HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Հայաստանի ապօրինի և օրինական աղբավայրերը. Գեղարքունիք

Գեղարքունիքի մարզ մեր այցելության ժամանակ ձյունը ծածկել էր ամեն ինչ: Սկզբում հուսահատվել էինք, որ աղբանոցներ չենք գտնի ձյան հաստ շերտի տակ, բայց մարզի բնակիչների օգնությամբ կարողացանք գրանցել 14 մեծ և փոքր աղբավայրեր, որոնցից 5-ն օրինական են, 9-ը՝ ապօրինի, իսկ մի քանի աղբավայր չկարողացանք հասնել, քանի որ ձյունը փակել էր ճանապարհը: Դեռևս կվերադառնանք Գեղարքունիք՝ նկարահանելու Սևանա լճի շրջակայքում գոյացող աղբը:

Սևանից դեպի Վարդենիս տանող ճանապարհի եզրերին են հիմնականում տեղակայված մարզի բնակավայրերը՝ Գավառը, Մարտունին և նրանց շրջակա գյուղերը: Սևանի շրջանն ամենալավն է կազմակերպում աղբահանությունը՝ համեմատած մյուսների: Որքան ճանապարհը խորանում է դեպի Վարդենիս, այդքան ավելանում են ինքնուրույն գոյացած աղբանոցները:

Ստորև ծանոթացեք Գեղարքունիքի քարտեզին, որում տեղակայել ենք մեզ հանդիպած օրինական հատկացված աղբավայրերն ու ապօրինի գոյացած աղբանոցները:

Սևանի քաղաքային համայնքի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, գլխավոր ֆինանսիստ Էդիկ Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Սևան քաղաքի կոմունալ սպասարկումն իրականացնում է «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ): Քաղաքապետարանը տարեկան 45 մլն դրամ է հատկացնում աղբահանության և սանմաքրման աշխատանքներին, իսկ կենցաղային աղբահավաքման համար բնակչությունից է գանձնվում գումարը. շունչը՝ 200 դրամ: Սևանի և շրջակա գյուղերի պաշտոնապես հատկացված աղբավայրը Չկալովկա գյուղի մոտ է:

Չնայած դրան՝ Լճաշեն գյուղի մոտ՝ բենզալցակայանի տարածքում, կարելի է նկատել պլաստմասե շշերից և սուրճի մեկանգամյա օգտագործման բաժակներից գոյացած աղբանոցը: Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը «Հետքին» հայտնեց, որ իրենք նույնպես պայմանագիր ունեն «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ, որը ձմռանը շաբաթական մեկ, իսկ ամռանը՝ երկու անգամ իրականացնում է աղբահանությունը: Ըստ գյուղապետի՝ մեկ երթի համար համայնքապետարանը վճարում է 25000-35000 դրամ:

Սևանի շրջանի Գեղամավան գյուղում կենցաղային աղբի թափոններ չնկատեցինք: Տեղացիներն ասում էին, որ ձյունն ամեն ինչ ծածկել է: Միայն գյուղի ճանապարհի մի հատվածում՝ մետաղի ընդունման կետի մոտ, մեծ քանակությամբ մետաղյա թափոններ կային: Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը տեղեկացրեց, որ աղբահանության համար վճարում են ամսական 60 հազար դրամ:

Ծաղկունք գյուղում նույնպես ապօրինի թափված աղբ չնկատեցինք. ճանապարհի եզրին աղբամաններ կային տեղադրված, որոնք պարբերաբար դատարկվում էին: Գյուղապետ Պետիկ Աղաջանյանի տեղեկացմամբ՝ իրենց համայնքը նույնպես պայմանագիր ունի «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ, որին ամսական վճարում է 60 հազար դրամ՝ աղբահանությունը կազմակերպելու համար:

Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում էլ աղբամաններ կային տեղադրված, ապօրինի թափված աղբ չհանդիպեցինք գյուղում: Գյուղապետ Ավետիս Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը շաբաթական մեկ անգամ տանում է գյուղի աղբը՝ մեկ երթի համար վճարվելով 30 հազար դրամ:

Աղբահանության վերաբերյալ խնդիրներին անդրադառնալիս՝ համայնքապետերը հիմնականում բողոքում են, որ միջոցներ չունեն, հազիվ են հասցնում աշխատավարձեր ու աղբահանության տեխնիկայի վարձակալության գումարը վճարել:

Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը կարծում է, որ բողոքելով խնդիրները չեն լուծվում, պետք է աշխատել. «Պետությունը բոլոր գյուղապետարաններին էլ հավասար դոտացիա է տալիս: Ամեն անգամ նստենք լացենք, մեր գյուղն ո՞վ է պահելու՝ մեզանից բացի: Գյուղապետը միայն նրա համար չի, որ գա նստի սեղանի մոտ, գնա տուն: Եթե ժողովուրդը վստահի իր գյուղապետին, իր հարկերը ժամանակին կվճարի, դու էլ ծախսերը կհոգաս»,- ասում է Ավետիս Ավետիսյանը:

«Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ն էլ իրականացնում է Գավառի կոմունալ ծառայությունները: Ինչպես նշված է քաղաքապետարանի կայքում՝ այն գործում է 2009 թվականի փետրվար ամսից՝ Գավառ համայնքի ավագանու որոշմամբ: ՀՈԱԿ-ն ունի 4 աղբատար, 3 բեռնատար, 1 կամազ, 2 զիլ 1 ավտոաշտարակ, 1 ջրցան, 1 ավտոաշտարակ ավտոմեքենաներ և 4 տրակտորներ:

Աղբահանությունն իրականացնելու համար համայնքի տարածքը բաժանված է 6 երթուղիների, որոնցից յուրաքանչյուրը, համաձայն նախօրոք կազմված և հաստատված գրաֆիկի, սպասարկվում է պատասխանատու աղբատար ավտոմեքենայի վարորդի և բանվորների կողմից: Համայնքի աղբահեռացումն իրականացվում է աղբարկղերի միջոցով, որոնք տեղադրված են  փողոցներում, բնակելի շենքերի հարևանությամբ, հասարարկական վայրերում, ինչպես նաև պետական հիմնարկների տարածքներում:

Գավառի պաշտոնապես հատկացված աղբավայրը գտնվում է Հայրավանք գյուղի մոտ՝ քաղաքից մոտ 7.5 կմ հեռավորության վրա: Գավառի քաղաքապետարանը 84 մլն 69 հազար 600 դրամ է հատկացնում աղբահանությանը, որից 63 մլն 69 հազար 600-ը տրամադրվում է վարչական, իսկ 21 մլն-ը՝ ֆոնդային բյուջեից:

Ինչպես նշված է քաղաքապետարանի կայքում՝ յուրաքանչյուր երթուղու պատասխանատու խումբը, մինչև աղբահանության իրականացումը, առավոտյան 3-4 ժամ զբաղվում է քաղաքի սանմաքրման աշխատանքներով, այնուհետև՝ կատարում աղբահեռացման աշխատանքներ և իրականացնում օրական 1 կամ 2 երթուղի ՝ դեպի աղբավայր:

Աղբարկղերի դատարկման հաճախականությունը բազմաբնակարան շենքերում կատարվում է ամեն օր, իսկ մասնավոր սեկտորում՝ 2 օրը մեկ անգամ: Ըստ քաղաքապետարանի՝ օրական աղբավայր է տեղափոխվում շուրջ 15 տոննա աղբ: Գավառ քաղաքը 2012 և 2014 թվականներին կառավարության կողմից «Մաքուր համայնք» անվանակարգում արժանացել է մրցանակների:

Գեղարքունիք-աղբանոցներ
Create your own infographics

Գավառի շրջանի Սարուխան գյուղի աղբահանությունը սպասարկում է գյուղապետարանի կողմից ստեղծված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Սարուխան և Կարմիր գյուղերը համատեղ աղբատեղի ունեն, որտեղ էլ լցնում են աղբը: Ըստ գյուղապետ Վահան Գևորգյանի՝ աղբն ամեն օր հավաքում են, բացի կիրակի օրերից, իսկ աղբատեղին ամիսը մեկ անգամ ծածկում են: «Մոտավորապես գյուղի կեսը 500 դրամ է տալիս աղբահանության համար, ով էլ չունի՝ չի տալիս: Երկու բանվոր ունենք, ովքեր կանաչապատում, առուների մաքրում, ճանապարհների հարթեցում են անում: Ամսական 80-90 հազար դրամ իրենց ենք վճարում, բյուջեով նախատեսել ենք»,- ասում է համայնքապետը: Սարուխանի կոմունալ սպասարկման համար համայնքապետարանի բյուջեից հատկացվում է մոտ 10 մլն դրամ:

Մարտունի քաղաքի կոմունալ ծառայությանը տարեկան հատկացվում է 38 մլն 484 հազար դրամ: Հիմնական աղբավայրը գտնվում է քաղաքից ոչ շատ հեռու, բայց ձմռանն այնտեղ հասցնող ճանապարհը դժվարանցանելի է: Մարտունին բավականին մեծ պաշտոնապես հատկացված աղբավայր ունի: Քաղաքում տեղադրված են նաև աղբարկղեր, որոնց կողքերն ավելի շատ աղբ են լցնում, քան ներսում:

Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղն աղբահանությունը կազմակերպում է անհատների հետ պայմանագրեր կնքելով: Նրանք, ովքեր աղբահավաքման տեխնիկա ունեն, շաբաթը երկու անգամ հավաքում են աղբը: Ձմռանն աղբահանություն չի կազմակերպվում գյուղում, քանի որ ըստ գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի՝ ձմռանն անհնար է աղբն աղբավայր հասցնել: Համայնքային բյուջեից մոտ 1 մլն դրամ են տարեկան հատկացնում՝ աղբահանության աշխատանքների համար:      

Վարդենիկը Մարտունու շրջանի ամենամեծ գյուղերից է: Այստեղ պաշտոնապես հատկացված աղբավայրի տարածք կա, բայց դրանից քիչ հեռու կա նաև մարդկանց կողմից գոյացրած աղբանոց: Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ աղբահանությունն իրականացնում են սեփական տեխնիկայի միջոցով. «3 հատ մեխանիզատոր ունենք, 1-1.5 մլն դրամ բյուջեից հատկացնում ենք միայն կոմունալ ծախսերին: Մեկ միավոր տեխնիկա բազմաբնակարան շենքերին ենք հատկացրել, մեկ ուրիշը՝ փողոցներով է պտտվում: Մեկ տրակտոր էլ ունենք, որ հարթեցման աշխատանքներ է կատարում: Երեք աշխատող ունենք, որ զբաղվում են դրանով»,- ասում է գյուղապետը:

Ծովինարը Սևանա լճին մոտ գտնվող գյուղերից է: Ըստ համայնքապետ Մհեր Մարտոյանի՝ տարեկան 900 հազար դրամ են ծախսում կոմունալ աշխատանքների համար. «Գյուղի ներքևում հատկացված տեղ կա, ամռանն աղբը տեղափոխում ենք հիմնական աղբանոց: Ձմեռը 4 տեղ փոսեր կա փորած, ժողովուրդը թափում են այդ փոսերի մեջ, հետո վառելիք ենք գնում, մասնավոր մարդկանց փող ենք տալիս, էդտեղից տեղափոխում են հիմնական աղբանոց»,- պատմում է Մարտոյանը:

Վարդենիսի քաղաքապետարանի տարեկան բյուջեում աղբահանությանը տրամադրվում է 24 մլն 500 հազար դրամ: Քաղաքից ոչ շատ հեռու տեղակայված է պաշտոնապես հատկացված աղբավայրի տարածքը, որը մարզում ամենամեծն էր: Մինչ օրինական աղբավայր հասնելը կարելի էր նաև նկատել տեղ-տեղ ճանապարհին թափված աղբակույտեր, որոնք ձյան տակից նոր-նոր էին նկատվում:  

Պատրաստեցին

Նարեկ Ալեքսանյանը Անի Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter