HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերենը չմոռանալու միջոցը Չեխիայում. հայկական «Օրերը»

Հակոբ Ասատրյանը Չեխիայում 1999 թ.-ից լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիրն է, նաև «Կովկաս-Արևելյան Եվրոպա» լրատվական կենտրոնի տնօրենը: Կենտրոնը հիմնել է կնոջ՝ լրագրող Աննա Կարապետյանի հետ: Ամսագիրն էլ հրատարակվում է այդ կենտրոնի կողմից:

Հակոբը Չեխիայում հայտնվելու պատճառը համարում է շատ պարզ՝ ամուսնությունը (կինն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության նախկին լրագրող Աննա Կարապետյանն է, ով Մյունխենից տեղափոխվել էր Պրահա): Հակոբը «Ազգ» օրաթերթի լրագրողներից էր, կամ ինչպես ինքն է ասում, հիմնադիր-լրագրողներից, թղթակցում էր «Ազատություն» ռ/կ-ի ռուսական ծառայությանն ու «Նուվել դ՛Արմենի Մագազին»-ին: 1997 թ. տարեվերջից հաստատվել է Չեխիայում:

-97-ին Հայաստանի վիճակը վատ չէր, նույնիսկ կարելի է ասել ինչ-որ տեղ դեպի լավն էր գնում: Քաղաքական ընդհանուր իրավիճակից դժգոհ էի, դրա համար որոշեցի գալ: Մեր գրածը, մեր քննադատությունը տեղ չէր հասնում: Ում քննադատում էիր, ի պաշտոնե ավելի էր առաջ գնում: Երբ եկա, չափազանց գերհոգնած վիճակում էի: Երևանում սարսափելի զբաղված էի լինում՝ առավոտից գիշեր աշխատանքի մեջ էի: Եվ մտածեցի, որ ժամանակն է՝ մի քանի տարի տրամադրել ընտանիքի կազմավորմանը, նաև մթնոլորտը փոխել: Մենք մտադրություն չունեինք երկար մնալ այստեղ, մտածում էինք՝ առնվազն 4 տարի կմնանք:

-Եվ ո՞րն էր առաջին դժվարությունը:

-Առաջին դժվարությունն, իհարկե, նոր մթնոլորտն էր, լեզվի չիմացությունը, նաև աշխատանք չունենալը: Դե, ես մտածում էի՝ կաշխատեմ «Ազատություն» ռադիոկայանում. չնայած առաջին 2 տարին որպես ազատ լրագրող աշխատեցի ռուսական ծառայությունում, բայց հայկական ծառայությունում բացատրեցին, որ ամերիկյան օրենքներով ամուսինները մի տեղ պիտի չաշխատեն: Միգուցե դա էր պատճառներից մեկը, որ որոշեցի հայկական ամսագիր հրատարակել: Այդ ընթացքում ուսումնասիրել էի նաև Եվրոպայի հայկական մամուլն ու հասկացել, որ այստեղ հայերենով որևէ պարբերական չունենք, հատկապես, Հայաստանից գաղթած հայերի համար: Համայնքի երիտասարդներից երկուսն օգնեցին գրաֆիկական աշխատանքների հարցում, և այդպիսով՝ սկսեցինք հրատարակել ամսագիրը:

Լրագրությունը միայն բիզնես չէ, դու պիտի ապրես, 24 ժամ լինես լրագրության մեջ: Ինձ չեմ պատկերացնում առանց լրագրության, ասենք, լրագրութունը թողնեմ, բիզնեսով զբաղվեմ: Իհարկե, կյանքում ոչ մի բան չի բացառվում, բայց կոնկրետ այս պարագայում փորձեցինք լավագույնն անել, որպեսզի եվրոպահայության մամուլի կարիքները բավարարենք: Պարզ է, որ առանց մեծ ֆինանսական միջոցների դժվար է, բայց, ասեմ, որ անցած տարիներին Եվրոպայում մտավորականների որոշակի խավ է դրսևորվել, որը մեծ սիրով սպասում է ամսագրի համարներին: Իրենց կողմից ամեն մի քաջալերող խոսք մեզ ավելի է գոտեպնդում:

-Ինչո՞ւ «Օրեր»:

-Այդ հարցն առաջին անգամ տվել է Սիլվա Կապուտիկյանը (ժպտում է- հեղ.): «Օրերի» ընտրությունը շատ հետաքրքիր զուգադիպությամբ կապված է Արթուր Մեսչյանի երգի հետ: Այդ տարիներին Մեսչյանը մեզ համար կուռք էր: Տարբեր անուններ քննարկելուց հետո այդ երգն ու բառերը՝ «օրերը նենգ, օրերը բութ...». դա, կարծես, արտահայտում էր ժամանակաշրջանի ու հատկապես մեր խառնիխուռն օրերի ամբողջ ընթացքը: Հետագայում մտածում էինք, որ այն կդարձնենք «Եվրոպական օրեր» կամ «Եվրոպահայ օրեր», թեև մինչև հիմա կա այդ գաղափարը: Բայց երբ «օրեր» անվանեցինք, նկատի ունեինք ամբողջ հայության օրերը՝ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում:

-«Օրերի» դժվար օրերը ե՞րբ էին:

-2005-2007 թթ. ավելի ծանր էին մեզ համար, որովհետև որևէ ֆինանսական միջոցներ չկային, նաև օգտագործել ենք մեր անձնական միջոցները: 2002-2004 թթ. Չեխիայի մշակույթի նախարարությունն ինտեգրացիոն ծրագիր ուներ, որի միջոցով կարողանում էինք տպագրել ամսագիրը: Երբ Չեխիան դարձավ Եվրամիության անդամ, բոլոր ծրագրերը դադարեցվեցին: Դրանից հետո, փաստորեն, սկսվեցին փնտրտուքները, նույնիսկ մեր գործարարներից մեկի օգնությամբ անցանք շաբաթական թերթիկների հրատարակությանը մինչև ամսագրի հրատարակությունը:

Հետագայում համացանցի լայն տարածում գտնելը, կայքէջերի ստեղծումը ցույց տվեցին, որ տպագիր մամուլով արդեն անհնար էր պայքարել դրա դեմ: Եվ անհրաժեշտություն առաջացավ նաև կայքէջ բացելու: Կարողացանք ստեղծել հոգաբարձուների մի փոքր խորհուրդ, տարբեր ծրագրեր, նախագծեր մշակել՝ ապահովելով ամսագրի քիչ թե շատ բնականոն հրատարակությունը՝ երկամսյա կամ եռամսյա ընթացքով (նայած որ ամսին ինչ հնարավորություններ ենք ունեցել):

Եթե համեմատելու լինենք, հիմա քիչ թե շատ ավելի բարվոք վիճակում ենք, քան 10 տարի առաջ, բայց դա այն նաև վիճակը չէ, որ թույլ է տալիս զարգանալու: Զարգացման հնարավորություններ են պետք, որ ժամանակի թելարդրած պահանջներին զուգահեռ դիմանանք և մրցակցենք մյուս լրատվամիջոցների հետ (թեև յուրաքանչյուր լրատվամիջոց ունի իր լսարանը): Այս առումով հետաքրքիր էր, որ նախաձեռնեցի հատուկ համարների թողարկումը, որոնք մեծ արձագանք գտան:

-Եվ ո՞րն է հիմնական խնդիրը:

-Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ միջոցներ չունենք հոնորար վճարելու, չենք կարողանում մարդկանց ներգրավել: Այդ պատճառով ամբողջ ծանրաբեռնվածությունն ինձ ու կնոջս վրա է: Կինս ինձ օգնում է սրբագրման, խմբագրման աշխատանքներում: Բայց, իհարկե, բնականոն ընթացքի, հանգիստ աշխատելու համար մեզ անհրաժեշտ են գոնե մի քանի աշխատողներ: Երկրորդ խնդիրն այն է, որ երբ հայերը տեղափոխվեցին արտասահմանյան տարբեր երկրներ, այդ թվում՝ Չեխիա, շատերի մոտ, ինչպես մեր պարագայում, մշտապես մնալու նպատակ երբեք չի եղել: Մտածում էին, որ քիչ թե շատ կաշխատեն, Հայաստանի վիճակը կլավանա, և իրենք կվերադառնան Հայաստան: Իրենք չեն մտածել հիմնովին մնալու, դպրոց, եկեղեցի կառուցելու մասին, հիմնական հարցեր են լուծել՝ երեխաներին կրթություն տալ, ընտանիքը պահել:

-Այդ իմաստով Չեխիայի հայկական համայնքը տարբերվում է. այն ձևավորվել է 90-կաններին Հայաստանից գաղթած հայերի միջոցով:

-Դասական համայնք երբեք չի եղել Չեխիայում: Եվ ինձ թվում է, որ երկրորդ, երրորդ սերնդի մոտ նոր կառաջանա սփյուռքահայ լինելու զգացումը: Օրինակ՝ իմ զավակների մոտ սփյուռքահայ լինելու զգացում արդեն կա: Իրենք Հայաստանը շատ են սիրում, գնում են այնտեղ, ամեն ինչով Հայաստանի մեջ են, բայց իբրև այստեղ ծնված, հասակ առած երեխաներ՝ իրենց զգում են եվրոպահայ: Այդպես էլ ասում են, և դու չես կարող իրենց ասել՝ դուք հայաստանցիներ եք:

-Ասացիք՝ շատերը չէին մտածում մշտապես մնալու մասին: Նաև նշեցիք, որ մտածում էին, երբ վիճակը լավանա Հայաստանում, կվերադառնան: Տպավորություն է, որ մի խումբ թողնում-գնում է Հայաստանից՝ բողոքելով վատ վիճակից, և հույսը, փաստորեն, կապում է այն մի խումբ մարդկանց հետ, որ պետք է փորձի հաղթահարել դժվարությունները, որպեսզի գնացածները վերադառնան: Ինչո՞ւ են գնում Հայաստանից, ինչի՞ն չեն դիմանում:

-Երբ հարցազրույցներ եմ վարում եվրոպական հայկական տարբեր համայնքներում, բոլորի թիվ մեկ պատճառաբանությունը, հատկապես, 90-ականների սկզբներին եկածների, անլույս, մութ տարիներն էին: Նրանք ասում են, որ պարտավոր էին ինչ-որ ձևով պահել իրենց երեխաներին, այլապես կմեռնեին, և ժամանակավոր ընտրել են այս ճանապարհը: Ես հասկանում եմ իրենց վիճակը, հազվադեպ մարդիկ, որ չեն դիմացել, հետ են գնացել կամ տեղափոխվել են այլ եվրոպական երկրներ՝ Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա և այլն: Այլապես եթե Չեխիա եկածները բոլորը մնային, հիմա կարող էր թիվը 12.000-ի, նույնիսկ 20.000-ի հասնել:

-Հաճախ եք գալիս Հայաստան, փոփոխություններ նկատո՞ւմ եք:

-Փոփոխություններ նկատում էի 2005-2008 թթ.-ին: Դա նաև զգում էի իմ շրջապատի միջոցով: Այդ տարիներին աշխատող մարդը կարողանում էր ապրել, ճգնաժամային վիճակը չէր զգում, բայց 2008-ի հայտնի դեպքերից հետո, իշխանության անցումից հետո վիճակը տարեցտարի վատացավ: Երևանի օրինակը չեմ բերում, որովհետև դա ամբողջ Հայաստանը չէ: Վանաձորի օրինակը նշեմ. եթե մինչև 2008-ը Վանաձորի գոնե կենտրոնական փողոցներում բաց սրճարաններ էիր տեսնում, ամեն քայլափոխի գումարի փոխանակման կետեր կային (դա նշանակում էր, որ գումար էր մտնում քաղաք), արտասահմանյան ընկերությունների խանութներ էին բացել, ուրախանում էի, որ իմ հայրենի քաղաքը զարթոնք է ապրում, ապա վերջին 3-4 տարիներին քաղաքը, կարծես, մեռած լինի: Երեկոյան 7-ից հետո մարդ չկա փողոցներում, այն մի քանի սրճարաններն էլ, որոնք աշխատում էին, փակվել են: Արտահոսքը մեծ թափերով ակտիվացել է, որովհետև մարդիկ աշխատանք չունեն:

-Եվ այդ ամեն ինչը տեսնելով կամ զգալով՝ կվերադառնա՞ք Հայաստան:

-Ճիշտն ասած, մենք երբեք չենք զգացել, որ Հայաստանից կտրված ենք կամ դուրս ենք եկել, որովհետև մասնագիտության բերմամբ 24 ժամ հետևում ենք հայաստանյան նորություններին, և երբեմն թվում է, թե ապրում ենք Հայաստանում, այլ ոչ թե Չեխիայում: Լրատվական հոսքը մեզ չի թողնում կտրվել իրականությունից: Եվ դա ինչ-որ տեղ պատճառներից մեկն է, որ շատ օտարացած կամ կտրված չենք զգում մեզ, մանավանդ որ տարին առնվազն մեկ անգամ գնում ենք Հայաստան:

-Ինչո՞ւ Չեխիայում բնակվող հայը պիտի գնի «Օրերը» կամ առնվազն հետաքրքվի, եթե համացանցը մեծ գործառույթներ է ստանձնել: Այս հարցի մասին մտածե՞լ եք:

-Կարևոր հարց եք տալիս, որովհետև այդ հարցի շուրջ բավականին մտածումներ են եղել: Կուզեի պատասխանել մի դեպքի մեջբերումով: Մի անգամ Չեխիայի քաղաքներից մեկից բաժանորդ է զանգահարում ինձ, ասում է, թե կներեք, մի խնդրանք ունեմ՝ մենք էլ չենք ուզում բաժանորդագրվել ամսագրին: Հարցրեցի՝ տեղափոխվո՞ւմ է, ֆինանսական ծանր վիճակի մե՞ջ է, ասաց՝ չէ, հայկական հեռուստատեսություն ենք նայում, ստացած լրատվությունը բավարար է: Ես էլ ասացի, որ ամսագիրը միայն լրատվություն չէ, դա նաև կարդալու, հայերենը չմոռանալու միջոց է, և պարտադիր է, որ ամեն ամիս կամ երկու ամիսը մեկ քո տուն մտնի հայերեն հրատարակություն, որպեսզի ստիպված լինես բացել, կարդալ, առավել ևս քո երեխաները: Սա իմ պատասխանն է հարցին:

-Եվ կարողացա՞ք համոզել այդ բաժանորդին:

-Ասացի՝ եթե խնդիր է, անվճար կարող եմ ուղարկել: Մի որոշ ժամանակ ուղարկեցի, բայց հետո հասցեն փոխվել էր, և ամսագիրը հետ եկավ: Ի դեպ, այստեղ շատ են փոխում հասցեները: Ասենք, կարող է մի քանի տարի ուղարկես և մեկ էլ տեսնես, որ ամսագիրը հետ է գալիս, ու այլևս կապի միջոց չես ունենում նոր հասցեն ճշտելու: Դրա համար շատ մեծ աշխատանք պետք է տարվի հայության հետ:

Մինչ օրս միակ ոգևորող բանն ինձ համար այն է, որ շատ փորձառու, պրոֆեսիոնալ մարդիկ կարող են նամակ գրել, ասել, որ ստացել են հեթական համարը և շատ հետաքրքիր է իրենց համար՝ Հասմիկ Պապյանից սկսած մինչև Ալեքսանդր Թոփչյան: Դա ցույց է տալիս, որ քո աշխատանքն իզուր չէ, որ ազդեցություն, այնուամենայնիվ, ունենում է: Եթե թերթենք «Օրերի» անցած համարները, կտեսնենք, որ ըստ էության, այն նաև եվրոպահայության մտավորականության պատմությունն է՝ մեր հաջողությունները, անհաջողությունները, Հայաստանում հազվադեպ գրանցված հաջողությունները:

-Ու ի՞նչ եք մտածում Հայաստանի ապագայի մասին:

-Հայաստանին պետք է մեծ փոփոխություն և ցանկություն այդ փոփոխոթյունն իրականացնելու: Նման պարագայում հնարավոր է Հայաստանը մեկ տարվա մեջ ոտքի կանգնի: Չեմ հավատում ճառերին, ելույթներին, պետք է ցույց տան, որ փոփոխություն են ցանկանում անել: Եվ երբ կդադարի արտագաղթը երկրից, մարդիկ իրենց ճնշված չեն զգա, իրավունքները պաշտպանված կլինեն, վաղվա օրվա հանդեպ վստահություն կունենան, այդ օրը Հայաստանը կսկսի զարգանալ: Նույնիսկ կառավարության անդամներն են խոստովանում, որ մարդկանց մոտ վտսահություն չկա: Միայն ես չեմ ասում: Մենք շատ աշխատասեր, հայրենասեր, նվիրված, խելացի ժողովուրդ ենք: Եվրոպայում շրջելիս կտեսնեք, որ ամենուրեք մեր երիտասարդությունն ամենակրթված, ամենազարգացածն է: Հպարտանում եմ, որ նման հարստություն ունենք, որն ինչ-որ տեղ ճիշտ ու նպատակային չի օգտագործվում: 

Պրահա-Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter