HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վ. Ավետիսյան. «Ընտրողների ստորագրված ցուցակները չհրապարակելու կողմնակիցների փաստարկները համոզիչ չեն»

Սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016թ. հունիսի 1-ից: Արդեն շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի նախագիծը, ինչն արժանացել է ընդդիմադիր հատվածի բուռն քննադատությանը:

Ինչպիսի՞ն է նախագիծը, արդյոք այն համապատասխանում է արդի պահանջներին: Այս և նմանատիպ այլ հարցերին պատասխանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը: 

-Բնականաբար, ինչպես Սահմանադրության փոփոխությունների նախագիծը արժանացավ քաղաքական որոշ ուժերի քննադատությանը, այնպես էլ դրա հիման վրա կազմված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը ևս ենթադրվում էր, որ պիտի արժանանա քննադատության: Եվ դա շատ տրամաբանական է, քանի որ հասարակական կյանքում կարևոր դերակատարություն ունեցող յուրաքանչյուր նոր իրավակարգավորում կյանքի կոչելուց առաջ պետք է ենթարկի մասնագիտական լայն շրջանակի, իսկ Ընտրական օրենսգրքի պարագայում, նաև քաղաքական ուժերի փորձաքննությանը: 

Անդրադառնալով նախագծի արդի պահանջներին համապատասխանելու Ձեր հարցադմանը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր գործող Ընտրական օրենսգիրքը ևս համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և այդ փաստը արձանագրվել է միջազգային բազմաթիվ փորձագետների և կազմակերպությունների կողմից, սակայն՝ այդ հանգամանքը բավարար չէ, որպեսզի ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության մակարդակը բարձր լինի: 

Հանրային քննարկման ներկայացված նախագիծը, իմ կարծիքով, ընդհանուր առմամբ համապատասխանում է Սահմանադրական փոփոխությունների տրամաբանությանը, դրանում տեղ գտած նորամուծությունները իրենց բնույթով համապատասխանում են միջազգային փորձին, սակայն այլ հարց է, որ դրանց մի մասը կարող է, հաշվի առնելով անձի քաղաքական կամ մասնագիտական հայցքների և ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունները, ընդունելի լինի կամ չլինի: 

Ընդդիմության համար սկզբունքային հարցերից է ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը, ինչին ընդդիմանում է իշխանությունը՝ պատճառաբանելով, որ այդ պահանջը հակասահմանադրական է: Իրականում ցուցակների հրապարակումն ինչու՞ է այդքան խնդրահարույց:         

Այս հարցը առավել արդիական է մեր երկրի համար, քանի որ մենք ունենք երկրից հեռացած բազմահազար քաղաքացիներ, որոնց անունները առկա են ընտրացուցակներում և այդ հանգամանը ինչ-որ առումով ընտրակեղծիքների իրականացման կամ կրկնակի քվեարկություն իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակի հրապարակման առաջարկը բավականին խնդրահարույց է, քանի որ այն իր մեջ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ: 

Չմեկնաբանելով Սահմանադրական դատարանի այս հարցի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումը՝ պարզապես նշեմ, որ քվեարկության մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակելու վերաբերյալ հեղինակային միջազգային կազմակերպությունների կարծիքները միմյանց չեն համընկնում: Օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ այդպիսիք չպետք է հրապարակվեն, իսկ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը գտնում է, որ այդպիսիք հրապարակելու պարագայում որևէ միջազգային նորմ չի խախտվում: 

Ցուցակները չհրապարակելու կողմնակիցները որպես փաստարկ նշում են այն իրավիճակը, երբ որևէ պաշտոնյա պարտադրում է իր աշխատակցին անպայման մասնակցել ընտրությանը և քվեարկել իշխանության օգտին: Ես կարծում եմ, որ այս փաստարկը համոզիչ չէ, քանի որ այդ նույն աշխատակիցը քվեախցում, գաղտնիության պայմաններում կարող է քվեարկել ցանկացած կուսակցության օգտին կամ կարող է քվեաթերթիկը անվավեր դարձնել: Բացի այդ, նախագծով որոշակի խումբ անձանց հնարավորություն է տրվում ծանոթանալ այդ ցուցակներին, անհրաժեշտ քաղվածքներ կատարել, ինչը կարող է հնարավորություն տալ այդպիսի մտահոգություն ունեցող պաշտոնյային, որոշակի ջանքեր գործադրելու պարագայում պարզել իր աշխատակցի ընտրությանը մասնակցելու հանգամանը: 

Ստորագրված ցուցակների հրապարակումով հնարավո՞ր է բարձրացնել ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական վերահսկողության մակարդակը, կանխարգելել ուրիշի փոխարեն կամ կրկնակի քվեարկելու հանցագործությունները: 

Անկասկած, ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը ինչ-որ չափով կարող է կանխագելիչ ազդեզություն ունենալ կրկնակի քվեարկություն իրականացնելու ցանկություն ունեցող և նրանց օժանդակող անձանց վրա, կարող է նպաստել կրկնակի քվեարկության դեպքերի բացահայտման մակարդակի բարձրացման և այդ պրոցեսի նկատմամբ հանրային հսկողության մակարդակի բարձրացման վրա: 

Սակայն, ցուցակների հրապարակումը կարող է և բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահության մակարդակի վրա, քանի որ կարող է ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո մինչև հաջորդ ընտրություններ մշտապես հայտնվեն անձինք, ովքեր կպնդեն, որ իրենք ընտրությանը չեն մասնակցել, հարևանը կարող է պնդել, որ իր հարևանը ընտրությանը չի մասնակցել, և կառաջանան անվերջ պրոցեսներ, որոնք իրենց բացասական ազդեցությունը կունենան ամենաբարձր մակարդակով անցկացված ընտրութունների վրա ևս: Այդ իսկ պատճառով, եթե ընտրացուցակները հրապարակելու առաջարկը ընդունվի, պետք է նախատեսվեն լրացուցիչ կարգավորումներ, որոնք վերը նշված ռիսկերը նվազագույնի կհասցնեն:      

Բայց փոխարենն առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ընտրողների գրանցման հնարավորություն՝ նպատակ ունենալով բարձրացնել ընտրությունների արդյունքի նկատմամբ հանրային վստահության մակարդակը: Նման գրանցումը հուսալի՞ միջոց է ընտրակեղծիքների դեմ պայքարելու և ընտրական գործընթացը վերահսկելու համար: 

Անշուշտ, պատշաճ մակարդակով կազմակերպվելու դեպքում ընտրողների էլեկտրոնային եղանակով գրանցումը կարող է նպաստել Ձեր կողմից հնչեցված խնդիրների լուծումանը: Սակայն, էլեկտրոնային գրանցման տեխնիկական կողմի ոչ պատշաճ կազմակերպումը կարող է հակառակ արդյունքը տալ: Օրինակ, 2015թ., երբ ես՝ որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության դիտորդ, մասնակցում էի Մոլդովայի Հանրապետությունում անցկացվող պառլամենտական ընտրություններին, այնտեղ ևս, ծախսելով, եթե չեմ սխալվում 2 միլիոն դոլորին համարժեք գումար, ներդրվել էր ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգ, և համակարգի ներդրումը ներկայացվում էր որպես կրկնակի քվեարկությունների կանխման, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման միջոց: Ընտրության օրը այդ համակարգը վաղ առավոտից խափանվեց, և ստացվեց հակառակ արդյունքը:   

Ընտրակեղծիքների դեմ պայքարի մեծանիզմի տեսանկյունից «համարժե՞ք» է ստորագրված ցուցակների հրապարակման փոխարեն էլեկտրոնային գրանցում առաջարկելը: 

Ինչ-որ չափով այո, եթե իրարկե, վերացվեն էլեկտրոնային գրանցման պրոցեսի ընթացքում իհայտ եկող բոլոր հնարավոր ռիսկերը: 

Իսկ ի՞նչ կարծիք ունեք ընտրատեղամասերում դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թվի սահմանափակման դրույթի վերաբերյալ: Դրանով կասկածի տակ չի դրվու՞մ ընտրությունների թափանցիկությունը, հրապարակայնությունը: 

Այդ դրույթին ես դեմ եմ: Եթե պրակտիկան ցույց է տվել, որ դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թվաքանակը ինչ-ինչ խնդիրներ է առաջացրել, ապա այդպիսիք, իմ կարծիքով, տեխնիկական բնույթի են: Պետք է ոչ թե սահմանափակել նշված սուբյեկտների թվաքանակը, այլ լուծել ընտրատեղամասերի հագեցվածության և գտնվելու տեղի հետ կապված տեխնիկական խնդիրները, որպեսզի նշված սուբյեկտները լիարժեք կերպով կարողանան իրականացնել իրենց վերապահված իրավունքները:

Լուսանկարը՝ Վ. Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter