HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հրազդանի քաղաքապետն ընտրություններից առաջ բաժանել է բյուջեի սոցիալական օգնությանը հատկացված գումարի կեսից ավելին

Հրազդան քաղաքի 2016 թ.-ի բյուջեով բնակչության սոցիալական պաշտպանությանը հատկացվել է 9 մլն 510 հազար: Տարին նոր է սկսվել, բայց բյուջեի այդ տողով հատկացված գումարի կեսից ավելին քաղաքապետ Արամ Դանիելյանն արդեն բաժանել է: Քաղաքապետն այս տարվա առաջին երկու ամիսներին բնակչությանը, որպես սոցիալական օգնություն, հատկացրել է  4 մլն 845 հազար դրամ:

Ա· Դանիելյանը 2016 թ·-ի հունվարի  14-ի թիվ 10 որոշումով 2 մլն 5 հազար դրամ է հատկացրել թվով 69 «անապահով բնակիչների»:

Մեկ ամիս հետո, 2016 թ·-ի փետրվարի 15-ի թիվ 70 որոշումով, քաղաքապետը թվով 83 «անապահով բնակիչների» հատկացրել է 2 մլն 840 հազար դրամ:

Հիշյալ որոշուներում ասվում է, որ դրամական օգնությունը հատկացնում է սոցիալապես անապահով բնակիչների դիմումների հիման վրա, իսկ գումար հատկացնելու միակ իրավական հիմք նշում է ավագանու հաստատած տարեկան բյուջեն: «Հիմք ընդունելով Հրազդան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 123-Ն որոշմամբ հաստատված հավելվածը եւ քաղաքի թվով 83 (ութսուներեք) անապահով բնակիչների դիմումները»,- նշվում է որոշման մեջ:

Քաղաքապետը, փաստորեն, իր մենաշնորհն է համարում նաեւ դիմումատուների անապահովությունը որոշելը եւ գումարն էլ հատկացնում է անապահովության վերաբերյալ իր պատկերացումների սահմաններում: Քաղաքապետի սոցիալական աջակցության ցուցակում միանվագ դրամական օգնության նվազագույն չափն սկսվում է 20 հազար դրամից եւ հասնում է մինչեւ 200 հազարի, երբեմն՝ ավելին: Օրինակ, Հրազդան քաղաքի բնակիչ Արսեն Հովհաննիսյանին 200 հազար դրամ հատկացրել է  այս տարվա փետրվար ամսին, դրանից ամիսներ առաջ՝ 2015 թ. հոկտեմբերին եւս հատկացրել է 250 հազար դրամ:

Համեմատության համար նշենք, որ պետական բյուջեից սոցիալապես անապահովներին տրվող եռամսյակային օգնության գումարի չափն սկսվում է 17 հազար դրամից, իսկ ամենաբարձրը՝ 52 հազար դրամն է: Ընդ որում, Հրազդան քաղաքի սոցիալական ծառայությունների կազմած 1805 հոգանոց նպաստառուների ցուցակում միայն 9 հոգու է 52 հազար դրամ տրվել:

Հիշյալ որոշումների մեջ տեղ գտած մեկ տասնյակից ավելի անձանց անունները, որոնց անհամեմատ մեծ չափերի գումար էր հատկացվել՝ 70 հազարից մինչեւ 200 հազար դրամ, ընտանեկան նպաստառուների եւ եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում չգտանք: Այսինքն, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները նրանց սոցիալապես անապահով չեն ճանաչել: Հետեւաբար, կարող ենք ասել, որ քաղաքապետն անապահովությունը գնահատելու իր չափորոշիչներն ունի, որը, համենայնդեպս, Կառավարության 30.01.2014թ. N145 որոշման 8-րդ հավելվածով նախատեսված ընտանիքների անապահովության գնահատման հիմքերի հետ աղերսներ չունի:

Ավելին, 2015 թ. սեպտեմբերի 15-ին հատկացված դրամական օգնության ցուցակում նաեւ անազգանուն, անհասցե «անապահովներ» են ընդգրկված: Դժվար է պատկերացնել դրամական աջակցության դիմած անապահովի, որի գոնե ազգանունն առանց ճշտելու քաղաքապետը 100 հազար դրամ կհատկացներ:

 

61

Մելքումյան  Կարինե

Միկրո 259-5

25000

62

Մարգարյան Յաշա

Կենտրոն 37-68

20000

63

Հուսիկյան  Վիգեն

Կենտրոն 69-10

40000

64

Թովմասյան

 

100000

65

Մովսիսյան  Մնացական

 

50000

66

Բելյան   Հռիփսիմե

Միկրո  213-17

50000

 

Հրազդանի քաղաքապետը ոչ միայն անապահովության չափորոշիչները չի կիրառել համայնքային բյուջեից գումարներ բաշխելիս, այլեւ տրամադրված գումարների չափերը հեռու են սոցիալական աջակցություն համարվելուց: Քաղաքապետի այսօրինակ առատաձեռնության միակ հավանական տարբերակը Հրազդանում ապրիլի 17-ին նշանակված քաղաքապետի ընտրությունը կարող է լինել: Հատկացված գումարների չափերը դեռեւս լիազորությունները չդադարեցրած քաղաքապետ թեկնածուի օգտին աշխատող թիմի օրինականացված վարձատրություն կամ նախընտրական կաշառք կարելի է դիտարկել:

Համենայնդեպս, միայն տեղական ինքնակառավարման մարմիններն են նման առատաձեռնություն ցուցաբերում: Տարբեր համայնքներում մարզպետարանների վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովները հանձնարարում են օգնությունները վճարել խիստ կարիքավորներին, միաժամանակ հորդորում են նվազեցնել միանվագ վճարվող օգնության գումարների չափերը, եւ բյուջեի միջոցներն ուղղել ընդհանուր համայնքային կարիքները հոգալուն: Սակայն, համայնքների ղեկավարներն, ըստ էության, կաշկանդված չեն նման զգուշացումներից եւ շարունակում են աշխատել իրենց պատկերացումներով, քանի դեռ հարցն իրավական կարգավորում չի ստացել:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն այդպես էլ ցուցումներ չտվեց այս վիճելի հարցը կարգավորելու համար, թե ո՞վ պետք է կայացնի դրամական օգնություն հատկացնելու որոշումները՝ համայնքի ղեկավա՞րը, թե՞ ավագանին, ի՞նչը պետք է հիմք հանդիսանա որոշումների համար՝ հանձնաժողովի եզրակացությո՞ւնը, թե՞ փաստաթղթերը, որքա՞ն պետք է սահմանել միանվագ դրամական օգնության առավելագույն շեմը՝ նվազագույն աշխատավա՞րձը, Կառավարության սահմանած միանվագ սոցիալական օգնության չափե՞րը, թե՞ այլ հաշվարկ է անհրաժեշտ համայնքերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter