Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Զբոսաշրջության զարգացման ծրագիր՝ Սամցխե-Ջավախքում. Վրաստանի վարչապետն այցելել է Ախալցխա



Համաշխարհային բանկի աջակցությամբ և Վրաստանի կառավարության համաֆինանսավորմամբ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում մեկնարկել է զբոսաշրջության աջակցության ծրագիրը:

Նախագծի շրջանակներում փետրվարից սկսվել է Ախալցխա քաղաքից 11 կմ հարավ-արևելք գտնվող Սուրբ Սաֆայի (Սաֆարայի) վանական համալիր տանող ճանապարհը:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մարտի 5-ին այդ առթիվ այցելել է Սամցխե-Ջավախք և ծանոթացել ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներին:  

«Սաֆարա տանող ճանապարհը շատ կարևոր է մի քանի տեսակետից: Դա 7 կմ ճանապարհահատված է, որը կբացվի այս տարի: Այստեղ այցելում են զբոսաշրջիկներ, ուխտավորներ, տարածաշրջանի բնակիչները, և բոլորի համար կարևոր է, որ կառուցվի ճանապարհը և դրա շուրջ  զարգանան ենթակառուցվածքները»,- ասել է Վրաստանի վարչապետը:

Ճանապարհի կառուցման արդյունքում Սաֆարայի վանք տանող ճանապարհը ոչ թե 30 րոպես կտևի, ինչպես նախկինում էր, այլ՝ 10: Վերակառուցվող ճանապարհի երկարությունը 7,2 կմ է, լայնությունը՝ 5 մետր: Նախագծի շրջանակներում 70 աշխատատեղ կապահովվի: Նախագծի արժեքը շուրջ 3,2 մլն լարի է (մոտ 1,3 մլն դոլար):

Սուրբ Սաֆայի վանական համալիրում այժմ վրացի վանականներ են ապրում՝ շուրջ 35: Նրանք այստեղ հաստատվել են 1990-ականներից: Վրացական աղբյուրներում Սաֆայի վանքը վերագրվում է 9-րդ դարի կառույցի: Նշվում է, որ այն վրացական օրթոդոքս եկեղեցի է եղել: Մինչդեռ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր «Ախալցխա» աշխատությունում մեջբերել է Ֆ. Լինչի 1893 թ.-ին գրած հետևյալ տողերը.  «Ս.Սաֆա, թէեւ վրացի աթապէկի մը առատաձեռնութեամբ հիմնուած է, հաւանականաբար հայ ճարտարապէտի մը գործն է, և անտարակոյս կըրնայ նկատուիլ իբր նմոյշ հայկական ոճի: Եթէ հավատ ընծայենք ներքնակողմի մէկ ջարդուած արձանագրութեան, զօր Պրօսէ կարդացած է մասամբ, այս եկեղեցին շինուած է ձեռամբ աթապէկ Սարգիսի, որդի Պէքայի, որ իշխեց 1306-1334»: 16-17-րդ դարերում Սուրբ Սաֆան եղել է թուրքերի ձեռքում: Սակայն մինչ օրս եկեղեցու ներսում պահպանվել են 14-րդ դարի որմնանկարները:

Այցի շրջանակներում վարչապետ Կվիրիկաշվիլին եղել է նաև որոշ ձեռնարկություններում, որոնք բացվել են «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև այցելել է ագրովարկերի ծրագրի մասնակից որոշ հաստատություններ: Նա եղել է մասնավորապես Ախալցխայի բնակիչ Բորիս Թաթեշվիլիի ոսկերչական- ատաղձագործական արհեստանոցը եւ Թեմուր Մայսուրաձեի «Ընկերություն փորագրություն» արհեստանոց:  Այնուհետև Կվիրիկաշվիլու մասնակցությամբ Բորժոմում բացվել է InterContinental Hotels հյուրանոցային ցանցին պատկանող  հինգաստղանի Crowne Plaza Borjomi Plaza Borjomi հյուրանոցը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ