HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Լաուրա Կովեշի. Ռումինիայի չինովնիկների «քնքուշ» սարսափը` Եվրոպայի տարվա մարդ

Մինչ արաբական թերթերը հիանում են Հայաստանի արդարադատության նախարարի գեղեցկությամբ, եվրոպական մամուլը ողողված է մեկ այլ երիտասարդ պաշտոնյայի՝ ռումինուհի Լաուրա Կոդրուտա Կովեշիի (Laura Codruța Kövesi ) դրվատանքով: Ու թեև նրա սլացիկ հասակն ու կանացի հմայքն արժանի են ամենաբարձրաճաշակ արվեստագետի ուշադրությանը, նրա գեղեցկությունը չէ, որ դարձել է համաշխարհային մամուլի գովեստի առիթը: Հեռուստատեսային լրագրողները հերթապահում են նրա ղեկավարած կառույցի առջև՝ ձգտելով առաջինը ուղիղ հեռարձակմամբ ցույց տալ ոչ թե Լաուրային, այլ ավելի շուտ նրա հաջորդ «զոհին»:

«Ռիդերս դայջեսթ» ամսագրի կողմից 2016թ. տարվա եվրոպացի ճանաչված Լաուրա Կովեշին Ռումինիայի Ազգային հակակոռուպցիոն տնօրինության (ԱՀՏ) ղեկավարն է: Մեղմ ձայնով ու համեստ կեցվածքով 42-ամյա ռումինուհին կոռումպացված պաշտոնյաներին ձեռնոց նետած անողոք մարտիկ է, որի երկաթյա կամքն ու քաջությունը հիացմունքի են արժանի:  

Երբ 2013թ.  մայիսին ԱՀՏ ղեկավար նշանակվելուց անմիջապես հետո Կովեշին սկսեց մեղադրանքներ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, կանխատեսումներ եղան, որ Ռումինիային սպասվում են այնպիսի լուրջ ցնցումներ, որոնց վերջին անգամ ականատես են եղել բռնակալ Չաուշեսկուի մահապատժի ժամանակ. այս սպասումները շուտով արդարացան: 

Ռումինական ֆեմիդայի ղեկավարած գերատեսչությունը կարճ ժամանակ անց դարձավ գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան չինովնիկների ահուսարսափը: Միայն 2015թ. ընթացքում մեկ վարչապետի, հինգ նախարարի, 16 խորհրդարանի անդամի, 5 սենատորի, քսանից ավելի դատավորի ու դատախազի, տասից ավելի քաղաքապետերի ու  բազմաթիվ գործարարների ու այլոց դեմ հարուցված գործերը շատ փոքր մասն են նրա ղեկավարած գերատեսչության կողմից պետական բարձր պաշտոնները երբևէ չարաշահած անձանց դեմ մեկնարկած արշավի (միայն 2015թ. ընթացքում մեղադրանք է ներկայացվել շուրջ 1250 պաշտոնյայի դեմ):  Այս հաստատության հաջողությունները բարձր են գնահատվել Եվրոպական հանձնաժողովի կողմից:

2013թ. սկսած Ազգային հակակոռուպցիոն տնօրինության 120 դատախազները տարեկան քննում են ավելի քան 6000 գործ: Արդեն ավարտված գործերի  90 տոկոսի դեպքում մեղադրանքը հաստատվել է, տարեկան դատարան ուղարկվող գործերի միջին թիվը 1500-ն է, որը հավասար է 2003-2008թթ. ընթացքում քննված գործերի ամբողջ թվին:

Ազգային հակակոռուպցիոն տնօրինությունը, որի ռումիներեն հապավումը Դի-Էն-Էյ է (DNA), ստեղծվել է 2003թ. Եվրոպական միության առջև ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, որոնց թվում է կոռուպցիայի վերացումը: Սակայն Դի-Էն-Էյի հիմնադրումից անմիջապես հետո կոռուպցիայի բարձր ցուցանիշով այս երկրում (ըստ Թրանսփարենսի ինթերնեշնըլ կազմակերպության 2003թ. կոռուպցիայի ընկալման համաթվի՝ Ռումինիան զբաղեցնում է 83-րդ տեղը, իսկ 2015թ. տվյալներով՝ 58-րդ, Հայաստանը համապատասխանաբար՝ 78-րդ և 95-րդ), որտեղ չինովնիկներին ու բժիշկներին կաշառք տալը ընդունված երևույթ է, դրա դեմ պայքարը հիմնականում սահմանափակվում էր «մաղարիչ» վերցրած ուսուցիչներին ու գնացքի ուղեկցորդներին պատասխանատվության կանչելով:  ԵՄ-ն դժգոհ էր այս արդյունքներից, և միայն 2006թ. Արդարադատության նախարար Մոնիկա Մակովեյի ջանքերով հնարավոր եղավ փոխել իրավիճակը. նրա նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում այս տնօրինության քննության առարկա դարձան 10,000 եվրոյից բարձր անօրինական գործարքները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված կոռուպցիոն չարաշահումները:

2008-2013թթ. կառույցը ղեկավարում էր Դանիել Մորարը, որին հաջողվեց ի ցույց դնել այս համակարգի հնարավորությունները:  

Սակայն շոշափելի արդյունքներ արձանագրվեցին միայն այն բանից հետո, երբ ղեկավար նշանակվեց Կովեշին: Լաուրայի ղեկավարության ներքո կարճ ժամանակահատվածում արդեն բացահայտվեցին միլիոնավոր եվրոյի հասնող չարաշահումներ և կոռուպցիոն գործարքներ:  

Միայն 2015թ. դատարանի որոշման արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 200 միլիոն եվրո: Դեռևս ընթացքի մեջ գտնվող գործերի ընդհանուր գումարային արժողությունը 431 միլիոն եվրո է, և համարյա կես միլիարդ եվրոյի նկատմամբ արձակվել է բռնագանձման հրամանագիր:  Յուրացված պետական միջոցների համար մեղադրանքների քանակը 2015թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ  աճել է 3 անգամ: Մեղադրանք է ներկայացվել շուրջ 500 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ 30%-ով ավելի քան նախորդ տարի:  

Քաղաքական շահարկումներ և սխալ հաշվարկ 

2013թ. ինքը վարչապետ Վիկտոր Պոնտան, ով նաև սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է, նախագահական քարոզարշավի շրջանակներում քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով սկսեց հրապարակավ քննադատել Դի-Էն-Էյի  անարդյունավետ աշխատանքը և նույնիսկ անձամբ հավանություն տվեց Լաուրա Կոդեշիի թեկնածությանը: Պոնտայի չհաջողվեց ընտրվել նախագահ, իսկ երկու տարի անց նրա ջանքերով նշանակված Լաուրա Կովեշիի ղեկավարած գերատեսչությունը չխնայեց նաև նրան: 2015թ. Պոնտայի դեմ մեղադրանք ներկայացվեց հարկերից խուսափելու, փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և այլնի համար. նոյեմբերին Պոնտայի կառավարությունը հասարակական ճնշումների ազդեցության ներքո հրաժարական տվեց:

Լաուրային սատարում է ժողովուրդը

Լաուրան մեծ ժողովրդականություն է վայելում. 2015թ. սեպտեմբերին INSCOP-ի կողմից կազմակերպված հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ նրա ղեկավարած գերատեսչությունը, որը նախկինում զբաղեցնում էր միայն 4-րդ տեղը, վայելում է ժողովրդի ամենամեծ վստահութունը (61%)՝ շրջանցելով նույնիսկ եկեղեցուն. խորհրդարանը միայն 12-րդ տեղում է:

Ժողովրդականությունը շատ է օգնում Լաուրային. նա ոչ միայն կարող է իրեն թույլ տալ առանց թիկնապահների ազատ զբոսնել քաղաքում, որտեղ մարդիկ հաճախ են նրան կանգնեցնում ու շնորհակալություն ասում իր կատարած գործերի համար, այլև «փրկում» է նրա կառույցին այն ժամանակ, երբ խորհրդարանը փորձում է օրեսդրական նախագծերի միջոցով սահմանափակել Դի-Էն-Էյի գործառույթները: Այդ ժամանակ կառույցը հասարակական հնչեղություն է տալիս խնդրին և հանրության աջակցությունն օգնում է հեռացնելու «վտանգը»: 

Բոլորը չէ, որ սիրում են Լաուրային 

Համացանցում կարելի է  կարդալ կարծիքներ, որոնք համեմատում են Դի-Էն-Էյը երշիկի կոմբինատի հետ այն բանի համար, որ դրա կատարած աշխատանքի շատ քիչ մասն է հասանելի հանրությանը: Բլոգերներից մեկը գրում է, որ համաձայն է իրեն քաջ ծանոթ քաղաքապետներից մեկի դատապարտման հետ, որի «ձեռքերը յուղելու» մասին առաջարկն անձամբ է լսել, բայց թե ինչ ապացույցների հիման վրա է  Դի-Էն-Էյ-ին հաջողվել նրան մեղադրանք ներկայացնել, այնքան էլ պարզ չէ.

«Ստացվում է, - գրում է բլոգերը, - որ մարդը մեղադրվում է այսինչ բանի համար, իսկ հետո դատապարտվում, բայց ապացույցները, որոնք կհաստատեն նրա մեղավորությունը, ժողովրդի աչքից հեռու են պահվում»:    

Այսպիսի քննադատությունից զատ համացանցը լի է նաև Կովեշիի և նրա ղեկավարած կառույցի մասին տարաբնույթ հակասական տեղեկություններով: Կան նրան խորհրդային դժնդակ առաջնորդ Ստալինի հետ համեմատողներ, ովքեր մեղադրում են նրան Չաուշեսկու վարչակազմի անվտանգության ծառայությունների՝ Securitate-ի կողմից կիրառվող միջոցների՝ գերակշռորեն գաղտնալսման օգնությամբ տեղեկություններ ձեռք բերելու մեջ:

Կովեշին այս պնդումներն անհեթեթություն է որակում և ասում, որ թե՛ ինքը և թե՛ իր թիմի դատախազները կրթություն են ստացել 1989թ. հետո, այնպես որ Securitate-ի մեթոդներն իրենց հայտնի չեն, իսկ գաղտնալսումը Դի-Էն-Էյ-ի հայտնագործությունը չէ, այլ ողջ աշխարհում իրավապահ մարմինների կողմից լայնորեն կիրառվող միջոց:

Նրա մասին քննադատություններ տարածողների թվում է նաև մի լրատվական ընկերություն, որի սեփականատիրոջ՝ քաղաքական և բիզնես բարոն Դան Վոյկուլեսկուի համար Դի-Էն-Էյ-ին անցած տարվա օգոստոսին հաջողվել է ապահովել 10 տարվա ազատազրկում՝ կոռուպցիայի համար: Հենց այդ գործարարին պատկանող Ժուռնալուլ Նացիոնալ թերթն է նրան համեմատել Ստալինի հետ, իսկ Վոյկուլեսկու կողմից տնօրինվող Անտենա-3 հեռուստաընկերությունը նրան Հիտլեր է կոչել:

Բայց Կովեշին Վոյկուլեսկուի և նրա մեդիա ընկերության դեմ հայց է ներկայացրել ոչ թե վիրավորանքի, այլ զրպարտության համար: Վոյկուլեսկուն ամեն կերպ փորձում է սևացնել Կովեշիին՝ իբր բացահայտելով նրա անձնական կյանքի մանրամասներն ու մեղադրելով նրան կաշառք վերցնելու մեջ:

Կովեշին սակայն պահպանում է հանգստություն՝ ասելով, որ ամենավատ հարձակումները և ամենազրպարտող արտահայտությունները կատարում են հենց այն անձինք, ում գործերը քննվում են  Դի-Էն-Էյ-ի կողմից:

Լաուրան ժողովրդական կատակների հերոս 

Ճիշտ է՝ արդարացի չէ Լաուրային համեմատել Խորհրդային Միության բռնակալի հետ, բայց մեկ ընդհանրություն, այնուամենայնիվ, աչք է զարնում. դա նրա գերատեսչության նկատմամբ ունեցած սարսափի արդյունքում ծնվող կատակներն են, որոնք զվարճալի են թվում հենց իրեն՝ Լաուրային: Օրինակ՝ դրանցից է այն, որ Լաուրան առավոտյան սուրճի փոխարեն կաշակառերների արցունքներ է խմում կամ որ նա իր մազերը ներկում է ոչ թե դրա համար նախատեսված ներկով, այլ կաշառակերի արյունով: Այս կատակների մասին պատմելիս Լաուրան նշում է նաև, որ իրականում սովորական մարդ է և չունի երեք կամ հինգ գլուխ, որևէ գերուժ կամ կախարդական փայտիկ:

Իրական Լաուրան

Իր պայքարում  Լաուրան անողոք է. չի խղճում կոռուպիցոիներներին, բայց ինչպիսի՞ն է հենց իր՝ Լաուրայի հայտարարագիրը. այս հարցն է հետաքրքրել մի ռումինացի բլոգերի, ով սեփական հետաքննությունն է իրականացրել ու պարզել, որ Լաուրան ունի երկու-սենյականոց բնակարան Բուխարեստում, մեկ՝ 15 հազար դոլար արժողությամբ Շկոդա-Օկտավիա մակնիշի ավտոմեքենա և ստանում է մոտավորապես 20 000 եվրոյի չափ տարեկան աշխատավարձ, ինչն ավելի պակաս է, քան Լոնդոնում գործարկվող Մըք Դոնալդի ցանկացած մենեջերի ստացած աշխատավարձը: Բլոգերն իր զարմանքն է արտահայում՝ ասելով, որ այսպիսի ցածր աշխատավարձով անկաշառ մնալն ուղղակի հրաշք է:  

Լաուրան գտնում է, որ Ռումինիայում գերխնդիրը ոչ թե անկատար օրենսդրությունն է կամ թերի պետական կառուցակարգերը, այլ մարդկանց մտածելակերպը. մարդիկ սովոր են կաշառք տալուն, հիմա նրանք պետք է սովորեն առարկել, երբ իրենցից կաշառք են պահանջում. այս առումով նրա թիմին հաջողվեց փոփոխել մարդկանց մտածելակերպը: Ու թեև դեռ վաղ է ասել, որ կոռուպցիան Ռումինիայի համար այլևս հաղթահարված է, Լաուրան համոզված է, որ պայքարն այս ուղղությամբ ավելի է թեժանում ու արդյունքները շոշափելի են:

«Այն փաստը, որ մենք այսօր կարող ենք նախարարի քրեորեն հետապնդել ինչպես ցանկացած այլ անձի, ապացուցում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, - ասում է նա, - ուրեմն մեզ հաջողվել է կառուցել այնպիսի մեխանիզմներ, որոնք սկսել են աշխատել»:   

Ըստ նրա՝ գերխնդիր է այն, որ մարդիկ սովորեն հարաբերությունները կառուցել՝ բացառելով կաշառքը և պաշտպանելով իրենց իրավունքները: 

Կկարղանա՞ արդյոք ռումին ժողովուրդը հաստատուն քայլերով գնալ դեպի ժողովրդավարություն՝ դեռևս ապագայի հարց է, բայց մի բան արդեն պարզ է. Լաուրա Կոդրուտա Կոդեշիին հաջողվեց վառել այն ջահը, որը երկիրը կառաջնորդի այդ ուղղությամբ: 

Աղբյուրները՝ http://www.nytimes.com, www.economist.com , www.agerpres.ro, http://www.theguardian.com/, http://kingofromania.com, http://www.pna.ro/

Լուսանկարները՝ http://www.bzv.ro/-ի, http://www.argumentpress.ro/procurorul-sef-al-dna-laura-codruta-kovesi-primit-premiul-women-courage-2014/-ի

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Եթէ քանի մը Լաուրա ունենայ Հայաստանը, ապա ամէն փտածութիւն վերջ կը գտնէ, ու կը վնասազերծուի ան իր մակաբոյծներէն: Եւ այնուհետ կ'ունենանք շատ աւելի առողջ հայրենիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter