HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատիժ»՝ հարազատների հետ կապը պահելու համար

20 տարի պատիժը կրող, նախկին զինվոր Արթուր Մկրտչյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը չի ներկայացրել պայմանական ազատման: Պատճառը բջջային հեռախոսներն են:

«Ես զանցանք չեմ կատարել, իրավախախտում չեմ արել, շփվել եմ իմ ծնողների հետ»,- այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց 20 տարի բանտում պատիժ կրող, նախկին զինվոր Արթուր Մկրտչանը, որը վիճարկում է բջջայինների պատճառով ստացած տույժերը:

Արթուր Մկրտչյանը 2011թ. մարտին և հունիսին խուցը խուզարկողներին ինքնակամ է ներկայացրել բջջային հեռախոսները, քանի որ նրանք պնդել են, որ այդ դեպքում որևէ պատասխանատվություն չի հետևի իր` ՔԿՀ-ում արգելված կապի միջոց ունենալու համար: Սակայն Արթուր Մկրտչյանը շուտով տեղեկացել է, որ իրեն նկատողություն են տվել դրա համար: Նա հայտարարեց, որ իրեն ՔԿՀ-ի աշխատակիցները չեն տեղեկացրել նկատողությունների հետևանքների մասին, մասնավորապես այն, որ մեկ տարվա մեջ երկու նկատողությունը հավասարազոր է չարամիտ խախտման: Իսկ այդ խախտման հետևանքով անձը ևս հինգ տարի զրկվում է պայմանական ազատման իրավունքից:

Մկրտչյանը նշեց, որ բջջային ունեցել է, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմաններ չեն ստեղծվում ընտանիքի հետ կապը, շփումը լիարժեք պահելու համար. երկարատև տեսակցությունը տարին մեկ անգամ է, հեռախոսազանգերն էլ Հայաստանում ամենաթանկն են: Ցմահ բանտարկյալները կարող են ամսական 2 անգամ զանգահարել տաքսաֆոնից, այն էլ` հարազատների ուղարկած հեռախոսաքարտերով, որի րոպեն 150 դրամ արժե:

«Ամսական 10 հազար դրամի քարտ պիտի բերեն հարազատները: Հայաստանում ո՞ր մի օլիգարխն է 10 հազար դրամ տալիս հեռախոսով զանգելու համար»,- ասաց դատապարտյալը:

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարց ուղղեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանին.

- Դատապարտյալները աշխատո՞ւմ են, որ կարողանան տաքսաֆոնի քարտ գնեն:

- Ոչ, չեն աշխատում, բայց Բիլայնը անվճար չի տալիս, կարգն այդպես է, որ կապը արտաքին աշխարհի հետ դատապարտյալի հաշվին է, - ասաց ՔԿՀ ներկայացուցիչը:

- Իսկ եթե դատապարտյալը դրսում հարազատներ չունի՞, - հարցրեց դատավորը:

- Փորձում ենք աջակցել, - պատասխանեց ՔԿՀ-ից Արմեն Պետրոսյանը:  

- Ո՞նց եք աջակցում, հո ձեր գրպանից, ձեր աշխատավարձից չեք առնելու քարտ տա՞ք,- նշեց Արթուր Մկրտչյանը:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նկատեց, որ տույժի վրա նշված չէ, թե ինչ ժամկետում և որտեղ կարող է դատապարտյալը բողոքարկել դրանք: Բացի այդ, վարչական, անգամ քրեական օրենսգրքով նախատեսված է, որ եթե արարքը կամ իրավախախտումը չնչին է, ապա կարելի է պատասխանատվությունից ազատել անձին: Դատավորի հարցին, թե ինչ կհետևի նրան, որ դատապարտյալը չհանձնի, օրինակ, արգելված իր հանդիսացող զենք, կտրող-ծակող գործիք կամ թմրամիջոց, փաստաբան Ռևազյանը պատասխանեց, որ դրանք պահելը կարող է հանցագործություն գնահատվել, մինչդեռ հեռախոս պահելը հանցագործություն չէ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ բջջային հեռախոսների պատճառով, ասել է, թե հարազատների հետ կապը պահելու, չկտրելու համար, կարծես, պատժում են դատապարտյալներին, սակայն իրենք չեն առաջարկում այլընտրանք: Ըստ պաշտպանի` ՔԿՀ-ներում դեռ պատրաստ չեն օրինականացնել բջջային կապը, «բայց մյուս կողմից էլ այն կոռուպցիոն ռիսկի աղբյուր է, քանի որ քննության նյութ երբևէ չի դառնում, թե ինչպես են այդ հեռախոսները մտնում ՔԿՀ-ներ: Այս ամենի մասին Հելսինկյան կոմիտեի զեկույցում նշված է»,- նկատեց Ռոբերտ Ռևազյանը:  

Արթուր Մկրտչյանը նշեց, որ կցանկանար հաջորդ նիստին դատարանում տեսնել ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, որպեսզի վերջինը տեղեկանա՝ տույժի դեպքում անձին 5 տարով պայմանական ազատման չներկայացնելը որքան մեծ ժամկետ է, այն դեպքում, երբ դատապարտյալը 20 տարի խախտում չի ունեցել:

«Հետքի» հետ զրույցում Արթուր Մկրտչյանի մայրը նկատեց, որ փաստորեն որդուն պատժում են ընտանիքի հետ կապը չկտրելու համար:

Համածառայակիցների սպանության մեղադրանքով 1997-ին մահապատժի դատապարտված (2003-ից ցմահ ազատազրկում) Մկրտչյանը ներկայացրեց, որ անարդար դատավճիռն է պատճառը, որ ինքը 20 տարի բանտում է չկատարած հանցանքի համար:

ՔԿՀ ներկայացուցիչն և դատախազն իրենց կարծիքը կհայտնեն հաջորդ դատական նիստին՝ մարտի 10-ին:  

 

Մեկնաբանություններ (1)

աննա
խեղճ մարդ որ սրանց ձեռքն ես ընկել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter