
Բերքաբերի գյուղապետն հիմա է հասկացել հերոս բառի իմաստը
57-ամյա Էմմա տատն ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերում: Ասում է, որ գյուղում մեծից փոքր՝ հնչող կրակոցի ձայնից հասկանում են, թե հակառակորդն ինչ զինատեսակից է կրակում: «Կրակոցները մեր համար սովորական բան են դարձել»,- ասում է Էմմա տատը:
Ադրբեջանական գյուղերի հարևանությամբ ապրող բերքաբերցիների համար ամեն օր հնչող կրակոցները դարձել են առօրյայի մի մասը: Հակառակորդի դիրքերը գյուղից 500 մետր հեռավորության վրա են գտնվում:
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի խոսքով՝ գյուղի բնակիչներն իսկական հերոսներ են. «Էն ժամանակ որ սովորում էի հերոս բառը, ուրիշ ձև էի ընկալում, իսկ հիմա էտ բառի իրական իմաստը հասկանում եմ: Մեր գյուղի բնակիչներն իսկական հերոսներ են: Օր չկա, որ կրակոց չհնչի, տեղ չկա, որ կրակոցից վնասված չլինի»,- ասում է գյուղապետն ու մատնացույց անում տների վնասված պատերն ու տանիքները, - դրա համար եմ ասում, որ շուտ գնաք ու չլսեք կրակոցների ձայները»:
Գյուղը 430 բնակիչ ունի, դպրոցում սովորում է 35 աշակերտ: Առաջին դասարանցիները երեքն են, իսկ որոշ դասարաններում աշակերտներ չկան: Դասերից հետո երեխաների առօրյան սահմանափակվում է բակային խաղերով, եթե կրակոցներ չեն հնչում:
Մշակույթի տունը չի գործում: Ըստ համայնքի ղեկավարի՝ գյուղապետարանի առաջին հարկը համարվում է մշակույթի տուն, սակայն չունի անհրաժեշտ գույք: Բնակիչներն էլ ասում են, որ այսպես կոչված մշակույթի տանը կա՛մ հոգեհաց են տալիս , կա՛մ հարսանեկան արարողություններ անցկացնում: Սակայն, դրանք էլ ուշ-ուշ են լինում: «Քառասուն ազաբ տղա ունենք։ Աղջիկները քիչ են, նրանք էլ գնում են սովորելու ու հետ չեն գալիս, իսկ էստեղ ուրիշ տեղերից ո՞վ հարս կգա»,- ասում է տիկին Սոնան:
Բերքաբերի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ, սակայն հողատարածքների մեծ մասը մնացել է սահմանից այն կողմ՝ Ջողազ ջրամբարի ափին: Ցավով են պատմում, որ առատ բերքի պատճառով իրենց գյուղը կոչել են Բերքաբեր, ժամանակին էլ եղել է Հայաստանի ամենահարուստ գյուղերից մեկը, իսկ հիմա բավարարվում են տնամերձ հողատարածքների մշակմամբ, բայց դա էլ կախված է թշնամուց: Հակառակորդի կրակոցները հաճախ թույլ չեն տալիս այգիներում աշխատել:
Տիկին Սոնանային հանդիպել էինք գյուղամիջում: Մյուս համագյուղացիների պես նա էլ ամեն օր գյուղի միակ աղբյուրից խմելու ջուր է տանում: Գյուղապետի ու մյուս բնակիչների ցանկությունը տանը խմելու ջուր ունենալն է:
Տիկին Սոնան 35 տարի առաջ է Բերքաբեր հարս եկել: Ապրում է ամուսնու հետ: Ինչպես գյուղում շատերի զավակները, այնպես էլ տիկին Սոնայի երկու որդիները հեռացել են գյուղից. մեկը Երեւանում է, մյուսը՝ Մոսկվայում: «Աշխատանք չունենալու պատճառով ստիպված ընտանիքների հետ լքել են գյուղը՝ վերադառնալու ակնկալիքով: Չէին ուզում գնալ, բայց ստիպված էին: Եթե աշխատանք լիներ, ոչ ոք չէր գնա գյուղից: Իմ տարիների աշխատանքը էստեղ ա, ես կուզե՞մ գնամ»:
Քրիստինա Իգիթյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանել