HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրավարձով ցախ հավաքել, ծառ էտել, բայց չբողոքել. տուն-սենյակի բնակիչները

Երբ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանին հարցրինք գյուղի աշխատող, բայց և կարիքավոր ընտանիքների մասին, անմիջապես նշեց Անդրանիկի անունը: Վերջինիս տունը դժվար չէ գտնել, գյուղի ծայրամասում է: Այդ կողմ տանող գյուղամիջյան ճանապարհը կաթնագույն փոշով է պատված, միհարկանի քարե տունն անմշակ հողերի բաց տարածությունում կղզու է նման: Անդրանիկի կինը՝ Մարինե Խանախանյանը, ասում է, որ ոռոգման ջուր չունեն, որպեսզի մշակեն հողը: Միայն նախորդ տարվանից է, որ փողոցը խմելու ջուր ունի: Իսկ դրանով հող չեն կարող մշակել՝ թանկ կլինի:

49-ամյա Անդրանիկ Անանիկյանը սեզոնային աշխատանքով է զբաղվում: Կինն ասում է՝ հիմա ծառեր է էտում՝ օրական մոտ 5000 դրամ է ստանում առավոտից իրիկուն աշխատելու համար: Մի պահ, պատմում է, օգնում էր ամուսնուն՝ ցախ էր հավաքում. մեկ կապոցը 100 դրամ էր, պատահել է, որ 4000 դրամի ցախ է հավաքել: «Հիմա գլխացավերս շատացել են, չեմ կարողանում»,- նշում է Մարինեն: Ավելացնում է, թե առավոտից իրիկուն աշխատելու դեպքում էլ չեն հասցնում: «Ասում են՝ գյուղի աշխատող ընտանքիներից եք»,- դիմում եմ նրան: Տան բակի բաց տարածությունում կանգնած մեղմ ժպտում է:

Մարինե Խանախանյանը 39 տարեկան է: 10 տարի է՝ առողջական խնդիր ունի: 2-րդ կարգի հաշմանդամ է: Մշտական գլխացավեր ունի: Մեր զրույցի ժամանակ ոտքերը նկատելի դողում էին: Մեծամորի պոլիկլինիկայից դեղեր է ստանում, կանոնավոր խմում է, բայց հիվանդության համար բուժում, ինչպես ասում է, չկա: Ըստ Մարինեի՝ հիվանդությունն առաջացել է սթրեսների պատճառով, սոցիալական նեղ պայմանների հետևանքով:

Տունը, որտեղ հիմա բնակվում են, կառուցել է ամուսնու հայրը: Մինչ այդ որոշ ժամանակ ապրում էին Անդրանիկի հայրական տանը, հետո՝ նկուղում: «Դե, ամուսնուս հայրական տունը փոքր էր, երբ տեգրս ամուսնացավ, տեղափոխվեցինք»,- ասում է նա:

Մարինեի ձայնի մեջ բողոքի ոչ մի երանգ չկա: Պայմանների մասին պատմում է այնպես, ինչպես, ասենք, օրվա եղանակի: Միակ մտածմունքն այսօր 4 երեխաների ապագան է: Մեծ աղջիկը շուտով 23 տարեկան կդառնա, դպրոցում մինչ 8-րդ դասարանը գերազանց էր սովորում, համալսարան էր ցանկանում ընդունվել, բայց ֆինանսական միջոցներ չունեին դրա համար: Ստիպված վարսավիրություն է սովորել: Միջնեկ աղջիկը՝ Սաթենիկը, 12-րդ դասարանում է սովորում: Մոր ասելով՝ երբեք չի խոսում, թե ինչ մասնագիտություն է ընտրելու՝ գուցե հասկանալով, որ միջոցներ չունեն: Երբ Սաթենիկին նույնը հարցն ենք ուղղում, ասում է՝ որոշել է, բայց չի ասի:

Սոնան՝ երեխաներից կրտսերը, մեր զրույցի կեսը լուռ լսում էր: Երեխաները զննողական հայացքով էին նայում մեզ: Սաթենիկը հարցրեց, թե ինչու ենք ուզում գրել իրենց մասին: Մայրը պնդեց. «Ես կխոսեմ, էրեխեքը երբեք չեն խոսի մեր պայմանների մասին... Մենք դժվարությունը միշտ մեր ընտանիքի ներսում ենք տարել, չենք ուզել, որ դրսում մեկն իմանա այդ մասին: Էրեխեքը գիտեն դա»:

Մեկսենյականոց քարե շինությունը, որ մի 20 քմ կլինի, վարագույրով բաժանված է երկու մասի: Մարինեն հպանցիկ է նկարագրում իրենց պայմանները, ասում է, որ այդ մի սենյակում է տեղակայված ամեն ինչ՝ թե՛ ննջասենյակ է, թե՛ լոգասենյակ, թե՛ հյուրասենյակ, թե՛ խոհանոց: «Ձմեռը լվացքն անում եմ դրսում, մրսում եմ, բայց դե ի՞նչ արած»,- ասում է:

Երբ նոր էինք մտել նրանց տուն, աչքս ընկավ թախտի տակ անխախտ շարված հողաթափերին, սենյակի կոկիությանը, ջեռոցի մեջ նոր թխված հացին, գետնին դրված պահածոներին: «Մեր ձեռքի եղածով անում ենք ամեն ինչ... Բողոքել, չէ, չենք սիրում»,- ասում է Մարինեն առանց ժպտալու:

Մեր զրույցը երբեմն խլանում է բակում կապված Սևուկի հաչոցը: «Էրեխեքիս ապագայի մասին եմ մտածում, ես էլ կյանք չունեմ: 39 տարեկան եմ, բայց ի՞նչ իմանամ, արդեն հիվանդությունն ընկել է մեջս»,- ասում է ընտանիքի մայրը: Միայն այդ կետում եմ հասկանում, թե ինչու ընդդիմացավ երեխաներին՝ հրապարակավ պատմելու իրենց դժվարությունների մասին: Ձայնը բարակում է, երբ խոսում ենք ապագայից: Ասում է՝ մտածում է, որ տղան՝ Արսենը, 2 տարի հետո բանակ կգնա, կվերադառնա, կաշխատի, տուն կկառուցի, լավ կապրի:

Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter