Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Խախտվել են «Նաիրիտի» նախկին աշխատակցի իրավունքները. նա առայսօր իր աշխատավարձը չի ստացել



 «Նաիրիտ գործարանի» արդեն նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը միակն է, որ առայսօր իր աշխատավարձը չի ստացել: Նա «Նաիրիտ գործարանում» աշխատել է որպես գլխավոր մասնագետ (մեխանիկ) 2008-2014թթ., և 1,5 տարվա աշխատավարձի պարտք ունի:

Թեև նրա օգտին ուժի մեջ մտած դատական վճիռ կա, որով  դատարանը «Նաիրիտ գործարանին» պարտավորեցրել է վճարել 12,5 մլն դրամ, սակայն գործարանի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համար օրինական ուժի մեջ մտած վճիռները հիմք չեն, որ փակեն Կարեն Հակոբյանի աշխատավարձի պարտքը:

Նշված գումարից 7,3 մլն դրամը Կարենի զուտ աշխատավարձն է, իսկ 5,3 մլն-ը՝ տույժերը:  

Կարենը նույնիսկ պատրաստ է հրաժարվել տոկոսներից և ստանալ միայն մայր գումարը: Սակայն «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն, որին «Նաիրիտ գործարանն» իր պարտքի իրավունքներն է զիջել, Կարեն Հակոբյանին առաջարկել է 2 անգամ պակաս գումար, քան հաստատված է դատարանի վճռով՝  3, 7 մլն դրամ՝ 7, 3 մլն դրամ մայր գումարի փոխարեն:

Կարեն Հակոբյանը բազմիցս դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ խնդրելով լուծում տալ իր խնդրին: 

«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում չունի իրավասություն՝ միջոցներ ձեռնարկելու դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի ի կատար ածման նկատմամբ: Ինչպես նախկինում նշել ենք, Երևանի քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից բռնագանձվող 12,5 մլն դրամը՝ ներառյալ զուտ աշխատավարձի և դրան հավասարեցված 7,3 մլն դրամ գումարի վճարումը պետք է իրականացվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում»,-փետրվարի 2-ի գրությամբ պատասխանել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:

Կարենը դիմել է Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին: ՄԻՊ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների/անգործության հետևանքով խախտվել են Կարեն Հակոբյանի իրավունքները:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՄԻՊ-ին հայտնել է, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում չունի իրավասություն՝ միջոցներ ձեռնարկելու դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի ի կատար ածման համար: Նշված գործառույթն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից: Բացի դրանից, նախարարությունը հայտնել է, որ ՀԷՑ- դիմումի հիման վրա «Նաիրիտ գործարան»-ի նկատմամբ սնանկության վերաբերյալ դատարան ներկայացված դիմումի վարույթ ընդունվելու պահից կասեցվել են գույքային բռնագանձումներով բոլոր տեսակի կատարողական վարույթները, այդ թվում նաև Կարեն Հակոբյանի օգտին դատարանի վճռով 12,5 մլն դրաի բռնագանձումը: Եվ քանի որ Կարեն Հակոբյանի հետ պահանջի զիջման պայմանագիր չի կնքվել, նրա օգտին բռնագանձվելիք գումարի պարտապան է հանդիսանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, որից էլ պետք է կատարվի բռնագանձումը:

ՄԻՊ-ի կողմից պայմանագրերի և դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գերակշիռ դեպքերում պահանջի իրավունքի զիջման պայմանագիր կնքած անձանց տրամադրվել են դատական ակտերով սահմանված աշխատավարձերի գումարները, չհաշված տուժանքները, մինչդեռ Կարեն Հակոբյանին առաջարկվել է կնքել պահանջի իրավունքի զիջման պայմանագիր ընդամենը 3,7 մլն դրամ գումարի չափով:

«Փաստորեն, Կարեն Հակոբյանի նկատմամբ ցուցաբերվել է անհավասար մոտեցում և վերջինիս առաջարկվել է կնքել պահանջի իրավունքի զիջման պայմանագիր ոչ թե դատական ակտով սահմանված գումարի չափով, այլ անհամեմատ ավելի նվազ գումարի չափով»,-արձանագրել է Կարեն Անդրեասյանը և նշել, որ օրենքով արգելված է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:

Իսկ տվյալ պարագայում Կ.Հակոբյանին առաջարկվել է կնքել պահանջի իրավունքի զիջման պայմանագիր ընդամենը 3,7 մլն դրամ գումար վճարելու պայմանով, մինչդեռ դատական ակտով սահմանված գումարը եղել է 7 263168 դրամ:

Ինչ վերաբերում է նախարարության հայտնած տեղեկությանը, թե «Նաիրիտ 2» ՓԲԸ-ում իրենք որոշում կայացնելու իրավունք չունեն, ապա այս կապակցությամբ ՄԻՊ-ը նշել է, որ հենց նախարարությունն է «Նաիրիտ-2»-ի պետական մասնակցությամբ ընկերության լիազոր կառավարումն իրականացնող մարմինը, և կառավարության 2015թ. հունիսի 10-ի որոշմամբ հանձնարարվել է նախարարին «Նաիրիտ-2»-ին տրամադրված փոխառություններն ուղղել վերջինիս աշխատավարձի գծով պարտքերի մարմանը:

«Վերոգրյալ արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համապատասխան աշխատակիցները ՀՀ օրենսդրության համապատասխան գործողությունները չեն իրականացրել»,-գրել է Կարեն Անդրեասյանը:

«Ինչու առաջին, երկրորդ ատյանները շահելուց հետո, ՄԻՊ-ի որոշումը լինելուց հետո, վարչապետին գրելուց հետո, միևնույն է, իրենք պտտվում, պտտվում ու հին գումարն են ասում: Ինչ է դուրս գալիս՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի համար դատարան, մարդու իրավունքներ ու պետություն գոյություն չունի: Եթե կառավարության ղեկավարն ասում է՝ մայր գումարները վճարեք, նրանք ասում են՝ ես էսքան եմ տալիս, կարող են նաև ասել՝ 100 դրամ են տալիս: Ինչու են անտեսում մայր գումարի մասին որոշումը»,-ասում է Կարեն Հակոբյանը:

Կարենը գործազուրկ է, ունի երեք զավակ, որոնք սովորում են Երևանի պետական բուհերում: Բոլորն էլ՝ վճարովի համակարգում:  Դուստրերը սովորում են Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որդին՝ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Ուսման վարձի պարտքի գումարները մինչև մարտի 1-ը չվճարելու դեպքում երեքն էլ կարող են հեռացվել նշված հաստատություններից: Նրանց վարձը ցայսօր չի վճարվել:

Բացի դրանից, համաձայն Վ.Ավագյանի անվան բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Ավագյանի կողմից տրամադրված տեղեկանքի, Կարեն Հակոբյանը հաշվառված է նշված բժշկական հաստատությունում որպես երկրորդ աստիճանի հիպերտենզիայով հիվանդ, և դեղորայքի ամենօրյա չափաբաժին չընդունելը կբերի նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման:

 «Լուծարման հարցը դրել են մեր դեմ՝ որպես պատնեշ, բայց դրա հետ մեկտեղ 400 հոգի դեռևս պարբերաբար շարունակում է աշխատել և աշխատավարձ ստանալ «Նաիրիտում»: Իսկ մեզ ասում են՝ փող չկա: Ստացվում է՝ մեզ դուրս հանեցին, մենք փողը չստացանք, իսկ ովքեր մնացին՝ շարունակում են աշխատավարձ ստանալ, իսկ մեզ ասում են՝ սնանկացման գործընթացից հետո»,-ամփոփում է Կարեն Հակոբյանը և նշում, որ այդ մարդկանց մեջ են նաև նրանք, ովքեր «Նաիրիտը» հասցրեցին սնանկացման: Մինչդեռ գործարանի ստեղծման ակունքներում եղել է նաև Կարեն Հակոբյանի պապը՝ Ալեքսանդր Տեր-Հակոբյանը, ով ստացել է առաջին կաուչուկը Հայաստանում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Михаил18:52 - 9 մարտի, 2016
Абсолютно в такой же ситуации я подал иск против Службы Принудительного исполнения судебных актов (за их бездействие). Проиграв все суды в Армении, подал в Европейский Суд по Правам человека. Выиграл суд и получил и зарплату и моральный ущерб. Смотрите дело Хачатряны против Армении на сайте министерства юстиции РА.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ