HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուջեի լրացուցիչ մուտքերի հաշվին Ալավերդու քաղաքապետը գնելու է ծառայողական նոր ավտոմեքենա

«Հետքի» հարցերին պատասխանում է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը։

- «Մանես» բարեգործական հիմնադրամի լուծարումից հետո քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում առաջացած ո՞ր խնդիրներն են Ձեր կողմից անցած 10 օրում լուծվել:

-Մենք քաղաքապետարանի ՊՈԱԿ-ներից իմացանք «Մանես» բարեգործական հիմնադրամից քաղաքապետարանի ենթակայության 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի, սոցիալապես անապահով ընտանիքների 125 երեխաների սննդի վարձավճարների, Մադան թաղամասից թիվ 5 դպրոց տեղափոխվող աշակերտների տրանսպորտային ծախսերի, սոցիալապես անապահով 100 բնակիչների բարեգործական ճաշարանի և հիմնադրամով նախատեսված մյուս ծախսերի փետրվարի 22-ից դադարեցման մասին:

Իհարկե, քաղաքում ստեղծվել է ծանր վիճակ: Այդ ամբողջ ֆինանսավորումը այս պահին քաղաքապետարանը չի կարող իր վրա վերցնել, բայց մենք մեր առաջնահերթ խնդիրը համարում ենք մանկապարտեզի երեխաների սննդի հարցը: Արդեն 2-րդ շաբաթն է, տարբեր ճանապարհներով  ապահովում ենք Մադան թաղամասից թիվ 5 դպրոց աշակերտների տեղափոխումը: Գտնում ենք, որ երեխաներին  ուսումնական պարապմունքներից  զրկելը՝ անթույլատրելի է: Այս պահին վերանայում ենք նախադպրոցական ուսումնական հաստատությունների սոցիալապես անապահով ընտանիքների 125 երեխաների 5 հազարական դրամ սննդի վարձավճարների ցուցակները:

Կթեթևացնենք այդ ցուցակները և համայնքի բյուջեից կվճարենք նրանց  վարձավճարները: Ասեմ նաև, որ խոսել եմ «Էյ-Սի-Փի» ընկերության նոր տնօրեն Լուսինե Մեջլումյանի հետ: Նա հայտնեց, որ իրենք էլ ճանապարհներ են որոնում, որպեսզի նախկին ֆինանսավորումը շարունակվի: Բայց, ամեն դեպքում մենք հանգիստ նստած չենք: Մի 10-15 օր առաջ մեր քաղաքի գործարարների հետ քննարկել ենք «Ալավերդու  զարգացման հիմնադրամ» ստեղծելու խնդիրը: Այդ աշխատանքերը սկսված են արդեն:

-Ի՞նչ կտա հիմնադրամի ստեղծումն այսօր  առաջացած խնդիրների լուծմանը:

-Շատ բան կտա:  Հիմնադրամը կհանդիսանա  էն ժամանակավոր համաֆինանսավորող մարմինը, որը  էս 2 շաբաթը չէր թողնի երեխաներին առանց լրացուցիչ սննդի:

Մանես» հիմնադրամը մինչև լուծարվելը 11մլն  դրամի լրացուցիչ սնունդ է տվել   նախադպրոցական հիմնարկների երեխաներին և հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին՝ իր սեփական պղնձաձուլական գործարանի արտանետումների ազդեցությունը երեխաների  առողջության վրա մեղմելու համար:  

- Այո, նաև դրա համար :  

թե «Մանես» հիմնադրամի ֆինանսավորումը դադարեցվելու էր, ավելի ճիշտ չէր լինի գոնե մեկ ամիս առաջ այդ մասին քաղաքապետարանին տեղեկացվեր,  առաջացած խնդիրները ժամանակին լուծելու համար:  

-Ինձ պաշտոնապես է, թե պաշտոնապես չի հիմնադրամը լուծարելուց մի քանի օր  առաջ բանավոր այդ մասին հայտնել է հիմնադրամի տնօրեն Ա. Թամազյանը: Բացի այդ, այդ հարցը դուք ավելի լավ  է ուղղեք «Մանես»  հիմնադրամի նախագահին: Մենք ելքը գտնելու ենք, անհատների միջոցով ենք էս խնդիրները լուծելու, իմ համակիրների, իմ ընկերների հետ ենք լուծելու:  

-Դուք Վալերի Մեջլումյանի հետ  քննարկել եք, թե  դեռ որքան ժամանակ նա չի կարող ֆինանսավորել այդ ծրագրերը:

-Ես  էդ հարցի շուրջ բացի հիմնադրամի տնօրենից, խոսել եմ մեկ էլ «Էյ-Սի-Փի» ընկերության նոր տնօրենի հետ: Էլ ո՞ւմ հետ պետք է խոսեի:

- «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հետ, որը նաև  «Մանես» հիմնադրամի նախագահն է: Չէ՞ որ նա է վճռում իր սեփական ընկերության  ֆինանսական ծախսերի ուղղվածությունը:

- Հիմնադրամի նախագահի հետ չեմ հանդիպել, չէ:

-Երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաները կստանան  նախատեսված հավելյալ սնունդը:

-Մասամբ կվերականգնենք մեկ շաբաթից հետո: Բայց բարեգործական ճաշարանը  մենք չենք կարող ֆինանսավորել: Ուրիշ բան է, եթե որևէ բարեգործական կազմակերպություն դա նախաձեռնի, այն ժամանակ մենք էլ մեր ներդրումը կանենք:

-Ճոպանուղին Ալավերդու  ամենամեծ ՝Ս. Սարահարթ թաղամասը կապում է քաղաքի ներքին հատվածի հետ: Երևի գիտեք, որ  ճոպանուղու սեփականատերը նույնպես Վ. Մեջլումյանն է: Ճոպանուղով հիմնականում երթևեկում են քաղաքի  անապահով բնակիչները: Մարտի մեկից ճոպանուղին չի աշխատում, քաղաքը զրկվել է ճոպանուղուց:

 -Ճոպանուղին Ալավերդու սիմվոլներից մեկն է մնացել՝ քարե կամրջից հետո: Ինձ թվում է ճոպանուղու չաշխատելը շատ բացասական արձագանքներ կունենա, թեպետ, որպեսզի ավելի կոնկրետ ասեմ, ամեն աշխատանք պետք է իր օգուտը բերի: Եթե տվյալ տրանսպորտային միջոցի շահագործումը օգուտ չի բերում, ինձ թվում է ոչ մի բիզնեսմեն կոնկրետ ճոպանուղին չի աշխատեցնի:

Ճոպանուղին մերը չէ,  մենք  իրավունք չունենք խառնվել էդ գործընթացին: Իհարկե, ճոպանուղին քաղաքում տուրիզմի զարգացման մեր հետագա  ծրագրերում ընդգրկված է, բայց, եթե  սեփականատերը ի վիճակի չի վճարել էներգիայի գումար, հարկեր և այլն, ինչ կարող ենք անել:

-Առաջացած խնդիրները լուծելու համար համայնքի բյուջեի ծախսային մասում  փոփոխությունների հնարավորություններ տեսնում եք:

-Հարցը գիտեք ինչումն է, մինչև այս խնդիրների առաջանալը, մենք տեղյակ էինք, որ խնդիր ունենք «Քաղաքապետարանի ժամ» հաղորդաշարի հետ կապված, որովհետև էնտեղ նույնպես հիմնադրամի  ֆինանսավորումը դադարեցվել է: Դրա համար մենք ավագանու հետ որոշել և մեր տնտեսված գումարներից հատկացումներ ենք արել «Քաղաքապետարանի ժամ» հաղորդաշարին: Հիմա այս պահին տնտեսված գումարներ չունենք: Բայց, իհարկե, երբ  պետբյուջեից դոտացիան գա, մենք որոշակի գումարներ կունենանք:  

-Քաղաքում լուրեր են շրջանառվում է, որ  այս ծանր պահին դուք  ծառայողական ավտոմեքենա եք գնում:  Ճի՞շտ է դա:

-Համայնքի բյուջեն արդեն հաստատված է: Բյուջեի մեքենայի գնում տողով, երբ   բյուջեում կառաջանա լրացուցիչ գումարներ, այդ գումարների միջոցով կգնենք ծառայողական ավտոմեքենա: Գումարը առաջանալու է օտարումներից:

-Օրինակ, ինչի օտարումից:

-Հողի օտարումից: Եթե այսօր 1քմ հողն արժե 1500 դրամ, մենք նոր սակագին ենք որոշել, այն մոտեցրել ենք շուկայական գնին, արդեն 1քմ հողը քաղաքի ներքևի հատվածում արժե 5 հազար, ծայրամասերում 3 հազար, Ս.Սարահարթ թաղամասի կենտրոնում 3 հազար, թաղամասի ծայրամասերում 2 հազար դրամ:

-Քաղաքի կենտրոնում  հող չի մնացել ծախելու, էլ ի՞նչը պետք է ծախեք:

-Դե, ինչքան որ կա:

-Իսկ ո՞ւր է քաղաքապետարանի ծառայողական նախկին մեքենան:

-Ծառայում է քաղաքապետարանի աշխատակազմին, բայց էդ ավտոմեքենան12 տարեկան ավտոմեքենա է: Ես ինքնս իմ անվտանգությունից ելնելով՝ ինձ թույլ չեմ տա էդ ավտոմեքենային նստեմ, գնամ Երևան: Մեքենան հիմա աշխատում է մոտակայքում: Ես առայժմ օգտագործում եմ իմ անձնական ավտոմեքենան, որովհետև չեմ կարող ոտքով գնալ Սանահին գյուղ, Սանահին կայարան ու քաղաքի հեռավոր այլ թաղամասեր, Վանաձոր: Նոր ավտոմեքենան ծառայելու է միայն քաղաքի հոգսերի համար: Ես էսօր ստիպված իմ անձնական մեքենան քաղաքի կարիքների համար օգտագործում եմ, որովհետև իմ կյանքը ինձ համար ավելի թանկ ա:

- Ի՞նչ  գնի սահմաններում ենք գնելու Ձեր ծառայողական նոր ավտոմեքենան:

- Մենք 16 մլն. դրամ նախատեսել ենք երկու մեքենայի համար, մեկը կոմունալ ձեռնարկության համար՝ կիսամարդատար «ՈՒԱԶ» եմ ուզում առնել, մյուսն  էլ ծառայողական մեքենա: Երկուսի գնման համար նախատեսված է 16 մլն. դրամ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter