Կիրակի, 23 սեպտեմբերի

6 մլն դոլարի լվացման գործով հարցաքննվում են «ԱրմենՏել»-ի աշխատակիցները



Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «ԱրմենՏել» ՓԲԸ-ից շուրջ 6 մլն դոլարի լվացման գործով հարցաքննվեցին վկաները: Դատարանը քննում էր «ԱրմենՏել» ՓԲ ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի գործը:  

Հիշեցնենք՝ Սաչկովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի ձեռնարկատիրություն,  որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,  որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ըստ մեղադրանքի, Սաչկովը, լինելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի տնօրեն, համաձայնել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները և ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել»-ի բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը:

«Հետքը» մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանից հետաքրքրվեց, թե գործով պարզվել է, արդյոք, թե ուր են հոսել հաշվարկային համակարգը շրջանցած գումարները: Մեղադրողը պատասխանեց, որ գործով քննությունը դեռևս շարունակվում է: Դատարանում են միայն անջատված մասերը:

 «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հատուկ կարևորության հաճախորդների տեխսպասարկման բաժնի պետ Կարապետ Առաքելյանը դատարանում պատմեց, որ ինքը Սաչկովից հանձնարարություն է ստացել A կետից B կետ կապուղի բացել, ինքն էլ կատարել է հանձնարարությունը: «Ինքն էլ մեր նման մեկն է, իրեն էլ հանձնարարվել է, ոնց որ մեզ են հանձնարարել»,-ասաց Կարապետ Առաքելյանը:

Այդպիսի կապուղիների բացման հանձնարարություն Կարապետ Առաքելյանն ամեն օր ստանում է, և որևէ արտասովոր բան դրանում չի տեսել: Ծառայողական կապերի կազմակերպումը իր բաժնի ֆունկցիան է: Նման կապուղու համար հանձարարություն կարող է տալ կամ ընկերության գլխավոր տնօրենը, կամ Տեխնիկական բլոկի ղեկավարը, որը, ըստ վկայի, Սաչկովն է եղել:

«Ինձ հանձնարարվել է տրամադրել ծառայողական երկու ուղեգիծ՝ 44 ATC-ից մինչև 28 ATC, տրամադրել եմ, Սաչկովի կողմից էր հանձնարարականը եղել, օրը 2-3 նման գիծ տրամադրում եմ, այսօր էլ եմ տվել, ինձ հանձնարարական է եղել՝ a կետից b կետ ուղեգիծ տրամադրել (Ազատության 24-ից մինչև Ֆրունզե 20-ը-հեղ), ես էլ անում եմ:  Խոսքը՝ երկու ուղիղ գծի մասին է»,-պատմեց վկան:

Թե կապուղիներին ինչ նպատակներով է օգտագործվել, Կարապետ Առաքելյանը հավաստիացրեց, որ տեղյակ չի եղել, չնայած ինչ-որ բաներ հետո լսել է: «Հստակ կարող եմ ասել, որ երկու կապուղիները ես եմ կազմակերպել՝ A կետից B կետ՝ համաձայն կոնկրետ հանձնարարականի»,-ասաց Կ. Առաքելյանը:

Վլադիմիր Սաչկովի պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ չնայած վկա Առաքելյանը նշում է, որ հանձնարարական է ստացել իր անմիջական ղեկավարից՝ Սաչկովից, սակայն գործում կան ապացույցներ, որ Սաչկովը Տեխնիկական բլոկի տնօրեն է նշանակվել 2010-ի հուլիսին, սակայն կապուղու բացման հանձնարարականը եղել է նույն թվականի մարտին: Վկա Առաքելյանն այնուհետև նշեց, որ չի հիշում ով է եղել հանձնարարողը, գուցե նախկին ղեկավարը:

«Նա իսկապես կատարել է տեխնիկական բլոկի հանձնարարությունը, և ես այդ ժամանակ չեմ եղել, եղել է Գոռ Զավենի Առաքելյանը, ես եղել եմ հատուկ հաճախորդների սպասարկաման գծով ղեկավար, հետևաբար գրությունը գրված է եղել նրա կողմից: Նա նաև իմ բաժնի ղեկավարն էր»,-նշեց Վլադիմիր Սաչկովը:

Սաչկովը հարց ուղղեց Կարապետ Առաքելյանին, թե արդյոք իր ծառայողական պարտականությունների մեջ մտնում է աշխատել ուժային կառույցների, ՊՆ-ի կամ իրավապահների հետ: «Եթե լինում է պահանջ, անում ենք, մեր նախաձեռնությամբ, մենք չենք անում,-ասաց վկան և հավելեց,- դե նախագահը, բանը մենք ենք անում»:  Այսինքն, ըստ վկայի, իրենք են սպասարկում ՀՀ նախագահին, ԱԺ-ին և այլ պետական կառույցների: Եվ այդ ամենը կատարում են՝ ըստ հանձնարարության:  

Հարցաքննվեց նաև «ԱրմենՏել»-ի Միջօպերատորական համագործակցության բաժնի պետ Կարինե Եղիազարյանը: Նա պատմեց, որ 2010 թվականին անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը կանչել է իրեն և ասել, որ պետք է նոր կապուղի բացել և կազմակերպել այդ կապուղիները որպես ծառայողական կապ: Աշոտ Պողոսյանը Կարինե Եղիազարյանին ցույց է տվել ԱԱԾ-ի նամակը, սակայն չի տրամադրել այն Կարինե Եղիազարյանին՝ պատճառաբանելով, որ գաղտնի է և պահվում է իր «սեյֆում» :

Դրանից հետո Կարինեն «ԱրմենՏել»-ի տնօրեն Իգոր Կլիմկոյի անունից գրություն է ստացել, և ինքն էլ գրություն է կազմել Վլադիմիր Սաչկովի անունով, որպեսզի կապուղին բացվի: Կարինեն ձևակերպել է նոր կապուղին որպես ՀՀ ԱԱԾ-ի համար ստեղծվող, ծառայողական կապ:

Կապուղու բացումից հետո Կարինե Եղիազարյանը ֆիզարձակուրդում է եղել մինչև 2014 թվականը: Սակայն արձակուրդի ընթացքում՝ 2013թ.-ի հոկտեմբերին, իրեն զանգահարել է Աշոտ Պողոսյանը և ասել, որ կապուղիներն անջատվել են, պետք է վերամիացնել: Կարինե Եղիազարյանը տնից մուտք է գործել համակարգ և բացել RFC-ին՝ Սաչկովի հետ դրա մասին խոսելուց հետո: Սկզբնական շրջանում միացվել է մեկ հոսք, հետո ևս երկուսը:

Ըստ Կարինե Եղիազարյանի ցուցմունքի, երբ ինքը հայտնաբերել է, որ այդ կապուղիները շրջանցում են հաշվարկային համակարգը, անմիջապես հայտնել է ղեկավարությունը: Կարինե Եղիազարյանի պարզաբանմամբ, «ԱրմենՏելի» բիլինգային համակարգ մտնում են այն կապուղիները, որոնք նախատեսված են պայմանագրով և որի դիմաց ընկերությունը գումար է ստացել: Զանգերի այդ հոսքի համար որևէ պայմանագիր չի եղել, հետևաբար դրա դիմաց ընկերությունը ոչինչ չի ստացել:

Իսկ հայտնաբերվել է այն ժամանակ, երբ ռուսաստանյան «Մեգաֆոնի» հետ ուղիղ համակցություն է արվել: Տեսել են, որ ավելի շատ զանգեր են գալիս այդ օպերատորից, քան օրինական գրանցվել է «ԱրմենՏել»-ում:

Հարցաքննվեց նաև «ԱրմենՏել»-ի Համակցման ցանցի շահագործման բաժնի պետ Տիգրան Վարդանյանը:

Տիգրանը պատմեց, որ երբ կապուղու կազմալուծման մասին Սաչկովից հանձնարարություն է ստացել, սակայն չի ստացել համապատասխան RFC հանձնարարական, վերջինս իրեն ուղղորդել է մոտենալ Աշոտ Պողոսյանին: Պողոսյանն ասել է, որ իր մոտ հանձնարարական կա ԱԱԾ-ից, որը դրված է իր չհրկիզվող պահարանում, որը, սակայն, չի կարող ցույց տալ, քանի որ գաղտնի է: Եվ ասել է՝ եթե խնդիրներ ունենան, իր պատասխանատվության ներքո են: «Գնացեք ձեր համար հանգիստ աշխատեք»,- Պողոսյանին մեջբերեց Տիգրան Վարդանյանը:

Տիգրան Վարդանյանի խոսքերով, վերագործարկման ժամանակ Պողոսյանն ասել է, որ կապը ծառայելու է ՀՀ պաշտպանության նախարարության համար: Այսինքն՝ այն կապուղին, որը վերագրվում էր ԱԱԾ-ին, վերագործարկման պահին վերագրվել է ՊՆ-ին:  Սաչկովից Տիգրանը sms է ստացել, որ պետք է վերականանգել հին կապուղիները: Այդ կապուղիներով միայն մուտքային զանգեր են եկել՝ «ԱրմենՏելի» ֆիքսված և մոբայլ համարների:

Ըստ Տիգրանի, այդ կապուղիներով հոսող ֆայլերի տարբերություն է եղել: Եթե «ԱրմենՏելի»  կապուղիների դեպքում CAST տիպի ֆայլեր են լինում, ապա վիճարկվող կապուղիներում եղել են TT տիպի: Բացի դրանից, 2013 թվականին դրսից հեռահար հասանելիություն ունեցող անձնը՝ administrator մուտքային անունով, մուտք է գործել համակարգ և այդ ֆայլերը ոչնչացրել է: Չնայած Տիգրանի մոտ երկուսը պահպանվել է, որն էլ նա հանձնել է ՀՀ ԱԱԾ-ին:

Տիգրան Վարդանյանի հարցաքննությունն այսօր չավարտվեց, քանի որ ավարտվեց աշխատանքային օրը: Նշենք, որ նիստը նշանակված ժամից 50 րոպե ուշ սկսվեց: Նախ՝ ամբաստանյալ Սաչկովին դատարան չէին բերել, հետո՝ դատավոր Ա․ Բեկթաշյանն էր ուշանում: Դատավոր Ա. Բեկթաշյանը նիստը հետաձգեց մինչև մարտի 17-ը: Այդ օրը Տիգրան Վարդանյանին կհարցաքննեն ամբաստանյալն ու նրա փաստաբանները: Կհարցաքննվեն նաև մնացած վկաները: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ