HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրաբիզնես, օֆշորներ, պետգնումներ. չեխ հետաքննողների հիմնական թիրախները

Պավլա Հոլցովան «Հետաքննական լրագրության չեխական կենտրոնի» (České centrum pro investigativní žurnalistiku (CCIZ)) խմբագիրն ու տնօրենն է: Այն հիմնադրվել է 2013 թ.-ին: Պավլան ասում է, որ կենտրոնը Չեխիայի հետաքննական լրագրության մեջ միակն է, որ զբաղվում է այլ երկրների լրագրողների հետ համատեղ հետաքննություններով: «CCIZ»-ն «OCCRP» (Organized Crime and Corruption Reporting Project) ցանցի անդամ է (ցանցի անդամներից է նաեւ «Հետքը»):

-Ո՞րն է Չեխիայի հետաքննական լրագրության թիվ մեկ թեման այսօր:

-Տնտեսական հանցագործությունները, օֆշորային ընկերությունները, պետական գնումները: Բայց մեր կենտրոնն անդրադառնում է նաեւ փողոցային հանցագործություններին, օրինակ, թմրանյութի վաճառքին: Մեր սերբ գործընկերների հետ հետաքննում ենք բալկանյան կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների գործունեությունը Չեխիայում: Նրանք 6-7 հոգի են, բայց մաֆիայի կարեւորագույն դեմքեր են:

-Օրինակ, Հայաստանում մենք շատ ենք խոսում կոռուպցիայի մասին, ինչպե՞ս է այն լուսաբանվում Չեխիայում:

-Մենք էլ ենք դրան շատ անդրադառնում: Բայց շեշտեմ, որ չեխ կոռումպացված պաշտոնյաները բավականին վարպետորեն թաքցնում են իրենց իրական ունեցվածքը՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարեւան Սլովակիայի: Եթե, ասենք, սլովակ պաշտոնյան խնդիր չունի իր ընտանիքի անդամին նշանակել ընկերության տնօրեն կամ սեփականատեր, ապա Չեխիայում դժվարությամբ կգտնեք պաշտոնյայի կոռումպացվածության ուղիղ ապացույց, որովհետեւ նրա ընկերության հետեւում կտեսնեք ինչ-որ իրավաբանի, դրա հետեւում՝ եւս մեկին, ու այդպես շարունակ: Այսինքն՝ այստեղ կոռումապցվածությունն ապացուցելը շատ ավելի դժվար է:

-Բայց ինչո՞ւ Սլովակիայում չեն վախենում հանրության արձագանքից, իսկ այստեղ վախենում են:

-Սլովակիայում մի քաղաքական կուսակցություն կա՝ «Smer»-ը (սոցիալ-դեմոկրատական ուղղվածության ուժ է- հեղ.), որը շատ հզոր է: Առաջիկայում նրանք ընտրություններ ունեն, եւ պարզ է, որ այս ուժը կրկին հաղթելու է: Նրանք, կարծես, անձեռնմխելի լինեն, ու ոստիկանությունն էլ, ըստ էության, վախենում է նրանցից: Սլովակիայում քրեական հետապնդումը մեծապես կախված է քաղաքական պաշտոնյաներից: Իսկ Չեխիայում քաղաքական վիճակը շատ ավելի հաճախ է փոխվում, քան հարեւան երկրում: Չեխ պաշտոնյաները վախենում են, որ կարող են հետապնդվել, դրա համար էլ թաքցնում են իրենց ունեցվածքը: Գիտեք, դուք կարող եք կոռուպցիայի անուղղակի ապացույցներ գտնել այստեղ, բայց դրանց հիման վրա ազդեցիկ հոդված գրել չեք կարող, քանի որ լայն արձագանք գտնելու համար հստակ փաստեր են պետք:

-Սենսացիոն պատմություններ ունեցե՞լ եք:

-Այո... (ծիծաղում է- հեղ.)

-Գուցե պատմե՞ք դրանցից մեկը, որն, ասենք, արթնացրել է հանրությանը:

-Գիտե՞ք չեխ հանրությունն ինչ տիպի է. ասում է՝ դա իմ գործը չէ, բոլորն էլ կոռումպացված են, ու այսպես նրան դժվար է մղել ինչ-որ գործողության, բողոքի, որեւէ պահանջ ներկայացնելու:

-Գուցե հետսովետական սինդրո՞մ է դա:

-Գուցե այո:

-Մեզ մոտ էլ նման բան կա:

-Բայց դուք ունեցաք «Էլեկտրիկ Երեւանը»:

-Մենք ունենք քաղաքացիական գիտակցություն ունեցող հատված, որը պայքարում է իր իրավունքների համար, բայց դա հասարակության զգալի մասը չէ:

-Գուցե փոքր-ինչ այլ բան ասեմ, բայց Չեխիայում մաֆիայի տարբեր խմբեր կան՝ ռուսները, կովկասցիները, բալկանցիները, իտալացիները, որոնց համար գլխավորը միջպետական սահմանն անցնելն է՝ իրենց բեռնափոխադրումների կամ փողը լվանալու համար: Եվ մեծ հաշվով ոչ ոք չի խոսում, թե մաֆիան ինչ է անում այստեղ:

-Իսկ ոստիկանությունն ի՞նչ է անում:

-Իրավապահները մոնիտորինգ են անում նրանց: Բայց, օրինակ, եթե այդ խմբերը կոկաին են տեղափոխում Գերմանիա, պարտադիր չէ, որ դա իրականացնեն Չեխիայի տարածքով. ուղղակի այստեղից նրանք կառավարում են բեռնափոխադրումները:

-Բայց եթե հանցանքն այստեղ լինի, նրանց կձերբակալե՞ն:

-Այո, եթե նրանք հանցանք գործեն, կձերբակալվեն, բայց դա տեղի չի ունենում, որովհետեւ Չեխիայի թմրաբիզնեսի շուկան մեծ չէ: Եթե նայեք մաֆիայի կառուցվածքը, գլխավոր խաղացողներն (դոնը եւ մյուսները) այս տարածաշրջանում են, իսկ ավելի ցածր օղակները, որոնք ներգրավված են թմրանյութի տարածման մեջ, այլ երկրներում են գործում: Այսինքն՝ վերին շրջանակները զբաղվում են հիմնականում բեռնափոխադրումների կառավարմամբ եւ աշխատում են մեծ ուշադրություն չգրավել, մնալ ստվերում, այդ պատճառով էլ շատերը չգիտեն, թե ովքեր են նրանք:

-Բայց երբ տեսնում եք հասարակության հանգստությունը, չարձագանքելը, ի՞նչ քայլերի եք դիմում:

-Հանրությունը մտահոգվում է, բայց փողոց դուրս չի գալիս ու չի բողոքում: Մենք մի վարչապետ ունեինք (խոսքը 2006-2009 թթ. վարչապետ Միրեկ Տոպոլանեկի (Mirek Topolánek) մասին է, որին խորհրդարանն անվստահություն հայտնեց- հեղ.), որը միշտ իր կողքին գտնվող հզոր խորհրդական եւ իրավաբան ուներ: Հասարակությունն ընդդիմացավ այս գործչին, նրա կուսակցությանն ու ընտրեց ուրիշին: Վերջերս նախկին վարչապետի խորհրդականը՝ Մարեկ Դալիկը (Marek Dalík), ազատազրկվեց 5 տարով, քանի որ բանակի համար գնումների գործընթացում կաշառք էր վերցրել:

-Ձեր հրապարակումների պատրաստման գործում որպես լրագրող ի՞նչ խնդիրներ եք ունենում:

-Ոչ բոլոր տեղեկություններն են հասանելի: Ունենք գերհատուկ իրավաբաններ, ովքեր մասնագիտացած են օֆշորային ցանց ստեղծելու գործում: Քայլ առ քայլ գնում ես այդ ընկերություններով՝ Չեխիայից` Շվեյցարիա, Շվեյցարիայից` Կիպրոս, Կիպրոսից` Բրիտանական Վիրջինյան կղզիներ, այնտեղից՝ Ջիբրալթար, հետո պարզվում է, որ շահառու սեփականատերն ինչ-որ իրավաբան է, որ ղեկավարում է եւս 500 այլ ընկերություններ, ու չես կարողանում պարզել, թե ով է դրա հետեւում թաքնված պաշտոնյան: Դա հիասթափեցնող է:

-Եղե՞լ են դեպքեր, երբ Ձեզ սպառնացել են:

-Այո, մի անգամ եղել է: Վերջերս: Ուզում էին ինձ ճնշել, բայց մեր հանդիպումից հետո հիմա, կարծես, ամեն ինչ նորմալ է:

-Օլիգա՞րխ էր, թե՞ պաշտոնյա:

-Ոչ, մանրամասների մեջ չեմ ուզում մտնել:

-Ունե՞ք օլիգարխներ, ովքեր տնօրինում են մեդիան:

-4 հոգի կան, ովքեր տնօրինում են մեդիա դաշտի մեծ մասը: Միեւնույն ժամանակ ունենք փոքրաթիվ անկախ լրատվամիջոցներ: Ամենաշատ ընթերցվող օրաթերթերը, տաբլոիդները, ամենաշատ դիտվող եւ լսվող հեռուստաընկերությունն ու ռադիոկայանը պատկանում են օլիգարխների: Բացի դրանից՝ մեր փոխվարչապետ, ազգությամբ սլովակ Անդրեյ Բաբիշն (Andrej Babiš) ամենամեծ մեդիա-խմբի սեփականատերն է, ով նաեւ երկրորդ ամենահարուստ մարդն է Չեխիայի Հանրապետությունում:

-Ի՞նչ եք կարծում, լրագրողների համար հե՞շտ է պաշտպանել սեփական շահերը չեխական դատարանում:

-Կարծում եմ այո, քանի որ դատարանը վերջերս մի փոքր ավելի բարյացկամ է լրագրողների հանդեպ, քան պաշտոնյաների:

-Դա լավ է:

-Այո, շատ լավ է, բայց, օրինակ, Սլովակիայում այլ է: Եթե, օրինակ, սլովակ լրագրողը գրի կամ իր հոդվածում հիշատակի ամենակոռումպացված դատավորի՝ Շտեֆան Հարաբինի (Štefan Harabin) մասին, ով Գերագույն դատարանի նախագահն է, եւ ումից բոլորը վախենում են, ապա նա, ըստ ամենայնի, դատի կտա լրագրողին իր համբավն արատավորելու հիմքով, եւ քանի որ բոլոր դատավորները վախենում են նրանից, լրագրողի համար գրեթե անհնար կլինի պաշտպանվելը:  

-Իսկ Չեխիայում դատարանն անկա՞խ է:

-Այն շատ ավելի անկախ է, քան Հարաբինի ղեկավարած սլովակյան արդարադատությունը: Ճիշտ է, նա հիմա այնքան էլ հզոր չէ, բայց նախկինում իսկապես մութ ժամանակներ էին այդ երկրի արդարադատության համար (2006-2009 թթ. Հարաբինը Սլովակիայի արդարադատության նախարարն էր, 2009-ից՝ Գերագույն դատարանի նախագահը- հեղ.):  

-Եվ վերջին հարցը: Ո՞րն է լրագրության մեջ Ձեր մոտիվացիան:

-Նախ, կարծում եմ, շատ կարեւոր է գրել այն մասին, ինչի մասին ցանկանում են իմանալ մարդիկ, հետո լրագրությունը հիանալի աշխատանք է, որը քեզ կլանում ու խթանում է, բացի դրանից՝ այն երբեմն նաեւ զվարճալի է:

Պրահա-Երեւան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter