HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի սահմանամերձ գյուղերի հայերը Բագրատաշենի անցակետում արտոնություններ են խնդրում Հայաստանի կառավարությունից

Վրաստանի սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչները Հայաստանի կառավարությունից պահանջում են կարգուկանոն հաստատել Բագրատաշենի մաքսատանը: Նրանք նաև խնդրում են Բագրատաշենի անցակետում որոշ արտոնություններ սահմանել սահմանամերձ հայկական գյուղերում ապրող հայ բնակիչների համար:

«Դուք հայ-վրացական տամոժնիով եք անցել: Մեր կողմն էլ նայի, Վրաստանի կողմն էլ: Իմ թոռնիկի հետ անցնում էի մաքսատներով: Վրաստանի մաքսատանը փաստաթղթերս ստուգեցին, անցա Հայաստանի Բագրատաշենի մաքսատուն: Նստած էր մի գեր մաքսավոր. «Հոպար ջան, ասավ, էս քո դոկումենտները ճիշտ չեն: Ոնց չեն ճիշտ՝ հարցրի: Որ իրեն ես փող տվեցի, նոր ասավ՝ դոկումենտդ ճիշտա: Այ, էդ բանը էստեղ՝ Վրաստանում տեսած չկամ, է՜: Վրացական կողմը նայում է դոկումենտդ, ասում է՝ բարի ճանապարհ Ձեզ: Գնանք վրացական կողմը և Ձեր կողմը՝ տեսնենք»,- հայտնեց ախքյորփեցի Միշա Ավագյանը:

Վրաստանի հայկական գյուղերի սոցիալական ծանր վիճակում գտնվող հայերը փորձում են ապավինել հայրենիքին՝ գյուղատնտեսական որոշ մթերքներ իրացնելով Հայաստանում: «Սեմիչկա ենք ցանում, թե ինչ ենք ցանում, վրացիները թողնում են մաքսակետն անցնելու, իսկ Բագրատաշենի մաքսատան հայ մաքսավորները չեն թողնում»,- դժգոհեց խոժոռնեցի Միհրան Սիմոնյանը:

«Մի հատ ցավալի հարց էլ կա: Մեր հայկական Բագրատաշենի մաքստանը, Վրաստանի պետական համարանիշներով մեքենաներից մուտքուելքի համար տուրք են գանձում: Իմ ամբողջ ազգուտակը Հայաստան է ապրում, ես եմ Խոժոռնիում պահակ մնացել: Իմ երեխային Հայաստանում տեսնելու համար անցնելիս Բագրատաշենում, 2 հազար դրամ մուտքի համար եմ վճարում, 2 հազար դրամ էլ՝ ելքի: Գումարած դրան՝ 7 հազար դրամ էլ ԱՊՊԱ-ի համար են ուզում: Էդ ամենը անում է 11 հազար դրամ: Դա 10 օրվա համար է: Բա դրա վառելիքը: Խնդրում ենք Հայաստանի կառավարությանը Վրաստանի սահմանամերձ հայկական գյուղերի հայ բնակիչների համար, գոնե Բագրատաշենի մաքսատան էդ տուրքերը հանեն»,- առաջարկում են Միշա Սիմոնյանը. նրան միանում են սահմանամերձ Խոժոռնի գյուղի մյուս հայերը:

«Էդ 2 հազար դրամները շատ կարևոր են: Եթե ես դա մուծեմ տամոժնու բանկը, սրտիս դարդ չիլինի: Ինձանից և մյուսներից վերցրած երկու հազար դրամը դնում է դարակում, մեքենաս գրանցում է, որ մտավ Հայաստան: Հետո նույն օրը հետ եկար կամ հաջորդ օրը, նորից 2 հազար դրամ պետք է մուծես, որ Հայաստանից դուրս ես եկել»,- բացատրեց խոժոռնեցի Մանվել Վերմիշյանը:

Մի անգամ Մանվելը չի համբերել և վրացական ավտոմեքենաների համար սահմանված իրենից գանձվող գումարը պետական գանձարան չմուծելու համար դժգոհել է հայ մաքսավորին: «Ապեր, ուզում ես անցի էս կողմ, դու գրանցի և գրանցումից հանի»,- պատասխանել է մաքսատան աշխատողը: «Դրանց ո՞վ է էդտեղ նստացրել, որ էդ 2 հազար դրամը սարքում են: Բրոկերային սենյակում են մուծում»,- հայտնեց Մանվել Վերմիշյանը: «Եթե էդ տուրքի 2000-ական դրամները վերացնեն, չէ, չեք պատկերացնի, թե մեզ որքան օգնած կլինեն»,- ասում են հայ գյուղացիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter