Կիրակի, 23 սեպտեմբերի

Խոժոռնեցիները նեղացած են Հայաստանի իշխանություններից



«Էսօր մենք Հայաստանի սահմանային թև ու թիկունքն ենք, եթե էս գյուղը չլինի, նոր կհասկանան՝ ինչ ենք ասում»:  

Վրացահպատակ Խոժոռնիում արդեն գարուն է: Գյուղի հոնենիները շռայլորեն ծաղկել են: Գյուղացիները սկսել են գարնանացանը: Կեսօրի անսովոր շոգին զառիթափ ճանապարհով էշին նստած գյուղ էր իջնում խոժոռնեցի Ռուբիկ Վերմիշյանը: Էշին կրնկակող հետևում էր քուռակը: Ռուբիկը էշի վրա գցած խուրջինում քարեր էր դարսել, ինքն էլ բազմել էր խուրջինին: Էշը ծանր բեռի տակ տնքալով՝ մի կերպ առաջ էր գնում: «Ապրում ենք, էլի: Դե, ինչ գոհ, պենսին ստանում ենք, ապրում ենք,160 լարի պենսի եմ ստանում, ընտանիքում 6 հոգի ենք: Մչամ լավն ա, որ մեր hողումը կենում ենք»,- ասաց նա: Ռուբիկը քար էր տանում՝ ջերմոց սարքելու: Պարծեցավ. «Ամեն ինչ էլ ցանիլ տեմ»:

Կեսօրին Խոժոռնիի գյուղամեջում հավաքված էին գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ: «Մեր գյուղի 45 ընտանիքների ջուրը կտրված է: Մառնեուլի շրջանային բյուջեից 18 հազար լարի է հատկացվել: Հավաքվել ենք, որոշենք, թե էդ փողով գյուղի որ կարիքը կբավարարվի»,- բացատրեց Միշա Սիմոնյանը: Խոժոռնեցի Մանվել Վերմիշյանը Մառնեուլի շրջանային ժողովի փոխնախագահ Մետրեվելիին կիսատ-պռատ ռուսերենով բացատրում էր, որ 18 հազար լարին նույնիսկ ջրագծի նախագծին չի բավարարի: «Ջրագիծը շատ թանկ է»,- պնդում էր նա:

Մառնեուլի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանի ասելով՝ Խոժոռնիում խնդիրները շատ են: Գյուղը ոչ միայն ջրի, նաև վառելիքի, սահմանի և Հայաստանի հետ կապված խնդիրներ ունի: Շրջանային պատգամավորի խոսքերով՝ ինքն ու Մետրեվելին եկել են Խոժոռնի՝ գյուղական հարցերով: Խորհրդային տարիներին Խոժոռնիի ջրերի 85-90 տոկոսը Հայաստանից է եկել, հիմա 40-50 տարի անցել է: Մարդիկ ուզում են վերանորոգեն գյուղի ջրագծերը: Ա. Հախվերդյանն ասում է, որ վրացի սահմանապահների հետ հայկական կողմ անցնելը հեշտ կարգավորվում է, հայկական կողմի հետ խնդիրը երկարում է: «Մենք ուրախ կլինենք, որ Ջիլիզայի անցակետը բացեն: Նույն հողի ու ջրի մարդիկ ենք՝ Ջիլիզայի հետ կապված: Տարիներով իրար չենք տեսնում, ճանապարհը 100 կմ շրջանցում ենք, որ Ջիլիզայի մեր հարազատներին տեսնենք»,- բացատրեց Ա.Հախվերդյանը: 

«Մենք էլ կօգնենք, որ Ջիլիզայի անցակետը շուտ բացվի»,- արձագանքեցին իմ և պատգամավորի զրույցին ուշադիր հետևող խոժոռնեցիները: Արսեն Հախվերդյանը Սադախլո-Ախքյորփի ճանապարհի հետ կապված մեր հարցին պատասխանեց. «Ճանապարհի խնդիրը մոռացված չի, 30 կմ-անոց ծրագիր ունենք՝ Սադախլո-Ախքյորփի ճանապարհի ասֆալտապատման համար: Գյուղերին մեր տեղական բյուջեից գումար է հատկացվելու՝ միջհամայնքային ճանապարհները վերանորոգելու համար»: Թե երբ է ճանապարհի վերանորոգման գումարը հատկացվելու, չասաց: 

«Մեր գյուղի ջրամատակարարման 63 հազար լարի նախահաշվային արժեքով մի ծրագիր 4 տարի առաջ պրավալ եղավ: Էդ փողերը լրիվ քամուն տվեցին, գնաց, կորավ, ջուրն էլ չեկավ՝ տեղադրված վատ խողովակների պատճառով: Հիմա այս տարի հատկացված 18 հազար լարիով ջուր չի գա գյուղ: Գյուղում լուսավորություն ենք քաշել, պահանջեցինք 18 հազար լարիով մնացած լուսավորության աշխատանքները կատարեն: Կամ վերանորոգեն ճանապարհը, եթե մինչև վերջ չէ, գոնե, մի մասը սարքեն,բայց լավ սարքեն»,- ասաց Մանվել Վերմիշյանը:

Խոժոռնեցիները դժգոհեցին իրենց ապրելակերպից. «Հմի ասեմ՝ ոնց ենք ապրում: Մեր գյուղում սովետական ժամանակ 1050 ընտրող ունեինք: Հիմա ունենք 350 ընտրող: Հայերը անտառի պատճառով են հեռացել մեր գյուղից: Գյուղի 90 տոկոսը սունկով, մոշով, մոռով էր ապրում: Գնացին, լրիվ քոչեցին: Վրացին հո չի ասում գնացեք էստեղից, ապրելակերպ չի ստեղծվում՝ մարդիկ գնում են»,- բացատրեց Արայիկ Դավթյանը: Մանվել Վերմիշյանի ասելով՝ խոժոռնեցիների առաջին պրոբլեմը ձմռանը տունը տաքացնելն է: Գյուղացիները տունը տաքացնելու համար ձմեռը իրենց այգու բերքատու ծառն են կտրում: Հետո ամաչելուց ասում են՝ բերք չի տալիս, դրա համար ենք կտրում: Ուրիշ հնար չունեն: Այն դեպքում, երբ ժամանակին զբաղվել են փայտի վաճառքով:

«Ադրբեջանական «Սոկար» ընկերությունը Վրաստանում ինչքան ադրբեջանական գյուղեր կա լրիվ գազով ապահովում է, օգնություններ է տալիս: Իսկ մեր Հրանուշ Հակոբյանը մենակ ասում է «Արի տուն»: Խնդրում եմ Հրանուշին մեր կողմից հայտնեք, որ «Արի տուն»-ով բան չի լինում, թող օգնի մեր հողին կառչած մնանք»,- պահանջեց Արայիկ Դավթյանը

«Մեր դպրոցի դիրեկտորը անցած տարի գնացել էր կրթության նախարար Արմեն Աշոտյանին ասել էր Խոժոռնիի դպրոցում հայկական գրքերի պրոբլեմ ունենք: Աշոտյանն ասել էր՝ դրա ժամանակը չի: Ասում են՝ արի տուն, տանն ենք էլի, Հայաստնի կողքին ենք, օգնեն՝ տանը մնանք»,- ասաց մեկ այլ խոժոռնեցի: Խոժոռնեցիների կարծիքով, եթե Ջիլիզայի միջսահմանային անցակետը բացվի, երկու կողմերի ժողովուրդը կսկսի նորմալ ապրել: Անցակետի հարցով խոժոռնեցիները ամբողջ գյուղով գնացել են Մառնեուլի շրջանային կենտրոն: Այնտեղ էլ նրանց համոզել են, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է Ջիլիզայի անցակետը բացելուն: Հետն էլ՝ ապացուցելու համար ասել են՝ կարող են ժուռալիստներ բերել և հեռուստացույցով ամբողջ աշխարհին ապացուցեն, որ Խոժոռնին հայկական գյուղ է՝ Հայաստանը բերել է սահմանը փակել:

«Մենք ասացինք՝ չէ, Հայաստանը մեզանից կնեղանա: Մենք ուզում ենք մեր անտառներից սունկ, մոշ, մալինա հավաքենք: Էդ է մեր ապրելակերպը: Կարելի է հսկողություն դնել, Ջիլիզայի անցակետը բացել և թույլատրել սահմանամերձ հայ բնակչությանը անտառից օգտվել»,- առաջարկեց Արայիկը: «Եթե ոչ, 5 տարի հետո, խոսքս հիշեք, սահմանամերձ հայկակական մեր գյուղերում մարդ չի մնալու: Ով իր երեխայի ապագան թանկ է համարում, ով տոմսի փող ունի, ով հնարավորություն ունի, թողնում է ու գնում: Խոժոռնիում 120 տուն դատարկ է: Ապրող չկա»,- հայտնեց Մանվել Վերմիշյանը: «Ջիլիզայի անցակետի բացելը ուղղակի խոսակցությո՞ւն է, թե՞ մենք հույս ունենանք, որ մի օր կբացվի անցակետը»,- հարցրեց Արթուր Հախվերդյանը: «Իմ տեղեկություններով՝ Ջիլիզայի անցակետի բացման գործում Հայաստանում ամենահույսով մարդը Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանն է: Նա էլ ասում է՝ Հայաստանի կողմը պատրաստ է, վրացական կողմն է ձգձգում անցակետի բացումը»,- պատասխանեցի: «Մեզ համար կարևոր հարց ա Ջիլիզայի անցակետի բացելը, այ, մեր հարևան ախքյորփցիները անցակետ ունեն, նրանք անցակետում կարողանում են իրենց անձնագիրը պեչատեն, անցնեն հայկական կողմը, օգտվեն անտառից, իրիկունը հետ գան իրենց տուն: Մենք էլ ուզում ենք Ջիլիզայի անցակետը ունենանք, անցնենք Հայաստան, ինչ-որ մի բանից օգտվենք, խոսքի անտառից 10 կգ սունկ հավաքենք, մի երկու վեդրո մոշ հավաքենք, դրանով էլի կապրենք»,- բացատրեց Արթուր Հախվերդյանը:

Խոժոռնեցիները նեղացած են Հայաստանի իշխանություններից. «Հայաստանին մենք շատ ենք օգնել: Էսօր էլ մենք Հայաստանի սահմանային թև ու թիկունքն ենք, եթե էս գյուղը չլինի, նոր կհասկանան՝ ինչ ենք ասում: Ղարաբաղի կռվի ժամանակ Խոժոռնիում հազար մարդ կար բոեվոյ կանգնած: Էն ժամանակ հայ էինք, հիմա հայ չենք»,- ասաց Ա. Դավթյանը: Խոժոռնեցիների ասելով՝ այս տարի Ամերիկայից բերված փշալարեր են քաշելու հայ-վրացական սահմանին: Տեղադրելու են նաև տեսանկարահանող սարքեր:

Անձևրների ժամանակ հայ-վրացական սահմանի մոտ գտնող գյուղի ջրի խողովակները խցանվում են: «Փշալարերով պատելուց և տեսանկարահանող սարքեր տեղադրելուց հետո մենք կարող ենք մեր ջրի խողովակների վթարները սահմանային հատվածում վերացնել միայն վրացական սահմանապահ ուղեկալի հրամանատարի թույլտվությամբ: Այդ ժամանակ մենք օրերով ջուր չենք ունենա»,- անհանգստացավ Անահիտ Հախվերդյանը: Անահիտի տունը գտնվում է Խոժոռնիի գյուղմիջյան հրապարակի հարևանությամբ: «Երբ խոսք ենք բացում տունը ծախելու մասին, 10 ադրբեջանցի գնորդ է հավաքվում, իսկ հայերը, իրենց տուն-տեղ թողած, հեռանում են Խոժոռնիից»,- ասաց Անահիտը: Խոժոռնիի բնակչության 70 տոկոսը հայեր են, 30 տոկոսը՝ ադրբեջանցիներ: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ