HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս-չինական գազատարի մի հատվածի շինարարությունը տրվել է «Տաշիր»-ին մոտ կանգնած ընկերությանը

«Сила Сибири» (Սիբիրի ուժը) գազատարի շինարարության տենդերը շահել է կալուգյան «Նեվտգազստրոյ» («Нефтегазстрой») ընկերությունը: РБК-ն գրում է, որ կապալառուն մոտ է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբին: Ավելի վաղ գազատարի հարցում հետաքրքրություն էր հայտնել հենց Սամվել Կարապետյանը:

«Նեվտգազստրոյը» շահել է գազատարի 60,7 կմ հատվածի շինարարության տենդերը: Այն ընդգրկում է «Амгинская» և «Нимнырская» կոմպրեսորային կայանների միջև ընկած հատվածը: Գործարքի արժեքը կազմում է 7,8 մլրդ ռուբլի: Մրցույթին ընկերության ներկայացրած գինը միայն 3,5 մլն ռուբլիով է պակաս եղել առավելագույնից: Մրցակիցները եղել են «Южнефтегазстрой», «Нова», «ЕВРАКОР» և «Татнефтепроводстрой» ընկերությունները:

ՍՊԱՐԿ-ի (շուկաների և ընկերությունների մասնագիտական վերլուծության համակարգ) տվյալները ցույց են տալիս «Նեվտգազստրոյի» կապը գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի հետ: «Նեվտգազստրոյի» բաժնեմասերի 50%-ի սեփականատերը Նորիկ Պետրոսյանն է, 25-ական տոկոսների սեփականատերեր են Արմեն Գրիգորյանը և Վաղինակ Ղազարյանը: Վերջինս 2005թ-ից մինչև 2015թ-ի սեպտեմբերը ղեկավարել է «ИК Ташир» ընկերությունը, իսկ «Նեվտգազստրոյի» գլխավոր տնօրենը 2009-2013թթ. գլխավորել է «Ташир С» ընկերությունը: «Նեվտգազստրոյի» հասցեում (Կալուգա, Ազարովսկայա 2) գրանցված են «Տաշիր» խմբի մեջ մտնող մի քանի ընկերություններ՝ նույնանուն ֆոնդն ու ասոցացիան, «Տաշիր Մոնոլիտը», «Տաշիր Ինվեստը» և այլն: Նույն հասցեում է նաև Սամվել Կարապետյանի առաջին ընկերություններից մեկը՝ «Калугаглавснаб»-ը, որը գործարարը գնել է դեռևս 1997թ-ին: «Նեվտգազստրոյը» նաև մտնում է «Տաշիր» շինարարական ընկերությունների միության մեջ:

«Տաշիր» խմբում գտնվելու մասին հարցին «Նեվտգազստրոյի» տնօրեն Սերգեյ Մխոյանը պատասխանել է՝ «Մենք ինքնուրույն ընկերություն ենք»՝ հրաժարվելով մեկնաբանել իր ընկերության և «Տաշիրի» հասցեի ու հեռախոսահամարի նույնությունը: Մխոյանը РБК-ի հետ զրույցում հաստատել է, որ ընկերությունը շահել է «Գազպրոմի» գազատարի մի հատվածի շինարարության տենդերը, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

«Տաշիրի» ներկայացուցիչը պարզաբանել է, որ «Նեվտգազստրոյը» ընկերությունների խմբի մեջ չի մտնում, բայց նրա սեփականատերերը «Տաշիրի» հիմնադիր Սամվել Կարապետյանի ընկերներն են և առևտրային հիմունքներով օգտվում են «Տաշիրի» ծառայություններից: Նա նաև հավելել է, որ «Նեվտգազստրոյը» վարձակալել է «Տաշիրի» օբյեկտներից մեկը Կալուգայում: «Գազպրոմի» ներկայացուցիչը РБК-ի հարցումին չի պատասխանել:

Ֆորբս ամսագիրը գրել է, որ Կարապետյանին ու «Գազպրոմին» միացնում են հին գործընկերական կապերը: Կարապետյանը «Տաշիր» ընկերությունը  հիմնվել է Կալուգայում 1999թ-ին՝ «Калугаглавснаб» ընկերության հիման վրա, որը նաև «Գազպրոմին» ապրանքներ է մատակարարել: «Տաշիրը» Մոսկվայում հայտնի է որպես դեվելոփերային ընկերություն: Մայրաքաղաքում նախագծերն սկսել է 2004թ-ին, այժմ 40-ից ավելի գործող և նախագծված առևտրի կենտրոններ ունի: Ֆորբսի տվյալով՝ 2015թ-ին «Տաշիրի» շահույթը վարձակալությունից կազմել է 610 մլն դոլար. 2014թ-ին այն կազմել է 1,08 մլրդ դոլար: 2015թ-ին ընկերությունը պայմանագիր է կնքել՝ «Известия» թերթի և հրատարակչության հին շինությունները վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ 2015թ-ին՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ առաջ եկած բողոքի ցույցերից հետո հայտարարվեց, որ «Տաշիրը» ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը: Կարապետյանը մինչ այժմ ընկերության 50%-ի դիմաց վճարել է 16 մլն դոլար: Գործարքն ամբողջությամբ կավարտվի 2016-ին:

Կարապետյանը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների շարքում 26-րդն է՝ 4 մլրդ դոլար կարողությամբ:

«Сила Сибири» մասով «Գազպրոմի» տենդերով հետաքրքրվածության մասին Ս. Կարապետյանը PBK-ին հայտնել էր 2015թ-ի դեկտեմբերին, սակայն հրաժարվել էր մանրամասներ հաղորդել: Հարցազրույցում նա նշել է, որ պատրաստվում էր մասնակցել նախորդ տարվա օգոստոսին կայացած մրցույթին՝ 16 և 17 մլրդ ռուբլի արժեքով, սակայն հայտ չի ներկայացրել՝ պատճառաբանելով, որ դա «երկրի համար ռազմավարական կարևոր օբյեկտ է», և հաջողելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ:՝

«Նեվտգազստրոյը», ՍՊԱՐԿ-ի տվյալներով, գործում է 2002թ-ից: 2014թ-ին ընկերության եկամուտը կազմել է 3,8 մլրդ ռուբլի, որից շահույթը եղել է 1.7 մլն-ը: Վերջին երկու տարիներին ընկերությունը ակտիվորեն համագործակցում է «Գազպրոմի» հետ: Պետգնումների պորտալի համաձայն՝ 2015թ-ին այն շահել է 15,3 մլրդ, իսկ 2016թ-ի հունվարի ընթացքում՝ 3,6 մլրդ ռուբլու տենդերներ: Ընկերությունը «Գազպրոմի» հետ 2015թ-ի ընթացքում կնքել է 52 պայմանագիր:

«Сила Сибири» միջոցով Չինաստան գազ մատակարարելու ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018թ-ին՝ տարեկան 5 մլրդ խմ ծավալով, որն այնուհետև կարող է հասնել մինչև 38 մլրդ-ի: Գազատարի շինարարության պայմանագիրը «Գազպրոմն» ու չինական CNPC-ն կնքել են 2014թ-ի մայիսին: Գազատարի երկարությունը կազմում է 3200 կմ: Դրա գինը, «Գազպրոմի»՝ 2011թ-ի հաշվարկով, կազմում է 800 մլրդ ռուբլի: Ամբողջ նախագիծը, այդ թվում՝ գազատարի շինարարությունն ու ենթակառույցների բարեկարգումը, 2014թ-ի հաշվարկով՝ կկազմի 55 մլրդ դոլար:

Գազատարի առաջին՝ 208կմ-անոց հատվածի շինթույլտվությունը առանց մրցույթի տրվել է Գենադի Տիմչենկոյի «Стройтрансгаз»-ին՝ 2015թ-ի մարտին: Պայմանագրի գինը չի հաղորդվել: Մեկ այլ ծավալուն շինարարություն՝ 197,7 մլրդ ռուբլի արժողությամբ, կրկին առանց մրցույթի հանձնվել է Արկադի Ռոտենբերգի «Стройгазмонтаж» ընկերությանը:

Պատրաստեց Հրանտ Գալստյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter