HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Առաքելյան. «Ինձ չի հետաքրքրում գեղեցիկը, մանավանդ՝ արվեստում»

Մանե Գրիգորյան

Գնալ Բեռլինը գրավելու՞, թե՞ փիղը տանել Երևան. ահա ինչիպիսի խնդրի առջև էր կանգնած «Զինվորն ու փիղ»-ը ֆիլմի հերոսը՝ Արմենակը, որը, եթե տեսած լիներ Լևոնի սենյակ-արվեստանոցը,  հաստատ չէր հորդորի  փղին փախչել իր Աֆրիկան, որտեղ տաք է և պատերազմ չկա: Ներս ես մտնում թե չէ՝ տան պատին փղերն են՝ համերաշխ ՝ գլուխ-գլխի, կնճիթ-կնճիթի: Լևոնի սենյակ-արվեստանոցը կարծես բեմականացված լինի, չգիտես՝ ուր նայել: Տարբեր ժամանակներ ու իրադարձություններ պատերից հայացքը դեպքի քեզ են ուղղում՝ մեկ կիտրոնագույն Լենինն է վրադ նայում, մեկ`  անհավանական սյուժեներով   Լևոնի սարքած կոլաժները: Երբ ավելի ուշադիր ես նայում, սենյակը շերտ առ շերտ կարծես նոր գաղտնիքներ է հրամցնում, անկյունում՝ կանաչ, հին ճամպրուկն է, որը, հնարավոր է, ընդամենը բեմականացված սենյակի մի բաղադրիչ է, բայց տեսնողին թվում է՝ սենյակը իրերի և նկարների միջոցով քեզ հանելուկներ է պատմում, որ գուշակես, հավաքես բոլոր տարերը միասին ու ստանաս մի պատասխան, մի պատմություն: Բայց գաղտնիք չէ, որ արվեստագետի աշխարհում պատասխանը երբեք մեկը չէ, պատմությունները բազում են:

Ասում է, որ իր կյանքում  մի շրջան  կար՝ բացասական կերպարներ էր նկարում՝ գրոտեսկային, սյուրռեալիստական շարք ունի, որ երբ սկսեց, տանեցիները չհավանեցին, ասացին՝ ավելի լավ, բարի կերպարներ կան, փորձիր գեղեցիկը տեսնել: Բայց այդ ժամանակ, ասում է, որ չէր կարող  գեղեցիկը նկարել. նրան չէր հետաքրքրում գեղեցիկը:  Մտածում է, որ ամեն մարդ ունի նպատակ. մեկը արվեստի միջոցով փորձում է ցույց տալ գեղեցիկը, մյուսը՝ հակառակը, փորձում է կյանքի բացասական երևույթներն ու տգեղությունը, ամայությունն ու մենակությունը փոխանցել կտավին: Ինչ-որ առումով նույնիսկ չափազանցված՝ ցույց տալ  տգեղությունը չափազանցված: «Ասենք, կեղտոտ լվացարան է, հակաէսթետ երևույթ  է, չէ՞, դու կարող է դա արվեստի գործ համարես, բայց ի՞նչ է պատկերված` կեղտոտ  լվացարան: Նայած, թե որ անկյունից ես նայում »,- ասում է Լևոնը:

Դրա համար շատ դեպքերում, երբ Լևոնին ասում են՝ գեղեցիկը տես, նա պատասխանում է՝ եթե դու ուզում ես գեղեցիկը տեսնել՝ տես, ինձ չի հետաքրքրում գեղեցիկը, մանավանդ՝ արվեստում: Կարող է ինչ-որ ժամանակ անցնի, սկսի և դա նկարել, բայց հիմա չի ուզում արհեստականորեն ծաղիկներ, բնություն նկարել...

Ասում եմ՝ ասում են գեղեցիկը աստվածային է, նշեցիր կեղտոտ իրականության մասին, որ նկարիչները պատկերում են, ուզում եմ իմանալ՝ այդ իրականությունն էլ է  աստվածայի՞ն:

«Աստավածայինը իրականությունն է, ազնվությունն է արվեստիդ հանդեպ: Արվեստն էլ ունի իր չգրված պատվիրանները: Ոչ բոլորին է բնորոշ, բայց իրական արվեստագետին շատ դեպքերում կարող է չհետաքրքրել՝ իր նկարները կվաճառվե՞ն, թե՞ ոչ. նա փողի ետևից չի ընկնի, չի իջնի պատվիրատուի մակարդակին: Նա գիտի իրական արվեստի արժեքը ու փորձում է դա, թեկուզ միսիոների ճանապարհով, բայց մինչև վերջ տանել: Ոնց որ խաչ լինի, որ առանց ուղուց շեղվելու պետք է տանել»:

Իր խոսքում նշում է, որ պարզ միջոցներով, օրինակ՝ գրիչով արված գծերով կարող է արտահայտել իր ասելիքը: Երևի անցյալից մնացած կապվածություն է. մութ ու ցուրտ տարիներին լամպի լույսի տակ պարզ միջոցներով՝ գրիչի միջուկով էր նկարում, յուղաներկի գոյության մասին ավելի ուշ իմացավ: Հարցնում եմ՝ ի՞նչ թեմաներ են քեզ հուզում: Ասում է, որ  նույնիսկ ինքն է  իր վրա զարմանում, որովհետև քաղաքականությունից միշտ խուսափել է, բայց հիմա քաղաքականությունը սկսել է հետաքրքրել, ու արվեստի միջոցով անդրադառնում է քաղաքականությանը, փորձում այսօրվա անցուդարձը ծաղրի և սարկազմի միջոցով արտահայտել: Առաջ երբեք չէր մտածել այդ մասին, միշտ փորձել էր իրեն հեռու պահել,  խուսափել քաղաքական անցուդարձից, դրանց նկատմամբ արվեստում իր վերաբերմունքը հայտնելուց: Այսօր շատ քաղաքական գործիչների թեկուզ թույլ տված սխալ արտահայտություններին, վարած սխալ քաղաքականությանը փորձում է ծաղրի միջոցով անդրադառնալ:

Հարցնում եմ ՝ առաջ մեկուսացրե՞լ էիր քեզ ինֆորմացիայից: Պատասխանում է, որ տևական ժամանակ իրականությունից վերացած է նկարել, աշխատել է նկարել այն, ինչը վիզուալ չես կարող տեսնել: «Ես աշխատել եմ միշտ ցույց տալ այն, ինչը մարդիկ մտածել են , բայց վիզուալ չեն տեսել: Թեմաներս երևակայական էին, կամ, ասենք, վերցված հունական դիցաբանությունից », -ասում է նա:

Հիմա հայացքները  փոխվել են, հիմա մտածում է ՝ ավելի ճիշտ կլինի արվեստի միջոցով ցույց տալ իրականությունը, մեր այսօրվա կյանքը: Որովհետև ամեն նկարիչ իր ժամանակն է արտացոլել՝ իրեն շրջապատող մարդկանց, հասարակության վարքն ու բարքն է մատուցել իր կտավներում: Ու դա ճիշտ է: «21-րդ դարում հունական դիցաբանությանը անդրադառնալը հետաքրքրություն չի առաջացնի մարդկանց մոտ»,- բացատրում է Լևոնը:

- Իսկ ինչպիսի՞ն են մեր ժամանակները:

- Քաոս  է, չկողմնորոշված վիճակ: Մեր ժամանակները շատ հետաքրքիր են, նրանց մեջ բոլոր ժամանակները կան...կա և՛ միջնադար, և՛ նախնադար, և՛ բոլոր դարերը, բոլոր գործընթացները էսօր կարող ես տեսնել, թե՛ մարդկանց մեջ, թե՛ ընդհանուր՝ մեզ շրջապտող ամեն ինչի:

Հարցնում եմ՝ իսկ կա՞ նաև վերածնունդ: Ասում է, որ վերածննդի հույս կա, բայց վերածնունդ, թերևս, ոչ...

Լևոնն ասում է` վերածնունդ չկա, մտածում եմ՝ բայց հաստատ կան հայկական արվեստում հեղաշրջումային նշանակություն ունեցող նկարիչներ: Հարցնում եմ՝ կա՞ն արդյոք:

Նշում է, որ իր համար մեծություն է Երվանդ Քոչարը: Որպես արվեստագետի բնութագրում է նրան ուժեղ և հզոր բառերով : Ասում է, որ Եվրոպան, հատկապես` Ֆրանսիան, նրա մեջ մեծ  դեր է խաղացել: «Խիստ հայկականություն Քոչարի մեջ չկա. կա ազգային, բայց դրա հետ մեկտեղ եվրոպական քաղաքակրթությունը ու արվեստը կա. նա դրանք շատ ճիշտ է համադրել»:

Հարցնում եմ՝ արդյո՞ք որպես երիտասարդ արվեստագետ Քոչարի ճանապարհը անցնելու հնարավորություն ունի… Նկատի ունեմ աշխարհ տեսնելը՝ ճանապարհորդելը, ուսումնասիրելը:

Նշում է, որ  հայտնի հեղինակների գործերից և ոչ մեկի բնօրինակը չի տեսել: Պիկասոյի նկարները  շատ է սիրում, բայց նույնիսկ մի օրիգինալ էսքիզ չի  տեսել: Տեսել է այն,  ինչ կա Հայաստանում, իսկ Հայաստանում երևելիների գործերից համարյա բան չկա: Մտածում է՝ ճամփորդելը հաստատ շատ բան կփոխի իր մեջ, եթե անգամ նկարիչների,  հայտնի դեմքերի գործերն էլ չտեսնի, միևնույն է,  միջավայրը փոխելով՝ մեջդ հաստատ մի բան կփոխվի: Ըստ Լևոնի՝ արվեստի մարդն անընդհատ պետք է տեղաշարժվի, տարբեր մշակույթների պետք է ծանոթանա, որ ներսի գործընթացները միապաղաղ չլինեն` լցվեն: «Դու էլ ես հոգնում ինքդ քեզանից, երբ անընդհատ նույն բաներն ես տեսնում, ամեն օր նույնը տեսնելը շատ հոգնեցնող է, որքան էլ քո մեջ երևակայությունը շատ լինի, որքան էլ որ դու հարուստ նստվածք՝ փորձ ունենաս: Նոր բան ես ուզում տեսնել, բայց չկա այդ նորը, դու ես ուզում ստեղծել այդ նորը, բայց դա էլ է բարդ՝ նոր բան ստեղծել, երբ դու նոր բան ընդհանրապես  չես տեսնում», -իր տեսակետն  է  բացատրում Լևոնը:

Քանի որ խոսում ենք տեսածի՝ վիզուալ իրականության մասին, հարցնում եմ՝ արդյոք իրեն վատ չի՞ զգում, որ նկարչությամբ չի կարող այնքան փող աշխատել, որ տեսածի հորիզոններն ընդարձակի, տեսնի՝ ինչ կա յոթ սար այն կողմ:

Ասում է, որ ժամանակի հետ սկսում ես իրատեսորեն նայել ամեն ինչին, հասկանում ես,  որ արվեստը էնպիսի բան է, որ նախ պետք է երկիրը զարգացած լինի, որպեսզի արվեստը կարողանա զարգանալ:

-Մի խոսքով ,- ժպիտով ասում է Լևոնը,-  մենք միսիոներներ ենք, մենք մեզ համար արվեստը առաջ ենք տանում:

 Խոսում է կենցաղի և իրականության առաջացրած ձանձրույթի մասին: Ասում է, որ երբ արվեստագետը կարիքի մեջ է՝ նյութի, ներկերի փող չունի, ապրուստի միջոց չունի, ինքնըստինքյան չի կարող մտածել բարձր գաղափարների կամ ինչ-որ բան ստեղծելու մասին: «Կարող է և մտածի , բայց,  օրինակ, ես Վան Գոգ չեմ ու չեմ էլ կարող իր պես մտածել և ապրել, ինքը կարող էր էդքան դիմանալ, դիմացավ, բայց էսօր հնարավոր չէ էդպես ապրել: Դու առաքելություն ես կատարում, բայց պահ կա, որը կարող է քեզ կամ կործանել կամ  էլ...դու կարող է հասկացված լինես,  ընդունվես և քո տեղը գտնես մարդկանց մեջ»:

Լևոն Առաքելյանը ծնունդով Գյումրիից է, 27 տարի ապրում է իր ծննդավայրում, ուզում եմ իմանալ՝ արդյոք տարիների ընթացքում փոխվե՞լ է իր տեսածը:

Ասում է, որ բաներ կան` փոխվում են, օրինակ՝  շենքեր են կառուցվում, բայց մարդկանց մեջ փոփոխություն չկա, ու դա է ամենավատը. մարդկանց մեջ լավատեսություն չկա, կյանքի հանդեպ ուրախություն ու ապրելու ձգտում չկա: Չկա այն զգացումը, որ մարդիկ իրենց քաղաքում երջանիկ են: Ասում է, որ բացառիկ երևույթ է, երբ մարդ ասում է՝ ես ապրում եմ էստեղ, ես շատ ուրախ եմ, ես ուզում եմ էստեղ ապրել: Հիմնականում բոլորը ուզում են գնալ, հույսեր չեն կապում Գյումրիի հետ : «Մարդիկ տխուր են, ու էդ ամեն ինչը քեզ վրա էլ է ազդում, երբ տեսնում ես տխուր մարդկանց, ինքնըստինքյան դու էլ չես կարող ուրախ լինել: Որքան էլ քո մեջ գույներ և կյանք կա, կյանքի հանդեպ սեր կա, ձգտումներ կան, բայց երբ դու շրջապատում տեսնում ես շատ խնդիրներ, դա քեզ վրա էլ է ազդում»,- իր զգացողությունների մասին է խոսում Լևոնը:

Լևոնը կարող է նկարիչների մասին վավերագրական ֆիլմեր նայել, նրանց ապրած բոհեմական կյանքը կարող է ոգեշնչել նրան նոր գործ ստեղծելու: Ռոմանտիկ, կեղծ, պաթետիկ  է համարում, երբ ասում են՝ ծառերը սկսեցին ծաղկել, թոռչունները եկան, ինձ մոտ առաջացավ ստեղծագործելու ցանկությունը...

Իր գծագրերի տետրում տարբեր նշումներ է արել, մտքեր գրել, որոնց հետ, ասում է, ժամանակի ընթացքում կարող  է նաև չհամաձայնել: Կարդում եմ դրանցից մեկը՝ կյանքի մխիթարությունը այն է, որ վերջում մահ կա: Հարցնում եմ՝ իսկապես դա՞ է կյանքի մխիթարությունը: Ասում է՝ այո: Այլապես՝ ասում եմ ես... «Կյանքը երկրի վրա կվերածվեր դժոխքի»,պատասխանում է Լևոնը: Ասում է, որ մարդուն հարկավոր է այդ վերջը, ամփոփումը, հեռացումը,  որովհետև փուլեր կան, որ հավերժ չեն, և  մարդ մի օր անպայման կձանձրանա:

Հարցնում եմ՝ իսկ հեռացածներից (նկատի ունեմ նկարիչներին) ո՞ւմ կուզեիր հանդիպել: Ասում է՝ Միքելանջելոյին, կարծում է` Միքելանջելոն ոչ միայն քանդակագործ էր, նկարիչ, այլև՝ մարգարե, գերբնական ուժի տեր մեկը:

-Ի՞նչ կխոսեիր հետը:

Լռում է:

-Չեմ կարծում շատ լավ զրուցակից կլիներ, ու դրան էլ պատրաստ կլինեի..մի բան կհարցնեի,- պատասխանում է քիչ անց:

Էլի է լռում.

-Կամ չէի էլ հարցնի, ուղղակի կզրուցեի, ինչպես հիմա մենք ենք զրուցում:

Ասում եմ՝ Կլոդ Մոնեն «Ռուանի տաճար»-ի նկարների շարքը մի քանի տարում է նկարել՝ ցույց տալով տաճարը օրվա տարբեր ժամերին, տարբեր լուսավորության մեջ: Այսօր, առհասարակ, մեր արվեստագետները ունե՞ն նման համբերություն՝ նկարի վրա այդքան աշխատելու:

«Իմ նկարչության առջև էն խնդիրը չէ դրված, ինչը որ Մոնեի առջև էր դրված: Ես երբ թեմա եմ ընտրում, պետք է դա նկարեմ, եթե կարճ ժամանակահատվածում չնկարեցի՝ կիսատ կմնա: Այսինքն՝ ես չեմ կարող երկարատև մի նկարի վրա աշխատել: Արվեստի մեջ անհանգիստ եմ: Սկսեցի՝ ուզում եմ շուտ ավարտել, փորձում եմ արագ վերջացնել միտքս...»:

Ասում է, որ այսօր առհասարակ ժամանակն է շատ արագ սլանում, ու դանդաղաշարժությունն արդարացված չէ: Եթե առաջ ամիսներով դասական սկզբունքներով, մեթոդներով շերտ առ շերտ նկարել են, 21-րդ դարում դա արդարացված չէ, ամեն ինչ արագ է փոխվում, և, ըստ Լևոնի, մենք նույնիսկ շատ դեպքերում չենք հասցնում ապրել: «Ու դրա հետ մեկտեղ նստել արվեստանոցում օրերով մի նկար նկարել...մի քիչ էն չէ .. Էսօր պահանջներն են փոխվել, էսօր դու ուրիշ բան պիտի նկարես»:

-Ինչի՞ պիտի,- հարցնում եմ Լևոնին,- չէ՞ որ արվեստագետը ազատ է «պիտի»-ներից:

Ասում է, որ արվեստագետը միշտ էլ ազատ է, ուղղակի  չի ընդունում,  որ մարդ ողջ կյանքում միօրինակության ճանկերում է՝ ասենք՝ միայն  նատյուրմորտ է նկարում: Լևոնը կարծում է, որ արվեստագետը պետք է ժամանակի հետ քայլի, էսօրվա ժամանակը ցույց տա, և որ ամեն ժամանակ իր պահանջներն ունի:

Ես էլ հարցնում եմ՝ որո՞նք են մեր պահանջները:

Ասում է, որ այսօր ամեն ինչ արհեստական է՝ անբնական բնույթ ունի: Սկսած սննդից, վերջացրած՝ հարաբերություններով, և դա տանում է մեզ դեպի ռոոբոտային վիճակ:

Դե ինչ, իսկ ես ավարտում եմ մեր զրույցը, որն ինձ համար  լավ գրքի է նման՝ ավարտել չեմ ուզում,  լավ գինու պես որքան խմես՝ կխմվի:

Իսկ թե ինչը  կարող  է մեզ ազատել ռոբոտացումից, ինչպես «Զինվորն ու փիղ»-ը ֆիլմի հերոս Արմենակն է ասում` մեզ փղեր են պետք, մեզ փղեր  ու հեքիաթներ են պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter