HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դաշնակցական մարզպետին օգնելու նպատակով դաշնակցական նախարարը պատրաստվում է ամեն ամիս այցելել Շիրակի մարզ

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին մարզպետարանի աշխատակիցներին այսօր ներկայացրեց Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը: Ինչպես նկատեց նախարարը, կարծես թե ներկայացնելու շատ բան չունի ինքը, քանի որ Հովսեփ Սիմոնյանին բոլորն են ճանաչում, կարելի է ասել՝ մարզպետարանի հնաբնակ պաշտոնյաներից է եւ գրեթե 15 տարի աշխատել է այս համակարգում:

ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալից մինչեւ մարզի ղեկավարի պաշտոն հասած Հովսեփ Սիմոնյանը եւս կարճ խոսեց՝ նշելով, որ կգերադասեր խոստումներ չտալ, այլ առաջիկայում ներկայանալ կատարած աշխատանքով: Կադրային փոփոխությունների մասին  հստակ ձեւակերպումներ չհնչեցին: Թեպետ նախարար Լոքյանն ակնարկեց, որ չաշխատելու, նորմալ չպահելու դեպքում կլինեն փոփոխություններ, որին ինքն անձամբ հետամուտ կլինի: Թե ինչ նկատի ուներ տարածքային նախարարը՝ շեշտելով «նորմալ չպահելու» հանգամանքը՝ չհստակեցվեց, սակայն նախազգուշացումն արդեն հնչել էր: Նախարարը խոստացավ  ամիսը մեկ անգամ այցելել մարզ եւ տեղում հետամուտ լինել ծագած խնդիրներին:

Նշենք, որ մարզպետարանների ստեղծումից ի վեր եւ դրանց գործունեության 20 տարիների ընթացքում Շիրակի մարզում պաշտոնավարել է 6 մարզպետ: Առաջին մարզպետը Արարատ Գոմցյանն էր, որը պաշտոնավարեց 1996-98թթ.: Նրան գյումրեցիները կնքել էին «շոումեն» մականունով: Նրան փոխարինեց Ֆելիքս Փիրումյանը, ով իր ղեկավարման 4 տարիների ընթացքում (1999-2003թթ.) այդպես էլ չընդունվեց շիրակցիների ու հատկապես գյումրեցիների կողմից: Այնուհետեւ մարզը հանձնվեց ՀՅԴ-ին եւ մարզպետ նշանակվեց Ռոմիկ Մանուկյանը, ով ղեկավարեց մարզը 2003-2007թթ.: Նրա ղեկավարման տարիներն առավել հայտնի են մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի եւ դպրոցների տնօրենների մասսայական դաշնակցականացման գործընթացով:

Լիդա Նանյանը եկավ փոխարինելու դաշնակցական մարզպետին եւ մարզը ղեկավարեց 2007-2010թթ.: Նրա ղեկավարման տարիներին հնարավոր եղավ հասնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշների: Աշոտ Գիզիրյանը Շիրակի մարզը ղեկավարեց 2010-2013թթ., իսկ Ֆելիքս Ցոլակյանը՝ 2013-2016թթ.: Եթե պարոն Գիզիրյանը գյումրեցիների հիշողության մեջ մնաց որպես կամային, հետեւողական, պահանջկոտ ղեկավար, ապա Ֆելիքս Ցոլակյանին շիրակցիներն ընդունեցին առավելապես իր մարդամոտ, շփվող բնավորության, որպես պաշտոնյա ցանկացած պահի հասանելի լինելու եւ խնդիրներին արագ արձագանքելու շնորհիվ:

Մարզպետների հերթափոխության առումով Շիրակի մարզը հանրապետությունում առաջատարն է: Հովսեփ Սիմոնյանը 7-րդ մարզպետն է: Թե որքան կղեկավարի նորանշանակ մարզպետը՝ դեռ վաղ է գուշակություններ անել: Ամեն դեպքում, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովսեփ Սիմոնյանը նկատել է, որ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն անժամկետ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter