HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

15 երեխաներով ընտանիքը

Տասնհինգ երեխաների մորը` Էմիլիային, երբ հարցնում եմ` հիշու՞մ է բոլոր երեխաների անունները, ծիծաղելով պատասխանում է. «Մի քիչ խառնում եմ, երեքի-չորսի անունները տալիս եմ, մինչեւ տեղն եմ բերում, թե ով է»:

Էմիլիան տասնհինգերորդ երեխային` Արցախին, ծննդաբերել է Քաշաթաղում` Բերձորի հիվանդանոցում:

«Պատերազմից հետո` 1996-ին, Ղարաբաղի Հադրութի շրջանում մասնակցել եմ վերականգնողական աշխատանքներին: Դուրս եկան էս տարածքները: Երեք ամսից հետո որոշեցի գալ այստեղ ապրել, վերադարձա Աշտարակ, կնոջս ասացի, սկսեց չեմուչում անել: Հետո հեռուստացույցով տեսանք Անահիտը` Գողթանիկ գյուղի գյուղապետը, մարդկանց ասում է՝ եկե՛ք, ապրե՛ք այս գյուղում: Դա առիթ էր: Ավտոբուսը լցրեցինք իրերն ու երեխաներին, եկանք Բերձոր, որտեղից էլ եկանք այս գյուղ: Յոթ ընտանիքով այս գյուղը հիմնեցինք: Ես միանգամից երկու անասնավարկ ստացա, ու սկսեցինք ապրել»,- պատմում Սերգեյ Պողոսյանը` Էմիլիայի ամուսինը:

Ս. Պողոսյանը արդեն երեք տարի է Գողթանիկ գյուղի գյուղապետն է: Գողթանիկում այսօր 19 տնտեսություն կա: Գյուղապետը մի տեսակ հպարտությամբ ասում է, որ երբ գյուղապետ է դարձել, 13 տնտեսություն էր, իսկ այժմ՝ 19-ը: Գողթանիկում դժվար է մեկ ուրիշին պատկերացնել գյուղապետ, երբ գյուղի բնակչության 40 տոկոսը Սերգեյ Պողոսյանի հարազատներն են: Նրա երկու տղաները ամուսնացել են եւ առանձին են ապրում Գողթանիկում: Աղջիկներից մեկը հարեւան գյուղ հարս է գնացել: Երկու տղաներն էլ բանակում են: Տասնհինգ երեխաներից յոթը տղա են, ութը՝ աղջիկ: Սերգեյն արդեն ունի ինը թոռ:

Ընտանիքն ամսական միայն չորս պարկ ալյուր է օգտագործում: «Առաջ շատ ծանր էր, եղել են օրեր, որ սոված ենք մնացել, ուտելու բան չունեինք: Արդեն չորս-հինգ տարի է ոտքի ենք կանգնել, կարիքի մեջ չենք, արդեն ուրիշներին ենք կարողանում օգնել»,- ասում է ընտանիքի մայրը:

Սերգեյենց հյուրասենյակը կահավորված է փափուկ կահույքով, այս շրջանում դա եզակի դեպք է, նման «ճոխություն» չես տեսնի Քաշաթաղի գյուղերում: «Տասը խոշոր անասուն ունենք, որից չորսը կթու են, մեզ լրիվ հերիքում է: Խոզեր ենք պահում, հողամաս ունենք, փառք Աստծո: Ժամանակին շատ օգնողներ ունեինք, բոլորից շնորհակալ ենք: Տասնհինգերորդ երեխայի համար պետությունը հինգ հազար դոլար տվեց»,- ասում է Սերգեյը:

Էմիլիան աշխատում է դպրոցում` հավաքարարուհի է եկած օրվանից: Երեխաների համար յուրաքանչյուր ամիս քսաներեք հազար դրամ նպաստ են ստանում. «Երեխաներս որ մեծացան, հեշտացավ, աշխատող ձեռքերը տանը շատացան, ու հիմա ոչ մի օգնության կարիք չունենք»,- շարունակում է Սերգեյը:

Գյուղն այս տարի ունեցել է երկու շրջանավարտ, աշակերտների թիվը քսանչորս է: Վեց-յոթ տարի առաջ գյուղում կար մոտ ութսուն ընտանիք, սակայն կամաց-կամաց հեռացան: «Ով հիասթափություն ուներ, գնացել է»,- բացատրում է Սերգեյը:

Գողթանիկում զարգացած են անասնապահությունը եւ հողագործությունը: Երբ գյուղապետին հարցնում եմ, թե ինչպես է պատկերացնում գյուղի զարգացումը, ասում է, որ առաջին հերթին պետք է լուծել խմելու ջրի հարցը: «Դա մեր միջոցներով չենք կարող անել, մեծ ծախսեր են: Վատ ապրող ընտանիքներին ես էլ եմ օգնում, գոճի եմ տալիս, օգնում եմ՝ ինչով հնարավոր է: Հողը, Աստծուն փառք, բերրի է, մեկս մյուսին օգնում ենք»,- ասում է գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter