HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքա՞ն հարկ է վճարում արտոնություն ստացած «Յուքոմը»

Հայաստանի կառավարությունը մարտի 3-ին հաստատեց հեռահաղորդակցության ոլորտում գործող «Յուքոմ» (Ucom) ընկերության վերաբերյալ նախագիծը։ «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ»-ը նախատեսում է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց և հզորացնել առկա 2G/3G ցանցը, բացել նոր աշխատատեղեր։ Այդ ամենի արժեքը կազմելու է 17 մլրդ դրամ, իսկ դրա ներկրման ԱԱՀ-ն՝ մոտ 3,5 մլրդ դրամ։ Հենց այդ 3,5 մլրդ դրամի վճարումը հետաձգելու մասին է խոսքը։

Այս որոշումն արժանացավ հակասական տեսակետների։ Դրա դեմ արտահայտվողները հիմնականում նշում են, որ «Յուքոմ»-ը չուներ այդ արտոնությունների կարիքը, քանի որ չի գտնվում ֆինանսական բարդ վիճակում, ինչի մասին վկայում է այս ընկերության կողմից նախորդ տարի «Օրանժ Արմենիա»-ն գնելու փաստը։ Բացի այդ, «Յուքոմ»-ին արտոնություններ տալով՝ Կառավարությունը անհավասար մրցակցային իրավիճակ է ստեղծում հեռահաղորդակցության դաշտում, քանի որ փաստացի այս ընկերությանը մրցակցային արտոնյալ պայմաններ է տալիս։  Այս ընկերությունը փոխկապակցված է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, ինչը, ըստ որոշ տեսակետների, մեծ դեր է ունեցել այս որոշման հարցում։

Այս առիթով որոշեցինք ներկայացնել, թե որքան հարկ է վճարում «Յուքոմ» ընկերությունը ՀՀ պետբյուջե, և ինչ դիրք ունի երկրի խոշոր հարկատուների շարքում։ Այդ ցուցանիշները ևս պատկերացում են տալիս, թե ֆինանսական ինչ վիճակում է նշված ընկերությունը։

Այսպիսով, ամենաթարմ տվյալներով՝ 2015 թվականին, ըստ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների, «Յուքոմ»-ը վճարել է  մոտ 1,61 մլրդ դրամի հարկ, որից 1,21 մլրդ դրամն ուղղակի հարկերն են (այդ թվում՝ շահութահարկ, եկամտային հարկ), իսկ ավելի քան 340 մլն դրամը՝ անուղղակի հարկերը (այդ թվում՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)։ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը։ Մեկ տարում հարկերի ծավալը նվազել է մոտ 680 մլն դրամով։ Ընդ որում՝ նվազել են և՛ ուղղակի (90 մլն դրամով) և՛ անուղղակի հարկերը (ավելի քան 270 մլն դրամով)։ Իսկ այլ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները նվազել են 316 մլն դրամով։ Արդյունքում, մեկ տարում ընկերությունը նահանջել է 22 հորիզոնականով։

Վերջին 5 տարում «Յուքոմ»-ն ամենամեծ չափի հարկերը վճարել է 2014 թվականին։

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։

Եթե հետաքրքիր է, թե որքան հարկ են վճարում «Յուքոմի» մրցակիցներ «Արմենտել»-ը (ապրանքանիշը՝ Beeline), «Ղ-Տելեկոմ»-ը (ապրանքանիշը՝ Vivacell), կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter