HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկնաբույծների բիզնեսը՝ դժվարությունների առաջ. սնանկացած «Յունիֆիշ»-ի գույքը չեն գնում

Հայաստանում ամենախոշորը համարվող ձկնաբուծական «Յունիֆիշ» ընկերության գույքի իրական գնորդներ դեռևս չկան: «Յունիֆիշ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց  գրավադրված գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:

Սնանկացման գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Յունիֆիշի» պարտքերը ընկերության ունեցած գույքից ավելի են: «Յունիֆիշ» ՍՊԸ-ի պարտավորությունները հասնում են 17 մլն դոլարի:

Ընկերությանը վարկ է տրամադրել «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ-Բանկ»-ը, որն էլ սնանկության հայցով դիմել է դատարան: Բանկը հայտնել է, որ վարկային պայմանագրերով սահմանված պարտավորության չվճարված գումարը 2015 թվականի հունիսի դրությամբ կազմում է 6,5 մլն եվրո և 5,1 մլն դոլար:

«Յունիֆիշի» հարստությունը. 650 հատ ջրավազան, 53 հատ հորատանցք և այլն

«Յունիֆիշի» գույքը նույնպես մեծ է: Աճուրդի է հանվել ձկնաբուծական 5 տնտեսություն, որոնք գտնվում են Արարատի մարզի Ռանչպար և Սայաթ-Նովա համայնքներում` բաղկացած շենք-շինություններից, շարժական գույքից, տրանսպորտային միջոցներից, 650 հատ ջրավազաններից, 53 հատ հորատված ջրհորներից: Ընդհանուրի մեկնարկային գինը եղել է ավելի քան 6 մլրդ դրամ:

Աճուրդի է հանված նաև ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի կնոջ՝ Սուսաննա Սիմոնյանի անվամբ հաշվառված, գրավի առարկա հանդիսացող՝ Երևանի Բաբայան փողոցի 37 հասցեում գտնվող 825,9 քմ բնակելի տունը և 1.000 քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասը: Մեկնարկային գինը՝ 406,7 մլն դրամ:

Ձկնային պաշարները նույնպես աճուրդի առարկա են: Արարատի մարզի Ռանչպար և Սայաթ-Նովա համայնքներում գտնվող 5 ձկնաբուծական տնտեսություններում բուծվող կենդանի ձկների պաշարները՝ մայրաձուկ, ենթամայրեր, ապրանքային ձկներ և մանրաձուկ, տեսակները՝ Սիբիրական թառափ, Ռուսական թառափ, Ռուսական և Սիբիրական թառափի հիբրիդ, Ռուսական և Լենսկի թառափի հիբրիդ, Լենսկի-Բելուգա թառափի հիբրիդներ, Սևրյուգա, Սիգ, Կարմրախայտ և Իշխան, ընդհանուր քաշը 22.01.2016թ. դրությամբ կազմում է մոտավորապես՝ 694 864 կգ: Քանի որ ձկները կերակրվում են, միաժամանակ տեղի է ունենում բնական կորուստներ, ինչպես նաև դատարանի որոշմամբ ուղղակի վաճառքով վաճառվում են որոշակի ձկներ, քաշի և քանակի վերաբերյալ տեղի են ունենում փոփոխություններ: Ընդհանուրի մեկնարկային գինը կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ: Հարութ Ղարիբյանն ասում է, որ յուրաքանչյուր աճուրդից առաջ ձկները վերստին գնահատվում են:
Աճուրդի է հանված նաև «Յունիֆիշի» շարժական գույքը, 2010 թվականի արտադրության մեքենաներ՝ «MITSUBISHI CATER» 2.5D մակնիշի, 052 LU 27 պետ համարանիշի (մեկնարկային գինը՝ 3.8 մլն դրամ),  «MITSUBISHI CATER» 3.9D մակնիշի, 057 LU 27 պետ համարանիշի (մեկնարկային գինը՝ 8.5 մլն դրամ է), «MITSUBISHI FUSO» մակնիշի, 029 LU 27 պետ համարանիշի (մեկնարկային գինը՝ 6.200.000 դրամ): Այս բոլոր մեքենաները գրավի առարկա են ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում:

Հարութ Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են մեքենաները գրավադրված «Քեթրին գրուպ»-ում: Վերջինս նշեց, որ մեքենաներն ի սկզբանե վարկային այլ կազմակերպությունում էին գրավադրված, և «Քեթրին գրուպն» այնտեղ հանդես է եկել որպես երաշխավոր: Սակայն ժամկետները լրանալուց հետո «Քեթրին գրուպը» վճարել է ողջ պարտքը, և մեքենաներն այժմ անցել են իր տիրապետության տակ:

Աճուրդի հանված անշարժ և շարժական գույքի արժեքները գումարելով՝ ստացվում է շուրջ 8,2 մլրդ դրամ (շուրջ 17 մլն դոլար): Հիշեցնենք՝ այդքան էլ ընկերության պարտավորություններն էին: Սակայն, քանի որ աճուրդները չեն կայանում, և հայտեր չեն լինում, գնային փոփոխություն է տեղի ունենում, և գույքն էժանանում է: Ըստ երևույթին, հավակնորդները հենց դրան էլ սպասում են:

Սնանկացել է ոչ միայն «Յունիֆիշը»

Բացի «Յունիֆիշ» ՍՊԸ-ից, գործում էր նաև 2011թ. հիմնադրված «Յունիֆիշ Էքսպորտ» ՍՊԸ-ն, որը զբաղվում էր արտահանումներով:  «Յունիֆիշ Էքսպորտ»-ը նույնպես սնանկ է ճանաչվել: «Յունիֆիշ Էքսպորտ»-ի վարկային պարտավորության չվճարված գումարը 2015թ. հունիսի դրությամբ կազմել է 1.7 մլն դոլար:

Բացի դրանից՝ 290 հազար դոլար պարտավորություն էլ ընկերությունն ունի «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի նկատմամբ, 6 մլն դրամ՝ «ԱԿԲԱ Լիզինգ»-ի, 264 մլն դրամ՝ «Սպայկա» ընկերությանը, 565 հազար դոլար՝ «Թաուերբելլ Քորփ»-ին և այլ ընկերությունների ու անձանց:  

«Յունիֆիշ» ՍՊԸ-ի բաժնետերերին «Հետքն» արդեն անդրադարձել է: Հիշեցնենք՝ ընկերությունը հիմնադրել էր այն ղեկավարող Արմեն Մկրտչյանը, սակայն 2014-ին այն տրվել է օֆշորային Սեյշելյան կղզիներում գրանցված « ԷՄ-ԴԻ ՔԵՓԻԹԱԼ ՀՈԼԴԻՆԳՍ» ընկերությանը:

«Յունիֆիշ Էքսպորտ»-ի բաժնետերն էլ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գրանցված հայազգի Տիգրան Կորյունի Ղազարյանն է:

Հարութ Ղարիբյանի խոսքով, «Յունիֆիշի» սնանկացումը կապված էր ռուսական ռուբլու արժեզրկման հետ, սակայն թե որքան վնաս է կրել «Յունիֆիշը» ռուբլու արժեզրկումից, հաշվարկված չէ: Ընկերության սեփականատեր և ղեկավար անձինք հանրապետությունից հեռացել են:

Բնապահպանության նախարարությունը սպառնում է ձկնաբույծներին

«Յունիֆիշ»-ի տնտեսություն այցելել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ: 2008-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանը, 2011-ին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ձկնաբույծների միության նախկին նախագահ, «Ակվատեխավտոմատիկա» ընկերության սեփականատեր Արկադի Գեւորգյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունների գործերն իրապես լավ չեն: Արտահանումների մասով Ռուսաստանի հետ կապված բարդությունները խորանում են, քանի որ գնորդն այնտեղ միջին խավն էր, իսկ միջին խավը աղքատացել է ռուբլու արժեզրկմանը զուգընթաց: Դրա հետ կապված՝ ճգնաժամը գնալով խորանում է, տարեցտարի Հայաստանից ձկան արտահանման ծավալները նվազում են: Արկադի Գևորգյանի կարծիքով՝ դա կապված է ինչպես Ռուսաստանի շուկայի վատթարացման, այնպես էլ տնտեսաիրավական դաշտին. այն խոչընդոտները և խնդիրները, որոնք կային ոլորտում, մնում են:

Մյուս կողմից, Գևորգյանի խոսքով, բնապահպանության նախարարությունը ձկնաբույծներին անընդհատ լարված վիճակում է պահում՝ չբավարարվելով ջրի գինը 10 անգամ թանկացնելով, անընդհատ սպառնում է, որ ջրի հասանելիք ծավալները 70 տոկոսով կկրճատի կամ ընդհանրապես կփակի տնտեսության հորերը:

«Անհրաժեշտ է ձկնաբուծության մասին օրենք ընդունել, որը կկարգավորի ձկնաբույծների հարաբերությունները հողային, ջրային կադաստրի, բնապահպանների և այլ վարչական մարմինների հետ, որը մինչ օրս մշակված չէ»,- ասում է Ա. Գևորգյանը: 

Անդրադառնալով ձկնաբուծական խոշոր՝ «Յունիֆիշ» ընկերության սնանկացմանը, Արկադի Գևորգյանը կարծիք է հայտնում, որ «Յունիֆիշը», ըստ երևույթին, խճճել էր իր գործերը, և այդ պատճառով վիճակը հետզհետե վատթարացել է: Տարադրամի տատանումները և ռուբլու արժեզրկումը, ըստ Արկադի Գևորգյանի, վերջին հարվածն էր, որ հասցվեց «Յունիֆիշին»: «Ըստ երևույթին, պարտավորությունները, որ ինքն ուներ, չէր կարող սպասարկել՝ այդքան շուկա չուներ, և իր հնարավորություններին անհամաչափ պարտավորությունները մեծացնում էր»,-նշում է Արկադի Գևորգյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter