HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել Արտակ Շաբոյանի դեմ

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը դիմում է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովը դիմումի հիման վրա հարուցել է վարույթ:

Տիգրան Վարդանյանն իր դիմումում նշել է, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը 2015թ. հունիսի 20-ին Ծաղկաձորում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Տուրիստական կազմակերպությունները փաթեթային էժան առաջարկներ են գովազդում, իսկ երբ քաղաքացին այցելում է իրենց գրասենյակներ, ասում են, որ էժան փաթեթներն արդեն սպառվել են և «ստիպում» օգտվել թանկ փաթեթից: Ավելին՝ բուկլետներում տեղադրում են գեղեցիկ վայրերի, քաղաքների լուսանկարներ և միայն տեղ հասնելուց է անձը, քաղաքացին պարզում, որ իրեն խաբել են և նման հնարավորություն ինքը չի ունենալու: Օրինակ՝ «Մարաթուկ» ընկերության նկատմամբ Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել. վերջինս մոլերեցրել է քաղաքացիներին՝ բուկլետներում ներառելով իբր Կրետե կղզու լուսանկարը, որն իրականությանը չի համապատասխանել»:

Որպես ապացույց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ուղղված դիմումին կցվել է «Փաստինֆո» լրատվական կայքի հրապարակումը:

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը իր դիմումը հիմնավորել է վկայակոչելով ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ: Մասնավորապես՝ հոդվածները վերլուծելով հանգել է այն եզրակացության, որ պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են հարգել առևտրային իրավաբանական անձանց գործարար համբավը և վարչաիրավական հարաբերություններում «անմեղության կանխավարկածի» սկզբունքը: 

Տիգրան Վարդանյանը նշել է, որ չկա ուժի մեջ մտած անբողոքարկելի վարչական ակտ, ուստի այդ պայմաններում «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ին իրավախախտ ներկայացնելու Արտակ Շաբոյանի հրապարակային հայտարարությունը նսեմացնում է կոլեգիալ մարմնի դերը, ինչպիսին ՏՄՊՊՀ-ն է, և վարչական առհասարակ վարույթի նշանակությունը՝ հանգեցնելով հանրային անվստահության: Տ. Վարդանյանի կարծիքով՝ Արտակ Շաբոյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, 28-րդ հոդված 3-րդ մաս.

Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են`

1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.

2) հարգել հանրության բարոյական նորմերը.

3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.

4) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.

5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.

6) բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իր գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը.

7) ձգտել կառավարել իր ներդրումներն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն շահերի բախման իրավիճակները։

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին խնդրել է ձեռնարկել միջոցներ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտումները վերացնելու և(կամ) կանխարգելելու ուղղությամբ:

Հանձնաժողովը վարույթը հարուցել է փետրվարի 18-ին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել է որոշումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնել առարկություններ, բացատրություններ: Շաբոյանը արդեն ներկայացրել է իր բացատրությունը:

Առաջին անգամը չէ, որ Արտակ Շաբոյանը հայտնվում է տհաճ իրավիճակում: Հատկապես վերջին ամիսներին նրա շուրջ ծավալված աղմուկը չի դադարում: Տնտեսվարողները բողոքում են նրա ղեկավարած հանձնաժողովի գործունեությունից, իսկ այժմ բանը հասել է էթիկայի նորմերի խախտումների մեղադրանքներին:

Նշենք, որ հարուցված վարույթի արդյունքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր եզրակացությունը օրենքով տալիս է մեկամսյա ժամկետում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter