HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը չորրորդ անգամ ձգտում է աշխարհի չեմպիոնի թագին

Այսօր Մոսկվայում կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրը: 8 գրոսմայստեր կպայքարի՝ գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենին ձեռնոց նետելու համար: Մրցաշարի պաշտոնական բացումը երեկ էր:

Հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, ով մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել շնորհիվ այն բանի, որ մոսվկովյան մրցաշարի հովանավորը ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր Գրուպն» է: Սա է պատճառը, որ մրցաշարն անցկացվում է Մոսկվայում, սակայն կազմակերպիչների թեկնածուն ոչ թե աշխարհի նախկին չեմպիոն, ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկն է, այլ հենց Արոնյանը:

Մյուս հավակնորդներն են աշխարհի նախկին չեմպիոն, 2014 թ. Կառլսենին տանուլ տված հնդիկ Վիշվանաթան Անանդը, 2015 թ. աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Սերգեյ Կարյակինն ու եզրափակչի մասնակից Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ՝ Ռուսաստան), ՖԻԴԵ-ի 2014-2015 թթ. Գրան պրիի խաղարկության առաջատարներ Ֆաբիանո Կարուանան եւ Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), 2015 թ. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի միջինացված տվյալներով (հաշվի է առնվել անցյալ տարվա 12 ամիսների վարկանիշային միջին ցուցանիշը) իրավունք ստացած բուլղար Վեսելին Տոպալովը եւ Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրին:  

Մրցաշարը բաղկացած է 14 տուրից. 8 հավակնորդները դասական շախմատի 2-ական պարտիա կանցկացնեն միմյանց հետ սեւ եւ սպիտակ ֆիգուրներով: Պայմանավորվածություններից խուսափելու համար առաջին եւ երկրորդ փուլերի առաջին պարտիաներում (1-ին եւ 7-րդ) միմյանց հետ կմրցեն նույն երկրի պատվիրակները՝ Կարյակինն ու Սվիդլերը, Նակամուրան եւ Կարուանան: Հաղթողն ի հայտ կգա մարտի 28-ին, մրցաշարի փակումը տեղի կունենա ամսի 30-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 420.000 եվրո է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողը այս տարվա նոյեմբերի 11-30-ին Նյու Յորքում կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը Մ. Կառլսենի հետ:  

Նշենք, որ սա Լեւոն Արոնյանի չեմպիոն դառնալու չորրորդ փորձն է: 2007-ին հաղթահարելով ընտրական փուլը՝ Լեւոնը մտավ եզրափակիչ մրցաշար, որտեղ 8 շախմատիստներ խաղարկում էին թագը. գործող չեմպիոնը Վ. Կրամնիկն էր, սակայն վերջինս մյուսների պես պայքարում էր չեմպիոնի կոչման կամ ավելի ճիշտ՝ այն պահպանելու համար: Ի վերջո, Մեխիկոյի մրցաշարում աշխարհի չեմպիոն դարձավ Վիշի Անանդը: Դրանից հետո ՖԻԴԵ-ն կրկին վերադարձավ դասական կարգին, երբ հավակնորդներից լավագույնն առանձին մրցամարտ էր անցկացնում գործող չեմպիոնի հետ:

Արոնյանի երկրորդ փորձը 2011-ին, երբ Կազանում 8 հավակնորդներ նոկաուտ համակարգով (զույգում պարտվողը թողնում է պայքարը) ընտրում էին լավագույնին: Հենց 1/4-ում մեր շախմատիստը զիջեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին, որն էլ հետագայում պարտվեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, ով արդեն 2012-ին Մոսկվայում հանդիպեց չեմպիոն Անանդին: «Մադրասի վագրը»՝ Անանդը, պահպանեց իր կոչումը՝ հաղթելով հավակնորդին:

Լեւոնի երրորդ փորձը 2013-ին էր: Լոնդոնում կրկին 8 գրոսմայստերներ վիճարկեցին հավակնորդի կոչումը: Այս անգամ, ինչպես նաեւ հետագայում, մրցաշարն անցկացվեց շրջանաձեւ մրցակարգով: Լավագույն արդյունքը ցույց տվեց Մ. Կառլսենը, որը նախորդ՝ կազանյան մրցաշարից հրաժարվել էր: Նորվեգացին ձեռնոց նետեց Անանդին ու նրա իսկ հայրենիքում՝ Չեննայում (նախկին Մադրաս), 2013-ի նոյեմբերին հռչակվեց աշխարհի նոր չեմպիոն:

Գահընկեց եղած Անանդը շատերի համար անսպասելիորեն հաղթեց Խանտի-Մանսիյսկի 2014 թ. հավակնորդների մրցաշարում, որտեղ 8 հոգու մեջ կար նաեւ Արոնյանը: Հնդիկ շախմատիստը, սակայն, չկարողացավ վերադարձնել թագը: 2014-ի նոյեմբերին Սոչիում Կառլսենը կրկին ուժեղ գտնվեց Անանդից ու պահպանեց կոչումը:

Եվ ահա հերթական անգամ 8 լավագույնները պիտի որոշեն ամենաարժանավորին, ով կփորձի շախմատի համաշխարհային առաջատար նորվեգացուց խլել թագը:

Այսօր կայանալիք առաջին տուրում տեղի կունենան հետւյալ պարտիաները. Կարյակին-Սվիդլեր, Նակամուրա-Կարուանա, Գիրի-Արոնյան, Անանդ-Տոպալով:  

Լուսանկարը՝ chess.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter