HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանից եկող փողը պակասում է, Կենտրոնական բանկն էլ հույս չի տալիս

Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները շարունակում են կրճատվել։ Այս տարվա հունվարին դրանք կազմել են 46,8 մլն դոլար։ 2015 թվականի նույն ամսվա համեմատ ծավալը կրճատվել է 7,5 մլն դոլարով կամ մոտ 13,8%-ով։ Խոսքը ոչ առևտրային նպատակով փոխանցումների մասին է։ Դրանք արտերկրից ստացված գումարներ են, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, ինչպես նաև աշխատանքի դիմաց արտերկրից ստացված աշխատավարձը: Այսինքն՝ դա հիմնականում Հայաստանից արտերկիր արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած փողն է։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ հունվարին ոչ առևտրային նպատակով փոխանցումներ են կատարվել նաև Հայաստանից դեպի արտերկիր։ Դրանք կազմել են 17,4 մլն դոլար։ 2015-ի հունվարի համեմատ այս ցուցանիշը չի փոխվել։

Ստացվում է, որ տարեսկզբին ոչ առևտրային բնույթի տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտել 46,8 մլն դոլար և դուրս եկել 17,4 մլն դոլար։ Արդյունքում մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոքսը կազմել է մոտ 29,4 մլն դոլար, որը 2015-ի նույն ամսվա համեմատ նվազել է 7,4 մլն դոլարով կամ ավելի քան 20%-ով։ Սա, թերևս, ավելի կարևոր ցուցանիշ է և ավելի շատ բան է ասում փոխանցումների մասին, քան վերևում նշված երկու ցուցանիշները։ Դա ցույց է տալիս, թե կոնկրետ որքան գումար է մնացել երկրում և արտագնա աշխատանքի մեկնածների ընտանիքների բյուջեն ավելացել է, թե պակասել։ Այս դեպքում, փաստորեն, 20%-ով նվազում է արձանագրվել, որը ուղղակի հարված է այդ ընտանիքների բյուջեին և կենսակերպին։ Պարզապես, նրանցից ոմանք այդ հարվածն ավելի շատ են կրում, ոմանք՝ ավելի քիչ։ Այս երևույթը, ինչպես ավելի վաղ գրել ենք, 2015 թվականին ակնառու էր։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների հիմնական աղբյուրը։ Հունվարին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 29,8 մլն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 12,5 մլն դոլար։ Արդյունքում զուտ ներհոսքը կազմել է 17,3 մլն դոլար։ Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվարի համեմատ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողը պակասել է 7,4 մլրդ դրամով կամ 20%-ով, բայց Հայաստանից Ռուսաստան ուղարկվածն ավելացել է 1,1 մլրդ դոլարով կամ 10%-ով։ Այսինքն՝ հավանական է, որ արտագնա աշխատանքի համար Ռուսաստան մեկնածների շրջանում ոմանք ոչ միայն չեն կարողացել գումար վաստակել ու փոխանցել ընտանիքներին, այլև՝ Հայաստանից են նրանց գումար ուղարկել։

Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալով երկրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Սակայն, դրանց ծավալը շատ ավելի փոքր է և հաճախ որոշիչ նշանակություն չի ունենում ընդհանուր ծավալի վրա։ 2016 թվականի հունվարին ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 7,2 մլն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 860 հազ. դոլար։ Զուտ ներհոսքը կազմել է 6,3 մլն դոլար։ 2015թ. նույն ամսվա համեմատ այն ավելացել է ավելի քան 320 հազ. դոլարով։

Տրանսֆերտների նվազումը ուղղակիորեն ազդում է դրանցով ապրող ընտանիքների գնողունակության վրա։ Դրանց ծավալը, ինչպես տեսանք, ապահովում է Ռուսաստանն ու այս երկրի տնտեսական վիճակից է կախված հետագա ընթացքը։ Եթե նավթի գները բարձրանան, ռուբլին էլ կայունանա, ապա դա կնպաստի տրանսֆերտների ծավալի աճին։ Բայց ներկա դրությամբ և մոտ ապագայում դա մեծ հավանականություն չունի։ Այդ մասին նաև ՀՀ կենտրոնական բանկն է բարձրաձայնում։

Օրերս ԿԲ-ն ներկայացրել է «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2016թ. Դրամավարկային քաղաքականության 2015թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)»  հրապարակումը։

Այստեղ խոսվում է նաև տրանսֆերտների մասին։ «ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2016 թ. արտաքին հատվածում կպահպանվեն տնտեսական աճի դանդաղ տեմպերն ու գնանկումային միջավայրը: Միաժամանակ, Ռուսաստանի տնտեսության անկման նոր կանխատեսումներով և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ տարվա ընթացքում ակնկալվում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների դոլարային արժեքի՝ նախորդ կանխատեսման համեմատ ավելի մեծ նվազում (9.0- 12.0%), որը կանդրադառնա ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման, հետևաբար և մասնավոր սպառման նվազման վրա»,- ասված է փաստաթղթում:

Արտաքին միջավայրի կանխատեսումներում ԿԲ-ն անդրադառնում է նաև Ռուսաստանին։ Թեև պարզ չէ, թե հետագայում իրավիճակներն ինչպես կփոխվեն, հատկապես երբ խոսքը տնտեսության մասին է,  սակայն ներկա դրությունը որոշ չափով պատկերացում տալիս է հետագայի մասին։ ԿԲ-ի՝ արտաքին միջավայրի վերաբերյալ կանխատեսումների համար, ինչպես նշվում է, հիմք է ծառայել միջազգային հեղինակավոր վերլուծական, հետազոտական, վարկանշային և ֆինանսական կազմակերպությունների ու տարբեր լրատվական գործակալությունների տեղեկատվությունը։

«Ռուսաստանի տնտեսական անկումը 2016 թ. կշարունակվի՝ միջինում կազմելով մոտ 1,8%՝ նախորդ տարվա 4% անկման փոխարեն: Տնտեսությունը դրական աճի տիրույթ կվերադառնա միայն 2017 թ. կեսերից և կանխատեսվող հորիզոնի վերջում տնտեսական աճը կկազմի շուրջ 1,4%: Տնտեսական թույլ ակտիվությունը հիմնականում պայմանավորված է նավթի ցածր գների պահպանմամբ, որի պարագայում ռուսական ռուբլին կշարունակի արժեզրկված մնալ և, հետևաբար, գնաճը կպահպանվի բարձր մակարդակներում: Այնուամենայնիվ, միջնաժամկետ հատվածում սպասվում է գնաճի նվազման միտում՝ ի հաշիվ քաղաքականության տոկոսադրույքները բարձր պահպանելու, և միայն կանխատեսվող հորիզոնի վերջում գնաճը կմոտենա միջնաժամկետ նպատակային 4% ցուցանիշին»,- կանխատեսում է ՀՀ ԿԲ-ն:

Պարզ ասած՝ տարնսֆերտներով ապրող ընտանիքներին զգուշացվում է, որ առաջիկայի համար մեծ սպասումներ չունենան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter