HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Փաստաբան Լ. Սահակյան. «Զինվորական ծառայության նպատակով Գյումրի է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող մեկը, ում արգելված է եղել զենք կրելը»

Գյումրիում 2015թ. հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդը կազմակերպելու համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը մտավ նոր փուլ: Այսօր հարցաքննվեց սահմանապահ ջոկատի վարորդներից Ռոմիկ Խաչատրյանը, ում վկայությունները որեւէ էական բան չավելացրեցին նախորդ վկաների տված ցուցմունքներին: Ինչպես նշեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, այս փուլում իրենք շատ կարեւորում են Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար, սպա Նիկիշինի եւ նրա 6 զինծառայակիցների` դատարանում տրվելիք վկայությունները:

Նշված վկաների առնչությամբ դատարանը հրապարակեց տեղեկատվություն, որից պարզ է դառնում, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը հրաժարվում է նրանց ներկայությունը ապահովելուց դատական նիստերին՝ պատճառաբանելով, որ նրանք զորացրվել են, եւ չկա տեղեկատվություն այս 7 անձի գտնվելու վերաբերյալ: Կարեւորագույն վկաների ներկայությունը դատարանում ապահովելն, այսպիսով, ռազմաբազան թողնում է հայկական կողմին: Այս պահին դատարանը դեռեւս որոշում չի կայացրել նրանց նախաքննական ցուցմունքները հրապարակելու :

Փաստաբան Լուսինե Սահակյանը կարեւորում է հատկապես սպա Նիկիշինի հարցաքննությունը դատարանում: «Ի վերջո, նա այն անձն է, ով գնացել է Չիտա եւ այնտեղ ընտրել ու Հայաստան է բերել Պերմյակովին: Նա հայտարարել է, որ ընտրել է լավագույն զինվորին, սակայն իրականում զինվորական ծառայության նպատակով Գյումրի է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող մեկը, ում արգելված է եղել զենք կրելը: Նա նաեւ եղել է այն օրվա վերակարգի հրամանատարը, երբ պահակակետից փախուստի է դիմել Պերմյակովը»,-նշեց փաստաբանը:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդեցին դատարանին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ամբաստանյալ Պերմյակովի նախկին ծառայակիցների ներկայությունն ապահովելու համար: Լրացուցիչ վկաների ներգրավման հետ կապված մեղադրող կողմը պատրաստվում է միջնորդություններ ներկայացնել դատաքննության ավարտական փուլում: «Մենք միջնորդություն ենք ներկայացնելու, որպեսզի դատարան հրավիրվեն նաեւ հայկական կողմից Պերմյակովի հետախուզմանը եւ ձերբակալմանը մասնակցած հայ իրավապահները: Գուցե դրանից հետո ունենանք նաեւ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք այսօր դեռ տարակուսելու առիթ են տալիս»,-նկատեց Երվանդ Վարոսյանը:

Դատաքննության ընթացքը չխաթարելու նպատակով մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ անցնել գործում եղած գրավոր նյութերի հրապարակմանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հրապարակվեցին քրեական գործում առկա գրավոր փաստաթղթերը, որոնք ուղղակիորեն մատնանշում էին Պերմյակովի կապը կատարվածի հետ: Լրագրողներին հնարավորություն տրվեց նաեւ ծանոթանալու գործում առկա որոշ լուսանկարների, որոնք արվել էին անմիջապես սպանությունից հետո՝ Ավետիսյանների բնակարանում:

Լուսանկարների հետազոտությունից պարզվում է, որ Պերմյակովի տուն մուտք գործելուց չի հասցրել արթնանալ միայն Աիդա Ավետիսյանը, ով սպանվել է քունքին արձակված գնդակից: Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյաններն արդեն իսկ փորձել են ինչ-որ քայլեր ձեռնարկել, սակայն չեն հասցրել: Նրանց մարմինները եւս հայտնաբերվել են անկողնում, սակայն Հասմիկ Ավետսիյանի վրայից մի կողմ նետված վերմակն ապացուցում է, որ կինը փորձել է բարձրանալ անկողնուց: Հաջորդ սենյակում հայտնաբերվել է Արմեն Ավետիսյանի դին՝ գետնին: Նա սպանվել է թիկունքից արձակված գնդակից: Արմենի կնոջ եւ աղջնակի մարմինները նույնպես եղել են անկողնում: Լուսանկարից պարզ երեւում է, որ կինը փորձել է պաշտպանել գրկում գտնվող փոքրիկ Սերյոժային եւ մարմնով ծածկել է նրան:

«Սա եւս մի ապացույց է, որ հարեւանները լսել են գիշերը հնչած կրակոցները, սակայն լռում են: Եթե ընտանիքի անդամները փորձել են դիմադրել, ապա անհնար է, որ պատկից հարեւաններն այդ աղմուկը լսած չլինեին»,- նկատեց Լուսինե Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter