմբերի

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 7 տեղով



ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման մարտ ամսվա վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը 296 հաշվարկային միավորով հայտնվել է աղյուսակի 116-րդ հորիզոնականում՝ նախորդ ամսվա համեմատ առաջադիմելով 7 տեղով: 204 ընտրանիների մեջ սա ամենամեծ առաջընթացն է մարտ ամսում:

Համաշխարհային ցուցակի առաջին 13 տեղերում փոփոխություն չկա. առաջին 10-յակն այսպիսին է՝ Բելգիա, Արգենտինա, Իսպանիա, Գերմանիա, Չիլի, Բրազիլիա, Պորտուգալիա, Կոլումբիա, Անգլիա, Ավստրիա: 

ԱԱ-2018-ում Հայաստանի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Ռումինիան, որը պահպանել է իր 16-րդ տեղը: Լեհաստանն առաջադիմել է 3 տեղով ու հիմա 31-րդն է: Դանիան նույնպես մնացել է իր դիրքում՝ 40-րդ հորիզոնականում: Մոնտենեգրոն էլ կրկին 84-րդն է: Ղազախստանն առաջ է գնացել 6 տեղով՝ հայտնվելով 125-րդ հորիզոնականում:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը ռուսներն են (23), որոնց հաջորդում են ուկրաինացիները (27): Բելառուսները, որոնց հետ Վարուժան Սուքիասյանի թիմը մարտի 25-ին Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու, 64-րդն են: Մյուս երկրների դիրքերն այսպիսին են. Ուզբեկստան (74), Էստոնիա (88), Լատվիա (98), Ղրղըզստան (105), Ադրբեջան (112), Թուրքմենստան (113), Վրաստան (122), Լիտվա (128), Տաջիկստան (150), Մոլդովա (156): 

Փաստորեն, չնայած առաջընթացին, Հայաստանը շարունակում է բավականին հետ մնալ նույնիսկ այնպիսի ոչ ֆուտբոլային երկրներից, ինչպիսին է, օրինակ, Ղրղըզստանը: 

Մեր հարեւաններից ամենալավ ցուցանիշն ունի Թուրքիան (20), որին հաջորդում է Իրանը (44): Ադրբեջանը, ինչպես տեսանք, նույնպես առաջ է մեզնից, եւ միայն Վրաստանն է զիջում: 

Հաջորդ ցուցակը կհրապարակվի ապրիլի 7-ին: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ