Շաբաթ, 22 սեպտեմբերի

Սամվել Ալեքսանյանը՝ կեղծ օղիների մասին․ պատգամավորն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը


Օրեր առաջ գրել էինք, որ Սամվել Ալեքսանյանի կեղծած օղիների եթերային յուղերը մի քանի անգամ գերազանցում են օրիգինալին: Հրապարակումից հետո պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զանգել է հրապարակման համահեղինակ, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին և հրավիրել սպիրտի արտադրման գործարան՝ համոզվելու, որ իր արտադրանքը որակապես մրցունակ է:

Այսօր Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելեցինք Նորագավիթում գտնվող սպիրտի արտադրության գործարան: Պատգամավորը խնդրեց իրեն չնկարել, բայց ասաց, որ ինքը պատրաստ է «Ա և Գ» ՍՊԸ-ի արտադրության կեղծված օղիներն անձամբ խմել, որ մարդիկ չկասկածեն դրանց որակական հատկանիշների վրա:    

Ալեքսանյանը նշեց, որ սպիրտի ֆիլտրման տեխնոլոգիաները անցյալ տարի են թարմացրել՝ ռուսականը փոխարինելով իտալականի: Սպիրտը ֆիլտրվում է 6 աշտարակներում, որոնցից հետո գործարանի ներսում անցնում է լաբորատոր փորձաքննություն:

«Լաբորատորիայում ռեժիմը դրած ա, ամեն ժամը մեկ, երկու ժամը մեկ նմուշ ա բերվում, ստուգվում ա: Եթե ռեժիմից ընկավ, ինքն ավտոմատ ազդանշան ա տալու, չի կարող վատ սպիրտ արտադրվել: Էդ որ ասում եք կեղծում եք, դրան բան չեմ ասում: Բայց որ որակին եք կպնում, ճիշտ չեք անում: Ինչի՞ պիտի ես վատ որակի սպիրտ արտադրեմ, եթե նորագույն տեխնոլոգիաներով եմ աշխատում»,-ասում է Սամվել Ալեքսանյանը:

Պնդմանը, որ օրիգինալ ապրանքատեսակի համեմատությամբ՝ կեղծված օղիների մեջ եթերային յուղերի ավել լինելը ապացուցված է փորձաքննությամբ և փորձագիտական կարծիքով, Սամվել Ալեքսանյանը հակադարձեց. «Ուկրաինացին հո չի՞ ասելու, որ մեր օղին լավն է»:

Հիշեցնենք, որ «Խլեբնիյ Դար»  և «Մեդոֆ» տեսակի օղիների փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ հայկական արտադրության օղին որակապես զիջում է ուկրաինականին, սակայն առողջությանը վտանգ չի ներկայացնում:  

Սամվել Ալեքսանյանը նշեց, որ «Ա և Գ» ՍՊԸ-ի արտադրած սպիրտը ոչ միայն մատակարարում է տեղական շուկան, այլև մեծ քանակությամբ արտահանվում է Վրաստան:

Հարցին, թե որակյալ սպիրտ ունենալու դեպքում, ինչո՞ւ է գործարարը կեղծում այլ բրենդների արտադրանքը, այլ ոչ թե ստեղծում սեփականը, Ալեքսանյանը պատասխանեց. «Չինաստան եթե գնաս, ասես «Ռոլս Ռոյս» մեքենայի նմանակը սարքեք, տվեք ինձ, կսարքեն կտան: Էդ ամբողջ երկիրը նմանակ սարքելով է տնտեսություն պահում: Ես էլ հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր եմ ստեղծում, որ փակեմ, էդքան մարդն աշխատանք չունենա, էդպես ա լավ, թե՞ սենց»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:

Հարցին, թե ինչպես է կարողանում գործարար-պատգամավորը շրջանցել բոլոր օրենքները և շարունակել կեղծված օղիների արտադրությունը, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Բիզնեսն իր օրենքներն ունի: Ես աշխատում եմ, առավոտից իրիկուն աշխատում եմ, ուրիշները սիրում են սրճարան գնալ, կազինո գնալ, ես էլ սիրում եմ քանդած շենք առնել, սարքել, աշխատատեղ բացել, արտադրանք տալ, վատ բան եմ անո՞ւմ»,-ասաց Ալեքսանյանը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (2)
1. Artak Arshakyan20:22 - 14 մարտի, 2016
ok
2. SKK11:55 - 15 մարտի, 2016
Շատ լավ է, որ որակով է, շատ լավ է, որ աշխատատեղեր են բացվում կամ ավելանում, շատ լավ է, որ արտահանվում է Հայաստանի արտադրանքը, գերազանց է, որ արձագանքեցիք, գերազանց է որ հաջողակ բիզնեսմեն եք (փաստորեն ստացվեց որ Ձեր բիզնեսն է), ՄԻԱՅՆ ՄԻ ԲԱՆ Է ՎԱՏ-Դուք պատգամավոր եք: Ավելի ճիշտ կլինի Դուք բիզնեսով զբաղվեք, մի ուրիշն ել պատգամավոր լինի, որը ավելի ակտիվ օրենսդիր աշխատանք կծավալի: Բիզնեսը Ձեր մոտ ավելի լավ է ստացվում: Եվ վերջապես կարող եք հովանավորել որևէ ոչ բիզնեսմենի, աջակցել նրա լավագույն կրթմանը, հետո նաև պատգամավոր դառնալուն, որը նաև կներկայացնի Ձեր շահերը խորհրդարանում: Ժամանակն է այդպես պահանջում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։